27 Հունիս 2013, 15:20
1740 |

Կամերային երաժշտության վերածնունդը

20-21-րդ դարերի հայ կոմպոզիտորների' դաշնամուրի և ջութակի համար գրված ստեղծագործություններն առաջին անգամ ի մի են բերվել' ամփոփվելով 12 ձայնասկավառակում. թողարկվել է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» խտասկավառակների նոր հավաքածուն։ Շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 26-ին' Թալալյան եղբայրների անվան միջազգային փառատոնի բացմանը։ Գաղափարի հեղինակն «Արս Լունգա» դուետն է (թավջութակահար' Արամ Թալալյան, դաշնակահարուհի' Ջուլիետա Վարդանյան)։ 2 տարի է պահանջվել, որպեսզի «Արս Լունգան» հայտնաբերի հայ կոմպոզիտորների կամերային գործերը. չէ՞որ դրանցից շատերը երբևէ չեն էլ կատարվել։ Եղել են նաև խմբագրվելու կարիք ունեցող նոտաներ, մի մասն էլ տպագրվել է առաջին անգամ։

Մոռացության փոշուց բազմաթիվ ստեղծագործություններ են մաքրվել և վերադարձվել երաժշտասեր հանրությանը։ Անթոլոգիայում ընդգրկված են 60 կոմպոզիտորի' տարբեր տարիների աշխատանքներ։ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիան» չի վաճառվելու։ Ձայնասկավառակների հավաքածուները տրամադրվելու են աշխարհի խոշորագույն համալսարանների, ակադեմիաների գրադարաններին ու ռադիոկայաններին։ Ալեքսանդր Սպենդիարյանից մինչև մերօրյա կոմպոզիտորների ստեղծագործությունները հանրահռչակելու ձգտումով հավաքածուն կհատկացվի նաև երաժշտական փառատոներին։

«Հայ կամերային երաժշտության անթոլոգիան» արդեն ընդգրկվել է Մոսկվայի կոնսերվատորիայի երաժշտագիտական գրադարանում։ Այն բաղկացած է լինելու մի քանի մասից։ Արդեն սկսվել են դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար գրված գործերի կատարման ու ձայնագրման աշխատանքները։ Տիգրան Մանսուրյանի և Վլադիլեն Բալյանի կամերային ստեղծագործություններն արդեն պատրաստ են' ներգրավվելու նոր անթոլոգիայում։

Այս թեմայով