05 Հունիս 2013, 10:37
273 |

Ստամբուլի աչքը Երևանում

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ու դեռ երեք ամիս կգործի աշխարհահռչակ թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը: «Բարև ձեզ» խորագիրը բոլորովին պատահական չէ՝ հաշվի առնելով, որ վարպետի՝ Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած ցուցահանդեսները բացվել և փակվել էին առանց նրա ներկայության: Պաշտոնապես աշխարհի յոթ լավագույն լուսանկարիչներից մեկը ճանաչված Գյուլերն այս անգամ անձամբ էր եկել ողջունելու իր հանդիսատեսին: Բնականաբար, ցուցասրահն անսովոր մարդաշատ էր, իսկ օդում ոգևորության, պատմության հետ առնչվելու պատրանք կար:

Մեծից փոքր, տարբեր հետաքրքրության տեր մարդիկ եկել էին տեսնելու աշխարհահռչակ լուսանկարչի՝ աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արած ավելի քան 100 լուսանկարներ: Պատահական չէր, որ սիրողական լուսանկարիչներից մինչև պրոֆեսիոնալներ, ովքեր մեկ անգամ չէ, որ լուսանկարչության հմտություններն ուսանելու, գաղտնիքները բացահայտելու համար զննել էին Գյուլերի աշխատանքները, ավելի շատ եկել էին տեսնելու ոչ թե լուսանկարներն, այլ լուսանկարչին։ Նրան, ով օբյեկտիվից անդին է: 85-ամյա Արա Գյուլերը, չնայած իր պատկառելի տարիքին, առիթը բաց չէր թողնում սրամիտ կատակ անելու կամ ժիր աչքերով դիպուկ հայացք նետելու, գրեթե աննկատ շարժումներով իր հույզերն արտահայտելու: Ձեռքին ֆոտոխցիկ չկար, բայց հայացքը ֆիքսում ու մտապահում էր բոլոր կարևոր դրվագները, որսում հիացական հայացքներն ու երախտագիտությամբ ընդունում հորդացող գովասանքի խոսքերը:

Վարպետի հետ լուսանկարվելու, նրա մակագրությունը ստանալու համար գոյացած հերթն անվերջ էր, բայց նրա համբերությունը, պարզվեց, առավել անվերջ է: Իր լուսանկարները հայերեն մակագրող «Ստամբուլի աչքն» այդ օրը շռայլ էր, հավանաբար, պատմական հայրենիքում գտնվելու փաստն արդեն իսկ երջանկություն էր նրա համար: «Երջանկությունը այն է, ինչ ես տեսնում եմ իմ օբյեկտիվի միջով»,- արտաբերեց վարպետը՝ ևս մեկ անգամ փաստելով իր և ֆոտոխցիկի հարազատությունն ու միասին անցած ճանապարհի անձնականությունը: Ավելի քան 800 000 լուսանկարների հեղինակը, ում պատվով ընդունել և մեծարել են աշխարհի տարբեր անկյուններում, ում ֆոտոխցիկն անմահացրել է այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Պիկասոն ու Դալին, Փարաջանովն ու Սարոյանը, Չերչիլն ու Գանդին, Հայաստանում է: Նրա հետ հայրենիք եկած շուրջ 130 լուսանկարները, որոնցից 30-ի ցուցադրության համար, ցավոք, տարածքը չբավականացրեց, ընդմիշտ կմնան Հայաստանում։

Այս թեմայով