31 Հունվար 2014, 16:08
2222 |

Բանալիների տիրակալը

Քաղաքակրթության այգաբացին մարդն իր համեստ բնակատեղիի մուտքը փակում էր տախտակով ու վրան գերան դնում: Հենց այդ գերանն էլ երևի առաջին բանալին էր: Ռեժիսոր և մոլի հավաքորդ Ռուբեն Հովհաննիսյանը բանալիների մեծ գիտակ է: Նրա տունը հյուրընկալել է կողպեքների փոքր ընկերների համարյա հինգ հազարանոց բազմություն՝ վերածվելով բնակարանի ու թանգարանի մի խառնուրդի, որտեղ բացի հազվագյուտ ցուցանմուշներից՝ պահվում են նաև տիրոջ ստեղծած բանալիները: Հավաքածուի միակ պակասը, թերևս, այդ հինավուրց գերանբանալին է:

Կես դար առաջ՝ 1960-ականներին Արամի՝ այն ժամանակ Սպենդիարյանի փողոցում կար բանալիների արհեստանոց: Երիտասարդ ռեժիսոր Ռուբենը երբևէ չէր կարողանում անցնել՝ առանց գոնե մի քանի րոպե հատկացնելու ցուցափեղկում խայտացող հնաոճ նմուշներին: Վարպետն ամեն անգամ զարմանում էր. «Այդքան հետաքրքի՞ր է»: Ռուբենը միայն գլխով էր անում՝ հայացքը սևեռած զարմանահրաշ հնություններին: Այդ ժամանակից բանալիներ է հավաքում: Նրա հավաքածուի մեջ կան նմուշներ, որոնց մասին քչերն են լսել, առավել ևս տեսել՝ երկաթգծային եռակողմ բանալիներ, ավտոմատ դուրս եկող լեզվակներով բանալիներ, գանձարկղի արտասովոր երկար բանալի, տարօրինակ բավիղանման բանալի ու նույնիսկ Ռուբենի ձեռքով պատրաստված ահռելի բանալին:

Հյուրընկալ Ռուբենը կարող է երկար պատմել իր հավաքածուի մասին, միայն լուսանկարվել չի սիրում: «Ռեժիսոր եմ. սովոր եմ լինել կադրից դուրս»: Բայց երբ բանը հասնում է հավաքածուին, ուզում է, որ յուրաքանչյուր բանալի ունենա առանձին լուսանկար՝ ասես անձնագրի համար: Նայում ենք մեր շուրջն ու հասկանում՝ այստեղ կա համարյա 5000 բանալի, իսկ մենք ունենք մեկ ֆոտոխցիկ ու շատ քիչ ժամանակ: «Սա ի՞նչ բանալի է», — ձեռքս մեկնում եմ պիտակով մի փոքր բանալու: Դու մի ասա՝ ոչ ավելի, ոչ պակաս Մարտիրոս Սարյանին պատկանող սնդուկինն է: Վարպետի կինը սնդուկն էլ էր առաջարկել նրան, սակայն Ռուբենը, քաղաքավարությունից դրդված, հրաժարվել էր:

Ձեռքս մեկնում եմ մեկ այլ նմուշի: Այս մեկը նրան բերել է ընկերներից մեկը Սուրբ Ղազար կղզուց: «Այնքան հեշտ եք զարմանում», — աչքով է անում Ռուբենն ու ինձ է մեկնում փոքրիկ, թափանցիկ մի կափարիչ: Ակնապիշ նայում եմ ու ի՞նչ տեսնեմ՝ միկրոքանդակագործ Էդուարդ Ղազարյանի ստեղծած՝ աշխարհի ամենափոքր բանալին է: Այնքան փոքր է, որ անտեսանելի է առանց խոշորացույցի: «Սա էլ Էդուարդի տան բանալին է, — Ռուբենն ինձ է մեկնում հնամաշ մի բանալի: — Նրա հին տունը քանդում էին, ես էլ մտա կիսաքանդ շենքն ու վերցրեցի այն: Որքա՜ն էր զարմացել»:

Մութն ընկնելուն պես տուն-թանգարանի տերը վառեց լույսը: 1 111 բանալուց հավաքված ջահը սփռեց առաստաղին իր շողքը: Ռուբենը հրավիրեց սրճելու ու վերցրեց երկու բանալի: «Ա՛ռ, շոշափի՛ր, — ինձ տվեց սևացած բանալին. — զգո՞ւմ ես միջի կյանքը, ջերմությունը, պատմությունը»: Հետո ինձ մեկնեց նույն ձևն ունեցող նոր, նրբա-գեղ մի բանալի ու սկսեց ծիծաղել. «Երկուսն էլ պատրաստել է նույն գերմանական ֆիրման: Նրանց միջև ընկած է մեկ դարի պատմություն»: Հիրավի, նորեկը փորձում էր թողնել գործնական ու լուրջ տպավորություն, սակայն անփորձ էր ու միամիտ:

Ռուբենի հավաքածուի մեջ կարևոր ու պատվավոր տեղ ունեն Եղեռնի ժամանակ Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի տների բանալիներն ու կողպեքները: Այն օրերին հայերն ուղղակի կոտրելով հանում ու տանում էին դրանք: «Նրանց համար բանալին ու կողպեքը օջախի խորհրդանիշներն էին: Կարելի է ասել, որ վերցնում էին իրենց անցյալի բանալին՝ հուսալով, որ մի օր կվերադառնան ու կդնեն կողպեքներն իրենց տեղը»: Ռուբենն ունի նաև Երևանում որբացած բանալիներ, որոնք դարձել են շատ տների, սնդուկների, գրասեղանների պատմության վերջին պահապանները:

Հավաքածուի մեջ պատահաբար նկատեցի արտասահմանից որպես նվեր բերված բանալիներ: Ռուբենը միայն ձեռքը թափ տվեց ու բարեհոգաբար ժպտաց. նվերները նրան քիչ են հրապուրում. դժվար է պարզել՝ որո՞նք ունեն արժանավայել անցյալ: Սակայն կա մեկը, որը պահվում է հուսալի ու մեկուսի վայրում. հնարժեք փայտե կողպեք է պղնձե բանալիով: Այն 19-րդ դարում երաշխավորել էր կենտրոնական Աֆրիկայի գյուղերից մեկի տան անվտանգությունը: Ռուբենի ընկերն էր ձեռք բերել՝ Փարիզի հնավաճառքի սրահում վճարելով հսկայական գումար:

«Ամեն մարդ ունի իր տարերքը, — վստահ է Ռուբենը, — դրա շնորհիվ կարողանում է պահպանել այն հազվագյուտ բաները, որոնք ցանկացած պահի կարող են կուլ գնալ ժամանակի ընթացքին»: Համաձայնում եմ ու նկատում, որ այդպես կարելի է նաև բազմաթիվ զարմանալի պահեր պարգևել թե՛ սեփական անձին, թե՛ շրջապատին: Ասես լինի ճանապարհորդություն դեպի մի աշխարհ, որտեղ երբեք չես եղել և որի բանալին դեռ պետք է գտնես:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2014

Այս թեմայով