28 Ապրիլ 2013, 09:42
4895 |

Հին Նոր Բայազետը

Գեղարքունիք մարզի շրջկենտրոն Գավառը հայերի մեծ մասի մոտ առաջին հերթին ասոցացվում է համեղ կարտոֆիլի, քյուֆթայի, օղու հանդեպ տեղացիների մեծ սիրո ու «ա»-երը «օ»-երով փոխարինող բարբառի հետ: Իսկ ինձ համար այն նաև նախնիներիս հայրենիքն է: Մի ժամանակ, ինչպես ընդունված էր, ամբողջ ամառը պապական տանն էի անցկացնում: Այս անգամ նախնիներիս մոտ վերադարձա, որ ուսումնասիրեմ ոչ միայն քաղաքը, այլև այն շրջապատող հետաքրքրական թվացող ամեն ինչ:

Հո՞ երթաս
Գավառի ժամանակակից պատմությունը սկսվել է 1830-ականներին՝ ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ Թուրքիայում մնացած Բայազետ շրջանի հայկական բնակավայրերի բնակիչները հաստատվեցին ռուսական կայսրության տարածքում: Սևանի շուրջն ընկած տարածքը նրանց դուր եկավ, ու լճից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ հին գյուղի տարածքում, առաջացավ Նոր Բայազետը: 20-րդ դարի կեսին այն վերանվանեցին՝ տալով հեղափոխական Կամոյի անունը, իսկ անկախության ժամանակ Կամոն էլ փոխվեց Գավառի:

Երևանից եկած հյուրերի համար քաղաքը սկսվում է կենտրոնական հրապարակից, որտեղ մայրաքաղաքից այստեղ եկող երթուղային տաքսիների վերջին կանգառն է: Մենք էլ որոշեցինք մեր ճանապարհորդությունն այստեղից սկսել:

Մինչ գործընկերս լուսանկարում էր քաղաքի գլխավոր տեսարժան վայրը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, աչքովս Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի շենքն ընկավ. միայն նոր նկատեցի, չնայած ամբողջ կյանքս այստեղ է անցել: Խարխուլ ու թվում էր՝ լքված շենքի առաջ երկու սիրալիր կին էր կանգնած:
- Հաստատ տեղացի չեք, - վստահ ասաց նրանցից մեկը: - Կիլոմետրից կարող եմ քյավառցուն ճանաչել:
- Դե, լրիվ օտար չեմ, ուղղակի վաղուց էստեղ չէի եղել… Իսկ թատրոնը գործո՞ւմ է:
- Բա ո՛նց, - դատելով երկորդ կնոջ արձագանքից՝ հարցս այդքան էլ տեղին չէր:
- Շատ տաղանդավոր դերասաններ ունենք. գյուղերում ելույթ են ունենում, չարչարվում՝ ժողովուրդն էլ գնում ա: Հիմա բեմն ենք ռեմոնտ անում:
Պարզվեց, որ Գայանեն դեռ դպրոցական տարիքից թատրոնում էր աշխատում ու շատ լավ գիտեր դրա պատմությունը: Թատրոնը կառուցել էին տեղի պիոներների ջանքերով. սկզբնական կապիտալը հավաքել էին շիշ հանձնելու միջոցով՝ լրիվ գավառցու ոճ:

Կոլոտ
Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, նույնպես ստեղծվել է գավառցիների ջանքերով: Պատին գրված է, որ այն կառուցվել է 1905-ին տեղի բնակիչների միջոցներով: Բարեգործներից ամենաակտիվը Հայրապետ Խաչատրյան անունով ձեռներեցն է եղել, ում մինչև հիմա հիշում են «Կոլոտ» մականունով: Ի դեպ, առաջին ժամերգությունը եկեղեցում անց է կացրել ոչ թե սովորական մի քահանա, այլ ինքը՝ Խրիմյան Հայրիկը: Բարեբախտաբար, Կոլոտը չբավարավեց իր քաղաքի միայն հոգևոր հարցերով. նրա գումարներով այստեղ կառուցվեցին հիվանդանոց, դպրոց, ջրմուղ ու էլի շատ բաներ: Ընդհանրապես հետաքրքիր մարդ էր՝ դատելով գավառցիների պատմածներից. կարող էր, օրինակ, իր գրպանից ընկած կոպեկը գետնից բարձրացրած երեխային ռուբլի տալ, կամ էլ, նկատելով, որ իրեն խաբել են խանութում, բողոք գրել ու հեռագրով ուղարկել՝ ծախսելով կրկնակի գումար: Բացի դրանից, նրա խոհարարն էր Բալաբեկ Եղիազարյանը՝ պապիս պապը: Բալասը, ինչպես նրան դիմում էին, ոչ թե Նոր Բայազետից էր, այլ քաղաքին շատ մոտ գտնվող Գավառագետի մյուս կողմում ընկած Փաշաքենդից: Միջին դարերում գյուղի անունը Առնեխ է եղել, բայց տեղի հայերին 1604-ին Շահ Աբասը աքսորեց Պարսկաստան, ու երբ մոտ երկուսուկես դար հետո այստեղ Բայազետցիներ հաստատվեցին, այն արդեն կոչվում էր Փաշաքենդ. այստեղ որոշ ժամանակ թաթարներ էին ապրել: Փաշաքենդցի Բալաս Եղիազարյանը թունդ կոմունիստ էր, ծառայեց-հասավ մինչև կոլխոզի նախագահ ու գյուղին շատ օգուտ տվեց: Մեր ընտանիքում ամենից շատ հպարտանում են, որ հենց նրա օրոք Փաշաքենդը մի անգամ հացահատկի այնքան հարուստ բերք տվեց, որ գյուղը վերանվանեցին Հացառատ: Իսկ այսօր այն Գավառի թաղամասերից է, ուր էլ որ մենք ուղղվեցինք:

Գավառի ճաշատեսակները
Գյուղատնտեսության մեջ Գավառը հայտնի է իր կարտոֆիլով: Կարտոֆիլի դաշտեր կան ամենուր: Հացառատն էլ բացառություն չէ: Բայց Գավառի խոհանոցն առաջին հերթին յուրահատուկ է իր քյուֆթայով: Ճիշտ է, այն ունի արևելյան ծագում ու հասկանալի չէ, թե ինչու է այդքան հարազատ դարձել մեր վայրերում: Քյուֆթա այստեղ գրեթե ամեն օր են պատրաստում, ու յուրաքանչյուր տանը կա հատուկ քար, որի վրա փայտե մուրճով «ծեծում» են միսը: Քյուֆթայի հետ ընդունված է օղի խմելը: Հենց այդպիսի գավառական ճաշ էլ մեզ հյուրասիրեց Սերգեյը՝ հարազատ վայրերից Ռուսաստան չգնացած փոքրաթիվ բարեկամներիցս մեկը: Պատմեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո այստեղ օղու կոմբինատ բացվեց, որտեղ պատրաստվում էր Հայաստանի ամենամաքուր օղին: Բայց մի քանի տարի հետո գործարանը փակվեց, որը, սակայն, ոչ մի կերպ չազդեց ահռելի ծավալներով ալկոհոլ խմելու գավառցիների ունակության վրա: Այնպես որ բարձրացնում ու դատարկում ենք բաժակները՝ խմելով հանդիպման կենացն այս հյուրընկալ հողում:

Պանիրը
Հացառատի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել էին նոր բնակիչները 9-րդ դարի փլուզված փոքրիկ եկեղեցու տեղում: Վերականգնման աշխատանքների ժամանակ վանքի պատերի մեջ հարակից գերեզմանոցներից տեղարդվել էին տասնյակ խաչքարեր, որոնք առաջին հայացքից որպես հայկական ճարտարապետության վառ օրինակ աչքի չընկնող եկեղեցուն յուրահատուկ տեսք են հաղորդում: Բայց ավելի հետաքրքիր է այն, որ փլուզումից հետո եկեղեցին ոտքի է կանգնեցրել մի մարդ՝ Հայկազը, որը մինչև օրս չի դադարում խնամել այն, այնպես որ եկեղեցու բակում մեր հանդիպումը բոլորովին էլ պատահական չէր:
- Երբ էստեղ եկա, ուղիղ իմաստով աղբանոց էր, - պատմում է Հայկազը: - Միակնանի սայլը վերցրի ու սկսեցի աղբը հավաքել՝ երկու հարյուր կիլո ստացվեց:
Հայկազը ցույց է տալիս խաչքարերից մեկը, որի վրա փորագրություններն արդեն դժվար ճանաչելի են:
- Էս աղն է էսպես քայքայել: Սովետի ժամանակ վանքը երկար ժամանակ որպես պանրի պահոց են օգտարգործել, ու էստեղ ամեն ինչ աղաջրի մեջ էր թաթախված: Հեն է՝ եկեղեցու պատերի վրայի գծերը պանիրների նախկին շարքերի բարձրությունն են ցույց տալիս:
Հայկազը բարեբախտաբար միակը չէր, ով ցանկացավ փրկել վանքը. որոշ ժամանակ անց մյուսներն էլ միացան, ու հիմա Սուրբ Գրիրգոր Լուսավորիչը բավականին լավ վիճակում է:

Տրակտորը, խաչքարն ու խաչը
Հիշում եմ, որ մանկության տարիներին հաճախ էին պատմում հին գերեզմաններից մեկում մի գրեթե առասպելական տապանաքարի մասին: Անիրական էր թվում վրայի գրվածքի պատճառով: Քարի վրա հանգուցյալի անունից գրված էր հետևյալը, «Երկու դաշտ ունեի՝ մեկը ձեթով էի ջրում, մյուսը՝ գինով»: Այս խոսքերը կարող են հեղինակի անգետության սխալ տպավորություն ստեղծել, բայց սա իրականում ակնարկ է այն բանին, որ երկու դաշտերի տերը կյանքի օրոք այնքան հարուստ էր, որ ավելի շատ ձեթ ու գինի ուներ, քան մյուսները՝ ոռոգման ջուր: Միշտ ուզում էի ավելի շատ իմանալ այս պատմության մասին: Բայց Հայկազը փշրեց միջադարյան Առնեխի բնակիչների մասին ունեցած պատկերացումներս:

- Ոչ մի քար էր չկա՛ր: Բոլորն իրա մասին են խոսում, բայց ոչ ոք կյանքում չի տեսել: Երևի մարդիկ ուղղակի ուզեցել են մտածել, որ մի ժամանակ իրանց մեջ էդպիսի մի մեծահարուստ ա էղել:

Որպեսզի հասցրած բարոյական վնասը մի քիչ մեղմի, Հայկազը որոշեց գյուղից հինգ րոպե հեռավորության վրա գտնվող մի չտեսնված պատմական հուշարձան ինձ ցույց տալ: Հարևաններից վերցրեցինք «վիլիս»-ը (ամեն մեքենա չի կարող այնտեղի ճանապարհներն անցնել) ու գերեզմանի միջով ուղղվեցինք դեպի Դավխեղդ ձորը:
Երբ Փարիզ-Դաքար ռալիի համար շատ հարմար ճանապարհը հետևում մնաց, «վիլիս»-ը կանաչ դաշտեր դուրս եկավ: Հորիզոնում երևաց անսովոր մի կառույց, որ նման էր գլխին խաչով դարպասի: Ավելի մոտենալով՝ տեսա, որ դարպաս չէր, քանի որ կողքը պատեր չկային: Մեր առջև С-100 տրակտորի հողի մեջ ցցված մաս էր: Քանի ուսումնասիրում էինք մոդեռնիստական գլուխգործոցը, մեզ մոտեցավ դրա ալեհեր հեղինակը՝ ժպտերես Հրաչյա քեռին:

- Իմ ձեռներով եմ, է, արել: Բա խաչը գլխին տենում ե՞ս՝ հին անկողինների օղերից եմ հավաքել:
Բայց մենք եկել էինք ոչ թե այս սյուռեալիստական խաչի, այլ յուրօրինակ մի հուշարձանի համար: Այն հենց այստեղ էր՝ «տրակտորի դարպասի»-ի մոտ՝ ֆալոսային ձևի քարի վրա փորագրված խաչքար:
- Ասում էի, չէ՞, որ սենց բան տեսած չես լինի, - հաղթական տոնով խոսեց Հայկազը: - Էստեղ իրար են հանդիպել հեթանոսությունն ու քրիստոնեությունը:
Պարզվեց, որ ֆալոխաչքարը Հրաչյա քեռու միակ գանձը չէր: Նույն տեղում կար մի քանի տապանաքար, որոնք նա կարողացել էր փրկել, երբ հին գերեզմանի տեղում ինչ-որ մեկը որոշել էր խանութ բացել, իսկ «հնությունները» դեն նետել:
- Էն գերեզմանում նախնիներս էին, ախր, թաղված, - հոգոց հանեց ծերունին: - Դրա համար էլ հատուկ վերաբերմունք ունեմ էս փրկված քարերի հանդեպ:
Պետք է որ դժվար լիներ այդ ծանր քարերն այստեղ քարշ տալ: Բայց ժիր ծերուկն այսքանով էլ չէր բավարարվել: Քսան տարվա ընթացքում նա ներքև տանող արահետի երկայնքով մի քանի հարյուր ծառ էր տնկել, նրանց հետևում կես մետրանոց պատ շարել, ցանել հացահատիկ ու կարտոֆիլ, սեփական տուն կառուցել, որի մուտքի մոտ մեզ դիմավորեցին նրա կինն ու հավատարիմ շուն Ջերին:

Սառը ջուր խմելուց հետո որոշեցինք շարունակել գավառի բարբառով խոսող խաչքարի վարպետների հետ մեր ծանոթությունը: Դա նշանակում էր, որ մեր հաջորդ հանգրվանը հարևան Նորատուսի հայտնի խաչքարերի գերեզմանն էր:

Հարսանիք էր՝ քեֆ էին անում, ուրախանում
Հացառատն ու Նորատուսը շատ ընդհանրություններ ունեն: Առաջին հերթին՝ Նորատուսում էլ են նույն բարբառով խոսում, երկրորդը՝ երկու գյուղերի միջով անցնում է Գավառագետը, ու ընդհանրապես՝ գյուղերն այնքան մոտ են, որ չէին էլ կարող շատ տարբերվել: Այլ հարց են ճանապարհները. հարազատ գյուղումս ծնված օրից քիչ թե շատ նորմալ ասֆալտ չէի տեսել, իսկ այստեղ այն գրեթե նույնն էր, ինչ քաղաքում: Սա շնորհիվ այն բանի, որ տեղի գերեզմանը հայկական մշակույթի ամենաչքնաղ հրաշալիքներից է, ու միշտ գտնվում է զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Մեր այցի ժամանակ էլ մեզ հետ միասին խաչքարերը տեսնելու էր եկել ֆրանսիացիների երկու խումբ: Սովորության համաձայն, տեղի տատիկները րոպեն մեկ փորձում էին եկվորներին խոսեցնել. նստել էին 14-րդ դարի գերեզմանաքարի վրա ու կարում էին տարվա այս եղանակի համար անսովոր տաք բրդե գլխարկներ հայկական եռագույնի գույներով ու առաջարկում դրանք զբոսաշրջիկներին՝ ի միջի այլոց հայտնելով նրանց, որ տեղի խաչքարներից մեկը գտնվում է Լուվրում: Այս ամենն իհարկե, քյավառի հայերենով: Ֆրանսիացիները գլխով էին անում ու առաջ գնում:

- Բալե՛ս, գլխարկ կուզե՞ս, - սա արդեն ինձ էին հարցնում:
- Չէ, էդքան էլ սառը չի:
- Դե, գոնե, էս փողը փոխի, թե չէ էսի ինձ եվրո ա տվել: Ուզո՞ւմ ես ամենալավ քարը ցույց տամ՝ տխուր պատմություն ունի: Էստեղ աղջիկ-տղա են թաղված: Գյուղում հարսանիք էին անում, ու էդ պահին մեկ էլ մոնղոլները վրա հասան, էլ հայվանները չնային՝ հարսանիք էր, թե չէ…
Ի դեպ՝ մոնղոլները… Ըստ լեգենդի, հենց այստեղ են Նորատուսը փրկել Լենկ Թեմուրի արհավիրքից: Զավթիչների ահռելի զորքը տեսնելով՝ Գեղամ իշխանը հրամայել էր այստեղի հազարավոր խաչքարերի վրա զինվորական համազգեստ անցկացնել: Հայկական «բանակի» ահարկու տեսքը խառնաշփոթ էր առաջացրել հակառակորդի շարքերում ու ստիպել նահանջել:

Ինչպես գողանալ «Դեկամերոնը»
Հետդարձի ժամանակ որոշեցինք կրկին մտնել Հացառատ. ուզեցի մի քանի րոպեով մտնեմ պապիս սարքած տունը, բարձրանալ երկրորդ հարկ, որտեղ հին սովետական գրքերով լի սենյակ կա: Բանը նրանում է, որ տատս՝ Արաքսյան, տարիներ առաջ Գավառի մշակույթի տանն էր աշխատում: Կար ժամանակ, երբ տեղացիները շատ ակտիվ էին կարդում: Տատս պատմում էր, որ մի անգամ նույնիսկ մեկը գրադարան էր սողոսկել ու գրքեր գողացել, ավելի ճիշտ՝ մեկ գիրք՝ «Դեկամերոնը»: Գյուղի մարդիկ անհարմար էին զգում ցերեկով նման գիրք վերցնել: Երբ Մշակույթի տունը ոչ մեկին արդեն պետք չէր ու շենքն էլ փակվեց արտաքին աշխարհից, մնացած գրքերը գաղթեցին մեր տուն:

Առաջ կարտոֆիլի դաշտերով շրջապատված փոքր հողակտորում գտնվող երկու տներում կյանքը եռում էր… Բայց հետո բոլորը ցրվեցին՝ մեկը Երևան, մյուսը՝ Ռուսաստան, տունն էլ տատիս ու պապիս մահից հետո վառ հիշողության վերածվեց: Գյուղի հետ էլ գրեթե նույնըըտեղի ունեցավ. 1990-ականների սկզբում այստեղ արտագաղթի ալիք բարձրացավ: Չգիտես ինչու գավառցիներն ընտանիքներով գնում էին հայտնի ռուսական Տոլյատի քաղաքը, որը շուտով կարելի կլինի Նոր Նոր Բայազետ անվանել: Բայց Հայկազը վստահեցնում է, որ նման արտագաղթ մի քանի անգամ է եղել, ու Հացառատցիները միշտ վերադարձել են, որովհետև վերադառնալու տեղ ունեն. հարազատներից շատերը, մեկ է, այստեղ են ապրում, շեն են սեփական ձեռքերով կառուցած տները, եկեղեցին էլ ավելի ամուր է կանգնած, թատրոնը վերանորոգվում է, գրադարանի համար կարելի է «Դեկամերոնի» էլի մի քանի օրինակ գնել, տեղական կարտոֆիլն էլ Հայաստանում ամենահամեղն է:

Գավառ
Գավառը Հայաստանի տարածքում գտնվող ամենահին բնակավայրերից է: Քաղաքի վրա վեր խոյացող ժայռի վրա մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբում գտնվում էր Ուելիքուխի թագավորության ամրոցը, որը հետագայում գրավեց ուրարտական թագավոր Սարդուրի Բ-ն: Նրա որդին՝ Ռուսա Ա-ն, վերակառուցեց ամրոցն ու տվեց նրան Խալդի աստծո անունը: Այդ իրադարձությունների մասին սեպագիր արձանագրությունը հայտնաբերվեց 1927-ին: «Գավառ» անունը (տեղի բարբառով՝ Քյավառ) հանդիպում ենք արդեն միջնադարում. ամենահին հիշատակումը գտնվել է 1 374 թվականի խաչքարի վրա: Բնակավայրը քաղաքի կարգավիճակ ստացավ Բայազետի հայերի 1830-ականների գաղթից հետո:

Նորատուսի գերեզմանոցը
Ջուղայի (Նախիջևան) միջնադարյան հայկական գերեզմանում 2005-ին ադրբեջանցիների կազմակերպած խաչքարերի ջարդից հետո Նորատուսի գերեզմանոցը դարձավ խաչքարերի աշխարհում ամենամեծ հավաքածուն: Նորատուսի խաչքարերի մեծ մասը ստեղծվել է 12-17-րդ դարերում, իսկ ամենահինը 5-րդ դարից է: Խաչքարերի մեծ մասը խմբավորված է՝ կազմելով որևէ մի ընտանիքի գերեզման: Շատերի վրա պահպանվել են ստեղծողների անունները՝ Մելիքսեթ, Ներսես, Քիրմա… Մշակութային արժեքների պահպանման դեսպանատան հիմնադրամի (ԱՄՆ) նախաձեռնությամբ ու «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» (Armenian Monuments Awareness Project) հետ համագործակցությամբ իրագործվեց գերեզմանի պահպանության նախագիծը: Տարածքում կատարվեցին հուշարձանների չափագրման ու հաշվառման աշխատանքներ, տեղադրվեցին հինգ լեզվով տեղեկատու տախտակներ, հարակից տարածքները կանաչապատվեցին ու նորոգվեցին, ճանապարհներն ասֆալտապատվեցին, լուսավորվեցին, կառուցվեցին հանգստյան գոտի ու փոքր մշակութային կենտրոն, որտեղ տեղի բնակիչները կարող են հուշանվերներ, ազգային արհեստների արտադրանք ու այլ իրեր վաճառել: Ամբողջ գերեզմանը շրջափակվեց պատով ու դարպասներով և դարձավ հսկելի:

«Ереван» ամսագիր, N9(78), 2012

Այս թեմայով