02 Հուլիս 2013, 11:11
1925 |

Հին ու բարի ֆիլմեր. մաս երկրորդ. թիթեռը

Մտադիր չեմ եղել հայ բանաստեղծներից որևէ մեկին էկրանավորել, բայց օրինակ, մինչև հիմա երազում եմ հայ միջնադարյան հեղինակ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» համար գրված ընկերոջս՝ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեյի գործից մի հատված ընդգրկել ֆիլմերիցս մեկի մեջ:

Դոսյե
Անդրեյ Յուրյեվիչ Խրժանովսկին ծնվել է 1939թ. Մոսկվայում: 1962-ին ավարտել է Կինոմատոգրաֆի համամիութենական պետական ինստիուտը (ԿՀՊԻ): Նույն տարում սկսել է աշխատել «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում: Ստեղծել է «Թիթեռը», «Հրաշալի օր», «Հիշողությամբ եմ թռչում ձեզ մոտ», «Աշուն», «Մեկուկես կատու» և այլ ֆիլմեր: ԿՀՊԻ դասախոս, անիմացիոն ֆիլմերի ռեժիսուրայի ամբիոնի վարիչ:

1993-ին Է. Նազարովի, Յ. Նորշտայնի ու Ֆ. Խիտրուկի հետ միասին ստեղծել ' «ՇԱՌ» (Школа аниматоров –режиссеров – անիմատոր-ռեժիսորների դպրոց) դպրոց-ստուդիան: «Ոսկե Խոյ»-ի ու «Կինոյի լեզվի զարգացման մեջ առանձնահատուկ ներդրում» (1994թ.) մրցանակների, «Ազգային մշակույթի ավանդույթների զարգացման, պահպանման ու բազմապատկման մեջ ներդրման համար» պուշկինյան ոսկե մեդալի դափնեկիր է(1999թ.): Հանդիսանում է «Նիկա» կինոմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի անդամ:

Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի պետական մրցանակների դափնեկիր:

Մեկուկես կատու
«Մանկուց սիրել եմ նկարել ու նայել պատերի պաստառներին: Երբեք չեմ զղջացել, որ հենց ռեժիսուրան է դարձելկյանքիս զբաղմունքը: Իսկ անիմացիայի ռեժիսորը այդ մասնագիտության մասնավոր դեպքն է: Բանաստեղծությունների հիման վրա ֆիլմեր նկարելը շատ բարդ խնդիր է: Այստեղ ահռելի դեր են խաղում ներքին, խորը անձնական դրդապատճառները: Օրինակ, լինում են բանաստեղծություններ, որոնք ընդմիշտ մեջդ են մտնում, ու իրենց շուրջ որոշ թվով մարդկանց հավաքում, որոնց ցանկացած պահի կարող ես զանգել ու ասել' «Գիտե՞ս՝ աշնան քամին ծաղիկներիցս ամենանուրբը թմբի վրա կոտրեց,
Ու ոչ մի կերպ խելքս տեղը չի գալիս, հոգիս թախծում է, միտքս պղտորվեց,
Թախծում եմ ոչ միայն, որ ցեխոտվեց. այն ինձ համար, չգիտես' ինչու, թանկ էր,
Աշնան քայլերը մոտիկ զգացի, թորշոմած կյանքի մեռելահոտ շրշյունն էր» …

Արդյունքում ասես սեփականացնում ես այդ բանաստեղծությունը' ճիշտ ինչպես Պուշկինի կամ Լերմոնտովի տողերը: Միխայիլ Յուրևիչի մի էջն արդեն բավական է մի ամբողջ ֆիլմի համար, բայց դրան դեռ հասնել է պետք, պետք է հասուն լինել: Վերջին ֆիլմս նկարված է Իոսիֆ Բրոդսկիի բանաստեղծության հիման վրա: Դրան հասնելու համար էլ երկար ժամանակ պահանջվեց:

«Մեկուկես կատու» ֆիլմում Բրոդսկին ասում է, որ հաստատ անցյալ կյանքում կատու է եղել: Կարծում եմ՝ ես էլ, ու հաստատ եղել եմ շեկ ու փափուկ: Չեմ սիրում հարթ ու չար սիամականներին: Ինձ, ճիշտն ասած, մեկ-մեկ թվում է, թե իրական կյանքում էլ եմ կատու: Ես համաստեղությամբ էլ եմ Կատու ու նաև այլ տարբեր զուգադիպություններով էլ: Երևի ամեն ինչ կարող էի լինել, բացի կովից: Իմ ու Բրոդսկիի նմանություններն այսքանով չեն սահմանափակվում: Ես էլ նրա պես ապրում էի կոմունալ բնակարանի մեկուկես սենյակում: 33 սենյակի բաժին էր հասնում մի լոգարան ու մի զուգարան: Հետներս Ներքին գործերի ազգային կոմիսարիատի երկու լեյտենանտ ու նույն ուղղվածության էլի մի քանի մարդ էր ապրում: Դրանից բացի, ես էլ, Բրոդսկին էլ շատ լավ հարաբերություններ ունեինք մեր ծնողների, ընկերների ու մեզ շրջապատող բոլորի հետ:

Մտադիր չեմ եղել հայ բանաստեղծներից որևէ մեկին էկրանավորել, բայց օրինակ, մինչև հիմա երազում եմ հայ միջնադարյան հեղինակ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» համար գրված ընկերոջս՝ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեյի գործից մի հատված ընդգրկել ֆիլմերիցս մեկի մեջ: Ճիշտն ասած՝ վաղուց է, ինչ հայ բանաստեղծների գործեր չեմ կարդում: Նրանց հետ ծանոթացել էի, երբ ընդհանուր հետաքրքրություն ունեի պոեզիայի հանդեպ: Հիմա սարսափելի է հիշել, թե երբ էր դա: Ես տեսնում եմ, թե ինչքան գեղեցիկ են ձեր երկիրն ու մշակույթը: Բայց դրանք պահանջում են խորը ընկալում, ո՛չ մակերեսային գիտելիք: Հոգիս դեռ լի է հիացմունքով ու երախտագիտությամբ, բայց չգիտեմ, թե սա ինչով կարող է ավարտվել: Մի քանի օր առաջ վերադարձա Ամերիկայից ու մտածեցի' «Այ հիմա ամերիկյան գրականությունն ու ֆիլմերը կընթերցեմ ու կնայեմ»: Բայց հանկարծ՝ Հայաստան այցելելու հրավեր, ու ես նորից մտածում եմ' «Չհասցրեցի ճանապարհ ընկելուց առաջ Մանդելշտամ կարդալ»: Ի դեպ, նրա համար նույնպես հայաստանյան հուշերը շատ թանկ էին: Այնքան թանկ, որ երբ ժողովածու հրատարակելու հնարավորություն առաջացավ, բայց գրաքննությունը բացառեց հայկական ցիկլը, նա հրատարակումից հրաժարվեց:

Կարծում եմ' շատ բան ենք կորցրել Սովետական միության փլուզումից հետո. բոլորը քաշվեցին անկյունները՝ դադարելով սնվել միմյանցից: Իսկ մի ժամանակ այդպես չէր. մենք ապրում էինք որպես մի մեծ, սիրուն ընտանիք: Չեմ ուզում ոչ մեկին առանձնանցնել՝ յուրաքանչյուր դպրոց ուներ իր յուրահատկությունը: Հայկականը շատ էի սիրում: Դուրս, մասնավորապես, գալիս էր Ռոբերտ Սահակյանցի աշխատանքը: Ինձ թվում էր, որ նրա գործերի մեջ արտացոլվում էին հայկական մշակույթի լավագույն ավանդությները: Ռոբերտ Սահակյանցին այսօր կարելի է լիովին համարել Հայաստանի, ավելի ճիշտ՝ հայկական մուլտիպլիկացիայի բրենդը: Հայաստանի բրենդ կնախընտրեի համարել Արարատը՝ և՛ որպես լեռ, և՛ որպես կոնյակ:

Բոլորիս մոտ այսօր դեպի մեր ընդհանուր երիտասարդություն վերադարձի զգացողություն կա: Շնորհակալ եմ Հայաստանի ընկերներիս, որ ազգային մուլտիպլիկացիայի յոթանասունամյակը մեր ընդհանուր տոնը դարձրեցին. այն մեզ համար նույնքան կարևոր է»:

Շարքը' շարունակելի

«Ереван» ամսագիր, N1-2, 2009

 

Այս թեմայով