28 Հոկտեմբեր 2013, 09:59
1930 |

Պոչատ աղվեսը վերադառնում է

Բազմաթիվ նյութեր փորձելուց հետո գեղանկարիչ Լևոն Աբրահամյանն ի վերջո որոշեց. իր դեբյուտային «Պոչատ աղվեսը» մուլտֆիլմը լինելու է պլաստիլինե:

Պլաստիլինի անձև կտորը մարդկային ձեռքի տաքությունից «նվաղում» է, մատների կոպիտ հպումներից ճկվում, ու աստիճանաբար նկատելի են դառնում ինչ-որ մեկի դիմագծերը: Այսպես իրար հետևից ծնվում են «Պոչատ աղվեսը» մուլտֆիլմի հերոսները: Ինչպես անել, որ դրանք երեխաներին դուր գան, գեղանկարիչ Լևոն Աբրահամյանը լավ գիտի: Փոքրուց հեքիաթներ է գրել, կերպարներ ստեղծել, ներկայացումների համար տիկնիկներ պատրաստել ու տիկնիկագործության խմբակ ղեկավարել: Հիմա սա արդեն միայն զբաղմունք չէ, այլ՝ լուրջ մասնագիտություն: Պլաստիլինե կերպարներով հեքիաթի գրքեր նկարազարդելուց հետո Լևոնը որոշեց դրանցով նաև մուլտֆիլմ նկարել. «Շատ նյութեր եմ օգտագործել մինչև պլաստիլինին հասնելը: Բոլորի մեջ սառնություն կար, իսկ պլաստիլինը տաք է, ու կերպարները բնական են ստացվում»:

Ամբողջ պատմությունը՝ դրվագ առ դրվագ, նախ նկարվել է մատիտով, հետո արդեն գեղարվեստական ֆիլմի նման՝ նկարահանում: Մուլտֆիլմի համար այստեղ ամեն ինչ չափազանց իրական է. կերպարներն ապրում են ձեռքով պատրաստված տներում, հագնում ձեռագործ շորեր: Միջավայրը նույնպես պլաստիլինից է, իհարկե միայն արտաքին շերտը: «Ներսում ուրիշ նյութեր ենք օգտագործում, որովհետև այդքան պլաստիլին օգտագործելը թանկ հաճույք է»,- ժպտում է Լևոնը:

Հատուկ մեխանիզմի օգնությամբ կերպարները սկսում են քայլել, խոսել, շարժել մարմինը: Բերանի հատվածը հաճած փոխվում է. տարբեր բառերի արտասանության համար բերանի՝ մեկ տասնյակից ավելի բացվածքներ են պատրաստել:

Թումանյանական հեքիաթը մուլտֆիմում ավելի հումորային է դարձել: «Մենք վերցրել ենք աղվեսի ձագուկ, որը խորամանկ չէ, այլ ազնիվ է, միամիտ ու չի հասկանում, թե մարդիկ իրենից ինչու են էդքան բան պահանջում: Մուլտֆիլմը սկսվում է պահմտոցու տեսարանով, աղվեսի ընկերները կորչում են, ու ինքը հայտնվում է տատիկի կաթսայի մոտ: Երեխային ուզում ենք ասել, որ ոչ թե անընդհատ վերցնել, այլ ինչ-որ բան տալ, ու ընդհանրապես՝ մարդկանց օգնել է պետք»:

Հիմա էկրաններին մի քանի «Դ» մուլտֆիլմեր են՝ բնության մեջ գոյություն չունեցող անոմալ կերպարներով, «սարսափելի» դինամիկ ու աղմկոտ: Լևոնն ասում է՝ այսօր աշխարհում ստեղծվող մուլտերի հետ չենք մրցում. նախ դրանց վրա 200 մարդ է աշխատում, իսկ իրենք 2-3 հոգով են: Բացի այդ, իրենց ընտրած ճանապարհն այլ է. « Արագ ռիթմին զուգահեռ անիմացիաների մեջ նաև մեծ ագրեսիա կա: Սա մեզ բացարձակ չի հետաքրքրում: Հակառակը՝ փորձում ենք մնալ մանկական ազնիվ վիճակի մեջ:

Մինչև տարեվերջ պետք է պատրաստ լինի մուլտֆիլմի առաջին 2 րոպեն: Հայաստանի ազգային կինոկենտրոնն այդքանի համար է գումար տրամադրել: Եթե լավ ստացվի, կնկարեն նաև մնացած 8 րոպեները: Ինչ են արել մինչ այժմ, Լևոնը գաղտնի է պահում: Բայց իր համար ամենակարևոր քննադատների կարծիքն արդեն լսել է. երեխաները տեսել ու սիրել են կերպարներին:

Այս թեմայով