22 Նոյեմբեր 2016, 11:12
1711 |

IEEE EWDTS 2016 Yerevan. Հայասեր Ֆրանսիացին

Հոկտեմբերի 14-ից 17-ը Երևանում կայացավ IEEE խոշոր ամերիկյան ինժեներական կազմակերպության East-West Design & Test 14-րդ ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցեցին 170-ից ավելի մասնագետներ աշխարհի 31 երկրից և քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներին վերաբերող ամենակարևոր հարցերը: Եվրամիության աջակցությամբ սիմպոզիումին ներկա եղան 15 հայ ՏՏ-ուսանողներ, որոնք մեր խնդրանքով պատմում են իրենց տպավորությունների մասին` բլոգ-գրառումների տեսքով:

Դավիթ Սիմոնյան

Սիմպոզիումը մեզ շատ բան սովորեցրեց և տեղեկություն տվեց խոշորագույն ընկերությունների վերջին ձեռքբերումների հետ կապված: Դե, ամեն օր չէ, որ կարող ես լսել Intel-ի, IBM-ի, Synopsys-ի, Qualqomm-ի և այլ հսկաների մասնագետների ելույթները կամ շփվել տարբեր համալսարանների դասախոսների և ընդհանրապես ոլորտի նշանավոր դեմքերի հետ:

Նաև սիմպոզիումի շնորհիվ էր, որ ես բացահայտեցի, թե ինչքան են մեզ սիրում ֆրանսիացիները: Պատմեմ, թե ինչպես տեղի ունեցավ այդ դարակազմիկ բացահայտումս:

Մասնակիցների մեջ մի Ֆրանսիացի կար` Դևիդը, շատ անմիջական մարդ էր: Երբ հայտարարեցին որ ցանկացողները կարող են գնալ Վերնիսաժ, գնումներ կատարել, ծանոթանալ հայ մշակույթին, նա ուղևորվեց այնտեղ: Մենք նույնպես այնտեղ էինք և օգնում էինք մարդկանց ապրանքներ գնել և չթողնել Հայաստանում իրենց ողջ ունեցվածքը (գին էինք գցում, այլ կերպ ասած): Երբ տեսանք Դևիդին, նա պատմեց որ ցանկանում է շոր գնել իր 5 տարեկան երեխայի համար: Գնացինք հետը: Ընտրած շապիկը եռագույնն էր, իսկ վերևում հայերեն տառերով գրված էր «ՀԱՅԱՍՏԱՆ»: Նրան օգնեցինք գնել այն: Դևիդն ասաց, որ Հայաստանը շատ է դուրը եկել և փոքրիկին էլ շապիկն անպայման դուր կգա: Հետո ահագին շփվեցինք, և պարզվեց, որ իր քաղաքում հայերը շատ են և որ նա բավական ծանոթ է մեր ազգին:

Երբ հաջորդ օրը նա ելույթ էր ունենում, եզրափակեց մի սլայդով որում պատկերված էր մի տարբերանշան` Արարատի պատկերով (ոչ, մեր զինանշանը չէր): Պարզվեց, որ դա իր քաղաքի` Վալանսի, ֆուտբոլային թիմի տարբերանշանն է: Եվ չմոռացավ, իհարկե, շնորհակալություն հայտնել հայկական հյուրընկալության համար:

Մենք էլ քեզանից ենք շնորհակալ, Դեվիդ Հելի, նորից վերադարձիր:

Այս թեմայով