05 Հունիս 2013, 23:29
2372 |

Կանաչ Կանչ

Իրավիճակի ամենամեծ պատասխանատուներն ու իրավիճակը որևէ կերպ փոխելու ընդունակները գերտնտեսություններն ու գերպետություններն են, որոնք էլ դրել են այս գլոբալ աղետի սկիզբը։ Այնուամենայնիվ, ի՞նչ է կատարվում մեր պուճուր ու աղքատ հայրենիքում, և ինչ կարող ենք մենք փոխել այստեղ:

Բնությունը չի ճանաչում այն սահմանները, որով կարկատել է մարդը Երկիրը, այն սահմանները, որոնցով մարդիկ բաժանված են մարդկանցից և որոնց պահպանության համար այնքան միջոցներ են ծախսվում: Ռազմական ծախսերի համար ոչ մի հայրենիք ոչինչ չի խնայում, որովհետև մենք ունենք պատմական պահանջ մեր ունեցածը իրարից պաշտպանելու: Մեր միջև դրվող տարբերությունների գլխավոր բնորոշիչը հենց պատմականորեն մեր կուտակածը կամ տանուլ տվածն է: Մենք այնքան տարբեր ենք` տարբեր ճակատագրեր, կրոններ, գեներ, կենցաղ, ավանդույթներ, հնարավորություններ և այլն… բայց ինչպես ցանկացած պայմանագիր զրոյանում է անհաղթահարելի ուժի ի հայտ գալու հանգամանքով, այնպես էլ մեր բոլոր տարբերություններն ու միմյանց հանդեպ ունեցած հավակնություններն ի չիք են դառնում, երբ ի հայտ է գալիս մեր բնակեցրած մոորակին, մեզ, մեր առկա և ապագա երեխաներին, մեր հարազատներին սպառնացող վտանգը…

Մեզ նույնական է դարձնում անհաղթահարելի ուժի սպառնալիքը, մեզ միավորում է մեր անզորության փաստը: Իսկ ի՞նչ կարող է սպառնալ երկրին այն աստիճան, որ մենք մոռանանք մեզ բաժանող խրամատների գոյության մասին:

Մեր ու մեր երեխաների համար ավելի լավ կյանք կառուցելու պարզ ու ազնիվ, քաղաքական կոչի պես տափակ ու ծեծված այս խիստ մարդկային ճիգը դարձել է ժամանակակից արտադրական ու սպառողական բումի հիմնական խթանը: Մենք խելահեղորեն շտապում ենք ուտել, խմել, հագնել, քշել, վարել, ծամել, ծխել, ճամփորդել, տեսնել, ունենալ... ունենալ... արդյո՞ք հնարավոր է ինքդ քեզնից ու կյանքից բացի որևէ այլ բան ունենալ ընդհանրապես:

Ունենալու բնական քաղցն ու քաղաքակրթության ներշնչած փաստացի անհագությունը բավականին զավեշտալի են նայվում խավարով ու անորոշությամբ առլեցուն անծայրածիր ու անկայուն տիեզերքում, ուր կյանքի գոյության անհավանական հավանականությունը ավելին է, քան հրաշքը:

Քանի դեռ խելահեղորեն մեր կյանք ներմուծելով ավելի ու ավելի շատ իրեր, այսպես ասած, քաղաքակրթվում ենք, մեր ցանկությունների տեսլական ներմուծելով եվրո՝ նույն ինքը բարեկեցիկ կենցաղը, քիչ-քիչ վերածվում ենք արտադրողների ու սպառողների պարզունակ համույթի՝ զուրկ ամեն տեսակ հոգևոր պարունակությունից:

Այս ամենի արդյունքում մենք այնպիսի արագությամբ ենք ձևախեղում Երկիր մոլորակը, որ մեր թելադրած հանգամանքներին չի հասցնում հարմարվել անգամ ամենակարող բնությունը, մենք բնության ինքնամաքրման ու ինքնաբժշկման արագությունից առաջ ենք անցել, մենք ինքներս մեզնից էլ ենք «առաջ անցել» ՝ հայտնվելով ինքնաօտարման ու ինքնամեկուսացման դատապարտված տիրույթում:

Փողը: Միֆ է: Նույնիսկ եթե դու ինքդ վճարում ես այն ամենի համար, ինչ սպառում ես, ապա նյութական և իրական առումով, դրա համար վճարում է ամբողջ երկիրը` իր ռեսուրսներով ու դրանց վատնումով: Փողը կուտակած հավելյալ արժեքի ցանկացած պահի սպառման խոստումն է, որը կարող է մեկ ակնթարթում հավասարվել զրոյի, երբ գոյանա համաշխարհային անհաղթահարելի ուժը:

Մենք սպառում ենք հարյուրապատիկ անգամ ավելին, քան պետք է մեր կենսագործունեության համար: Իհարկե, հավելյալ արժեքի գոյացումը, կուտակումն ու սպառումն է հենց մարդկային քաղաքակրթության գլխավոր շարժիչ ուժը, և այդ սպառողական ծայրահեղությունն էլ հենց նրա կործանման գլխավոր սպառնալիքն է:

Իրավիճակի ամենամեծ պատասխանատուներն ու իրավիճակը որևէ կերպ փոխելու ընդունակները գերտնտեսություններն ու գերպետություններն են, որոնք էլ դրել են այս գլոբալ աղետի սկիզբը։ Այնուամենայնիվ, ի՞նչ է կատարվում մեր պուճուր ու աղքատ հայրենիքում, և ինչ կարող ենք մենք փոխել այստեղ:

Մենք ունենք հարուստ լեռներ, դրան զուգահեռ՝ բազում սոված բերաններ ու պարապ ձեռքեր, և հիմա առատորեն շահագործում ու վաճառում ենք ընդերքը, բայց դա նման է նախնիներից ժառանգություն ստացած ընտանեկան գանձի վաճառքի անճարությանը, դա հավասար է ոչ մի հավելյալ արժեք չստեղծելուն, դա հավասար է մի ամբողջ սերնդի պարտությանը:

Հանքերի արդյունահանումը մեր աղքատ երկրի համար արդարացված կլիներ միայն այն դեպքում, երբ շահագործումից ստացված երկամուտները ներդրվեին կրթության, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտների կայացման համար՝ հետագայում հանքարդյունաբերությունից փոխելով տնտեսության վեկտորը: Բայց հարստության մեծ մասը դառնում է մի քանի անձանց ու կազմակերպությունների մասնավոր ունեցվածքը, որը ամենայն հավանականությամբ կներդրվի կամ կծախսվի Հայաստանի սահմաններից անդին:

Հայաստանի որ անկյունն ուզում եք գնացեք՝ աղբն ամենուր է: Մենք մեր սեփական տան սահմաններից դուրս որևէ այլ բանի հանդեպ սեփականության զգացողություն՝ ուստի և հոգատարության ու խնամքի ներքին պահանջ չունենք և աղտոտում ու աղբոտում ենք «աչքից հեռու» ցանկացած միջավայր: Ցելոֆանները՝ պոլիէթիլենի տոպրակները արդեն իսկ մահվան հրեշտակների պես զվռնում են մեր երկրով մեկ՝ մինչ մենք քաղքենի չտեսությամբ խանութներում ամեն ինչ վերցնում ենք յոթ տակ փաթեթավորված:

Հասարակական տրանսպորտի անկատարությունն ու ունեցածով սոցիալական դիրքն ընդգծելու գավառական մտայնությունը շատերին դրդում են սեփական մեքենա ունենալ, արդյունքում երկիրը լիուլի լցվում է մի կողմից հնամաշ ու էժան, մյուս կողմից թանկարժեք ու մեծ ավտոների ահասարսուռ քանակով:

Հատվող անտառներ, որսի և որսագողության հարակայող ավանդույթ, հէկ-երի կառուցման համաճարակից ցամաքող գետեր. այս է մեր երկիրը:

Չեմ ուզում գուժել, որ կյանքը՝ ներառյալ մենք, դատապարտված է բնաջնջման: Միակ արժանահավատ գործողությունը կլինի յուրաքանչյուրիս մեջ զարթնող կյանքի ինքնափրկության կոչին ականջալուր լինելը, քանի որ մայր բնությունն ինքն է մեզ հետ խոսում։ «Կանաչ կանչ»՝ այն դրդում է հետևել անձնական էկոլոգիական հիգիենայինչծախսել ավելին, քան պետք է, չսպառել ավելին, քան պահանջվում է, չվատնել ավելին, քան անհրաժեշտ է: Դողալ մաքուր ջրի ամեն աղբյուրի ու առողջ օդի ամեն ումպի համար, գուրգուրել մարդկային քաղաքակրթության դեմ մեն-մենակ մնացած ամեն մի կենդանի արարածի համար: Մենք պարտավոր ենք պաշտպանել վայրի բնությունը մարդուց, և ավելի շատ մենք պարտավոր ենք գիտակցել ու պահպանել բնությունը՝ մարդու մեջ:

Այս թեմայով