20 Նոյեմբեր 2013, 13:33
2286 |

«Համբերությունը» կյանք է

Վաղ հասակից երաժշտությանը նվիրված Լիլիթը երգել սկսել է ոչ այդքան վաղուց, սակայն ունի բազմաթիվ հեղինակային կատարումներ: Երաժիշտները հաճույքով են կատարում Լիլիթի հեղինակային երգերի գործիքավորումները, որոնք իսկական երաժշտական փորձադաշտ են: 2011-ին Լիլիթը թողարկեց իր առաջին ՝ «Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված էին 9 հեղինակային երգեր: Երկու տարի անց ծնվեց նոր ձայնասկավառակը՝ Paciencia` «Համբերություն»: Նոյեմբերի 19-ին անհամբեր երաժիշտ-լրագրողի «Համբերություն» ձայնասկավառակի շնորհանդեսն էր:

Ինչու են գերակշռում օտարալեզու երգերը, մասնավորապես՝ անգլերենն ու իսպաներենը:

- Այս ձայնասկավառակն առհասարակ տարբերվում է նախորդից: Ի տարբերություն երկրորդ ձայնասկավառակի, առաջինում գերակշռում էին հայկական երգերը, ու եթե Paciencia-ում կա հայերեն մեկ երգ, որպես բոնուս, ապա «Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակի բոնուսը հենց իսպաներեն էր: Նոր զգացմունքներն ու նոր աշխարհընկալումը տեղ են գտել այս ձայնասկավառակում: Բոլոր երգերը նոր են, գրվել են վերջին երկու տարվա ընթացքում:

Ունենալով ջութակահարի կրթություն՝ Ձեր երգերի գործիքավորմանը չեք մասնակցում: Ինչո՞ւ:

- Երաժշտության մեջ իմ շրջադարձները դեռ նոր են սկսվում, շատ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է բացահայտեմ, գուցե հետագայում ինչ-որ գործիք ընտրեմ ինքս ինձ նվագակցելու համար, օրինակ՝ կիթառ կամ դաշնամուր: Ցավոք, երգչի համար ջութակն անհարմար նվագակից է: Ես իմ էությամբ անհամբեր եմ, ու նորածին երգերի գործիքավորմանը սպասելն ինձ համար բարդ հարց է: Այնպես որ համոզված եմ, որ, որպես անհամբեր երաժիշտ, շուտով նաև ինքս կնվագակցեմ ինձ:

Յուրաքանչյուր ստեղծագործող ունի անկրկնելի մի բան, ինչով էլ գրավում է հանդիսատեսին: Որն է Ձեր երգերի անկրկնելիության գաղտնիքը:

- Առաջինն ազնվությունն է: Երգերը չպետք է ինչ-որ նպատակով գրվեն, նրանք պիտի ի վերուստ գան: Եթե ես ընկնեմ շուկայի քմահաճույքների հետևից, փորձեմ տուրք տալ մոդայիկ ոճերինանպայման տանուլ կտամ: Մինչդեռ իմ երգերն արտացոլում են իմ զգացմունքներն ու էությունը: Ինձ համար բազմամշակույթ հասարակությունը շատ հարազատ է: Եվ հանդիսատեսին փնտրելիս չեմ սահմանափակվում հայկական շուկայով: Երգերս բազմալեզու են, ինչի շնորհիվ ինձ լսում է նաև օտարալեզու ունկնդիրը:

Այս թեմայով