17 Մայիս 2013, 11:24
107 |

Ձեռքի գործեր հոգու համար

Աշխարհի հենդմեյդերի գործերին ենք ծանոթանում ու հասկանում, որ տեխնիկապես նրանք մեզնից առաջ են, սակայն մեր՝ հայերի երևակայությունն ու մտքի խորությունն այլ հարթության վրա է:

Այսօր ակտուալ է, նորաձև ու օրիգինալ ոչ թե պատրաստի՝ գործարանային արտադրության զարդեր կրելը, այլ հենդմեյդերի աշխատանքները։ Սոցիալական ցանցերում այսօր կարելի է գտնել բազմաթիվ հայազգի հենդմեյդերի, ընտրել ցանկացած ապրանք ու պատվիրել այն առցանց։

Բազմաթիվ ու խճճված տեսականու մեջ աչքի ընկավ Ռաշանի ապրանքանիշն իր ինքնատիպ ու հետաքրքիր մոտեցմամբ։ 3 աղջիկ ստեղծում են առանձնահատուկ ու չկրկնվող տեսականի։ Նրանք վստահեցնում են՝ ոչ մի զարդ պատահական չի ծնվում, յուրաքանչյուրն ունի իր նախապատմությունը։ Նույնիսկ պատվերների դեպքում երբեք չեն դավաճանում սեփական ձեռագրին. «Լինում են դեպքեր, երբ պատվիրատուն չի կարողանում բացատրել ուզածը, մենք օգնության ենք հասնում՝ առաջնորդվելով ինտուիցիայով», - պատմում է բրենդի հեղինակ Անին: Իսկ ինտուիցիան երբեք չի դավաճանում, վստահեցնում են աղջիկները: Հետաքրքիր օրինաչափություն. հենց պատվիրված զարդերը, չգիտես ինչու, դարձան շատ հանրահայտ ու սիրված:

Զարդերի պատրաստման համար նրանք չեն խնայում ոչինչ, օգտագործվող նյութերից յուրաքանչյուրի քմահաճությանը մոտենում են յուրովի. «Պետք է լեզու գտնել նյութի հետ, փորձել ենթարկել դրանք մարդուն»: Ռաշանիի պատվիրատուների 80 տոկոսը, բնականաբար, կանայք են, ու բնականաբար, նրանք պատվիրում են հիմնակնում հենց իրենք իրենց համար: Տղամարդիկ այս առումով այդքան էլ ակտիվ չեն. «Հայ տղաները հազվադեպ են դիմում մեզ նվեր գնելու համար: Ընդ որում, շատ երկար են մտածում ընտրություն անելուց առաջ, բավական բծախնդիր են»:

Մասնագիտական որոշակի բարձունքների հասնել, իհարկե, աղջիկները ուզում են, բայց Հայաստանում իրենց ապագան չեն պատկերացնում. «Աշխարհի հենդմեյդերի գործերին ենք ծանոթանում ու հասկանում, որ մեզնից առաջ են միայն տեխնիկապես, սակայն մեր՝ հայերի երևակայությունն ու մտքի խորությունն այլ հարթության վրա է»։ Աղջիկներին զայրացնում է այն, որ հայ հենդմեյդները երբեմն իրենց են վերագրում ուրիշների գործերը։ Ըստ նրանց, հենց այդ պատճառով էլ հայ հենդմեյդերին լուրջ չեն վերաբերվում։

Չնայած խոչընդոտներին՝ աղջիկները չեն դադարում աշխատել ու ստեղծագործել: Նրանք ուզում են դառնալ լավագույնը. «Ամեն մի հաջորդ քայլ պետք է դնել ավելի վստահ, քան նախորդը»։

Այս թեմայով