18 Նոյեմբեր 2013, 15:00
4251 |

Դաշա տիկնիկը

Ճարտարապետ, ոճաբան Դաշայի արթ տիկնիկներն ու դրանց հագուստներն անտարբեր չեն թողնի նույնիսկ նրանց, ովքեր տիկնիկների հանդեպ առանձնապես սեր չեն տածում:

Դաշայի ու տիկնիկների պատմությունը սկսվել է դեռևս 4 տարի առաջ, երբ նա ստեղծեց իր առաջին տիկնիկը դստեր համար. «Աղջիկս 6 ամսական էր, երբ որոշեցի ստեղծել մի տիկնիկ, որը նրան ավելի կհետաքրքրեր, քան մնացած բոլորը: Ի ուրախություն ինձ, իմ ստեղծած տիկնիկը դարձավ միակ սիրելին նրա համար»: Նորածին աղջկա գնահատականը շատ խրախուսիչ էր, նրա շնորհիվ սկիզբ առավ տիկնիկների հեքիաթային աշխարհի ստեղծման բարդ, աշխատատար գործընթացը:

Տիկնիկներն ամբողջովին ձեռքի աշխատանք են: Հեքիաթային և միստիկ մթնոլորտը պահպանված է ամեն ինչում՝ սկսած բուն տիկնիկներից, վերջացրած նրանց հագուստով և փաթեթավորմամբ: Տիկնիկներիս հագուստները Դաշան համարում է իր աշխատանքի ամենակարևոր մասը: Օգտագործվում են միայն բնական նյութեր, շատ աքսեսուարներ ծանոթներն են բերում արտասահմանից: Տիկնիկները լցոնվում են սինտիպոնով, մարմինը ծածկված է բիազով, իսկ դեմքը բատիկ է արվում: Այնուհետև զարդարվում են տարբեր աքսեսուարներով՝ հուլունքներ, մարգարիտներ: Ամենաբարդը տիկնիկների մազերը բնական բրդից ստանալն է: «Դաշա» տիկնիկի մազերը գանգուր են, նման արդյունքի հասնելու համար Դաշան գործում է մազերը բրդյա թելերից, այնուհետև քանդում-ստանում գանգուր և փարթամ մազեր:

Մեկ տիկնիկ պատրաստելու համար պահանջվում է 3-4 օր: Բավականին մեծ էներգիա և հոգի է ներդրված փոքրիկ տիկնիկների մեջ, ու Դաշան դժվարությամբ է բաժանվում նրանցից. «Իմ տիկնիկները վառ գույներով են, նախատեսված ինտերյերի համար, հիմնական գնորդներն էլ միջին և ավագ սերնդից են: Պատրաստում եմ նաև հրեշտակներ՝ ամբողջովին սպիտակ, ինչպես նաև ունեմ նապաստակների բավականին մեծ հավաքածու»:

Մոտենում է Ամանորը, Դաշան ունի բազմաթիվ նոր գաղափարներ: Ժամանակին համահունչ է մտածում, հավաքածուի մեջ ներգրավվել է 2014-ի խորհրդանիշ ձիերին, որոնց պատրաստվում է ներկայացնել Ամանորյա ցուցադրության ժամանակ:

Դաշայի Դաշա տիկնիկներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այս թեմայով