12 Ապրիլ 2013, 10:22
3834 |

«Համեղ» օճառներ

Հենդմեյդեր Հասմիկ Հարությունյանի խոհանոցում ակնկալում էի հյուրասիրվել ինչ-որ համեղ ուտեստով, սակայն նա ինձ առաջարկեց ոչ թե տոլմա կամ սպաս, այլ ուղղակի ախորժելի և հետաքրքիր տեսք ունեցող օճառներ:

Ե՞րբ և ինչո՞ւ սկսեցիք օճառներ պատրաստել:

- Մանկուց տանել չեմ կարողացել ձեռքեր լվանալու պրոցեսը: Ու քանի որ սիրում եմ շրջապատված լինել գեղեցիկ և անուշաբույր իրերով, որոշեցի իմ չսիրած իրը դարձնել շատ գեղեցիկ, որպեսզի տեսքից ելնելով ավելի հաճախ և հաճույքով լվացվեմ: Օճառի պատրաստման եղանակը երկար ուսումնասիրելուց հետո սկսեցի իմ առաջին քայլերը:

Ինչքա՞ն ժամանակ ես զբաղվում օճառների ստեղծմամբ:

- Առաջին փորձերս 2012-ին էին, թիրախս մանկական օճառներն էին՝ դրանք հարստացնելով եթերային յուղերով և տարբեր թուրմերով (ուրց, երիցուկ, դաղձ) նվիրում էի ընկերներիս:

Որպես հավելանյութ սովորաբար ի՞նչ նյութեր ես օգտագործում:

- Օճառներս պատրաստում եմ հնարավորին չափ բնական նյութերով' խոտաբույսերի թուրմեր, խմորեղենի կամ քաղցրավենիքի գունավորիչներ ու անուշաբույրեր:

Ին՞չով է պայմանավորված օճառների դիզայնը:

- Վերջին շրջանում օճառներ պատրաստում եմ միայն իմ խոհանոցում, մտքերս կապված են ավելի շատ համեղ և գեղեցիկ ուտեստների և խմորեղենների հետ, այդ պատճառով օճառներս ունեն բավականին ախորժելի և գրավիչ տեսք:

Ո՞րն է օճառի ամենաարտասովոր տեսքը: Ինչ՞ի նմանակմամբ չի կարելի օճառ պատրաստել:

- Ես կարծում եմ, որ օճառից կարելի է ստանալ ամեն ինչ, միայն թե պետք է ունենալ վառ երևակայություն և անսահման եռանդ: Ես պատրաստել եմ սուշիի, պիցցայի, քափ-քեյքի տեսքով օճառներ, հիմա պատվեր ունեմ կնոջ կրծքի տեսքով օճառ մոգոնելու: Առաջիկայում մտադիր եմ հանրաճանաչ Lovis մաստակի տեսքով օճառներ սարքել:

Որքա՞ն ժամանակ ես տրամադրում մեկ օճառ ստեղծելուն:

- Կապված է օճառի դիզայնի բարդության և չափի հետ: Ռեկորդս եղել է սուշիի տեսքով օճառը, դրա պատրաստումն ինձնից խլեց մոտ 3 ժամ, քանի որ յուրաքանչյուր դետալ առանձին էի ստանում:

Անձամբ դու ո՞ր օճառով ես լվացվում:

- Իմ պատրաստած բոլոր օճառներն էլ սիրում եմ: Բացի այդ, ես արդեն գիտեմ, որ օճառները հիմնականում նույն բաղադրությունն ունեն, պարզապես տարբեր են հավելումներն ու փաթեթավորումը:

Ինչպե՞ս ես վերաբերվում հեղուկ օճառներին' դրանք մրցակիցնե՞ր են:

Ոչ, ավելին՝ պատրաստվում եմ շուտով ինքս պատրաստել հեղուկ օճառ և նույնիսկ շամպույն:

Ո՞րն է եղել վերջին տպավորիչ դեպքը՝ կապված գնորդի հետ:

- Ցուցահանդես-վաճառքի ժամանակ մի զվարճալի դեպք եղավ, երեխան մայրիկին խնդրեց գնել իր համար խմորեղեն, որն իրականում այս օճառներից էր: Իսկ առավել ծիծաղելին այն էր, որ մայրն ի պատասխան ասաց. «Քեզ քաղցր չի կարելի»:

Այս թեմայով