Սխալ կլիներ անվանել Մուշեղ Մխիթարյանին սովորական գեղանկարիչ. նա ոչ միայն նկարիչ է, այլև արհեստավոր ու հեթիաթասաց, որ սիրում է երևակայել, պատմել առակներով կամ խոսել ակնարկներով: Մուշեղը չի ճանաչում լավ ու վատ ձևեր և չի ստրկանում նորաձևությանը: Նա ամենից շատ կարևորում է ստեղծագործության ուժը, որը պետք է ընկղմի դիտողին զվարթ ներդաշնակության մեջ:
Վահան պապս էր, որ ձեռքս բռնած բերեց ինձ արվեստի աշխարհ: Քաղաքում կարմիր փայտի հայտնի վարպետ էր. նրա ստեղծած կահույքը զարդարում էր Երևանի բազմաթիվ բնակարաններ, նա էր պատրաստել Օպերային թատրոնի դռները: Մեծ հայրենական պատերազմի տարիներին էլ նրան պատվիրեցին հատուկ արկղեր արկերի համար. դա պապիս համար առանձնակի պատվավոր գործ էր: Մեր մեծ ընտանիքն ապրում էր Թումանյան փողոցի հայտնի կտորեղենի խանութի բակում: Հետաքրքիր է, որ մեր տանը բոլոր կենցաղային գործերը դառնում էին իսկական ծես: Աշնան կողմերը Վահան պապը սկսում էր սարքել կաղնե տակառ, որի մեջ պատրաստում ու պահում էինք ձմեռվա թթուն: Տակառի ամրությունը ստուգելն ավելորդ էր, ու պապս ծանր վիրավորվում էր, երբեմն մեծ աղմուկ բարձրացնում, եթե որևէ մեկը համարձակվում էր կասկածել դրանում:
Մյուս պապս՝ Տիգրանը, երբեք մենակ չէր նստում հաց ուտելու: Հիշում եմ՝ ինչպես էր ամեն անգամ տնից դուրս գալիս մորս ասում՝ «Սեղանը գցի, գալիս եմ», ու շատ չանցած՝ հայտնվում ինչ-որ մեկի հետ: Այդպես մի անգամ եկավ Վահրամ Փափազյանի ու Հրաչյա Ներսիսյանի հետ, մյուս անգամ տուն հրավիրեց Մուշեղ Գալշոյանին: Անծանոթ մարդկանց էլ էր բերում: Բայց մի օր մայրս այնուամենայնիվ որոշեց հարցնել, թե ո՞վ է եկել: Պապիս պատասխանը շատ կարճ էր՝ «երևանցի է»:
Վահան պապից ինձ մնացին Կարսից բերված գործիքները, Տիգրանից՝ Ավետարանը: Այսպես երկու պապերիցս ժառանգեցի երկու հիմք՝ նյութական և հոգևոր, բանական ու զգացմունքային:
***
Մանկուց սիրել եմ աշխատել փայտով: Հիշում եմ՝ ինչպես բույսերի արմատները կտրատելով՝ պատրաստեցի տարբեր արձանիկներ: Կողքի շենքում ապրում էր նկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը: Ամբողջ ժամանակ նկարում էր մեզ, բակում խաղացող աղջիկների ու տղաների անթիվ էտյուդներ ու ճեպանկարներ անում: Մի անգամ հրավիրեց ինձ տուն, որ դիմանկարս անի: Տպավորվեցի առաջին հերթին նկարների բազմությունից ու ներկերի արբեցնող հոտից: Կարծեմ՝ հենց այդ ժամանակ ծագեց «Նկարի՛չ եմ դառնալու» միտքը:
Մի քանի տարի հաճախեցի մանկական ակադեմիա, հետո ընդունվեցի Թերլեմեզյան ուսումնարան, որ դառնամ գեղանկարիչ: Կիսատ թողեցի, փախա՝ անհետաքրքիր էր: Որոշեցի զբաղվել կավագործությամբ: Սա էր իմ ուսման ամբողջ ընթացքը: Դրանից հետո ազատ թողեցի ինձ ու մինչև հիմա չեմ կարողանում մերձենալ որևէ հոսանքի: Այսինքն՝ լիակատար վստահում եմ միայն կյանքի հոսանքին ու տրվում միայն նրա ընթացքին: Բնությունը ստեղծել է բոլոր պայմանները, որ մարդը կարողանա ապրել ներդաշնակ նրա և իր հետ: Ինչո՞ւ հակառակվել, ինչո՞ւ կտրել ծառերը, տեղը կառուցել բետոնե, ապակե երկնաքերեր, ողջ-ողջ թաղվել դրանց մեջ ու ստել ինքդ քեզ, թե երջանիկ ես:
Ես ու բնությունն իրար շատ լավ ենք հասկանում: Ամեն անգամ, երբ զգում եմ քաղաքային պայմանականության շրջանակների ճնշումը, թքում եմ ամեն ինչի վրա ու փախչում լեռներ՝ աշխատելու, կամ էլ թոռներիս հետ գնում եմ «Այրուձի» հեծյալ ակումբը: Հաճույքով խոտ եմ հնձում դաշտում, թոռներս էլ հետս են աշխատում. դիզում են խոտն ու հետո կերակրում ձիերին: Բացի դրանից՝ հաճախ ընկերներով իջնում ենք Հրազդանի կիրճը: Մի տեղ կա, ժողովուրդը «Չռիկ» է կոչում: Այնտեղ խողովակից գետի մեջ է լցվում արտասովոր սառը ջուր, ուստի շոգին շատ դուրեկան է: Վազել սիրում էի, երբ դեռ երեխա էի: Չռիկը, ի դեպ, նախկինի պես մարդաշատ է. այնքա՜ն եմ սիրում այնտեղ հանդիպել հին ծանոթներ: Առաջ նրանք տոկուն տղամարդիկ էին, հիմա՝ իննսունին մոտ ծերուկներ:
Աշխատանքներս հաճախ առաջանում են ոչ թե գաղափարից, այլ նյութից, որը կարող է տարատեսակ լինել՝ հալից ընկած փոխադրամիջոցների (տեսակը կարևոր չէ) անիվներ, զանազան ժանգոտած մասեր ու մեխանիզմներ, հնացած կահույքի կտորներ, տարբեր ցանցեր, փայլաթիթեղ, կաշվի կամ կոպիտ տեքստիլի կտորներ, երկաթե մեխեր՝ ի՛նչ ասես:
Այսինքն՝ ամբողջովին քանդված ճոճաթոռը կարող է դառնալ «Թիթեռ», տախտակները՝ «Համբույր», ծակռտված թիթեղը՝ «Վահան»: Կարևորն ինքդ քո և արածիդ նկատմամբ անկեղծ լինելն է:
Իմ ստեղծագործությունը ես եմ: Սիրում եմ աշխատել մենության մեջ, գոնե ինքս ինձ հետ լինել բաց ու անկեղծ: Երջանիկ ակնթարթ է, երբ մենակ ես մնում քո Աստծո հետ, երբ սիրահարված ես գործիդ, երբ այդ խորհուրդը գաղտնի է մյուսներից: Այդ մեկուսացումն ու մենությունն ինձ հնարավորություն են տալիս ճանաչել ինձ, զգալ նկարի համար պատասխանատվություն պահը. ծնվելով այն պետք է առաջացնի միայն դրական մղումներ:
Աստվա՛ծ մի արասցե՝ ստեղծածդ պատճառ լինի տագնապի կամ տխրության: Առաջ կարող էի աշխատել ցանկացած ժամանակ, ցանկացած պայմաններում, իսկ հիմա դարձել եմ ավելի զգուշավոր. երբեմն պարզապես չունես աշխատելու իրավունք: Այդ պահը, այդ միջավայրը, այդ դեմքերը լի են բացասական լիցքով, ինչն անպայման կարտահայտվի ստեղծածիդ մեջ: Տեսել եմ՝ ինչպես են հզոր, մեծ գործերը ճնշել մարդուն՝ ահավոր է: Ցանկացած ստեղծագործության հիմք պետք է լինի ստեղծարար՝ ոչ կործանարար:
Մի անգամ ընկերներիցս մեկն ասաց, որ լավ մարդիկ ապրում են մեկուսացած, առանձին, իսկ վատերն ավելի համախմբված են: Լուրջ մտածեցի այս մասին ու հասկացա, որ այդքան էլ սխալ միտք չէ: Սակայն պետք չէ հուսահատվել, պետք է պարզապես գործել: Շատ ավելի հեշտ է վառել մեկ մոմ, քան անիծել խավարը:
«Ереван» ամսագիր, N7, 2010