04 Հունիս 2013, 14:08
663 |

Ֆոտոպատմաբանի աշխարհում

Գյուլերը կարող է անվերջ զրուցել իր լուսանկարների մասին, բայց ուրիշ թեմաների շուրջ քիչ է խոսում. կամ միանգամից փակում է խոսակցությունը, կամ էլ պատասխանում հակիրճ:

Ավելի քան 800 000 լուսանկարների հեղինակ, «անգերազանցելի ֆոտոպատմաբանի» տիտղոսակիր հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը ծնվել է 1928-ին Ստամբուլում: Երբ իմացա, որ պետք է մեկնեմ այդ քաղաք, որոշեցի ամեն գնով տեսնել նրան: Մեր հանդիպումը տեղի ունեցավ տպագրատներից մեկում: Գյուլերը սկզբում ինձ պատշաճ ուշադրության չարժանացրեց, բայց ամեն ինչ փոխվեց, երբ իմացավ, որ հայ եմ: Մինչև պաշտոնական հարցազրույցին անցնելը Գյուլերը խոսում էր հայերեն, այն էլ' բավական սահուն: Երբ առաջարկեցի սկսել հարցազրույցը, միացնել ձայնագրող ու տեսագրող սարքերը, Գյուլերը ասաց, որ կխոսի միայն անգլերեն: Հայը հայի հետ զրուցեց օտար լեզվով:

Դուք ֆոտոպատմաբան եք, այսինքն ձեր բոլոր լուսանկարները ինչ-որ հատուկ իմաստ ունե՞ն:
- Շատ լուսանկարներ ունեմ, իրական թիվը չգիտեմ: Կարծում եմ՝ դրանցից ոչ մեկն անիմաստ չէ, օրինակ մի լուսանկար ունեմ, որտեղ փոքրիկ աղջկա ձեռքում հաց է, իսկ տղայի ձեռքում՝ ատրճանակ. լուսանկարն անարխիա է խորհրդանշում: Մեկ այլ լուսանկարում երկու դատարկ աթոռներ են, հեռացող նավ ու մայրամուտ, դրա միջոցով էլ ցույց եմ տվել անվերջ հոսող ժամանակը: Իմ բոլոր լուսանկարներն իմաստ ունեն, բայց միևնույն ժամանակ դրանք պատահական են արվել, ես երբեք չեմ բեմադրել:

Դա նշանակում է, որ ձեր լուսանկարներում ոչ մի հատուկ ընտրված միջավայր, ռեկվիզիտ չկա՞:
- Այո, հենց դա էլ նշանակում է: Ես լուսանկարելիս ոչ մի բան նախօրոք չեմ որոշում, ուղղակի վազում եմ քաղաքով մեկ, ֆոտոխցիկը ձեռքիս' ամեն վայրկյան պատրաստ լուսանկարելու, որովհետև իմ գլխում ամեն ինչ՝ ինձ շրջապատող աշխարհը, քաղաքը, մարդկանց տեսնում եմ օբյեկտիվի միջից: Իմ աշխարհը ֆոտոխցիկի օբյեկտիվն է: Սա, իհարկե, չի վերաբերում լուսանկարների այն շարքին, որն արել եմ հայտնի մարդկանց հետ: Դա ուրիշ պատմություն է:

Ձեր որոշ աշխատանքներ 50-60 տարեկան են, իսկ գիտե՞ք' ուր են հիմա Ձեր հերոսները:
- Ես ուղղակի լուսանկարում էի այդ մարդկանց, նրանք երբեք իմ տեսախցիկի առջև կեցվածք չեն ընդունել, այդ պահին ստացվել է' ինչ ստացվել է: Եթե չլինեին այս լուսանկարները, դուք երբեք նրանց չէիք տեսնի, չէիք իմանա նրանց մասին: Նրանք հիմա երևի թե մահացել են, բայց առ այսօր կենդանի են իմ լուսանկարներում:

Պարոն Գյուլեր, տասնամյակներ են անցել, փոխվել են Ստամբուլի սովորությունները, իսկ մարդի՞կ:
- Մի ժամանակ այս քաղաքում ապրող մարդիկ այլ էին, հիմա փոխվել են, որովհետև Ստամբուլը դարձել է Թուրքիայի ամենակարևոր քաղաքներից մեկը: Ներգաղթը շատացել է, և պարզ է, որ այդ հանգամանքն ազդել է նաև մարդկանց վրա: Իմ լուսանկարներում կան երևույթներ, որոնք այլևս գոյություն չունեն: Նույնիսկ Ստամբուլում ապրող մարդիկ գլխի չեն ընկնի, թե ինչ լուսանկարներ են դրանք ու որտեղ են արված: Ես ու իմ ֆոտոխցիկը պատմություն ենք ստեղծում: Ամեն ինչն փոխվում է, դուք չեք կարող տեսնել իմ երիտասարդ օրերի Ստամբուլը: Այսօր ամեն ինչ այլ է:

Այս թեմայով