08 Նոյեմբեր 2016, 18:53
2564 |

IEEE EWDTS 2016 Yerevan. գիտությունը ճիշտ ներկայացնելու արվեստը

Հոկտեմբերի 14-ից 17-ը Երևանում կայացավ IEEE խոշոր ամերիկյան ինժեներական կազմակերպության East-West Design & Test 14-րդ ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցեցին 170-ից ավելի մասնագետներ աշխարհի 31 երկրից և քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներին վերաբերող ամենակարևոր հարցերը: Եվրոպական միության աջակցությամբ սիմպոզիումին ներկա եղան 15 հայ ՏՏ-ուսանողներ, որոնք մեր խնդրանքով պատմում են իրենց տպավորությունների մասին` բլոգ-գրառումների տեսքով:

Հասմիկ Գրիգորյան

Ես այն տասնհինգ երջանիկ ուսանողնետից մեկն եմ, ում բախտ վիճակվեց մասնակցել 14-րդ IEEE EAST-WEST DESIGN & TEST միջազգային սիմպոզիումին, որն այս տարի անցկացվում էր Երևանում:

Սիմպոզիումի շրջանակներում ես հասկացա, օրինակ, որ սլայդ-պրեզենտացիա ներկայացնելը այնքան էլ հեշտ գործ չէ, նույնիսկ եթե գերազանց տիրապետում ես ներկայացվող նյութին: Կային մարդիկ, ովքեր կարողանում էին այնպիսի հետաքրքիր և յուրօրինակ ձևով իրենց նյութը ներկայացնել, որ անգամ եթե առաջին հայացքից անհետաքրքիր լիներ, միևնույն է` բոլորը կլսեին: Պրոֆեսոր Մագդի Բայումին` Լուիզիանայի համալսարանից, այդ մարդկանցից մեկն է: Ես պատրաստ էի ողջ օրը միայն նրան լսել: Բայց այստեղ կուզեմ պատմել մեկ այլ օրիգինալ և հետաքրքիր ներկայացված նյութի մասին: Բանախոսը ԱՄՆ-ում Synopsys-ի առաջատար մասնագետ՝ պրոֆեսոր Պատրիկ Գրոնևելդն էր: Այս դեպքում և թեման էր շատ հետաքրքիր, և մատուցումն էր գրավիչ:

Եվ այսպես, կարծում եմ, բոլորս էլ լսել էինք էլեկտրական մեքենաների մասին: Վառելիքով աշխատող մեքնաները` ի տարբերուտյուն էլեկտրականների, արտանետում են ածխաթթու գազ, աղտոտում օդը, գլոբալ տաքացման պատճառ հանդիսանում, աղմկոտ են, անընդմեջ խնամքի կարիք ունեն և այլն և այլն: Պրոֆեսոր Գրոնևելդը ներկայացրեց բազմաթիվ հաշվարկներ, հետազոտությունների արդյունքներ և համեմատություններ` վառելիքով աշխատող և էլեկտրաէներգիայով աշխատող ավտոմեքենաների միջև, ինչպես նաև դրանց աշխատանքի հիմնական սկզբունքները:

Այդ ամենի մասին կարելի է խոսել ժամերով, բայց ես կնշեմ թե հատկապես ինչը ինձ մոտ տպավորվեց այդ ամբողջ նյութից: Էլեկտրամեքենայի մասին լսելիս բոլորիս մոտ թյուր կարծիք է ստեղծվում, թե դա բացառապես էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է, քանի որ վառելիքի այրման հետևանքով առաջացած արտանետումների խնդիր չի առաջանում: Սակայն պարզվում է, որ այդ պնդումը ճիշտ է միայն այն երկրների համար, որոնք հնարավորություն ունեն բնական ճանապարհով էլեկտրաէներգիա ստանալու` նվազագույն վնաս հասցնելով բնությանը, օրինակ գետի հոսանքից կամ քամուց և այլն: Ըստ պրոֆեսորի ներկայացրած տվյալների` Հայաստանը այնպիսի երկրների թվին է պատկանում: Մեզ մոտ, իր պնդմամբ, էլեկտրական ավտոմեքենա վարելը իսկապես էկոլոգիապես վնասակար չէ, սակայն նույնը չի կարելի ասել օրինակ Միացյալ Նահանգների մասին: Այստեղից հետևություն` չկա խնդրի եզակի լուծում ամբողջ աշխարհի համար: Ցավոք:

Իհարկե, հետաքրքիր էր լսել ոլորտի լավագույն մասնագետների ներկայացրած նյութերը, սակայն կցանկանայի մի քիչ էլ խոսել սիմպոզիումի ոչ գիտական մասի վերաբերյալ: Իսկ այն շատ, շատ հագեցած էր ու հետաքրքիր:

Այս չորս հիանալի օրերի ընթացքում ես և ընկերներս հնարավորություն ստացանք պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու և շփվելու սիմպոզիումի հեղինակավոր հյուրերի հետ, նոր կապեր հաստատելու, ինֆորմացիայով փոխանակվելու ոչ միայն գիտության ոլորտում, այլ նաև մշակութային:

Մասնակիցներից շատերը ոչինչ չգիտեին մեր երկրի, մեր պատմության մասին: Ուրախ եմ, որ հնարավորություն ստեծվեց այդ ամենը նրանց ներկայացնելու, միասին այցելելու պատմամշակութային վայրեր և պարզապես հաճելի զբոսանքներ ունենալ Երևանի փողոցներում: Չեմ կարող չնշել, որ բոլորը շատ էին հավանել մեր խոհանոցը: Վստահ եմ, որ սիմպոզիումի մասնակիցներից յուրաքանչյուրը տուն վերադարձավ իր հետ տանելով հաճելի և անմոռանալի հուշեր Հայաստանից: Մենք էլ` նոր գիտելիքներով ու ծանոթություններով:

 

Այս թեմայով