23 Մայիս 2013, 11:57
4239 |

Շառլը` իր ամբողջ հմայքով

«Ու ես տեսա նրան` պրեմիերայի հանդիսատեսին` լուռ կանգնած իմ դեմ։ Փառքի թևերը գրկում են ինձ, ժողովուրդն ինձ առնում է իր սրտի մեջ, իսկ իմ սիրտը հուզմունքից հալչում է։ Այդ երեկո ես նվաճեցի Փարիզը»։

Փարիզի աղքատ արվարձաններում մի կտոր հացի հույսով թափառող տղաները կարող էին մինչև կյանքի վերջ այդպես էլ մնալ լրագրավաճառ կամ կոշիկ մաքրող։ Բայց ոչ երբեք նա՝ վտիտ, ցածրահասակ, եվրոպացուն ոչ բնորոշ դիմագծերով, ծակ կոշիկներով, կաբարեների ու սրճարանների պատուհաններից ներս նայող տղան։ նա արտիստ էր ուզում դառնալ։ Նա ուզում էր արվարձանային Փարիզից մյուս Փարիզն անցնել, որտեղ կյանքն այլ էր' բոհեմային։ Իսկ դրա համար պետք էր նվաճել այդ Փարիզը, գրավել նրա սիրտը։

1924-ի մայիսի 22-ին Փարիզի ծննդատներից մեկի մանկաբարձուհին, չտիրապետելով հայոց լեզվի հնչյունաբանությանը, Միքայել և Քնար Ազնավուրյանների նորածին որդու «Շահնուր» անունը չի կարողանում արտասանել ու կնքում է նրան «Շառլ»: Բնությունը շատ չէր տանջվել տղային գեղեցիկ ստեղծելու համար։ Երբ Շառլը մեծացավ, բնության չկամությունն ավելի անվիճելի դարձավ' 1, 64 մ հասակ, փոխարենը' ակտիվ աճող քիթ, նիհար կազմվածք, երազկոտ ու խոշոր աչքեր։ Արծվաքթի պատճառով երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիստները, Շառլին հրեայի տեղ դնելով, ամեն օր մինչև տուն հետևում էին։ Ամեն առավոտ Շառլի ընկերուհին ստիպված էր լինում գերմանացիների առաջ դուռը հորանջելով բացել ու ասել. «Շառլ, քեզ են ուզում, քթիդ համար են եկել»։ Ազնավուրը շուտով իր հայկական բարեմասնությունից ազատեց, ընկերների հորդորով քիթը վիրահատելով, բայց միևնույն է' դժվար էր ասել, թե երիտասարդը գեղեցիկ ու հմայիչ էր։ Իսկ նա ուզում էր հենց այդպիսին լինելվել Փարիզի բարձրաշխարհիկ ու արվեստասեր հասարակության աչքին։

Ցուրտ, քաղց, աղքատություն, բայց առաջ գնալու անդրդվելի մղում։ «Ընդամենը 15 տարեկան էի, բայց հասկացա, որ եթե երկայնահասակ, շեկ, կապուտաչյա մի տղա չես, այլ թուխ, նիհարիկ, մեծ քթով, պետք է անվանի լինես, եթե ուզում ես դուր գալ կանանց»,- եզրակացրեց պատանի Շառլը։ Իսկ նա սիրում էր կանաց, կանայք էլ ոգեշնչում էին ու նոր երգերի առիթ դառնում։ Երգերը ծնվում էին կյանքի ամենասովորական զգացողություններից' պարզ, անմիջական ու հոգեհարազատ: Բայց երգերի համար գրոշներ էին տալիս։ Կաբարեների ու ռեստորանների տերերը Շառլին առաջարկում էին ամեն տեսակ աշխատանք, բացի երգելուց ու նվագելուց։ Իսկ տանը' հայելու կամ հարազատների առաջ, նա գրիմ արած ելույթ էր ունենում, խոնարհվում ու ծափեր պոկում։ Հայրը, մայրն ու քույրն էլ էին արտիստ, աղքատ ու անդրդվելի լավատես։ «Մեր ընտանիքը սիրում էր ծիծաղել, երգել, պարել և …արտասվել։ Հայը շատ զգացմունքային է ու հաճախ է լաց լինում։ Նա լաց է լինում, երբ անգամ ուրախ է»,- հիշում է Ազնավուրը։

Աղքատությունը չընկճեց Շառլին, բայց կոշիկի տեսքով ուրվականը հետապնդում էր նրան ամբողջ կյանքում։ «Այդ տարիներին այնքան եմ կոշիկի կարիք զգացել, այնքան եմ ցանկացել կոշիկ ունենալ, որ հիմա, երբ խանութ եմ մտնում, միանգամից 20 զույգ եմ գնում։ Պահարանիս մեջ մի 100 զույգ ունեմ»,- խոստովանում է Ազնավուրը։

Շուտով Շառլը բախտակից ընկեր գտավ' Պիեռ Ռոշին։ Դռներ թակելն ու մերժվելն ավելի հեշտ դարձավ' մենակ չէր, երկուսով էին։ Շարունակում էր երգեր գրել, բայց կատարել չէր կարող, մերժում էին' ձայն չունես։ Ռոշն էր երգում։ Ի՞նչ իմանար, որ մի քանի տարի հետո' 1944-ին, իր գրած «Ես խմած եմ» առաջին երգն ընկերոջը' Ժորժ Ուլմերին, գրան-պրի է բերելու։ Ոչ ոք չիմացավ, որ դա Շառլի երգն է։ Իսկ առայժմ առաջարկվող նոտաներին 10-20 ֆրանկ էին տալիս։ Նա մտադրություն չուներ ոճը փոխել, գիտեր' մի օր հազարավոր ֆրանկներ են առաջարկելու իրեն։ Շառլ-Ռոշ դուետը կամաց-կամաց ներթափանցեց Փարիզի կաբարեներ ու սրճարաններ, տղաների գրպաններում սկզբում զրնգաց մի քանի սու, հետո խշխշացին ֆրանկները։

Ինքնավստահությունը կողպված դռներ է բացում, այդ թվում և' Էդիտ Պիաֆի տուն-ամրոցի։ «Փոքրիկ ճնճղուկն» առաջին իսկ հանդիպումից նկատեց Շառլին։ Նա առաջինն էր, որ հավատաց անհաջողակ երգչի տաղանդին, տեղ տվեց իր հոգում ու «Կոմպանիոն դը լա շանսոն» խմբում։ Պիաֆը կանխատեսել էր. «Մի օր հետ կվերցնես այն երգերը, որ ուրիշների համար էիր գրել, ու ժողովուրդը, որը երբեք չի սխալվում, հաղթական կընդունի դրանք»։ Սակայն հանդիսատեսը դեռ պատրաստ չէր ընդունել Շառլին։ Ամեն անգամ երգի առաջին նոտաներից սուլում էր ու բղավում էր' պահանջելով ազատել բեմը։ «Նվաստացում, հուսալքություն, բժիշկների անկոտրում եզրակացություն, թե ձայն չունեմ, ձայնալարերս չեն գործում, լավ կլինի՝ մասնագիտությունս փոխեմ»,- պատմում է Ազնավուրը։ Բայց նա բեմ էր ուզում, երգել' իր ձևով ' պարզ, շոշափելու չափ իրական, առանց հատուկ բեմականացումների, իմպրովիզներով, մի հատիկ թաշկինակ ձեռքին։

Ու փորձեց ուժերը կինոյումնկարահանվեց անվանի ռեժիսորների' Ժորժ Ֆրանժյուի, Անդրե Կայատի, Կլոդ Լելուշի ֆիլմերում։ 1950-60-ականներին նա արդեն հայտնի դերասան էր։ Սակայն բաղձալին եղել ու մնում էր բեմը. «Ինձ միշտ ձգել են անկեղծ խոստովանությունները միակ դատավորիս' հանդիսատեսի առաջ։ Անչափ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ անցկացրեց փորձությունների միջով, երազելու և այդ երազն ապրելու հնարավորություն տվեց։ Դժվար կյանքս ու խաբված սերերս էին, որ ինձ դարձրին այն, ինչ կամ։ Եվ անհամեստորեն համարձակվում եմ ասել՝ ես ինձ դուր եմ գալիս»։

Փառքը ժպտաց նրան մեկևընմիշտ: Ու խոստովանում, որ միշտ ապրել է իր հնարավորություններից բարձր։ Չի հասցրել հարկերը վճարել, խրված է եղել պարտքերի մեջ, գրպանում ոչ մի սու չի ունեցել, բայց ուրախացել է, երբ մամուլն իրեն միլիոնատեր է համարել։ Իսկ մինչ այդ' նույն մամուլը տարիներ շարունակ գրում էր. «Ազնավուրը չվաճառվող ապրանք է, որովհետև ուտելու բան չէ։ Այդ խռպոտ ձայնի տեր մարդը երբեք բեմ չի բարձրանա։ Բարեբախտաբար, այն մարդիկ, որոնք ասպարեզ են բացում արտիստների առաջ, որոշել են բոլոր դռները փակել նրա համար։ Նա կարիերա չի ստեղծի, քանի որ չունի լավ արտիստի և ոչ մի տվյալ։ Լավ կլիներ, եթե Ազնավուրը հաշվապահությամբ զբաղվեր»։

Երբ Ազնավուրը վճռեց դուրս գալ Էդիտ Պիաֆի խմբից և ինքնուրույն, մենակ աշխատել, երգարվեստի աշխարհում դա դիտվեց իբրև մահապատիժ։ Ազատության ու անկախության պահանջը՝ պաշտոնազրկում որակվեց։ Բոլորը կարծում են' Պիաֆն է Շառլին հանել իր խմբից, նրան վերաբերվում են' իբրև ապաշնորհի ու լքվածի։ Մինչդեռ նույն Պիաֆը, ինչպես նաև Ժյուլիետ Գրեկոն, Ժիլբեր Բեկոն հենց Շառլի երգերով էին հայտնի դարձել։ Արդեն որպես միայնակ արտիստ'Ազնավուրը հանդես եկավ «Պակրա» մյուզիք-հոլում։ «Վերջին հաշվով այնքան էլ զզվելի չէ»,- այսպես գնահատեց նրան հանդիսատեսը։ Փոքրիկ համերգներ, հետո'սիրո որոնման գիշերային թափառումներ, ու յուրաքանչյուրից հետո ծնված նոր երգ։

Ազնավուրը 1960-ականներին «Օլիմպիայում» առաջին անգամ ձեռնոց նետեց Փարիզին և շահեց մարտը։ Այն Փարիզը, որն ընդամենը մի քանի տարի առաջ արհամարհում, ծաղրում էր, խոնարհվեց նրա տաղանդի առջև։ «Շանսոնի արքայի» երգերը նույն պարզության էին, որքան առաջ ու ինչպես միշտ, այլ էր դրանց ընկալումը, ինչնը ձեռք էր բերվել համառության, անկոտրում կամքի շնորհիվ։ Գիշերային թափառման արդյունքներն այնքան շատ էին ու այնքան գեղեցիկ, որ Ազնավուրը որոշեց խիզախել ու համերգ տալ: «Օլիմպիա» դահլիճի ինքնավստահ տերը ռիսկի դիմեց՝ պայմանագիր կնքելով նրա հետ։ Կամ հիմա, կամ երբեք. ճակատագրական երեկոյի վախը պարուրեց Շառլին։ Բեմում միայն ինքն է ու երաժիշտները, որոնց վարձել է ապրուստի վերջին միջոցներով: Օրը վրա հասավ, «Օլիմպիայում» ասեղ գցելու տեղ չկար, մինչդեռ նրա խռպոտ ձայնը հազիվ է դուրս գալիս կոկորդից: Դահլիճի տերն արդեն փոշմանել էր, երբ երգի ավարտից հետո դահլիճը թնդաց ծափահարություններից: Հաջորդ օրը թերթերը գրեցին. «Ազնավուրը հաջողության հասավ, որովհետև վերջապես փոխվեց»։ Մինչդեռ ոչինչ էլ չէր փոխվել' ոչ Ազնավուրը, ոչ նրա երգերը։ Պարզապես արտիստը երբեք չհարմարվեց հանրության ճաշակին ու չհարմարեցրեց իր երգերը նրա պահանջներին, այլ քար ծակող կաթիլի պես ներթափանցեց Փարիզի, հետո' ամբողջ աշխարհի մարդկանց հոգիներն ու ալեկոծեց իր պարզ, մարդկային, կյանքի պոեզիայով ու զրուցելու չափ անմիջական երգերով։ Տասնամյակներ պահանջվեցին' նյարդերի գերլարում, կամքի գործադրում։

«Սկսում եմ նամակներ ստանալ անծանոթ մարդկանցից, փող են խնդրում. «աստղ» դառնալու նշան է»,- կատակում էր Ազնավուրը: Ազնավուրի ձայնասկավառակների ընդհանուր տպաքանակը գերազանցեց 100 միլիոնը, նա 800-ից ավելի երգերի հեղինակ է։ «Երգն ինձ համար ապրուստի միջոց չէր լոկ, այլև ապրելաձև' իր ուրախություններով, բարոյախոսություններով ու դոգմաներով։ Այսօր բազմաթիվ երգիչներ անհետ կորչում են, որովհետև երգին չեն հավատում, այլ իրենց բանկային հաշիվներին»,- նկատում է շանսոնի արքան:

Այս թեմայով