03 Դեկտեմբեր 2013, 08:35
2682 |

Սրտի երկու հարվածի միջև

Կան սովորական ու արտասովոր հրաշքներ: Էդուարդ Ղազարյանի ստեղծագործությունները հրաշք են՝ կերտված մարդու ձեռքերով: Վարպետը լքել է մեզ, բայց չէ՞ որ հրաշքը հավիտյան է:

Ջութակ ու մի քիչ նյարդային վիճակ
Պլաստիլին չկար, երբ երեխա էի: Փոխարենը մանկապարտեզում մեզ բաժանում էին կավի կտորներ: Ո՜նց էի սիրում դրանցից ծեփել փոքր քանդակներ: Մեկ էլ սիրում էի նկարել գույնզգույն մատիտներով: Մանկապարտեզի ղեկավարությունը նույնիսկ կազմակերպեց գործերիս ցուցահանդեսը: Այդ ժամանակ երեք տարեկան էի: Մտածեցին՝ տաղանդավոր երեխա է, բայց էլ չխորացան՝ ինչում է տաղանդավոր ու… ուղարկեցին Սպենդիարյան երաժշտական դպրոց, ընդ որում՝ ընդունեցին ծանոթությամբ: Այն տարիներին երեխաների երաժշտական կրթությունը համարում էին իրեն հարգող ընտանիքի պատշաճ կերպարի անհրաժեշտ բաղադրիչ:

Հայրս ուներ բարձր պաշտոններ հանրապետությունում, ինչը, իհարկե, ենթադրում էր որոշ պայմաններ: Խելքս գնում էր կոնստրուկցիաներ հավաքելու համար, սակայն խփում էին ձեռքերիս ու ստիպում բռնել ջութակի աղեղը: Այդպես դարձա ջութակահար ու արդեն 16 տարեկանում սկսեցի աշխատել որպես Երևանի օպերայի ու բալետի թատրոնի Սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերի տեղակալ: Բայց երաժշտությամբ զբաղվելը երբեք չէր խանգարում ինձ օգտագործել ամբողջ դպրոցական կավիճը փոքր քանդակներ պատրաստելու համար: Այն ժամանակ դեռ այդքան էլ փոքր չէին: Առաջին փոքրաքանդակներս ստեղծեցի 1939-ին:

Չարլի Չապլինի արձանիկը ասեղի անցքում
Չարլի Չապլինի արձանիկը ասեղի անցքում

Գործիք տաղանդավոր մոծակի համար
Ուսուցչիս ջութակը հնչում էր իմ ջութակից շատ ավելի լավ: Սա ինձ շատ էր բարկացնում: Որոշեցի ինքս սարքել գործիք: Սկզբում կոտրեցի ջութակս, որ տեսնեմ՝ ներսում ինչ կա, հետո սկսեցի մշակել միս կտրատելու կոճղի վրա: Բայց այդ ջութակն էլ էր վատ հնչում: Այդպես այնքան համառեցի, մինչև ինձ ուղարկեցին Մոսկվա՝ սովորելու ջութակագործություն: Այդ ժամանակ արդեն սովորեցի պատրաստել բավական լավ գործիքներ: Մեր համերգավարներից մեկի չորսամյա աղջիկը հրաշամանուկ էր: Պրոֆեսոր Սարաջևը հորդորեց հնարավորին չափ շուտ նրան նվագել սովորեցնել: Ուղարկեցին ջութակի դասերի, սակայն նույնիսկ ամենափոքր գործիքը հաշվարկված էր յոթամյա երեխայի համար: Ուստի խնդրեցին ինձ պատրաստել փոքր ջութակ: Բոլորը հավանեցին հնչողությունն ու ինձ այնպես գովեցին, որ որոշեցի նրանց է՛լ ավելի զարմացնել. հաջորդ ջութակը լուցկու տուփի չափ էր: Այդպես էլ սկսվեց. գործիքները գնալով փոքրանում էին՝ ընդհուպ մինչև Ստրադիվարիուսի ջութակների մի քանի կրկնօրինակ՝ դրված մարդու մազի մեջ: Սրանցից յուրաքանչյուրը, համաձայն կանոնի, պատրաստված էր 56 մասից…

Կենդանաբանական այգի մարդու մազի մեջ
Կենդանաբանական այգի մարդու մազի մեջ

Ինձ մի անգամ հարցրեցին՝ հնարավո՞ր է արդյոք նվագել այս ջութակներով: «Իհա՛րկե, - ասացի ես, - եթե գտնեք այդպիսի տաղանդավոր մոծակ»: Նվագածս ամենափոքր ջութակը 7մմ է: Իմանալով սա՝ վարպետ Օհան Դուրյանը եկավ մեր տուն, նայեց, զարմացավ, թե՝ անհնար է նվագել այսպիսի ջութակով: Ստիպված էի կազմակերպել ցուցադրական կատարում նրա և Ռադիոյի ու հեռուստատեսության ամբողջ սիմֆոնիկ նվագախմբի համար: «Ես կմոտենամ ու կստուգե՛մ», - գոչեց նա սրահից ու բարձրացավ բեմ: Մոտիկից նայեց ու բացականչեց, «Աստվա՛ծ իմ, նա նվագում է մե՛կ մատի ծայրով»:

Ուղտերի քարավան ասեղի անցքում
Ուղտերի քարավան ասեղի անցքում

Սխալվելու իրավունք չկա
Սակայն այնքա՜ն ձանձրալի էր ամբողջ ժամանակ պատրաստել միայն ջութակ, ուստի ես ազատեցի ինձ կապանքներից: Առաջացան նոր գործեր՝ ուղտերի քարավան ասեղի ծակում, մարդու մազի մեջ պարող աղջիկներ, Չարլի Չապլինը... Սկզբում պետք է հնարել ու պատրաստել աշխատանքի նրբագույն գործիքներ ու միայն հետո սկսել ստեղծագործել: Իհարկե, աշխատում եմ մանրադիտակով: Ընդ որում՝ յուրաքանչյուր գիծ պիտի անեմ միանգամից, որովհետև անիրական է երկրորդ անգամ կպնել նույն կետին: Իսկ որպեսզի գծերը լինեն հստակ ու չլղոզվեն, պետք է անել դրանք սրտի երկու հարվածի արանքում:

Մարդու մազի ծայրին ամրացված բալերինայի քանդակ չժանգոտվող պողպատից
Մարդու մազի ծայրին ամրացված բալերինայի քանդակ չժանգոտվող պողպատից

Դիմում, որն անհնար է ստորագրել
Ցայսօր պահում եմ երկարավուն ցուցակն իմ այն գործերի, որոնք Խրուշչովն ու Բրեժնևը նվիրում էին տարբեր երկրների առաջնորդների: Ունակություններս երբեմն օգտագործում էի անձնական հարցեր լուծելու համար: Օրինակ՝ ինձ պետք էր բնակարան. գնացի այն ժամանակ Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի մոտ: Ասում եմ, «Կարող ե՞ք օգնել»: Նա թե՝ «Դիմո՛ւմ գրիր»: Ես՝ «Արդեն գրել եմ, Ձեր սեղանին է»: Փնտրում է, ոչինչ չի գտնում, զարմանում է: Ցույց եմ տալիս փոքր առարկան. ախր դիմումս գրել էի բրնձի հատիկի մեկ քառորդի վրա: Կարդաց խոշորացույցով, ժպտաց ու ասեց, «Ափսոս, որ չեմ կարող ստորագրել: Մարդավարի գրիր թղթի վրա»: Կարճ ասած՝ ստացա բնակարանը, իսկ այն դիմումն այսօր Դեմիրճյանի թանգարանում է:

Եղջերուներ թանկարժեք քարերի փոշեհատիկներից
Եղջերուներ թանկարժեք քարերի փոշեհատիկներից

Օպերայի ուրվականները
Մի անգամ՝ մոտ հիսուն տարի առաջ, ինձ խնդրեցին պատրաստել Օպերային թատրոնի միկրոսկոպիկ շենքը այն ժամանակ Կապույտ մզկիթում գտնվող Երևանի պատմության թանգարանի համար: Հենց այդ օրերին էլ ինձ Մոսկվայում նվիրել էին Սիբիրում ինչ-որ տեղ գտնված մամոնտի ժանիքի բեկոր: Արծնը պինդ էր, շագանակագույն: Դրանից էլ պատրաստեցի Օպերայի շենքը, ամրացրի ասեղի ծայրին, դրեցի խոշորացույցի տակ ու նվիրեցի թանգարանին:

Ուղտերի քարավան ոսկու փոշեհատիկներից: Ուղտերի ոտքերը մարդու մազից հարյուր անգամ բարակ են:
Ուղտերի քարավան ոսկու փոշեհատիկներից: Ուղտերի ոտքերը մարդու մազից հարյուր անգամ բարակ են:

Մեկ էլ հանկարծ ինձ զանգում է անհանգստացած տնօրենն ու ասում, որ թանգարանի աշխատակիցները շաբաթը մեկ տեսնում են տարօրինակ երևույթ. Օպերայի աստիճաններով բարձրանում են հանդիսատեսներ: Տնօրենը պնդում էր, որ ինքը նույնիսկ ժամ էր տեսել երաժշտասերներից մեկի ձեռքին: «Աստվա՜ծ իմ, - մտածում եմ ես, - Օպերայի բակում հուշարձաններ արել էի, պաստառներ արել էի, բայց հանդիսատե՞ս՝ երբե՛ք»: Պայմանավորվեցինք, որ հենց ժողովուրդը սկսեր բարձրանալ աստիճաններով, ինձ շտապ կանչեին, որ պարզեի՝ որտեղից էին հայտնվել: Անցավ մի քանի օր ու զանգեցին: Սուրացի թանգարան: Նայում եմ ու ի՞նչ տեսնեմ. մարդիկ իրար հետևից հանգիստ բարձրանում են աստիճաններով ու կորչում դռան հետևում: «Վե՛րջ, - մտածում եմ ես, - զանգվածային զգայախաբություն է»: Դիմեցինք մասնագետների: Պարզվեց, որ խոնավությունից մամոնտի ժանիքի արծնում առաջացել էին միկրոբներ, որոնց տեսել էինք մի քանի անգամ խոշորացված ու կարծել էինք հանդիսատես: Ավելին՝ Օպերա գնում էին ամենևին ոչ հոգևոր սննդի համար, կերածի համար էլ պետք է վճարեի ես: Եթե ուտեին Օպերան, ստիպված էի լինելու վերադարձնել հոնորարը: Շտապ պատրաստեցի նոր Օպերա նվազ ուտելի նյութից: Միևնույն ժամանակ այնքան հավանեցի քայլող մարդուկների գաղափարը, որ որոշեցի ստեղծել շարժվող միկրոքանդակներ:

Սարդիոնե խաչքար, բարձրությունը՝ 2մմ
Սարդիոնե խաչքար, բարձրությունը՝ 2մմ

Բայց դրանք միևնույնն է՝ շարժվում են
Որոշելը հեշտ է, իրագործելն է դժվար… Էդիսոնն իրականացրեց 3000 փորձ, ես՝ 20 000, մինչև իմ Չարլին բարձրացրեց ոտքը, հետո ձեռքը: Հետո սկսեց պարել: Մնացածն արդեն ավելի հեշտ էր: Օրինակ, «Գուլիվեր» միկրոքանդակում շատ կան շարժվող կերպարներ: Գուլիվերը ճոճում է գլուխը, մարդու մազից վանդակում փակված լիլիպուտը ցատկոտում է, ուզում է փախչել, իսկ նրա եղբայրը կանգնած է հսկայի թևին ու թափահարում է թուրը, թե, «Նայի, հա՜, կկտրե՛մ»: Գիտնականներն ուսումնասիրել են այս գործերը: Ասում են, թե հակասում են տիեզերական ձգողականության օրենքներին:

Դեյվիդ Քոփերֆիլդն ասեղի անցքում: Շարժվող քանդակ:
Դեյվիդ Քոփերֆիլդն ասեղի անցքում: Շարժվող քանդակ:

Սա էր, երևի, պատճառը, որ Էյնշտեյնի աշակերտներից մեկը պայտած լվերիս անվանեց աշխարհի ութերորդ հրաշալիք: Իսկ ակադեմիկոս Ալեքսանդր Կապիցան ասաց, որ գիտությունն անպայման կգտնի բացատրություն այս երևույթի համար, բայց ոչ հիմա:

Մարդու մազից խաչ խաչված Հիսուս Քրիստոսի փղոսկրե քանդակով:
Մարդու մազից խաչ խաչված Հիսուս Քրիստոսի փղոսկրե քանդակով:

Սովորական հրաշք
Գործերիս մասին հաճախասում են. «Հրա՜շք է»: Ուսումնասիրել եմ մեղվի կառուցվածքը. ի՜նչ հանճարեղ է՝ պարզ ու հանճարեղ, ինչպես այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջ, ինչպես մենք ինքներս: Ես արդեն ութսունն անց մարդ եմ, բայց անցած տարի շատ ավելի ծեր էի, քան հիմա: Նույնիսկ մի բրոշյուր եմ գրել կյանքը երկարացնելու մասին: 

Մարդու մազի մեջ թանկարժեք քարի փոշեհատիկներից ֆուտբոլիստների քանդակներ
Մարդու մազի մեջ թանկարժեք քարի փոշեհատիկներից ֆուտբոլիստների քանդակներ

Սկզբում վստահ էի, որ մարդը կարող է ապրել երեք հարյուր տարի: Հետո, ուսումնասիրելով մի շարք բժշկական գրքեր, հասկացա, որ ո՛չ՝ կարող է հավե՛րժ ապրել: Մարդն ամենակատարյալ գործիքն է, որի նույնիսկ ամենափոքր մասերը մանրակրկիտ մշակված են: Ուղղակի մենք ենք, որ մոռացել ենք այդ գործիքի օգտագործման կանոնները, հետ են սովորել այն նվագելը: Կորցրել ենք ինտուիցիան, կորցրել ենք նաև Աստծո ստեղծած ամենասովորական հրաշքով զարմանալու ունակությունը: Բանն այն է, որ բոլոր նախնիներս հոգևորականներ էին: Երևի դրա համար էլ Նա լսում է ինձ: Օգտվում եմ դրանից ու երբեմն տալիս եմ հարցեր… գիշերը, երբ բոլորը քնած են: Իսկ առավոտյան արդեն իմանում եմ պատասխանը: Նա՛ է դնում այն գլխիս մեջ: Իհարկե, շատ դիմել չի կարելի, թե չէ կմտածի՝ էս ի՞նչ կպչուն հիմար է, որ ոչինչ չի կարողանում ինքնուրույն հասկանալ: 

Թանկարժեք քարերից Դոն Քիշոտն ու Սանչո Պանսան ասեղի անցքում
Թանկարժեք քարերից Դոն Քիշոտն ու Սանչո Պանսան ասեղի անցքում

Դոսյե
Էդուարդ Ղազարյանը միկրոքանդակի արվեստի հիմնադիրն է, աղեղնավոր գործիքներ պատրաստող վարպետ, Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի նախկին կոնցերտմայստեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երիտասարդության ու ուսանողների Մոսկվայի համաշխարհային 6-րդ փառատոնի դափնեկիր (1957): Միայն 1983-ին Ղազարյանի աշխատանքներից 9-ը գրանցվել են ռեկորդների ռուսական «Դիվո» գրքում: Վարպետը ստեղծել է 1000-ից ավելի գործ, որոնցից մի քանիսին կարելի է նայել միայն օպտիկական հազարապատիկ խոշորացմամբ: Ղազարյանը ստեղծում էր իր գեղարվեստական ստեղծագործությունները շաքարի ավազահատիկների վրա, օգտագործում մարդու ու ձիու մազեր, այդ թվում՝ դրանց երկայնահատ կտրվածքներ, հացազգիների, թանկարժեք մետաղների ու քարերի փոշեհատիկներ:

«Ереван» ամսագիր, N1-2, 2010
                                                                                    

Այս թեմայով