19 Հուլիս 2013, 16:12
1464 |

Արծվաբերդը՝ Արցախի ձայնով

Խորհրդային տարիներին կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևի ձեռքի տակ ծնվեց Օպերային թատրոնի բեմ բարձրացած ամենահաջողված ստեղծագործություններից մեկը՝ Արծվաբերդը: Թեև օպերան ընդունվեց ու սիրվեց ոչ միայն երևանյան բեմում, այլ նաև Հայաստանից դուրս շատ այլ քաղաքներում, Բաբաևը գիտեր՝ իր ստեղծագործությունը բուն առաքելությանը դեռ չի ծառայել. կոմպոզիտորը երազում էր Արծվաբերդը հնչեցնել հայրենի երկրում՝ Լեռնային Ղարաբաղում:

Հետխորհրդային շրջանում ու արդեն անկախության սերնդի երաժիշտների միջամտությամբ Բաբաևի երազանքը իրականություն դարձավ: Սեպտեմբերի 1-ին Շուշիի ռեալական ուսումնարանի մոտ ու բաց երկնքի տակ հնչելու է Արծվաբերդը: Յուրի Դավթյանը, որ տարիներ շարունակ աշխատել է օպերայի վրա, համոզված է՝ այս համերգը Բաբաևի երազանքն էր. «Մենք հույս ունենք, որ գոնե Բաբաևի աղջիկը կկարողանա ներկա լինել համերգին, որպեսզի տեսնի, թե ինչպես է իրականություն դառնում հոր՝ տարիների ցանկությունը: Արծվաբերդը հայկական օպերային արվեստի ամենակարևոր ստեղծագործություններից է, հայկական օպերային արվեստում եղած ամբողջ պրոֆեսիոնալիզմը խտացած է հենց Արծվաբերդ ստեղծագործության մեջ»:

Արծվաբերդի հիմքում Նաիրի Զարյանի Հացավան ստեղծագործությունն է: Նոր ժամանակներում օպերան ներկայացնելու համար ստեղծագործական խումբը փոփոխություններ է կատարել ու ձեռք չտալով երաժշտությանը՝ հրաժարվել խորհրդային գաղափարախոսությունից: Յուրի Դավթյանը նոր Արծվաբերդի բնութագրությունը տալիս է մեկ նախադասությամբ ՝ մարդկային պատմություն է՝ առանց կուսակցական գաղափարախոսության. «Ստեղծագործության մեջ նույնիսկ կար Լենինի երգ, որը մենք փոխարինեցինք»:

Յուրի Դավթյանից բացի նոր Արծվաբերդի վրա աշխատում են ռեժիսոր Ժիրայր Դադասյանը, նկարիչ Աստղիկ Ստեփանյանը, խորեոգրաֆ Արա Ասատուրյանը, գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է: Բացի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբից, երգչախմբերից ու մեներգիչներից, օպերան հնչելու է նաև Արցախի ձայնով ու կատարմամբ: Յուրի Դավթյանի համոզմամբ, սա առիթ է, որ աշխարհը տեսնի՝ Արցախը օպերա է ղեկավարում. «Իհարկե օպերան մեր ու Արցախի համատեղ աշխատանքի արդյունքն է լինելու, բայց քանի որ համերգը համընկնում է Ղարաբաղի անկախության տոնի հետ, ուզում ենք, որ աշխարհի տարբեր անկյուններում խոսեն այդ փոքրիկ երկրի մասին ու ուշադրություն դարձնեն այն բանի վրա, որ Ղարաբաղը այնքան կայացած է, որ արդեն օպերա է ղեկավարում»:

Նոր Արծվաբերդի ստեղծագործական խումբը անհամբեր սպասում է, թե երբ է Արծվաբերդի ձայնը Շուշիի կողմերից հնչելու, իսկ դրանից հետո պետք է անեն ամեն ինչ, որ նմանատիպ մի համերգ էլ Հայաստանում կազմակերպեն:

 

Այս թեմայով