03 Հունիս 2013, 13:56
1303 |

Հայաստանը` Անսիի փառատոնում

Ֆրանսիայի Անսի քաղաքում հունիսի 10-15-ն անցկացվող անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի կինոշուկայում ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Հայաստանը կունենա սեփական տաղավար, որտեղ կներկայանա Quantum jump 7 րոպեանոց մուլտֆիլմով: Հայկ Սահակյանցի մուլտֆիլմն առանձնահատուկ ու յուրովի է, քանի որ հայկական մուլտարտադրության պատմության մեջ առաջին անգամ կիրառվել են 3D տեխնոլոգիայի բոլոր հնարավորությունները։ Նոր ձևաչափով մուլտֆիլմը պատմում է չինացի տղայի մասին, ով ակնհայտ «հայկական» բնավորություն ունի։ Սցենարի հեղինակը Վարդան Զադոյանն է, նկարիչը՝ Էռնեստ Մուրադյանը։ Մուլտֆիլմի բյուջեն կազմել է 8 միլիոն դրամ։

«Ռոբերտ Սահակյանց փրոդաքշնը» կինոշուկայում կներկայացնի նաև «Անահիտ» լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմի նախնական տարբերակը:Ամենայն հավանականությամբ, տաղավարում կներկայանա նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը' հայկական անիմացիայի 75-ամյակին նվիրված նյութերով:

2012 թվականին փառատոնի հայկական տաղավարում Հայաստանը ներկայացել էր Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությամբ:

Աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկը' «Անսին», ստեղծվել է որպես Կաննի կինոփառատոնի մի մաս, իսկ 1960-ից սկսել է գործել առանձին: Անիմացիոն ֆիլմերի փառատոնն ամեն տարի կազմակերպվում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում. մասնակցում են ավելի քան 7 000 մասնագիտացած անիմատորներ և 400 լրագրողներ աշխարհի տարբեր անկյուններից:

Այս թեմայով