04 Հուլիս 2013, 20:44
2403 |

Ծիրանի առաջին հյուրերը (ֆոտո)

Շառլ Ազնավուրի ժամանումից ընդամենը մի քանի ժամ առաջ ժամանեց նաև աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, որին ուղեկցում էին նրա կինը և երկու թոռնուհիները:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տոնում է իր հոբելյանական տասներորդ տարին: Փառատոնի մեկնարկը կազդարարվի հուլիսի 7-ին: Այդ օրն արդեն իսկ հագեցած է մի շարք կարևոր իրադարձություններով: Ավանդույթ դարձած Ծիրանօրհնեքի արարողակարգն այս տարի ևս տեղի կունենա փառատոնի բացումից հաշված ժամեր առաջ' 14:00-ին, Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում: Նույն օրը' ժամը 18:00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրի աստղի բացման արարողությունը: Պատմական կարևորություն ունեցող միջոցառմանը կարող են ներկա լինել բոլոր ցանկացողները: Աստղի բացմանն անձամբ ներկա կլինի Ազնավուրը, որը քիչ առաջ իրեն ուղեկցող պատվիրակության հետ ժամանեց Հայաստան: Ի դեպ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախաձեռնությամբ նույն հրապարակում նախորդ տարիներին տեղադրվել են հայկական կինոյի հիմնադրման ակունքներում կանգնած Համո Բեկնազարյանի, նշանավոր կինոռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի, Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) և Ռուբեն Մամուլյանի աստղերը:

Հոբելյանական փառատոնի բացման համար ընտրվել է ֆրանսիական Նոր ալիքի հիմնադիրներից մեկի' Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակե´ք դաշնակահարի վրա» ֆիլմը (1960թ.)' Շառլ Ազնավուրի գլխավոր դերակատարմամբ: «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացման արարողության ժամանակ, որը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Շառլ Ազնավուրին կշնորհվի նաև «Փարաջանովյան թալեր»: 1976-ին, երբ սովետական իշխանությունը ձերբակալել էր Սերգեյ Փարաջանովին, բանտախցում շշերի կափարիչների վրա եղունգով փորագրել է դրամներ և անվանել դրանք «Թալերներ»: Այսօր դրանք Փարաջանովի թանգարանում են' Երևանում: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն էլ այդ դրամներից մեկի արծաթյա պատճենով հատուկ մրցանակներ է շնորհում կինոյի պատմության մեջ իրենց մեծ վաստակն ունեցող կինոգործիչներին: Այս տարի «Փարաջանովյան թալերներ» կշնորհվեն նաև Մարգարեթ ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Յոս Ստելինգին և Ներսես Հովհաննիսյանին:

Շառլ Ազնավուրը նկարահանվել է երկու տասնյակից ավելի ֆիլմերում' համաշխարհային հռչակ ունեցող այնպիսի կինոռեժիսորների մոտ, որոնցից են Ֆոլքեր Շլյոնդորֆը, Քլոդ Շաբրոլը, Ֆրանսուա Տրյուֆոն, Ատոմ Էգոյանը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում նախատեսվում է Շառլ Ազնավուրի դերակատարմամբ նկարահանված ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Կցուցադրվեն կանադահայ Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002թ.) և ֆրանսիացի կինոռեժիսոր Դընի դը Լա Պատելյերի' հայ հանդիսատեսին ոչ այնքան հայտնի «Թոբրուկ գնացող տաքսին» (1961թ.) ֆիլմերը: Ֆիլմի դրաման ծավալվում է երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին: Ֆրանսիացի հատուկ ջոկատայինները պայթեցնում են գերմանական վառելիքի պահեստը: Գործողությունից հետո ողջ մնացած ֆրանսիացի չորս զինվորների հաջողվում է փախչել, բայց շուտով նրանք մոլորվում են անապատում: Ամբողջ օրը տևած տանջալի քայլքից հետո նրանց հաջողվում է բռնել զրահամեքենայով հինգ գերմանացիների. խնայում են միայն մեկի կյանքը և նրան գերի վերցնում: Սկիզբ է առնում մի զարմանալի ոդիսական, որի ընթացքում, վտանգին ի տես, այս մարդիկ բացահայտում են համերաշխության նշանակությունը: Պացիֆիստական կինոդրաման արժանացել է Ֆրանսիական կինոյի գլխավոր մրցանակին, այն կցուցադրվի Նաիրի կինոթատրոնում հուլիսի 8-ին, ժամը' 20:00-ին:

Շառլ Ազնավուրի ժամանումից ընդամենը մի քանի ժամ առաջ վայրէջք կատարեց նաև աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, որին ուղեկցում էին նրա կինը և երկու թոռնուհիները: Փետրվարի 22-ին լրացավ ռեժիսոր 75-ամյակը: Այս տարի «Ոսկե ծիրան»-ի հոբելյանական ծրագրերի շրջանականերում հարգանքի տուրք կմատուցվի մեծանուն կինոռեժիսորին, ում ֆրանսիական կինոյի կետաձիգերից մեկը' Ժան Լյուկ Գոդարը համարում է կինոլեզվի այբբենարանի հիմնային տառերից մեկը: Հուլիսի 12-ին ժամը 14:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որն այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին: «Եղիցի լույս» մրցանակը հանձնվում է համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի, հոգևոր մշակույթը և համամարդկային արժեքները քարոզելու համար: Մրցանակն անցյալ տարի հանձնվեց ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին:

Արտավազդ Փելեշյանի Հոբելյանական ծրագիրը և նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում հուլիսի 11-ին, ժամը' 19:30-ին: Կցուցադրվեն ռեժիսորի «Բնակիչներ» (1972թ.), «Մեր դարը» (1982թ.), «Տարվա եղանակներ» (1975թ.), «Վերջ» (1994թ.), «Կյանք» (1993թ.), «Մարդկանց երկիր» (1966թ.) ֆիլմերը:

Այս թեմայով