18 Նոյեմբեր 2016, 15:36
902 |

IEEE EWDTS 2016 Yerevan. Հզոր 15-յակն ու այլ հզորները

Հոկտեմբերի 14-ից 17-ը Երևանում կայացավ IEEE խոշոր ամերիկյան ինժեներական կազմակերպության East-West Design & Test 14-րդ ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցեցին 170-ից ավելի մասնագետներ աշխարհի 31 երկրից և քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներին վերաբերող ամենակարևոր հարցերը: Եվրամիության աջակցությամբ սիմպոզիումին ներկա եղան 15 հայ ՏՏ-ուսանողներ, որոնք մեր խնդրանքով պատմում են իրենց տպավորությունների մասին` բլոգ-գրառումների տեսքով:

Մարլենա Սաֆարյան

Ճիշտ է` մեր անունը դրել էին «Հզոր 15-յակ», բայց մենք միշտ չէ, որ արդարացնում էինք մեր «հզորությունը» և, ինչպես ցանկացած մահկանացու, աղքատ ու սոված ուսանող, շատ էինք ուտում: Այնքան, որ երեևի ով չգիտեր էլ` հասկացավ, որ մենք ուսանող ենք (չեմ բացառում, որ թեթևակի խայտառակ եղանք, բայց հավես էր):

ՀԲԸՄ-ի շենքում առաջին անգամ էի: Առաջին բանը, որ նկատեցի` արևային էլեմենտներն էին: Տեսա ու հիացա, դեմքս պայծառացավ հպարտությունից, միանգամից սիրեցի այդ շենքը, կառուցողներին, ներսի մարդկանց, ամեն-ամեն ինչ: Ընկերուհուս հետ անջատված  հաշվարկում էինք ստացված էներգիայի չափը։ Ասեմ ձեզ` լավ էլ թիվ ստացվեց։ Ու դեռ այդ պահին հասկացա, որ նման շենքում կազմակերպված սիմպոզիումը չի կարող վատը լինել: Ճիշտ է, էնտեղ անցկացրած 4 օրերի ընթացքում անհամ բաներ ևս եղան, բայց դրանք էական չեն:

Վերադառնալով մեզ` սոված ուսանողներիս: Անկեղծ ասած, մտածում էի, որ այդքան հզոր մարդկանց կողքին մեր «Հզոր 15-յակը» խղճուկ, աննկատ կլինի, բայց չէ… Իրենց հետ խոսելիս, զբոսնելիս, նույնիսկ ուտելիս` զգում էի, որ մեզ իրենց հավասարի պես են վերաբերվում` իրենց իրական մեծությունը մի կողմ դրած: Անասելի զգացում էր: Էսպիսի ժամանակ նորից համոզվում ես, որ հզոր մարդիկ իրականում հասարակ ու համեստ են։ Վառ օրինակ էր Լուիզիանայից եկած։ Սիրեցի այդ մարդուն։ Ցնցված էի մնացել նաև նրանից, որ մի պրոֆեսոր, մեր կաթողիկոսի հետ հանդիպման փոխարեն գնացել էր մարաթոնում վազելու։ Լավ էլ արել էր։ Իրեն էլ սիրեցի։

Շատ բաներ սովորեցի, շատ բաներ չսովորեցի, որովհետև չհասկացա մեքսիկառուսաֆրանսիաիտալական անգլերենը, բայց չեմ նեղվում, փոխարենը ծանոթացա մարդկանց հետ` հզոր մարդկանց, ովքեր ուրախ-ուրախ իրենց այցեքարտերը տալիս էին, որպեսզի հարցերի դեպքում գրենք իրենց։ Լավ օրեր էին։ 

Այս թեմայով