01 Մայիս 2017, 23:01
75613 |

PLASTIC STORMING ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ՖԼԵՇՄՈԲԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԴԵՄ

Ապրիլի 30-ին՝ ամսվա վերջին կիրակի օրը, որն ի նշան բնության, գարնանային զարթոնքի կոչվում է Կանաչ կիրակի, «ԹՈՒՄՈ»-ի այգում տեղի ունեցավ Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորի «Plastic Storming» նախագծի առաջին Ֆլեշմոբը։

Նախագծի հեղինակն ու իրականցնողը Հայաստանում սոցիալական ձեռներեցությունը զարգացնելու և քաղաքային միջավայրը բարելավելու նպատակով ստեղծված  Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորն է, որտեղ մշակվում և իրականացվում են Երևանի բարելավմանն ուղղված քաղաքային նախագծեր:

Plastic Storming նախագծի նպատակն է հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել պլաստիկ տոպրակներով շրջակա միջավայրի աղտոտման էկոլոգիական հիմնախնդրի վրա:  

Միջոցառման անցկացման վայրում  ԵՊՀ բնապահպանական ակումբի և Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների կամավորների մի մեծ խումբ գործել է լարային (աղյուսային) բազմաօգտագործվող պայուսակներ (Avosik), որոնք պլաստիկ տոպրակների օգտագործման նվազեցման խնդրի այլընտրանքային լուծում են: 

Ինչպես և նախատեսված էր, միջոցառման ընթացքում բոլոր ցանկացողները հնարավորություն ունեցան կամավորների օգնությամբ սովորել, թե ինչպես են գործում այդ պայուսակները:

Այգում նաև տեղադրված էր «Տարբերություն կա'» կարգախոսով լուսանկարվելու համար նախատեսված հատուկ ֆոտոստենդ  (տանտամարեսկա): Լուսանկարվելով այդտեղ և  նախագծի պաշտոնական #Plasticstorming հեշթեգով լուսանկարը հրապարակելով սոցիալական ցանցերում՝ անցորդներն իրենց ներդրումն էին ունենում հիմնախնդրի բարձրաձայնման և հանրայնացման գործում:

Շրջակա միջավայր դեն նետված պլաստիկ տոպրակները պահպանվում են շատ երկար և կենսաբանական քայքայման չեն ենթարկվում` ստեղծելով կայուն և վտանգավոր աղտոտում: Yerevan 2.0-ի նպատակն է հանրությանը առաջարկել ամուր թելերից գործած լարային պայուսակների մի նոր շարք, որոնք շատ ավելի հարմար են բազմակի օգտագործման համար և կարող են լինել խնդրի այլընտրանքային լուծում:

Նշենք նաև, որ շատ շուտով Plastic Storming նախագծի շրջանակներում նախատեսվում են նոր վարպետաց դասեր, նոր միջոցառումներ... Հետևեք մեր էջին:

Այս թեմայով