05 Նոյեմբեր 2016, 18:53
1556 |

Այլընտրանքային խորհուրդ պետք է ստեղծել Երևանի ավագանու աշխատանքները վերահսկելու, մայրաքաղաքի դիմագիծը պահելու համար. մտահոգ քաղաքացիներ

Այսօր մի շարք մտահոգ քաղաքացիներ հանրային քննարկում էին հրաիրվել` Երևանի ճարտարապետկան և պատմամշակութային դեմքը պահպանելու համար:

Քննարկմանը մասնակցում էին երգահան Արթուր Իսպիրյանը, կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը, իրավաբան Վիկտոր Մնացականյանը, փիառ մասնագետ Թամարա Սարյանը, ճարտարապետ –դիզայներ Վահան Բալասանյան, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը և այլք:

Քննարկման ժամանակ Վիկտոր Մնացականյանը նշեց, որ նախատեսվում է ստեղծել խորհուրդ, կամ հանրային վերահսկողության մեխանիզմներ` որպեսզի մտահոգ քաղաքացիները կարողանան մասնակցել Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: 

«Պետք է ներկայացնել կոնկրետ, կոնստրուկտիվ առաջարկներ, մասնակցել նաև ավագանու նիստին, վերահսկել գործողությունները, հարկ եղած դեպքում դիմել դատարան, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել ժամանակակից և գրագետ գոտիավորման մասին, պետք է լինի նաև օրենք Երևանի և Փոքր կենտրոնի մասին»,- մանրամասնեց նա: 

Անահիտ Բախշյանն էլ տեղեկացրեց, որ շուտով քննարկման է դրվելու Երևանի զարգացման ծրագիրը և ակտիվորեն պետք է մասնակցեն հանրային քննարկմանը, որը տեղի է ունենալու Նոյեմբերի 21-ին: 

«Քաղաքապետարանում շատ են ուրախանում, որ մարդ չի գալիս, միայն մեկն է լինում` դաշնակցական, Երևանի բնակչության հուզող խնդիրները չեն դառնում ավագանու որոշումների, նախագծերի թեմա»-  ընդգծեց Անահիտ Բախշյանը:

Ճարտարապետ Վահան Բալասանյանն էլ ընդգծեց, որ առաջին հերթին պետք է բարձրաձայնել Երևանի զարգացման գլխավոր հատակագիծ ունենալու հարցը, գլխավոր հատակագիծը հին է և ինչ ցանկանում, այն էլ կատարում են: 

Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանն էլ նշեց, որ պետք է նվազեցնել քաղաքական ազդեցությունը, կոռուպցիոն ռիսկերը: «Ամբողջ համակարգը մեկը մյուսի գրպանը մտած է, ինչ ուզում են՝ քանդում են, պայթեցնում»,- ընդգծեց նա: 

Քննարկման մասնակիցները կարծում են, որ պետք նաև օրենսդրական և կադրային լուրջ փոփոխություններ արվեն: Մտահոգ քաղաքացիների խորհուրդը վերջնական ձևավորումից հետո պատրաստվում իրականացնել ֆլեշ-մոբեր, քննարկումներ այդ թվում նաև պաշտոնատար անձանց հետ:

Աղբյուրն՝ այստեղ:

Այս թեմայով