Արծաթագործ Անի Աղաբաբյանի աշխատանքներում ձևի և գույնի, ռիթմի, լույս ու ստվերի օրենքները խառնվում են իրար: Նա սիրում է համատեղել անհամատեղելին:
Ո՞րն էր առաջին զարդը:
- Եերբ որոշեցի զարդեր ստեղծել, սկզբնական աշխատանքներս նվիրեցի Երևանի պետական նշանակություն ունեցող շինություններին: Առաջին զարդս «Շենքեր» խորագրով հավաքածուից է՝ մատանի' Օպերայի և Բալետ Ազգային Ակադեմիական Թատրոնի շենքի պատկերով:
Որտե՞ղ եք սովորել արծաթագործություն:
- Արծաթե զարդերի դիզայնով զբաղվում եմ 2011-ից: Գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ հասկացա, որ ուզում եմ ստեղծել այնպիսի զարդեր, որոնցից չեմ գտնում Հայաստանում՝ ոչ միայն զարդ, այլև անձը բնութագրող իր: Ի դեպ, հետաքրքիր բան կատարվեց ինձ հետ. երբ սկսեցի զարդ ստեղծել, դադարեցի ընդհանրապես կրել այն:
Ինչպե՞ս են ստեղծվում զարդերը:
- Դրանք պետք է առաջին հերթին ինձ դուր գան: Միտքը հենց այդտեղից էլ առաջանում է՝ ի՞նչ կցանկանայի ես կրել:
Ի՞նչ նյութեր եք հիմնականում օգտագործում:
- Համատեղում եմ անհամատեղելի բոլոր նյութերը: Զարդերը ստեղծելիս օգտագործում եմ լատուն, սպիտակ ոսկի, բնական քարեր, տաք էմալ, կաշի, սակայն հիմքում ընկած է արծաթը:
Ովքե՞ր են կրում Ձեր զարդերը:
- Հաճախորդներս տարբեր են, հիմնականում մարդիկ, ովքեր զարդին վերաբերվում են ոչ թե որպես աքսեսուարի, այլ այն դարձնում կյանքի և առօրյայի մասը: Ինձ համար կարևոր է զարդի ճակատագիրը, փորձում եմ հնարավորինս ճանաչել պատվիրատուին:
Հաշվի առնելով հայկական շուկայում ձեռագործ իրերի առատությունը' ինչո՞վ եք զարմացնում սպառողին:
- Ուզում եմ իմ արվեստով մարդկանց հասանելի դարձնել այն աշխարհը, որտեղ ապրում եմ, հնարավորություն տալ ինձ շրջապատողներին զգալու, որ մինիմալիստական միջոցներով կարող ես շատ բացահայտումներ անել, միայն թե պետք է ազատություն տալ երևակայությանը: