10 Նոյեմբեր 2016, 00:08
2906 |

IEEE EWDTS 2016 Yerevan. Ամեն բան ունենում է ավարտ

Հոկտեմբերի 14-ից 17-ը Երևանում կայացավ IEEE խոշոր ամերիկյան ինժեներական կազմակերպության East-West Design & Test 14-րդ ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցեցին 170-ից ավելի մասնագետներ աշխարհի 31 երկրից և քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներին վերաբերող ամենակարևոր հարցերը: Եվրոպական միության աջակցությամբ սիմպոզիումին ներկա եղան 15 հայ ՏՏ-ուսանողներ, որոնք մեր խնդրանքով պատմում են իրենց տպավորությունների մասին` բլոգ-գրառումների տեսքով:

Հայկանուշ Հովհաննիսյան

Ամեն բան ունենում է ավարտ: Ավարտվեց նաև 4 օրյա մի հրաշք, որի անուն էր IEEE EWDTS 2016-ը։ Իսկ ավելի հասկանալի լեզվով ասած` մասնագիտական կոնֆերանսների շարանը` համալրված խիտ էքսպեդիցիոն ծրագրերով։ Դե գիտեք, երբ ամեն օրվա վերջում տուն գնալիս հազիվ էիր ոտքերդ զգում ու քունդ ահավոր տանում էր, բայց մտնում էիր տուն ու օրվա ընթցքում կուտակված դրական լիցքերից դեռ մի ժամ չէիր կարողանում քնել իսկ առավոտյան, այսինքն մի 3-4 ժամից, պետք է նորից նույն տեղում լինեիր։ Ու գիտե՞ք ինչն էր ստիպում դա հաճույքով անել։ Ճիշտ եք՝ այնտեղ մատուցվող աննկարագրելի համեղ ուտելիքը։

Լավ, մի կողմ դնենք այն փաստը, որ ուտվում էր այդ ուտելիքը ներկայիս ՀՀ կարևորագույն հաստատություններից մեկում և մեր ժամանակի ՏՏ ոլորտի հզորագույն ներկայացուցիչների ու միաժամանակ պարզ հոգիների միջավայրում։ Քննարկվող և բացված բոլոր թեմաներն էլ արդիական էին, անչափ հետաքրքիր և ինֆորմատիվ։ Նստած լսում էիր տարբեր շշմեցնող մարդկանց ելույթները ու մտովի այքան հպարտ զգում ներկա գտնվելու հնարավորությանը, որ ժամանակ առ ժամանակ կորցնում էիր կարևորը լսելու ունակություն ու պարզապես հիացած երեխայի դեմքով զուտ դիտում տեղի ունեցող պրոցեսները։

Իմ դեպքում շեղումը տեղի էր ունեցել պարոն Երվանդ Զորյանի ամեն ասված նախադասությունից հետո մի հիանալի ձայնառության` «օքիյե՞» կամ «հիու՞մ», որոնցով, ամենայն հավանականությամբ, հայցվում էր մեր համաձայնությունը ասվածի վերաբերյալ։ Այնքան էի հիացել այդ ձայնային հնչողությամբ, որ ամեն մի բառի մեջ փնտրում էի զորյանական եռանդ ու անմիջականություն։ Վերջապես գտա ինձ հիացնող ամեն բան՝ թե ինչ անմիջական, պարզ, խարիզմատիկ ու երեխայական հիացմունքով է նա վայելում կյանքի յուրաքանչյուր վարկյան ու կերտում չափի մեջ նուրբ մի կերպար։ Հիշում եմ` մտքովս անցավ, որ թե պարոն Զորյանը ֆիլմարվեստում իր ուժերը փորձած լիներ, ապա Ջոննի Դեփը կունենար լուրջ մրցակից։

Այ այսպիսի վառ մարդկանց շնորհիվ էլ մոտ մի երեք տասնյակ այլ ազգի վառ ներկայացուցիչներ կարողացան շատ սուղ ժամկետում մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթի և աշխարհաքաղաքական մակարդակով առաջատար հայկական կազմակերպությունների և մտավորականների հետ։

Այս թեմայով