09 Մայիս 2013, 15:49
4884 |

Շուշիի ազատագրումը՝ լրագրողի աչքերով

20 տարի առաջ, երբ ծավալվեց Արցախյան ազատամարտը, չկար ոչ ինտերնետ, ոչ էլ հեռախոսակապն էր մշտապես հասանելի, ու ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքահայ պարբերականների թղթակիցներին հաջողվում էր ամենաթեժ մարտերի ժամանակ ընթերցողին տեղյակ պահել վերջին նորություններին: 1992-ի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը բեկումնային էր. ազատագրվեց Շուշին: Դա հայ մարտիկների առաջին խոշոր հաղթանակն էր՝ ցնծության առիթ Սպիտակի երկրաշարժ և ԽՍՀՄ փլուզում տեսած հայ ժողովրդի համար: Իսկ ի՞նչ էին գրում այդ մասին թերթերը:

1992-ի գարնանը լույս տեսած պարբերականներն ապշեցնում են պատերազմի ընթացքի մասին մանրամասնող հոդվածների առատությամբ: Յուրաքանչյուր թողարկման շապիկին դժվար թե աչքիցդ վրիպեն «պատերազմ», «մարտեր», «ռազմական գործողություններ» բառերը: Հրատապ տեղեկություններ այս կամ այն բնակավայրի մոտ տեղի ունեցած մարտի, զոհերի, վիրավորների, կորուստների, հաջողությունների մասին, հրամանատարների հետ բացառիկ հեռախոսազրույցներ, անձնական զրույցներ ինքնաթիռով Երևանի հիվանդանոցներ տեղափոխված վիրավոր զինվորների, նրանց մայրերի հետ: Թերթերի էջերին կարելի է տեսնել կռիվներին մասնակցող մարտիկների նկարները՝ «Ճանաչե'ք մեր իրական հերոսներին» գրառումով, ռազմամթերք ձեռք բերելու նպատակով հանգանակությունների հայտարարություններ:

 

* * *

Շուշին հայկական էրՇուշին նորից հայկական է
«Յոթանասուն տարվա գերությունից ազատագրվեց իր ուղնուծուծով հայեցի, անցյալ դարի մեր մշակույթի հռչակավոր կենտրոններից մեկը՝ Շուշի քաղաքը:

Շուշիի ազատագրությունը մի քաղաքի ազատագրություն չէ միայն. դա հայ ազատատենչ ոգու վերածնունդն է, հայ ոգու հաղթանակը Ավարայրից ու Սարդարապատից հետո:

… Վերջին պարտություններից հետո Շուշին խորհրդանշում է մեր հաղթանակների սկիզբը: Այն ձեռք բերվեց մեր ազատամարտիկների աննկուն կամքով ու ռազմավարության բացառիկ հմտությամբ:
Շուշիում այժմ թևածում է հայ ժողովրդի միասնության ոգին: Նրա բարձունքներից այսուհետև չի լսվելու մզկիթների մինարեթներից եթեր արձակվող ազանը: Կհնչեն Ղազանչեցոց սբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերի քաղցրանուշ ղողանջները, որոնք հայ ժողովրդի զավակներին կհրավիրեն սուրբ հաղորդության:

…Վերջին չորս տարիներին Շուշին դարձել էր մահվան խորհրդանիշ, մահ ու ավերի սպառնալիք իր իսկ զավակների համար: Պետք է փակվեր մահ ու ավեր սփռող ազերիական հրեշավոր երախը՝ այս էր մեր ժողովրդի միասնական կամքը: Եվ այդ կամքն իրականացավ մեր շատ ազատամարտիկների կյանքի ու արյան գնով…

…Այսօր արդեն իրենց հայրենի բնօրրանն են վերադառնում Շուշիի աստանդական զավակները, որոնց ազերիները 1988-ին և դրանից շատ առաջ վտարել էին իրենց տունուտեղից: Վերադառնում են՝ շենացնելու հող հայրենին, վերադառնում են իրենց հողն այլևս ոչ ոքի չտալու, ազատ ու անկախ ապրելու աննկուն վճռականությամբ…

«Տիգրան Մեծից հետո մենք դեռ քաղաք չէինք գրավել», - նույն հոդվածի մեջ այսպես բնութագրեց հաղթանակը բուլղարահայ գրող Սևդա Սևանը»:

«Դաշնակցություն» ՀայաստանիՀՅԴկուսակցությանկենտրոնականկոմիտեիպաշտոնաթերթ, Երևան, 1992, մայիս

 

* * *

Ով տիրում է Շուշիին, նա տիրում է Արցախին
«Ադրբեջանցիները մեզ գերազանցում են և' կենդանի ուժով, և' զինվածությամբ, բայց մեր մարտիկի ոգին բարձր է, կամքը՝ աննկուն,- պնդում է Կիրովականի «Նժդեհ» ԱԻՄ-ի, որը մասնակցում է Արցախի պաշտպանական մարտերին, մասնաճյուղի նախագահ Արշալույս Փայտյանը թերթի հետ հեռախոսազրույցում:- Հայաստանից կտրված այս փոքրիկ Հայաստանն ինքնորոշվել է, և մենք՝ անկախականներս, պարտավոր ենք պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը: Ցավոք սրտի, առայժմ առանց զենքի այդ հնարավոր չէ անել»:

«Անկախություն» Ազգայինինքնորոշումմիավորմանպաշտոնաթերթ, Երևան, 1992, 12 մայիսի

 

* * *

Արծվաբերդ Շուշին՝ արծիվներին
«Սա քո ավերակվելու առաջին անգամը չէ, բայց վերջինն է: Շուշի՜, իմ ժայռեղեն բերդաքաղաք, մեր ոգու ու հանճարի օրրան, մեր «երկրորդ Թիֆլիս», արցախյան մեր մայր քաղաք…
Նորից հայերենն է թևածում Լեոյի, Աղայանի, Մուրացանի, Աճառյանի ոտնահետքերին ծանոթ քո սալահատակ փողոցներում: Փա՜ռք քեզ, ազատ, հպարտ, շղթայազերծ, բզկտված, բայց կանգուն, օտարաշունչ, օտարահոտ, բայց վերամկրտված ու վերածնված իմ սիրելի, իմ հարազատ Շուշի»:

«Ազդարար» ՀայաստանիԴեմոկրատականկուսակցությանպաշտոնաթերթ, Երևան, 1992, 15 մայիսի

 

* * *

Հաղթանակի ղողանջներ
 «Շուշի՜, Շուշա՜, Շոշ, Շուշվա բերդ… Աշխարհի բոլոր թերթերն ու ամսագրերը, ռադիոյի ու հեռուստատեսության անխտիր բոլոր կայաններն այս օրերին խոսում են Շուշիի մասին,- գրում է «Ազդարարը»:- Ոմանց համար դա դավաճանություն է (ադրբեջանցիներ), ոմանց ընկալմամբ հայկական նորահայտ զենքի առկայություն (ադրբեջանցիներ), ոմանց համար… Ռուսաստանի և այլ երկրների կողմից հայերին օգնելու ապացույց (ադրբեջանցիներ), մեկելների համար (կրկին ադրբեջանցինե) հազար ու մի սուտ արդարացումներ:
Շուշին ազատագրված է, Շուշին հայկական է (ինչպես որ եղել է ի սկզբանե), Շուշին վերջապես շնչում է հայերեն (բնականաբար), այն այլևս չի կարող եղբայրասպան լինել՝ սա է ճշմարտությունը…»:

«Ազդարար» ՀայաստանիԴեմոկրատականկուսակցությանպաշտոնաթերթ, Երևան, 1992, 15 մայիսի

 

* * *

Ազատն Շուշի կամ ի՞նչ էին ղողանջում զանգերը
«… Այսօր Շուշիում հնչում է հայոց պատարագը: Արցախը ուժ է հավաքում, իսկ ազատագրված Շուշին այդ ուժը քառապատկում է: Հայոց անկախության միջնաբերդը թևակոխում է նոր հազարամյակ, ազգային իղձերի հազարամյակ: Առանց Շուշիի Հայաստան չկա: Կլինի հայ ժողովուրդը, ուրեմն, կլինի՜ նաև Շուշին՝ ի հեճուկս այսօրվա և բոլոր ժամանակների թշնամիների»:

«Ժողովրդական թերթ», Հայաստանի արհմիությունների շաբաթաթերթ, Երևան, 1992, 14 մայիսի

 

* * *

Շուշի. 8 մայիսի, լույս 9-ի գիշերը
«Շուշիի առումը ֆանտաստիկա, մղձավանջ, ցնորք էր…

Եզակի երևույթ՝ նման հաղթանակին չհաջորդեց թալանը: Միակ արժեքավոր ավարը եղավ կոյուղու փոսից հանված ակորդեոնը, որը փախչողները չէին կարողացել հետները տանել:

… Ճերմակահեր գեներալի բեղի ծայրին արցունք էր քարացել: Ճակատագրի քմահաճությամբ նա հայերեն գրեթե չգիտի, բայց ուրախության, արժանապատիվ այրի լացը հայերեն էր: Ի դեպ, հայերենի հարցում հպարտանալու տեղ չունի նաև Կոմանդոսը: Բայց նա մի հրաշք հետևության է հանգել ժուռնալիստների մասին.- Շան տղեն առանց ինձ տեսնելու իմ անունից հայտարարել էր, որ Շուշին կգրավենք:

… Մինչդեռ, և իրոք, Շուշին գրավված է: Փառք ընկածներին:

Եվ կհյուսվեն լեգենդներ, թե ինչպես Օլեգ Եսայանը հոլ (ուլ) սպանեց, թե ինչպես Զորի Բալայանի ծնկները դիմացան Շուշիի Ս.Ղազանչեցոց եկեղեցու մոտ ծալվելուց, թե ինչպես տղերքը հոգնատանջ, հետևում թողած անմահանալու տենչը, ինչ-որ տեղ նախանձով փառք էին տալիս զարկվածներին…»

Լևոն Մարգարյան, «Հայություն» թերթ, Երևան, 1992, մայիս

 

* * *

Շուշին ազատագրվեցավ
«Արցախի ազգային-ազատագրական պայքարը արձանագրեց հիմնական հաջողությունը շաբաթ, մայիսի 9, 1992թ-ին, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեջ ադրբեջանական բանակի ամենախոշոր հանգրվան Շուշիի կրակակետերի չեզոքացման ռազմական գործողությունները հաջողությամբ ավարտվեցին և Ստեփանակերտի իշխանությունները նույն օրվա առավոտյան հայտարարեցին, որ քաղաքն անցել է իրենց ամբողջական հսկողության տակ:

Արդարև, մայիսի 9-ին՝ առավոտ կանուխ, ազերի ուժերը դադարեցրին իրենց կատաղի դիմադրությունը և կամաց-կամաց սկսեցին նահանջել, մինչ հայկական ուժերը թաղամաս առ թաղամաս տիրացան քաղաքին: Ինքնապաշտպանության ուժերի հատուկ հսկողության տակ առվեցին Շուշիի դրամատունը, կարևորագույն արտադրական ձեռնարկությունները և ռադիոկայանը»:

«Արմենիա» շաբաթաթերթ, ԲուենոսԱյրես, 1992, 16 մայիսի

 

* * *

Շուշին հայերուն կըպատկանի
«Շաբաթ 9 մայիսի առավոտյան ԼՂՀ իշխանությունները հայտարարեցին, որ Շուշիի կրակակետերի չեզոքացման գործողություններն ավարտված են: Ղարաբաղի Հանրապետության տարածքում Ադրբեջանի զինվորների ամենախոշոր ռազմական հանգրվանն անցել է հայերի հսկողության տակ:

Զինվորական և այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ պարտություն կրելով Շուշիի մեջ՝ ադրբեջանական զորքերը ռազմական ինքնաթիռներ են կիրառում Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Մայիսի 9-ի առավոտյան ՍՈՒ-25 ինքնաթիռներով ռմբակոծում են Շուշիի սահմանամերձ գոտու գյուղերը, իսկ Շուշին հանձնելուց հետո՝ նաև քաղաքը»:

Թերթի թղթակցին հաջողվում է նաև զրուցել մարտի ժամանակ վիրավորված ազատամարտիկներից մեկի՝ Մանուկ Հարությունյանի հետ.

«Գյումրիի երկրապահ ջոկատի պատասխանատուներից մեկն էի. մեզ առաջադրանք էր տրվել ոչնչացնել ադրբեջանական Ջանհասան գյուղում տեղակայված «Կրատ» կայանները: Դա պետք է իրականացվեր Շուշիի, Ջանհասանի և Քյոսալարի գրավման մշակված գործողությունների շրջանակում: Գործողությունները սկսվեցին առավոտյան ժամը 5-ին, արդյունքներն արդեն ձեզ հայտնի են: Մնացած ջոկատների մասին տեղեկություն չունենք: Գիտենք միայն, որ ջոկատները պետք է մտնեին Շուշի: Այնպես ստացվեց, որ Ջանհասանը գրոհելու ժամանակ հանդիպեցինք թշնամու դիմադրությանը. մեր դեմ ելավ մի հրասայլ և մի քանի զրահամեքենաներ: Հայտնվեցինք թշնամու շրջապատման մեջ: Տեղի ունեցան մարտեր, որոնց արդյունքում ունեցանք զոհեր և վիրավորներ, որոնց ճշգրիտ թիվն ի վիճակի չեմ ասել…»:

«Ազատ օր» օրաթերթ, Աթենք, 1992, 11 մայիսի

Այս թեմայով