23 Ապրիլ 2013, 12:39
2123 |

Կադրային քաղաքականություն

Հեռուստատեսությունը ոչ միայն սիրված սերիալը կամ հաղորդումն է, այլև այն ամենը, ինչ մենք, հաճախ ուշադրություն չդարձնելով, տեսնում ենք՝ անոնսներ, հոլովակներ, գովազդ: THT-ի եթերային առաջխաղացման դեպարտամենտի տնօրեն Ռուբեն Հովհաննեսյանն այն կարծիքին է, որ եթերի հենց այս մասն է շատ դեպքերում ստեղծում ալիքի կերպարը՝ պահելով հեռուստադիտողների ուշադրությունն ու մեծացնելով նպատակային լսարանը: ТНТ-ի առաջխաղացման հոլովակները ամեն տարի արժանանում են հեռուստատեսային մարքեթինգի, առաջխաղացման ու դիզայնի բնագավառում աշխարհի ամենայտնի PromaxBDA մրցանակներին: 2010-ին մրցանակները յոթն էին, 2011-ին՝ մեկը, բայց շատ հեղինակավորը՝ լավագույն ձայնային դիզայնի համար: Իսկ 2012-ին ТНТ-ն եզրափակիչ դուրս եկավ առաջխաղացման ու դիզայնի միանգամից ութ նոմինացիաներում:

Ռուբեն, հեռուստաալիքներում հիմա մի ստեղծագործական խմբին բաժին են ընկնում տարբեր գործառույթներ: Որո՞նք են Ձեր պարտականությունները որպես ТНТ-ի եթերային առաջխաղացման դեպարտամենտի տնօրեն:
- ТНТ-ն շատ մեծ ուշադրություն է դարձնում մարքեթինգին, որով մի քանի բաժին է զբաղվում: Դրանցից մեկը իմ ղեկավարած եթերային առաջխաղացման բաժինն է: Մեր խնդիրն է առավելագույնս ուժեղացնել կապն ալիքի ու հեռուստադիտողի միջև: «ТНТ-դիզայն» բաժինը, որի հետ մենք սերտ համագործակցում ենք, պատասխանատու է ապրանքանիշի վիզուալ ձևավորման համար: Պատկերանիշ, գրաֆիկա, լուսանկար՝ այս ամենը նրանք են անում: Իսկ մենք զբաղվում ենք գաղափարներով: Մենք ստեղծում ենք առաջխաղացման հոլովակներ, կամ էլ, ավելի պարզ՝ անոնսներ, հոլովակներ ու ID-սեղմհոլովակներ, անում ենք մոնտաժ, ձայնային մշակումներ:

Այսինքն, Ձեր բաժինը պատվիրատուն է, իսկ «ТНТ-դիզայնը» կատարո՞ղը:
- Այդպես չէի ասի՝ սա համագործակցություն է: Օրինակ, վերջերս իմ խմբի անդամները «Գարունը ТНТ-ով» սերիայի համար իմիջային հոլովակ պատրաստեցին: Գտան մի քանի կադր, որտեղ Խարլամովը նետ արձակելու շարժում է նմանակում, ու որոշեցին, որ նրան կարելի է Կուպիդոնի վերափոխել: Կանչեցին դիզայներներին ու հարցրին՝ հնարավո՞ր է ինչ-որ կերպ նրան աղեղ ավելացնել: Դիզայներները ստացան լրիվ այլ բան, որ շատ էր տարբերվում մեր պատկերացրածից: Արդյունքում ստեղծվեց արտակարգ հոլովակ: Ահա մի այլ օրինակ էլ. մեզ մոտ «Պրակտիկանտներ» սերիալի նոր սեզոնը պետք է սկսեր: Որոշեցինք անոնսները հետադարձ հաշվարկով անել, որպեսզի կարդիոգրաման երաժշտության տակ սկսի թռվռալ: Պարզ է, որ այս էֆեկտը կարելի էր ստանալ առաջին հերթին գրաֆիկայի միջոցով: Այս աշխատանքի ընթացքում էլ դիզայներներն իրենց ներդրումն ունեցան: «Պրակտիկանտներ»-ը հոյակապ սկսվեցին, իսկ հոլովակները Promax-ի եզրափակիչում առաջադրվեցին միանգամից մի քանի նոմինացիաներով: Չնայած սցենարի, նկարահանումների ու մոնտաժի վրա հիմնված մեր հոլովակների մեծ մասում գրաֆիկան միայն վերջում է հայտնվում, բայց այն կերպար, ապրանքանիշ է ստեղծում: Այդ պատճառով էլ չարժի անջատել դրանք միմյանցից:

Դիզայներներն ու Դուք նո՞ւյն կերպ եք իրերին նայում աշխատանքի ժամանակ:
- Ոչ, մեր հայացքները նման են, բայց նույնը չեն: Ես որպես տղարամարդ մի քիչ ավելի կոպիտ կերպով եմ նայում իրերին, քան ТНТ-դիզայնի ղեկավար Ելենա Շանովիչը, նրա մոտեցումն ավելի նուրբ է, ինչպես որ պետք էր կնոջից ակնկալել: Բայց լավ է, որ այս տարբերությունը կա. մենք դրա շնորհիվ հավասարակշռության մեջ ենք միմյանց պահում: Կարևորն այն է, որ ես վստահում եմ դիզայներներին գրաֆիկայի հարցում, ու հուսով եմ, նրանք էլ ինձ են վստահում, երբ հարցը առաջխաղացմանն է վերաբերում: Մեր ստացած մրցանակները շատ դժվար կլիներ բաժանել, չնայած հաղթող հոլովակներից մի քանիսը ավելի գրաֆիկական են, իսկ մյուսներն ավելի կոնցեպտուալ:

Հեռուստաալիքների իդենտիֆիկացիոն հոլովակները (ID) սկեցին հայտնվել 20-րդ դարի 40-ականներին՝ Ամերիկայում օրենսդրական փոփոխություններից հետո: Մինչ այդ այդքան էլ կարևոր չէր՝ որ ալիքն է եթերում: Ալիքները քիչ էին, մրցակցությունն էլ թույլ: Հիմա ամեն ինչ փոխվել է: Ի՞նչ դեր ունի եթերային առաջխաղացումը հեռուստաալիքի հեղինակության բարձրացման մեջ:
- Շատ կարևոր, անկասկած: Իհարկե, հեղինակությունն առաջին հերթին պայմանավորված է պարունակությամբ: Առաջխաղացումը կարևորությամբ երկրորդն է միայն: Հաղորդումների միջև ալիքի եթերային ժամանակն այն տարածությունն է, որով այն անմիջականորեն շփվում է հանդիսատեսի հետ: Շոուները, սերիալները, հաղորդումներն ու կինոն նույնպես շփման միջոց են, բայց անուղղակի: Եթերային առաջխաղացումից ակնկալիքներն ավելի շատ են: Սերիալի կերպարը կամ ինչ-որ մի հաղորդման հերոսը կարող է որոշ տեղերում սխալներ, անհարիր բաներ թույլ տալ իրեն, օրինակ՝ ստել կամ տգեղ տեսք ունենալ: Բայց նա ուղղակի կերպար է: Իսկ անոնսում ցանկացած թերություն կամ կեղծավորություն միանգամից աչք է ծակում: Ու ամենաահավորն այն է, որ մարդկանց գիտակցության մեջ այն միանգամից կասոցացվի ТНТ-ի հետ:

ТНТ-ի սեղմհոլովակներում ու անոնսներում ստեղծված է շատ յուրօրինակ մի միջավայր, որտեղ իրականությունը խառնված է հորինվածքին. սերիալների հերոսները տարբեր ակտուալ իրադարձություննեի մասին «հայտարարություններ են անում», օրինակ՝ խոսում եղանակների փոփոխության մասին և այլն: Այս ամենը «զգա մեր սերը» նշանաբանի ներքո, որը նույնպես շատ ճիշտ է. սերն էլ է գտնվում իրականության ու անուրջների սահմանի վրա: Հետաքրքիր կլիներ իմանալ՝ աշխարհում կա՞ն ալիքի այսպիսի առաջխաղացման անալոգներ:
- Այստեղ կա իրականում միայն երկու ճանապարհ՝ ցույց տալ աստղերին կամ էլ ալիքի պատկերանիշը: Չնայած, կարելի է երկուսն էլ համատեղել: Աստղեր մենք, բարեբախտաբար, ունենք և նրանց վրա հույս ենք դնում. սա տրամաբանական է: Մեր հերոսների մասին տարբեր կարծիքներ կարող են լինել, բայց ոչ ոք չի կարող ժխտել, որ նրանք ունեն կոլորիտ, ճանաչված են ու հայտնի ամբողջ երկրում: Բայց մեր նոու-հաուnն հաճախակի փոխվող կատակների ու երկխոսությունների վրա կառուցված իդենտիֆիկացիոն հոլովակներն են:

Ինչպե՞ս առաջացան դրանք:
- Գաղափարի հեղինակը ТНТ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Դուլերայնն է: Ես հետո սկսեցի այն ըստ սցենարների իմ խմբի հետ մանրամասն մշակել: Իսկ դիզայներները մտածեցին, թե ինչպես այդ ամենը գեղեցիկ «փաթեթավորել»: Մենք հիմա օրական նկարահանում ենք 6-7 կերպար, որոնցից յուրաքանչյուրն անում է 15-20 կատակ: Բայց այսքանից փոքր մասն է միայն եթեր գնում: Ընտրում ենք միայն ամենաօրգանիկ կատակներն ու հաճախ դուրս թողնում նույնիսկ մեզ համար ծիծաղելիները, եթե նկատում ենք, որ դրանք անբնական են երևում: Նկարահանումներից առաջ բոլորս միասին քննարկում ենք՝ փորձելով ամեն անգամ մի նոր բան գտնել: Հերոսներն իրենք էլ են ունենում իրենց ներդրումը: Այսպես արդեն մի քանի տարի է, որ աշխատում ենք, բայց բարեբախտաբար, երբեք չենք կրկնվել:

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ առաջխաղացման հոլովակներնում Ձեր հերոսներն ավելի գրավիչ են, քան սերիալներում:
- Մենք սկզբունքորեն չենք հորինում բնավորություն կերպարների համար, այլ փորձում ենք այնպես անել, որ իրենք իրենց արտահայտեն, շեշտեն այս կամ այն հատկանիշը: «Իսկական տղեքը» լավ օրինակ է: Սերիալը կրկնելուց մոտ 3 ամիս առաջ մենք մի փոքր հետազոտություն արեցինք տեսնելու համար, թե ով է այն նայել, ով՝ ոչ: Պարզեցինք, որ շատերը՝ մանավանդ մոսկվացիները, այն արհամարհել են: Բայց ինչո՞ւ. պատճառն այն էր, որ մարդիկ հեռուստացույցը միացնելիս էկրանին տեսնելով սպորտային համազգեստով ու մեղմ ասած, ոչ այնքան գրագետ լեզվով խոսող տղային, փոխում էին ալիքը: «Խուժանների մասին է սերիալը՝ դրանց նայել չեմ ուզում»: Բայց «Իսկական տղեքը» բոլորովին էլ խուժանների մասին չէ: Դրա համար էլ մենք անոնսները պատրաստելիս փորձեցինք փոխել շեշտադրումները: Որո՞նք են այդ տղաների թերությունները՝ վատ են հագնված, անկապ են խոսում ու ընդհանրապես՝ պրիմիտիվ են: Իսկ առավելություննե՞րը՝ շատ ավելի անկեղծ են, քան մեզ շրջապատողներից շատերը: Միմյանց վատություն չեն անում, միշտ պատրաստ են օգնել, նույնիսկ անծանոթ մարդկանց: Ամենակարևորը՝ ամեն ինչ անում են, որ իրենց միջավայրից դուրս պրծնեն: Մենք սերիալից մեկի տղաների ընկերուհու՝ Լերայի մասնակցությամբ առաջխաղացման հոլովակ նկարահանեցինք, որտեղ նա ասում է, որ իրեն դուր չի գալիս այն, որ Կոլյա ամբողջ ժամանակ սպորտային համազգեստով է ման գալիս, բայց չէ՞ որ գլխավորը ոչ թե ձևը, այլ պարունակությունն է: Երբ ֆիլմը նորից ցույց տվեցինք, Մոսկվայի լսարանը կտրուկ աճեց:

Պետք է որ դժվար լինի համոզել հանդիսատեսին ինչ-որ բան դիտել, առավել ևս՝ երկրորդ անգամ:
- Անցած տարի սեպտեմբերին մեր ալիքով Հարի Փոթերի մասին ֆիլմ էին ցույց տալիս: Արտակարգ ֆիլմ է, բայց պարզ է, որ մենք չէինք առաջինը, ով այն ցուցադրում էր: Ավելին՝ սեպտեմբերն այն ամիսն է, երբ հեռուստաալիքների միջև մրցակցությունը հասնում է իր կիզակետին: Ինչ լուծում գտա՞նք՝ մենք մեր ամբողջ առաջխաղացման ծրագիրը կապեցինք ֆիլմին: Սերիալների ու հաղորդումների բոլոր անոնսները մատուցեցինք կախարդական այլակերպումների տեսքով: Որովհետև մենք զբաղվում ենք ոչ միայն Հարի Փոթերի, այլև ամբողջ ալիքի առաջխաղացմամբ: Մենք, իհարկե, կարող էինք դասական թրեյլերներ ցույց տալ ու վստահ եմ, ռեյթինգը կլիներ գրեթե նույնքան բարձր, բայց այդպիսի հոլովակներ ցանկացած ալիք կարող է ցույց տալ: Կարևորը հենց դա է՝ անել այնպիսի բաներ, որոնք միայն մեր ալիքը եթեր կտա: Ոչ ոք չեղյալ չի հայտարարել մարքեթինգի գլխավոր օրենքը՝ տարբերվիր կամ մահացիր: Ձախողումն ինձ համար այն դեպքն է, երբ հեռուստադիտողը առաջին հայացքից չի հասկանում, որ հենց ТНТ-ի հոլովակ է նայում: Բացի դրանից, մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատերը «Հարի Փոթերը» չէին նայում՝ համարելով այն մանկական ֆիլմ: Այդ ժամանակ ձեռք բերեցինք «Լենինգրադ» խմբի «Ես ազատ եմ» ու «Մարդիկ չեն թռնում» երգերն օգտագործելու իրավունքն ու դրանցով տեսահոլովակներ պատրաստեցինք: Առաջինն ուղղակի հումորային էր՝ մարդիկ ուղղակի ցախավելների վրայից ընկնում էին, իսկ երկրորդն անակնկալ էր, քանի որ «Ես ազատ եմ»-ը Հարի Փոթերի գլխավոր թեման է, ըստ էության: Դա հաստատ մանկական երաժշտություն չէ: Սրանում է եթերի առաջխաղացման ամբողջ հաճույքը, ու հենց սրա համար եմ գործս այդքան սիրում: Ցանկացած ֆիլմ կարելի է դիտել տարբեր տեսանկյուններից: Այսօր կարելի է ասել, որ Հարի Փոթերը ֆիլմ է պատանի կախարդի մասին, վաղն այն կլինի անձի ձևավորման, հաջորդ օրը՝ բարի ու չարի պայքարի մասին, ու երեք տարբերակներն էլ ճիշտ կլինեն:

Ձեր խոսքերը հաստատում են այն միտքը, որ հեռուստատեսությունը մտքերը զանգվածներին հաղորդելու հզորագույն միջոց է: Կա՞ն այստեղ էթիկական սահմանափակումներ: Ինչպե՞ս եք որոշում՝ ինչն է կարելի, ինչը ոչ:
- Մենք առաջին հերթին պոզիտիվ ալիք ենք. սիրում ենք մեր հանդիսատեսին ու ուզում ենք բարձրանցնել նրա տրամադրությունը: Դրա համար էլ մեր առաջխաղացման նյութերում չի կարող լինել բռնության կամ կյանքի այլ բացասական կողմերին առնչվող որևէ բան: Մենք չենք ստեղծում թշնամու կերպար: Բայց կան նաև այլ տաբուներ. կատակները չպետք է լինեն գռեհիկ: Գռեհկությունը սահմանելը, իհարկե, հեշտ չէ, այնպես որ ստիպված ես լինում անձնական ընկալմանդ վստահել: Ես երկար ժամանակ ՈւՀԱ լիգաներից մեկի խմբագիրն եմ եղել, հետո Մոսկվայի հավաքականի գեղարվեստական ղեկավարն ու մշակել եմ իմ սեփական զտիչները: Սուր հարցերի մասին կատակները ընդհանրապես շատ վտանգավոր են: Եթե սովորական կատակը լսարանի դուրը չգա, ուղղակի լռություն կտիրի: Իսկ եթե գռեհիկ կատակը չստացվի, կարժանանաս բարձրաձայն «յա՛խք»-ի: Դրանից բացի, ինձ համար գռեհիկ են բանալ բառերը, օրինակ՝ «ցնցող կատակերգություն», կամ «ապշեցնող», «շլացնող»-ի պես բառերը… Չեմ սիրում երբ կալամբուր են անում կալամբուրի համար: Դասական խոսքը մի քիչ ձևափոխեմ՝ «Պետք է առաջխաղացումը քո մեջ սիրես, ոչ թե քեզ՝ առաջխաղացման մեջ»: Եթե պրոդյուսերի ստեղծագործական ջանքերը սկսում են հաղորդման կամ ֆիլմի վրա ստվեր գցել ու այն երկրորդ պլան մղել, նշանակում է՝ հոլովակն արդեն վատն է:

Ինչպե՞ս հայտնվեցիք ՈւՀԱ-ում:
- Ես ծնվել եմ Երևանում, ընդունվել Պետական տնտեսագիտական համալսարան, 1993-ին փոխադրվել Պլեխանովի անվան տնտեսագիտական ակադեմիա: Այնտեղ էլ տարբեր զուգադիպությունների շնորհիվ հայտնվեցի տեղի ՈւՀԱ ակումբում: Հետո Մոսկվայի ուսանողական լիգան էր ու Մոսկվայի հավաքականը:

Ուսմանը չէ՞ր խանգարում:
- ՈւՀԱ փառատոնները մեկ-մեկ համընկնում էին քննաշրջանի հետ: Այդ դեպքում ստիպված էինք լինում ժամանակից շուտ հանձնել քննությունները կամ էլ հակառակը՝ ավելի ուշ: Սա, պարզ է, դասախոսներին դուր չէր գալիս: Ես սովորում էի տնտեսագիտական կիբերնետիկայի ֆակուլտետում, ու օրենքներն այնտեղ խիստ էին. հենց այնպես նույնիսկ ՈւՀԱ անդամներին գնահատական չէին դնում: Ես ուրախ եմ, որ հենց այնտեղ եմ ուսում ստացել, տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մեթոդներ ու համակարգային մոտեցում ուսումնասիրել: Այս գիտելիքներն ինձ ներկա աշխատանքի մեջ էլ են պետք գալիս: Հատուկ կարևորություն ունի համակարգային մոտեցումը ծայրահեղություններից խուսափելու հարցում, որ ամեն ինչ չանես պարզ, ճիշտ ու անհետաքրքիր, կամ էլ՝ այնպիսի ստեղծագործական մոտեցում ցույց չտաս, որ արտադրես անմիտ ու անպիտան բաներ: Պետք է գտնել ոսկե միջինը:

Դուք և Ձեր խումբը պետք է օրական ահռելի քանակությամբ կատակներ հորինեք: Ինքներդ դեռ ինչ-որ բանի վրա ծիծաղո՞ւմ եք:
- Այո, ուղղակի մեզ ավելի դժվար է ծիծաղեցնել: Պետք է ասեմ, որ արտակարգ խումբ ունեմ: Շարունակ լսում եմ, որ ստեղծագործական կոլեկտիվներում հաճախ են կոնֆլիկտներ լինում, ու որ դա նույնսիկ նպաստում է ընդհանուր գործին: Չգիտեմ: Եթե, իրոք, այդպես է, ուրեմն մեզ մոտ ամեն ինչ վատ է: Մենք ազատ հեգնում ենք միմյանց, այդ թվում՝ նաև ինձ, ինչն, ի դեպ, ամեն կերպ խրախուսում եմ: Ահնհար է միասին ինչ-որ բան ստեղծել մի մթնոլորտում, որտեղ չկա անկաշկանդություն ու անկեղծություն: Մեզ մոտ կարող են թեժ վեճեր լինել, բայց դա երբեք չի անցնում անձնական վիրավորանքների: Ամեն օր աշխատանքի գալիս ուրախանում եմ գործընկերներիս տեսնելուց ու ինձ երջանիկ զգում:

Ինչպիսի՞ն կլինի, ըստ Ձեզ, հեռուստատեսությունն ապագայում: Այն կդառնա ինտերակտի՞վ: Կիրականա՞ն Բրեդբերիի ու Սորոկինի կանխատեսումները, ու սիրված հաղորդումների ու սերիալների հերոսները հոլոգրամների տեսքով մեր տնե՞րը կգան:
- Չեմ կասկածում, որ մի օր այդ ամենն իրականալու է: Սա զուտ նոր տեխնոլոգիաների հարց է: Մատուցման ձևն է փոխվելու, կատարելագործվելու են տեխնիկական սարքավորումները: Հավանաբար կստեղծվեն սյուժեի զարգացման 25 տարբերակ ունեցող սերիալներ, ու հանդիսատեսն ինքը հեռակառավարման վահանակով կընտրի իր ուզածը: Ինտերակտիվ առաջխաղացումը մեր հին երազանքն է: 2007-ին մենք հոլովակների մեջ օպտիկական խաբկանք էին օգտագործել. հեռուստադիտողները նայում էին էկրանին ու փորձում հասկանալ, թե ֆիգուներից ո՞րն էր իրականում ավելի մեծ: Սա արդեն ինտերակտիվության մի տեսակ էր: Այդ հոլովակները «Էքստրասենսների մարտ» հաղորդման առաջխաղացման մասն էին կազմում: Ի դեպ, հիմա մասնակիցների քասթինգն անց է կացվում անմիջապես մեր կողքին՝ հարևան սենյակում, ու մենք նրանցից մի քիչ վախենում ենք, ճիշտն ասած: Բայց ինչքան էլ տեխնոլոգիաները կատարելագործվեն, մարդկային գործոնն անփոխարինելի է, քանի որ միայն նրանք կարող են հեռուստատեսային նյութեր պատրաստել:

«Ереван» ամսագիր, N6(76), 2012

Այս թեմայով