22 Մայիս 2014, 08:32
10078 |

8 պատճառ, թե ինչու հպարտանալ Ազնավուրով

Մայիսի 22-ին աշխարհի տարբեր անկյուններում ու հատկապես Հայաստանում և Ֆրանսիայում նշվում է շանսոնյեի ծնունդը: Ազնավուրն 90 տարեկան է: Ֆրանսիական շանսոնը բոլոր ժամանակներում չգերազանցված կլինի՝ շնորհիվ Ազնավուրի: Նա շանսոնը հանեց կաբարեների միջավայրից ու դարձրեց դասական արվեստ՝ հասցնելով մինչև աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներ ու բեմեր: «Դուք կնվաճեք աշխարհը, քանի որ հուզել գիտեք»,- ասել է Շառլ դը Գոլը Շառլ Ազնավուրին:

Ազնավուրի շնորհիվ աշխարհն իմացավ քարտեզի վրա Հայաստանի տեղը
«Ես կիսով չափ հայ եմ և կիսով չափ ֆրանսիացի: Ես նման եմ կաթով սուրճի, երբ կաթը սուրճից առանձնացնելն ուղղակի անհնար է»,-ասել է Ազնավուրը: Նա միշտ հպարտությամբ է նշել իր ծագումը, ընդգծել, որ իր տեսակի համար պարտական է իր հայկական արմատներին, էրզրումցի հոր ու իզմիրցի մոր դաստիարակությանը: Ազնավուրն իր փառքի ճանապարհին տարբեր բեմերում ու հարցազրույցներում մշտապես հնչեցրել է Հայաստան անունը, պատմել Հայոց ցեղասպանության մասին, նաև, թե ինչու են ինքն ու իր նման միլիոնավոր հայեր հայրենիքը կորցրած՝ հայտնվել օտար երկրներում:

Շանսոնի արքան՝ հայ
Շանսոնի մայրենի լեզուն ֆրանսերենն է: Ինչքան էլ ռուսները կոկորդ պատռեն, միևնույն է, շանսոնը ստեղծված է ֆրանսերենի համար, ինչպես կրուասանը կամ Էյֆելը՝ Փարիզի: Հայերս հպարտանում ենք, որ «Շանսոնի արքա» տիտղոսակիրը ոչ թե ֆրանսիացի է, այլ հայ: Նրա երգերը յուրովի մատուցել, էքսպերիմենտներ անել կարող են, բայց նրան գերազանցել կամ նմանակել՝ երբեք:

Ազնավուրը Հայոց ցեղասպանությունից փրկված հայության խորհրդանիշն է
Աշխարհում երկու մեծ հայ կա՝ Շառլ Ազնավուր և Վիլյամ Սարոյան. մեծ, որովհետև իրենց հեղինակությամբ ու հանճարով աշխարհին ստիպում են հայացք ուղղել ոչ միայն իրենց արվեստի, այլ նաև Մեծ եղեռնի փաստի վրա:
Սարոյանն անգլերենով գրեց, Ազնավուրը ֆրանսերենով երգեց Հայոց ցեղասպանության մասին: Ազնավուրը Մեծ եղեռնից փրկվածների կենդանի հուշարձանն է, որ կանգնելով Թուրքիայի կամ մեծ տերությունների առաջ՝ անընդհատ հիշեցնում է նրանց, որ մեր դատը դեռ արդար լուծում չի ստացել:

Ազնավուրն ազդեցիկ ֆիգուր է աշխարհի աչքում
2009-ի մայիսից Ազնավուրը Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակագ և լիազոր դեսպանն է, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և միջազգային այլ կառույցներում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 1995-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպան է, Հայաստանի մշտական դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Անհերքելի է, որ միջազգային կարևոր հարցերն ու ճակատագրական խնդիրները հաճախ լուծվում են հեղինակություն ունեցող ֆիգուրների միջոցով: Ազնավուրը միայն երգիչ չէ, նա ազդեցիկ ու միջազգային հարգանք վայելող անհատականություն է. ու եթե Ֆրանսիան ակտիվ է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում, մեծ է նաև Ազնավուրի գործոնը: Նա մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների վրա: Ֆրանսիայի նախագահների հայաստանյան այցերի շարժառիթը նաև Ազնավուրի նկատմամբ խորն ակնածանքն է:

Ազնավուրի շնորհիվ աշխարհը ձեռք մեկնեց երկրաշարժից ցնցված Հայաստանին
1988-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ Հայաստանը դեռ Սովետական Միության կազմում էր: Շատերը գիտեին, որ Սովետական կայսրությունում աղետ է եղել: Բայց թե որ հատվածում, որտեղ է ցնցում ապրած Արմենիան, դժվար թե իմանային, թե չլիներ Ազնավուրը: Նրա մի կոչը բավական էր, որպեսզի բազմաթիվ երկրներ համախմբվեին և օգնության ձեռք մեկնեին: Հայաստան անունն առաջին անգամ լսող միլիոնավոր մարդիկ, ի պատիվ Ազնավուրի, մարդասիրական աջակցություն ցուցաբերեցին: Օտարերկրյա տասնյակ հեռուստաընկերություններ, տպագիր պարբերականներ ցուցադրեցին այն կադրերը, որոնցում վշտից քարացած Ազնավուրն էր՝ ավերված Սպիտակում ու Գյումրիում: Եվ միջազգային օգնությունը՝ կամավորների հոսքը, պարենային ու ֆինանսական աջակցությունը մեծ թափ հավաքեց: Սա այն դեպքն էր, երբ մարդիկ զուտ գթասրտությունից դրդված չէին օգնում. նրանց համար մեծ պատիվ էր ներդրում ունենալ Ազնավուրի հայրենիքի վերականգնման գործում: Աշխարհի 90 երգիչ, դերասան, արվեստագետ միահամուռ երգեցին «Քեզ համար, Հայաստան»: Այն լոկ երգ չէր, այլ կոչ մոլորակի ուշադրությունն ավերված Հայաստանին սևեռելու կանչ: Երկրագնդի վրա և ոչ մեկին չէր հաջողվի միանգամից համախմբել 90 հեղինակավոր արվեստագետների ու օրհներգին համարժեք երգ ստեղծել: Երգը հնչել ու տեսահոլովակը ցուցադրվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ դարձյալ շնորհիվ Ազնավուրի: Երգի բառերն Ազնավուրինն են, երաժշտությունը՝ Ժորժ Կարվարենցինը: Տեսահոլովակը վաճառվել է ռեկորդային 2 միլիոն օրինակով:

Հիմնադրամ՝ «Ազնավուրը` Հայաստանին»
1988-ի երկրաշարժից անմիջապես հետո Ազնավուրը Փարիզում ստեղծեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, որի ներկայացուցչությունը 1993-ին բացեց նաև Հայաստանում: Ազնավուրը բազմիցս եկել է Հայաստան՝ անձամբ տեսնելու, թե ինչ կյանքով է ապրում աղետի գոտին, ինչպես է փորձում ոտքի կանգնել: Նա նվիրատվություններ է անում ու բարեգործական համերգներ կազմակերպում՝ հասույթը փոխանցելով երկրաշարժից տուժածներին:

Ազնավուրն ամենաճանաչված ու պահանջված հայ արվեստագետն է
Նա գրել է ավելի քան 1000 երգ, նկարահանվել 60 ֆիլմերում: 100 միլիոն ձայնասկավառակ է վաճառել: Նա «20-րդ դարի լավագույն արվեստագետ» տիտղոսակիրն է, Հայաստանի Ազգային հերոս: Ազնավուրի երգերն այնքան սիրված ու պահանջված են, որ դրանք բացի իրենից, կատարել են նաև Ռեյ Չարլզը, Լայզա Մինելին, Ջո Դասենը, Էդիտ Պիաֆը, Հուլիո Իգլեսիասը, Շերը և այլն: Ազնավուրի հետ երգել են Լուչիանո Պավարոտին, Պլաչիդո Դոմինգոն, Լայզա Մինելին, Միրեյ Մաթիոն, Պատրիսիա Կաասը:

90-ամյա Շառլը շարունակում է երգել
Նա 90 է ու էլի երգում է: 21-րդ դարի լեգենդի համերգներն ամենասպասված իրադարձություններն են բոլոր երկրներում: Ազնավուրը համերգային վերջին շրջագայություն է կատարում: Ելույթից դեռ ամիսներ առաջ տոմսերն սպառված են լինում: Բոլորը ջանում են թեկուզ մի պահ բեմի վրա տեսնել արտիստին ու հիշարժան ակնթարթով հպարտանալ ամբողջ կյանքում: Ազնավուրը մայիսի 12-ին երևանյան բեմում էր. խոսեց, երգեց, ծիծաղեց ու կրկին հաստատեց՝ ինքը մոլորակի ամենամեծ հայն է:

Այս թեմայով