27 Նոյեմբեր 2013, 11:42
2885 |

Հավաքաձու

Հավաքորդները տարօրինակ մարդիկ են, նրանց ասես չեն բավարարում իրական աշխարհի գույները, այդ պատճառով էլ ձգտում են ստեղծել իրենցը, շրջապատվել իրերով, որոնց մեջ հոգի կա և որոնք անփոխարինելի են: Այդպես էր նաև այս անգամ, երբ փոքր Հայաստանի վարդագույն քաղաքի Էստոնական փողոցի նեղլիկ մուտքի կիսախավար միջանցքներն ու կես ոտնաչափ լայնության աստիճանները պսակվում են մեկ երրորդի չափով բացվող մի անշուք դռնով, որը, սակայն, իր հերթին բացում է հսկա, ահռելի, անգրկելի թագավորության դռները:

Տանտերը Յակով Զարգարյանն է՝ ութսունն անց փոքրամարմին տղամարդ՝ սովոր թե՛ հյուրերին, թե՛ նրանց հիացական բացականչություններին: Սովորական խրուշչովյան բնակարանը տանտիրոջ ջանքերով վերածվել է թանգարանի: Է՛լ պատից կախված տարբեր ոճերի ու կշռի նկարներ, է՛լ արձանիկներ, ստենդներ՝ թեմատիկ հուշանվերներով, արխայիկ իրեր, պատմական լուրջ արժեք ունեցող կարասներ ու զանազան պեղածոներ. մի խոսքով, դրախտ լրագրողի համար: Ամեն նմուշն արժանի է իր մասին պատմելու, բայց որոշել էինք նախօրոք. չենք գայթակղվելու ու չենք շեղվելու ճշմարիտ ուղուց: Մենք եկել էինք Յակով Զար-գարյանի նվիրական հավաքածուն մանրամասն ակնդետ ուսումնասիրելու: Գույնզգույն ձվերի մասին լեգենդը մեր ականջին էլ էր հասել:

Տիեզերանավ, Արարատ, բարդիներ
Ասում են՝ ամեն ինչ սկսվեց Մարտիրոս Սարյանից, բայց այս պարտավորեցնող փաստն իրականում պատահականություն էր: «Մեր շենքի առաջին հարկում օսվոյենցներ էին ապրում, ինը մարդ՝ մեկսենյականոց բնակարանում: Հրաշք երեխաներ ունեին, որոնց հետ ես արագ ընկերացա: Մի անգամ Զատիկի օրը աշխատանքի շտապելիս նրանցից մեկը դեմս դուրս եկավ ու առաջարկեց ձվերով մենամարտել: Հայացքս գրավեց նրա ձեռքի ձուն. տղան ստեղծագործել էր՝ է՛լ այն տարիներին ակտուալ տիեզերագնաց, է՛լ Արարատ, է՛լ բարդիներ: Մի մեծ պատմություն՝ ընդամենը երեք գույնով՝ կարմիր, սև ու սպիտակ: Ամեն ինչից զատ մի նյուանս էլ կար. նա չէր համբերել, որ ձուն չորանար, ու արդյունքում փոքրինչ խառնվել էին իրար պատկերները, բայց դրանից ձուն միայն շահել էր: Մի շշմելու բան էր: Խնդրեցի, որ նվիրի ինձ այդ ձուն, ասեց՝ յա, առավոտից տասը հատ ձու է ջարդել: Չտվեց»: Բայց փոխարենը տվեց գաղափար, ինչն ավելին է: Ու քանի որ օրն աշխատանքային էր, տրամադրությունը՝ զատկային, մտքերն էլ ըստ այդմ ծնվեցին: «Գործի ժամանակ անընդհատ մտածում էի՝ ինչ կլիներ, որ մեր կառավարությունը ի վերջո քարը փեշից թափեր ու թույլատրեր նշել Զատիկը, տաղանդավոր նկարիչներ ունենք, ինչ սիրուն գործեր կանեին սովորական ձվերի վրա: Այ օրինակ, Մինասը, Կոջոյանը...»

Կյանքն ըստ Սարյանի
Անցան ամիսներ: Մի օր մտավ ատաղձագործի արհեստանոց՝ տղայի համար հոլ պատվիրելու: Ու մինչև վարպետը կտաշեր, հարթեցներ հոլը, արհեստանոցի տարբեր փայտե ֆիգուրները Յակով Զարգարյանին նորից հիշեցրեցին իր գաղափարի մասին: Այնտեղից նա դուրս եկավ երջանկացած՝ ձեռք էր բերել ոչ միայն հոլը, այլև երեք հատ փայտե ձու: Երջանիկ մարդկանց՝ երջանիկ պատահականություններ: Նույն օրը բախտը նրան հասցրեց Մարտիրոս Սարյանի բնակարան: Վերջինս, իհարկե, միանգամից գլխի չընկավ, թե ինչ նախագծի ակունքներում է կանգնած, նույնիսկ շփոթվեց ի պատասխան ձվի վրա որևէ բան նկարելու խնդրանքին: «Ինձ չեն սովորեցրել ձվի վրա նկարել», — ընդդիմացավ Վարպետը, բայց տեղի տվեց, երբ Յակով Զարգարյանը խնդրեց պատկերել այդ փոքր մակերեսի վրա կյանքը՝ նրա պատկերացմամբ: «Ես կնկարեմ Հայաստանը, քանի որ ինձ համար կյանք ասվածը հենց Հայաստանն է»:

Հենց Հայաստանից էլ ծնունդ առավ Յակով Զարգարյանի անգնահատելի հավաքածուն: Մյուս կողմից, այն առավել քան գնահատելի է: Վերջին տեղեկությունների համաձայն' կոլեկցիոներները պատրաստ են դրա դիմաց վճարել առավել քան հիսուն հազար ԱՄՆ դոլար:

Ու դարից երկար ձգվում է օրը
Երբ պատրաստ էր անդրանիկ ձուն, նման թվերի մասին նա չէր էլ մտածում, ընդհանրապես թվերից այլ ակնկալիքներ ուներ: Հիմա արդեն, երբ հավաքածուն ընդգրկում է վեց հարյուր հիսունից ավելի ձու, Յակով Զարգարյանը փաստում է. «Մեկ ձուն նկարազարդելու համար հեղինակից պահանջվել է մեկ օրից մինչև քառասունվեց տարի՝ Պերճ Ակնունու ձեռքի աշխատանքն ինձ հասավ հենց այդքան տարի անց: Ուշացումով ինձ հասավ նաև Հովհաննես Զարդարյանի օրինակը, պահանջվեց 38 տարի: Նրա մահից հետո կինն արհեստանոցում գտել էր գունագեղ ձուն ու անմիջապես զանգել ինձ: Հարցրեց՝ քո՞նն է, ասացի՝ բա էլ ո՞ւմը: Այդպես ձուն հասավ տուն»: Տան անդամների հաշիվը չկորցնելու, յուրաքանչյուրի մասին անհատական տեղեկություններ ֆիքսելու համար Յակով Զարգարյանն իր մեթոդն ունի: Նա ստեղծել է տվյալների բազա, որտեղ ամեն ինչ համարակալված է, ձվերը դասակարգված են ըստ ծննդյան տարեթվի, ամեն ինչ՝ գերմանական ճշգրտությամբ: Սարյանն այս յուրահատուկ հավաքածուի հիմքը գցելով չսահմանափակվեց սակայն: Ու պատահեց դա, ինչպես միշտ, պատահական: Մի ձու հասել էր նկարիչ Հենրիկ Սիրավյանին, ու նա մեկ ամիս շարունակ ժամանակ չէր գտնում նկարել դրա վրա: Սիրավյանն ու Սարյանը միասին ներգրավված էին Սունդուկյանի թատրոնի վարագույրի նկարազարդման գործում: Յակով Զարգարյանը հուշեց նրան ձուն արվեստանոցից տանել թատրոն, որպեսզի ազատ րոպեներին նկարի: Այդպես էլ վարվեց, երբ մի օր էլ, ճաշից վերադառնալիս տեսավ, որ իր բաժին ձուն Սարյանի ձեռքում է: Վերջինս չէր դիմացել գայթակղությանն ու սկսել էր նկարել: Կիսով չափ նկարազարդած ձուն Սարյանը պարզել է Սիրավյանին ասելով՝ մյուս կեսն էլ քոնն է: Վերջում այդպես էլ գրեցին՝ Հենրիկ Սիրավյանից ու Մարտիրոս Սարյանից՝ կես-կես:

Դատարկ սարդոստայն
Համեմատաբար նորաբնակ է 2011-ի շախմատի աշխարհի չեմպիոնների՝ Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Սերգեյ Մովսիսյանի ինքնագիրներով ձուն: Մեկ այլ շարքում հնաբնակների դասից հեռվից հեռու աչքի ընկավ, ինչն ի դեպ բավականին դժվար է նման բազմազանության մեջ, Մուշեղ Մխիթարյանի ձեռքի գործը: Նա գրեթե ոչինչ չէր թողել ձվի նախնական տեսքից՝ վերածելով այն իր հերթական կոլաժի: Մուշեղն, ինչ խոսք, իրանով էր արել ձուն: Քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը փորձել է չզիջել նրան՝ փայտե ձվի վրա տեղադրելով խաղաղության աղավնու և դափնեպսակի քանդակները: Փայտե ձուն մինչև օրս կքած է 3D անիմացիայի ծանրության ներքո: Իսկ քանդակագործ Արա Ալեքյանը հաջողացրել է իր բաժին ձուն շարժման մեջ դնել: Նրա մոնումենտալ աշխատանքը ստանդարտից դուրս է, այն աստիճանի, որ նույնիսկ ձվերի համար նախատեսված հատուկ դարակ-ներում չտեղավորվեց: Ալեքյանից առավել համեստ գտնվեց արձակագիր Աղասի Այվազյանը, նա պարզապես իր ինքնանկարն է թողել ի հիշատակ: Որոշ նմուշներ այս հավաքածուում հայտնվել են ծանոթի միջոցով: Օրինակ՝ ամբողջովին հուլունքապատ մի ձու, անզեն աչքով էլ պարզ է՝ կնոջ ձեռքի աշխատանք: «Մի օր ինձ զանգեց ընկերներիցս մեկն ու ասաց, որ Մոսկվայից ժամանել է նրա պրոֆեսորը, ուր ասես տարել է՝ էլ Մատենադարան, Գառնի, Գեղարդ, թանգարաններ, ու հիմա էլ ուզում է իմ տուն բերել»: Պրոֆեսոր Լյուդմիլա Լյուբամուդրովան, իհարկե, կամեցավ մասնակցել այս խնջույքին ու հիմա իր պատվավոր տեղն ունի հավաքածուի մեջ: Լրագրող Հարություն Զուլումյանը հուլունքներից շատ չէր հեռացել, նա ամբողջովին ավազապատել էր ձուն՝ հավանաբար ակնարկելով, որ ավազից ոչ թե դղյակներ է պետք պատրաստել, այլ ձվեր, դա մնայուն արժեք է: Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը որոշել էր խոսել իսկապես մնայուն արժեքներից ու պատկերել Հիսուս Քրիստոսին, այն էլ՝ խաչված: Այս տարօրինակ ու զարմանալի հավաքածուի միակ տերը՝ Յակով Զարգարյանը, նույնպես ջրից չոր դուրս չեկավ: Վարակելով բոլորին իր կրքոտ գաղափարով՝ օրերից մի օր նա էլ ուզեց իր անհատական քարտն ունենալ հավաքածուի քարտադարանում: Առիթը կար, հերոսը դարձավ սիրելի, բայց ուտելու հարցում անտանելի կամակոր թոռը: Նրա անընդհատ չէ-երը, մերժումներն ու կերակրին մոտ չգալը ծնեցին Յակով Զարգարյանի ութլեզվանի Ոչ-ը՝ ձվի վրա:

Այնուհետև նա սարքեց իր բանակի ընկերներին նվիրված մի հավաքածու՝ տեղադրելով նրանց դիմանկարները փոքրիկ ձվի վրա, ավելին՝ վերցնելով ամեն մի նկարն առանձին շրջանակի մեջ: Դե, հավաքածու ստեղծելը Յակով Զարգարյանի արյան մեջ է՝ խորը մի տեղ արմատներ ձգած: Ի դեպ, նա իր հավաքածուի մեջ ներդրել է սեփական ձեռքի յոթ աշխատանք, որոնց մեջ կա նաև անավարտ մի ձու: Մետաղյա սարդոստայնապատ ձուն ունի մի մեծ խնդիր. նա չունի սարդ: Բանն այն է, որ գաղափարի համաձայն այդտեղ պետք է տեղադրվի իսկական սարդ, ոչ մետաղական, իսկ բնությունն այնպես է ստեղծել այդ միջատներին, որ մահից հետո կուչ են գալիս, դառնում անճանաչելի, ու կարևորը՝ գրեթե հնարավոր չի նրանց օգտագործել որպես մահարձան: Ու հիմա Յակով Զարգարյանը մտածում է՝ ինչպես լուծել այդ ռեբուսը: Կարևորը՝ ամենաերկար ստեղծվող ձվի քառասունվեցամյա ռեկորդը չանցնի:

Ձվի գողը գող չէ
Ինչքան էլ տևի նրա աշխատանքը, մինևնույն է՝ Յակով Զարգարյանն արդեն անուն հանած հավաքորդ է, այն էլ՝ ձվերի: Ու նրա բոլոր ծանոթները, նրա մասին գեթ մեկ անգամ լսածները, նույնիսկ նրան անձամբ չճանաչողները աշխարհի որ անկյունում էլ լինեն, եթե աչքներով ձու է ընկնում, առնում-բերում-հասցնում են նրան: Հենց այսպես էլ ստեղծվել է ալտերնատիվ հավաքածուն՝ ներառող հուշանվերներ ամբողջ աշխարհից: Այստեղ է նաև Գոհար Գասպարյանի թռցրած նմուշը: Հյուրախաղերից մեկի ժամանակ դիմահարդարման սենյակում նա պատուհանագոգին նկատեց հուշանվեր-ձու և առաջին բանը, ինչ անցավ մտքովը, պայուսակի մեջ գցել ու այն Յակովին հասցնելն էր: Ու չնայած Յակով Զարգարյանը նման ձվեր չի հավաքում, բայց ընդհանրապես հրաժարվել ձվից նա անկարող է, այն էլ՝ նման թանկ գնով ձեռք բերած: Ձվից հրաժարվելու դեպքեր, իսկապես, չեն եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ դա առավել քան արդարացված էր: «Եղել է, որ նկատել եմ, որ, շմեղմ ասած, գլխառադ են արել, որպես այդպիսին չեն չարչարվել, բայց ինչ արած, իրենց մեղքն՝ իրենց վիզը: Իրականում ինձ թվաքանակ հարկավոր չէ, ինձ հոգի է պետք՝ ձվի մեջ դրած: Բայց ես գիտեմ՝ ոնց կգամ նմանների հա-խից: Շուտով ալբոմ եմ տպելու, որտեղ ամեն մի ձվի մասին առանձին պատմություն կլինի: Այ հենց այնտեղ էլ բոլորն ամեն ինչ կտեսնեն»:

Գաղտնիքների բնակարան
Ամեն ինչ դեռ առջևում է հավաքածուի նորաթուխ անդամների համար: Առանձին սենյակում իրենց հերթին լուռ ու համբերատար սպասում են «թարմ» ձվերը: Նրանք դեռ պետք է անցնեն ժամանակի փորձությունը, ծանոթանան հարուստ անցյալ ունեցող հարևանների հետ: Յակով Զարգարյանը խնամքով մշակում է ամեն մեկը, ամրացնում պատվանդանին, տեղադրում այլոց կողքին, փորձում օտարի աչքով նայել՝ հո չի վնասում կողքիններին, ընդհանուր էսթետիկան հո չի խախտվում: Ու համոզվելով, որ ամեն ինչ տեղին է, ամրացնում է ցուցափեղկը, տեղադրում մնացածների կողքին. ևս տասը՝ քարտադարանում, բայց անթիվ՝ նրա հոգու մեջ:

Ի դեպ, թվերի մասին: Հավաքածուներն ընդհանրապես յուրօրինակ առանձնահատկություն ունեն տարիներին զուգահեռ թանկանալու: Յակով Զարգարյանի հավաքածուն շարքից դուրս չէ: Ու չնայած խոստումնալից զրոներին՝ ձվերի թագավորության միապետը մտքի ծայրով էլ չի անցկացնում գահն ուրիշին հանձնելու հեռանկարը: Նրա փոքրիկ բնակարանում այս մեծ ու ծավալուն հավաքածուն հաջողացրել է այնպես տարրալուծվել, ասես պաստառ լինի՝ գույնզգույն, տեղ-տեղ՝ հուշեր արթնացնող, առանձին վայրերում՝ հույժ գաղտնի տեղեկություններ իր մեջ կրող: Իսկ Յակով Զարգարյանը գաղտնիքներ սիրում է, նրա բնակարանի ամեն մի քառակուսին լի է խորհրդավորությամբ ու անակնկալի բերող իրերով ու գաղտնանցումներով: Հրաշքով պատուհանից ցած չնետված ու աշխատանքային սեղանի, գրապահոցի ու պատվանդանի վերածված դաշնամուրը համոզվեց դրանում սեփական օրինակի վրա: Բայց կարծես չենք դիմանում գայթակղությանն ու շեղվում ենք բնակարանի այլ իրերի վրա: Ձվերի ականջից հեռու...

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N5, 2013

Այս թեմայով