19 Մայիս 2013, 19:34
2208 |

Լիլիթ Բլեյանի թանգարանային համերգը

Թանգարանային գիշերը հնարավոր է ամեն ինչ: Օրվա խորհուրդը թանգարաններից պահանջում է ներկայանալ այնպես, ինչպես չեն ներկայանում սովորական օրերին: Առիթը բաց չէր թողել Էրեբունի պատմահնագիտական թանգարան-արգելոցը: Մայիսի 18-ին այստեղ հնարավոր էր ոչ միայն ծանոթանալ մշակութային ու պատմական արժեքներին, այլև վայելել հաճելի երաժշտություն՝ կենդանի կատարմամբ: Երեկոյան 10-ից թանգարան-արգելոցի բակում հնչում էին երաժիշտ-երգահան Լիլիթ Բլեյանի հեղինակային երգերը: «15 տարի առաջ, երբ դեռ լրագրող էի, առաջին ռեպորտաժս հենց Էրեբունի թանգարան-արգելոցի մասին էր: Տխուր նյութ էր, այն ժամանակ տարածքը շատ կեղտոտ էր: Հիմա սակայն ամեն ինչ փոխվել է», - պատմում է Լիլիթը:

Այն, որ «Թանգարանային գիշեր» ակցիան համընկավ Թանգարանների միջազգային օրվա հետ, ավելի պարտավորեցնող էր Էրեբունի թանգարան-արգելոցի համար: Պետք էր ներկայանալ հագեցած ծրագրով: «Այս օրը ժամ ու պատարագ չունի: Ցուցադրություններ, թատրոն, կինո ու երաժշտություն», - կատարվածից գոհ ներկայացնում է թանգարան-արգելոցի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Առաջին համերգի երգացանկը Լիլիթը միայնակ չէր կազմել: Facebook սոցիալական ցանցում ընկերներին խնդրել էր պատվերել երգերը, որոնք կուզեին լսել: Արդյունքում ընտրվել էր ութ երգ՝ հիմնականում անդրանիկ՝ «Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակից: «Ընկերներիս առաջարկություններն ու պատվերները իմ ցանկությունների հետ համընկան 100%-ով», - անկեղծանում է երաժիշտը:

Քաղաքների մասին պատմող մեղեդային երգերը հանդիսատեսն ընդունեց մեծ ջերմությամբ, նույնիսկ՝ ձայնակցելով: Առաջին համերգն ու երգելու համար ստացած առաջին ծաղիկները: Լիլիթի վախն ու ենթադրությունը, որ անձրև կգա ու մարդիկ կմրսեն, բարեբախտաբար, չիրականացավ: Եղանակը բարեհաճ գտնվեց, համերգից հետո էլ իսկական ժամանակն էր միջնաբերդ բարձրանալու ու գիշերային քաղաքը վայելելու։

Այս թեմայով