01 Հոկտեմբեր 2014, 08:38
2166 |

Քիմիկոս Վիշնևսկին` կյանքի, կանանց ու գրականության մասին

«Գրական տապան-2014» փառատոնի շրջանակներում Հայաստանում էր լեհ գրող Յանուշ Լեոն Վիշնևսկին: Այցելության առիթը նաև նրա «Գրանդ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն էր: Եվրոպայում ու հետխորհրդային երկրներում մեծ ճանաչում գտած Վիշնևսկին մինչ 45 տարեկանը քիմիայի և ինֆորմատիկայի ոլորտներում հասնելով դոկտորի աստիճանի՝ հանկարծ որոշում է զբաղվել մեկ այլ` տրամագծորեն տարբեր գործով: Առաջին` «Մենությունը ցանցում» վեպի հաջողությունն անհավատալի էր. բազմաթիվ վերահրատարակություններ, թարգմանություններ տարբեր լեզուներով: Հետո տպագրվեցին մի քանի ժողովածուներ ու վեպեր: imyerevan.com-ը մի քանի ժամ անցկացրեց հայտնի գրողի հետ, եղավ Երևանի տարբեր վայրերում ու պարզեց` ինչով է զբաղվում Վիշնևսկին հիմա, շարունակո՞ւմ է արդյոք գիտնականի իր կարիերան ու ապագայի ի՞նչ պլաններ ունի:

Սկսենց Երևանից: Երկրորդ տարին անընդմեջ գալիս եք, ի՞նչ տպավորություններ ունեք երկրորդ այցելությունից:
- Չեմ նկատում որևէ էական տարբերություն: Այս անգամ մի հիանալի հյուրանոցում եմ հանգրվանել: Այն շատ նման է հայերեն թարգմանված իմ վեպի'«Գրանդի» գործողության վայրին: Սոպոտի Grand հյուրանոցը նույնքան հին է, որքան Երևանինը, այստեղ էլ բազմաթիվ հայտնի մարդիկ են ապրել, ինչպես իմ վեպում, գուցե գաղտնի հանդպումներ կայացել ու պատմական որոշումներ կայացվել: Երևանն ու Հայաստանը սիրում եմ, միայն ժամանակս է քիչ լիարժեք վայելելու համար:

«Մենությունը ցանցում» վեպի հաջողությունից հետո չէի՞ք վախենում միանգամից ներքև գլորվել, չէ որ գրողի Ձեր կարիերան նոր-նոր էիք սկսում:
- Առաջինի հաջողությունից հետո հրատարակիչները հերթ էին կանգնել: Ասում էին' հիմա խոհանոցային ձեռնարկ էլ գրես, պատրաստ ենք տպել: «Մենությունը ցանցում» վեպը միայն Լեհաստանում 300 000 օրինակով վաճառվեց: Երկար ժամանակ գրախանութներում բեսթսելլերների ցուցակն էր գլխավորում: Համացանցում բավական երկար ժամանակ քննարկումների էի մասնակցում, լսում դիտողություններն ու առաջարկությունները գրքիս մասին: 2006-ին վեպը բարձրացավ մեծ էկրան: Դժվար էր մյուս գործերի հաջողությունը կռահել, բայց ընթերցողը հավանեց քիմիկոսի գրածները կյանքի, սիրո ու կանանց մասին:

Քիմիայի մասին խոսենք, նոր մտքեր չե՞ն ծնվում դոկտորի գլխում:
- Ես աշխարհում առաջին գիտնականն եմ, ով քիմիական բանաձևերը վերծանող ու մշակող համակարգչային ծրագիր է գրել: Դա շատ ժամանակակից ու նորարարական գաղափար էր, կարողացանք կյանքի կոչել: Հիմա բիոինֆորմատիկայով եմ զբաղվում, համակարգչային նման ծրագրերի մշակմամբ: Գերմանիայում ինձ ավելի շատ ճանաչում են որպես գիտնականի, քան գրողի: Լեհաստանում մեծ ճանաչում ունեմ, բայց Մայնի Ֆրանկֆուրտում, որտեղ ապրում եմ, աշխատում եմ զբաղվել իմ առաջին մասնագիտությամբ ու մշտապես նոր բաներ մտածել գիտության բնագավառում: Աշխատանքներս մեկ տասնյակից ավելի լեզուներով են թարգմանվել, բայց ոչ երբեք գերմաներենով: Մայնի Ֆրանկֆուրտում մի քանի լեհ են միայն Վիշնևսկուն ճանաչում որպես գրող և դա ինձ ձեռ է տալիս:

Հե՞շտ է լինել թե' գիտնական, թե' նման ճանաչում ունեցող գրող, ընտանիքն ինչպե՞ս է համակերպվում այդ մտքի հետ:
- Ես խելացի կերպով բաժանել եմ կյանքս երկու մասի: Գիտնականն էլ, գրողն էլ անընդհատ զբաղված են, բայց ես ինձ բավարարված եմ զգում երկու դեպքում էլ: Աղջիկներս արդեն մեծ են, սեփական կյանքով են ապրում, իրենց ընտանիքներն ունեն: Մայնի Ֆրանկֆուրտին մոտ են ապրում, հաճախակի կարողանում ենք տեսնվել: Կարոտում եմ, բայց սա է իմ ընտրած ճանապարհը, չեմ ափսոսում: Նրանց բավականաչափ ժամանակ չտրամադրելով' ես հաճախ սխալ եմ գործում, բայց անսխալ մարդիկ չեն լինում:

Ինչի՞ մասին է գրում ժամանակակից Եվրոպան:
- Դե իհարկե՝ սիրո: 3 500 տարի բանաստեղծներն ու գրողները սեր են երգել, պատմել տարբեր պատմություններ այդ մասին, ներկայացրել սիրող մարդու տառապանքները: Դա անսպառ թեմա է, ու էլի 3500 տարի կարող են գրել այդ մասին: Սերը շատ խճճված զգացմունք է, միշտ կարող ես մի նոր գիրք գրել այդ թեմայով:

Ընթերցողն ինչպե՞ս ընդունեց Ձեր նոր «Գրանդ» վեպը, ի՞նչ եք սպասում հայ ընթերցողից:
- Կարծում եմ'շատ ժամանակակից վեպ է, հագեցած պատմական բազմաթիվ էլեմենտներով: Վեպը կարդալով ընթերցողը կծանոթանա համաշխարհային պատմությանը, Լեհաստանին, կճանաչի լեհական մենթալիտետին բնորոշ գծեր: Կտեսնի, թե ինչպես են մարդիկ հարաբերություններ կառուցում: Բայց, ինչն ամենակարևորն է թե այստեղ, և թե իմ նախկին վեպերում, այդ թվում նաև «Գրանդում», ես առավելապես պատմում եմ կին և տղամարդ հարաբերությունների մասին: Շատ բան կա կարդալու ու սովորելու, միայն ցանկություն է պետք:

Ի՞նչ եք գրում հիմա, ի՞նչ նոր անակնկալ ունեք ընթերցողի համար:
- Պատրաստվում եմ նոր գրքիս լույս տեսնելուն: «Ինտիմեյթ» վեպը մի զրույցի ձայնագրության սղագրությունն է: Սեքսապաթոլոգ ընկերոջս հետ մի քանի ժամ անկեղծ զրույց ունեցանք, հետո որոշեցի այն գրքի վերածել: Նախկին գործերիս թեման կրկնում, բայց նաև լրացնում եմ այս գործով: Խոսում ենք մարդկային հարաբերությունների, ու, իհարկե, կանանց մասին: Սա երկու տարիքն առած գիտնականի զրույց է, որը շատ բացահայտումներ է պարունակում:

Այս թեմայով