30 Ապրիլ 2013, 10:04
3259 |

Ջրի պես հավերժ

Մարդկանց մեծ մասը, լսելով «Բժնի» բառը, ցավոք, մտածում է միայն ջրի մասին: Չկա հայկական խանութ, որտեղ շարված չլինեն հայտնի հանքային ջրի բոլորին ծանոթ կանաչ շշերը: Սակայն նույնանուն գյուղի բնակիչների համար այդ բառի հետ իմաստների, դեպքերի ու երևույթների մի ամբողջ բույլ է կապված: Բժնիի կյանքն ասես իրականացած ժողովրդական բարեմաղթանք լինի՝ ջրի պես հավերժ:

Գյուղը բարեկարգ է: Մի քիչ ունևոր մարդիկ այստեղ ապրում են պինդ, հուսալի տներում: Վերևում բերդապարիսպն է՝ խաղաղ կյանքի անսասանության խորհրդանիշը: Հիմա արդեն դժվար է ասել, թե երբ է կառուցվել Բժնիի բերդը: Ստույգ գիտենք, որ այն 10-րդ դարում վերջնական տեսքի է բերվել ու դարձել միջնադարյան Հայաստանի ամենաանառիկ բերդերից մեկը: Այդ ժամանակ այստեղ քաղաք է եղել, որն իր ծաղկունքն ապրել է 11-րդ դարում, երբ իր տոհմական կալվածքում հաստատվել է մեծ զորավար ու իշխանաց իշխան Վասակողոմ Պահլավունին: Նրա անունը գյուղում գիտեն բոլորը: Մեզ հետ իշխանի մասին խոսեց Միսակը: Ուրախությամբ պատմեց մեծ շինարարի ձեռքբերումների ու քաջազուն մարտիկի սխրանքների մասին: Հետո սովորական ժողովրդին հատուկ հեգնանքով, որը քաղաքավարությունից դրդված փորձեց մի քիչ մեղմել, պատմեց նրա մահվան մասին:

- Վասակը թշնամու հարձակման մասին իմացավ խրախճանքի ժամանակ: Չսպասեց մինչև իր ամբողջ բանակը հավաքվի ու 500 ռազմիկով նետվեց կռվի մեջ: Նրա զինվորները կռվեցին առյուծի պես ու ջարդեցին թշնամուն: Հոգնած Վասակը ձին կապեց ծառին, ինքն էլ տակը պառկեց ու քնեց: Այդ պահին ինչ-որ մեկն անցնելիս է լինում: Տեսնում է ոսկով ու արծաթով զարդարված իշխանական տարազը, զենքերը, որոնք միայն երազում էր տեսել… ու սպանում է Վասակին: Այդպես էլ մահանում է մեծ ռազմիկը:

***

Փայտե ցանկապատի վերևում բլուրն է: Այնտեղ քաղաքը ոտքերիդ տակ ես զգում: Երևի դրա համար էլ հենց պարսպի վրայով քայլելն ավելի հաճելի է: Երբ հասանք եզրին, կամարակապ մուտք տեսա՝ սողանցք էր: Բնականաբար, ներս մտանք: Վտանգավոր էր՝ շատ էր զառիթափ: Սկզբում ցից-ցից քարերով էինք իջնում, հետո՝ հազիվ նկատելի աստիճաններով: Թունելի խորքում լույս նկատեցինք: Ուրեմն ուրիշ՝ թերևս ավելի անվտանգ ճանապարհ էլ կար:

- Այդ ո՞ւր, - լսվեց գլխավերևում: - Աստիճաններն այդտեղ լրիվ մաշված են՝ կընկնեք: Հե՛տ բարձրացեք, ես ձեզ ուրիշ ճանապարհ ցույց կտամ:
Աշոտն էր, ով մեր լուսանկարչին շատ ավելի լավ ճանապարհ ցույց տվեց: Հետո սկսեց իր կյանքից պատմել. երևի մեկն այն միլիոնավոր պատմություններից, որոնք հարյուրամյակների ընթացքում միահյուսվել էին բերդի պատմությանը:
- Անկախությունից հետո մյուսների նման ես էլ որոշեցի սեփականաշնորհել հողը: Իմ կտորը աա՜յ այնտեղ է, որ գալիս-հասնում է բերդապարսպին: Այդպես էլ պարսպի հետ միասին իմ անունով գրանցեցին:
- Վատը չէ ձեր ցանկապատը:
- Ես, իհարկե, ասեցի ՝ ինչ պետք է անեմ այդ պարիսպը: Միայն ձեռքով արեցին: Հետո՝ մոտ 6 տարի առաջ, մարդիկ եկան, թե՝ պատը պետք է ամրացնենք: Բա իմ այգի՞ն:Ասացի՝ չէ: Բայց հետո խիղճս սկսեց տանջել ու համաձայնեցի: Ինձ ու երկու որդիներիս ներգրավեցին աշխատանքների մեջ: Այնպես որ իմ պատն իմ սեփական ձեռքերով ամրացրի: Վերևում արդեն եղե՞լ եք: Եկե՛ք, ցույց տամ:

Այդպես բարձրացանք բլրի գագաթն ու հայտնվեցինք կանաչ դաշտում, որտեղ շախմատի սև ու կարմիր քարերի պես կանգնած էին իշխանական ամրոցի մնացորդները: Ներսում, ավելի ճիշտ՝ դրանց արանքում, տեղ-տեղ երևում էին իրար միացված քարի կարմիր սալեր: Այստեղի բնակիչներին ակամա որպես հսկաներ պատկերացրեցի, երբ տեսա, որ պատուհանը գլխավերևումս էր սկսվում:

- Տեսնո՞ւմ ես՝ պահել ենք այս պատերը, որ գոնե ինչ մնացել է, չփլվի: Այստեղ էլ նայիր՝ միայն երկու շարվածք է պահպանվել: Ամենայն հավանականությամբ եկեղեցի է եղել: Ուզում էինք վերականգնել, բայց չգիտեինք՝ ինչ տեսք է ունեցել: Այդ պատճառով էլ որոշեցինք այսպես էլ թողնել: Բայց ամենահետաքրքիրը սա չէ. մի քիչ էլ գնանք: Տեսնո՞ւմ ես կամարներով շինությունը. ասես եկեղեցի լինի, ուղղակի առանց դռների ու գետնի տակ: Մտածեցինք՝ ջրավազան է: Լեռներում կավե խողովակների կտորներ էին գտել, որոնցով ջուրը հասնում էր այստեղ: Բայց միևնույնն է՝ հնագետները հեռանալիս ասացին, որ այս ամրոցն իրենց համար այդպես էլ մնաց հանելուկ:
Ամբողջ ճանապարհին Աշոտըգետնից ջարդված սափորների կտորներ էր վերցնում, ուշադիր ուսումնասիրում ու տեղը դնում:
- Պեղումների՞ց է մնացել այդ սովորությունը:
- Ոչ: Տնային թանգարանում մի քանի սափոր ունենք, որ որդիներիս հետ միասին հավաքել ենք ու կպցրել: Ուղղակի մի քանի կտոր է պակասում: Ամբողջ ժամանակ դրանք եմ փնտրում:
- Տնային թանգարա՞ն:
- Եկե՛ք, ցույց կտամ:

Սենյակում՝ սեղանի վրա, շինարարական աշխատանքների ժամանակ Աշոտի գտած գանձերն են. ջնարակապատ կավե ամաններ՝ տարբեր ձևերի կափարիչներով, մեխակներ, մի քանի երկաթից գործիք, ուլունք ու նույնիսկ աղջկա նուրբ մատանի…

- Ուզում էի այս ամենը թանգարանին հանձնել, բայց ասացին, «Ավելի լավ է՝ մոտդ պահես: Մի օր այստեղ էլ թանգարան կբացեն, այդ ժամանակ այս հարստությունները նրանց կտաս» : Այդպես էլ պահում եմ:

Կողքերս՝ թախտի վրա, մագաղաթների նման լավաշներ են կախված:

- Աշո՛տ: Չհյուրասիրեցիր այս մարդկանց, - դռան շեմին հայտնվեց տանտիկինը: - Նոր ենք թխել՝ դեռ տաք են: Հենց մեր ցանած ու աճեցրած հացահատիկից է: Փորձե՛ք:
Մի քանի ախորժալի կտոր բրդուճ արեց ու մեզ տվեց: Այնքան լավն էին, որ նույնիսկ հանուն քաղաքավարության չկարողացանք հրաժարվել: Լավաշի մագաղաթները սկսեցին արագ-արագ անհետանալ:

Հաջորդ վայրը, որ պետք է այցելեինք, Սուրբ Աստվածածին եկեղեցին էր: Մուտքի մոտ հիմնադրման տարեթվով մետաղից տախտակ տեսանք՝ 1031 թիվ: Նախկին մեծ վանքից այսքանն էր պահպանվել: Աշոտը քաղաքավարի սպասեց, մինչև ուսումնասիրենք եկեղեցին ու մոմ վառենք, հետո սկսեց այնպիսի գունագեղ պատմություն պատմել, որ դրա հիման վրա կարելի էր ֆիլմ նկարահանել:

- 1386-ին Բժնին ընկնում է Լենկ Թեմուրի ձեռքը: Սկսվում է ջարդը: Աստվածածնի վանահայրը գնում է Թեմուրի մոտ ու աղերսում, «Գո՛ւթ ունեցիր, հրամայի՛ր դադարեցնել սպանդը»: «Քեզ մինչև առավոտ ժամանակ», - պատասխանում է Թեմուրը,-«Ինչքան մարդ այդ եկեղեցում տեղավորվեց, այդքանն էլ կենդանի կմնա»: Առավոտյան զավթիչը զարթնում է ու ի՞նչ տեսնում՝ բնակավայրը դատարկ է: Կանչում է իր մարդկանց ու հարցնում, թե ինչպես էր նման բան հնարավոր: Պատասխանում են, որ բոլորը տեղավորվել են եկեղեցում: Կատաղած Թեմուրը գալիս է վանահոր մոտ ու բացատրություն պահանջում: «Քրիստոսի հավատքը նրանց թևեր տվեց, ու թռան, գնացին», - ասում է վանահայրը: Իրականում եկեղեցին ստորգետնյա ճանապարհով կապված էր ամրոցին: Բնակիչներն այդպես կարողացել էին փրկվել՝ պատսպարվելով անառիկ բերդում:

Միայն թռչուններն էին, որ մեկ-մեկ խախտում էին վանքի անդորրը. նրանց երեկոյան փետրավորությունը Յուդաշկինի ոճն էր հիշեցնում: Նստարանին լուռ ու մունջ նստեց մեզ մոմեր վաճառած կինը:

- Հյուրասիրվե՛ք, - ասաց ու ինչ-որ կանաչիների կապոց պարզեց: - Հենց այսպես՝ հում էլ կարող եք ուտել:

Սկզբում ուզեցի վանքի աղբյուրի ջրով լվանալ, բայց հետո միտքս փոխեցի: Դրա շնորհիվ էր, երևի, որ բոլոր համային զգայարաններովս զգացի խոտի նուրբ համը: Ուզում էի լռել, բայց կինը սկսեց խոսալ.

- Պետք է կիրակի գայիք: Մեզ մոտ ամեն կիրակի՝ շոգ, անձրև, ցուրտ՝ կապ չունի, պատարագ են մատուցում: Տեսա՞ր պատի վրա փոքր զանգը: Դրանով են զանգում: Երգչախումբ է երգում՝ լավ է…. Տեսնում ե՞ս՝ ինչպես է պահպանվել մեր եկեղեցին: Շա՜տ սիրուն է: Սովետի ժամանակ գմբեթն ուզում էին քանդել՝ ինչպես ամենուր: Ժողովուրդը թույլ չտվեց: Բայց գյուղացիները եկեղեցի շատ քիչ էին գալիս: Վանահայրը շատ ջանք թափեց, որ մարդկանց նորից այստեղ բերի: Գալիս են, բայց երիտասարդները: Մեծերը, անաստվածնե՜ր, չեն գալիս:

- Բժնիում 26 եկեղեցի կա, - միջամտեց Աշոտը: - Դրանց մի մասը հիմա ավերակ է: Մի քանի շարվածք է մնացել: Բայց մնացածները մինչև այսօր էլ կանգուն են: Օրինակ՝ Սուրբ Սարգիսը: Վրան տախտակ կա, գրված է, որ յոթերորդ դարի է, բայց մենք գիտենք, որ իրականում հինգերորդի է: Ասում են՝ Հայաստանի ամենափոքր եկեղեցին է: Կուզե՞ք գնանք այնտեղ:

***

Ժայռի կատարի այս եկեղեցին կարելի է տեսնել գյուղի ցանկացած կետից: Մեքենայով մոտիկացանք, ինչքան հնարավոր էր: Հետո ոտքով անցանք գերեզմանոցի միջով: Փոքր եկեղեցիները մի տեսակ յուրահատուկ են: Մեծերն ասես ժողովրդի, հավատքի համար լինեն ու կառուցված են մեծ թափով՝ ի փառս Աստծո: Իսկ սրանք կարծես հենց քեզ'մոլորված հոգուդ համար լինեն ու հավանաբար առաջացել են ինչ-որ բանի, օրինակ՝ երեխայի հրաշալի բժշկման առթիվ: Ըստ երևույթի, միայն ես չեմ, որ այսպես եմ մտածում: Ամենավերևում՝ բակում, միայնակ խաչքարի մոտ տնական օղու մի քանի կիսալիքը շիշ է դրված:

- Այստեղ հաճախ գալիս են ուղղակի մտերմիկ զրույցի … Ինչն էլ չեն խմում, թողնում են մյուս այցելուներին: Կուզե՞ք փորձել: Ինչպես կամենաք... Ամեն դեպքում մեզ մոտ վատ օղի չեն սարքում:

Անվերջ կմնայի այդպես բարձունքին կանգնած: Բայց լուսանկարիչը շտապեցնում է. գյուղի վրա սև ամպեր են կուտակվում, իսկ մենք դեռ անպայման պետք է մեկ եկեղեցի էլ լուսանկարենք:

***

Եկեղեցին կորում է բնակելի շենքերի մեջ: Կիսաքանդ պատերը ծածկված են հապճեպ դրված կտուրով, որի թիթեղների ավելորդ փայլից երևում է, որ նոր է տեղադրվել.գոնե կանգուն մնացածը չքանդվի:

- Այստեղ բերված հիվանդ երեխաները բուժվում են, - ասում է մոտակայքում ապրող երիտասարդ Մանուկը: - Տեսնո՞ւմ ես աղբյուրը. ջուրը եկեղեցու պատից է հոսում, բայց եկեղեցին, միևնույնն է, այսքան դար կանգնած է: Խմի՛ր, բուժիչ ջուր է:

Խմում եմ: Հետո ուսումնասիրում եմ տարօրինակ եկեղեցու բոլոր պատերն ու տեսնում, որ այստեղ ուշագրավ է միայն աղբյուրը, որի ջուրը չգիտես ինչու քար չի ծակում: Դուրս եմ գալիս ու նստում արևի տակ՝ խաչքարի պատվանդանի վրա:

- Իսկ այդ ի՞նչ ջարդված շշեր են այն քարի մոտ:
- Դա առանձին պատմություն է: Մի ժամանակ սպանված մարդ են թաղել: Դրանից հետո այստեղ տարբեր վախերով երեխաներ են բերում: Սկզբում եկեղեցու աղբյուրի ջրով լվանում են երեսները, հետո շշով ջուր հավաքում: Երեխային բերում են քարի մոտ, որ յոթ անգամ պտտվի շուրջը: Հետո մեջքով թեքվում է դեպի քարն ու մեջքի վրայով շիշը վրան նետում: Շիշը փշրվելուն պես բոլոր վախերն իսպառ վերանում են: Գիտե՞ս՝ քանի անգամ են արել: Ասում եմ, էլի՝ բարի տեղ է:
Մանուկն ավելի լավ կիմանա. ամբողջ կյանքն այստեղ է ապրել: Նրանից առաջ էլ հայրը, պապը, նախապապը …

***

Միայնակ ծառի սաղարթների տակ նստած ծեր կինը պարզում է բաժակը առջևով վազող տղային.
- Որդի՛ս, մի քիչ եկեղեցու ջրից տուր:
Տղան արագ-արագ լցնում է բաժակն ու կողքերից թափելով՝ տալիս կնոջը, ով նրա ձեռքը բռնելով՝ համբուրում է ու ասում.
- Թո՛ղ կյանքդ այս ջրի պես հավերժ լինի:
Չգիտեմ ինչու՝ հավատում եմ, որ այդպես էլ կլինի:

«Ереван» ամսագիր,  N6(66), 2011

Այս թեմայով