12 Հունիս 2014, 13:48
4495 |

Ուղեղների լանդշաֆտի ազդեցությունը

Երևանյան լանդշաֆտի վայրիվերումների մասին մեկ տարի տևած ուսումնասիրությունը ցույց տվեց՝ քաղաքային լանդշաֆտում ի՞նչը և ինչո՞ւ է փոխվել, ի՞նչ կարող ենք անել՝ ապագայում փոփոխելու համար:

«Երևանի քաղաքային լանդշաֆտի փոփոխություններն Անկախությունից հետո» թեման Գայանե Մանուկյանի և Վրեժ Հարությունյանի հետ հանդիպման առիթն էր: «Երևան փրոդաքշնսի» զարգացման գծով տնօրեն Գայանե Մանուկյանի ներկայացրած «Երևան 2.0» նախագիծը վերաբերում է Երևան քաղաքի շրջակա միջավայրի, քաղաքային ենթակառուցվածքների և մշակույթի փոփոխությանը: Հանդիպման սկզբում Գայանե Մանուկյանը պարզաբանեց, թե ինչո՞վ է պայմանավորված նախագծի խորագիրն ու ի՞նչ նպատակներ է այն հետապնդում:

Գայանե Մանուկյան
Գայանե Մանուկյան

Այնուհետև Վրեժ Հարությունյանը ներկայացրեց իր՝ մեկ տարի տևած ուսումնասիրության արդյունքները Երևանի քաղաքային լանդշաֆտի վերաբերյալ: Սկսեց հեռվից, ամենասկզբից, Թամանյանից: Նա Երևանն ի սկզբանե նախագծել էր որպես քաղաք-պարտեզ, ինչի գաղափարը դեռևս Մեծ Բրիտանիայում էր ծնվել, ապա տարածվել Սանկտ-Պետերբուրգում, այնուհետև Թամանյանը այն իր հետ բերեց Երևան: «Սա արդեն գլոբալիզացիայի արդյունք կարելի է համարել, այսինքն՝ Երևանը մայրաքաղաք հռչակվելու օրից ի վեր ներքաշված էր գլոբալիզացիայի գործընթացների մեջ»,- վստահ է լանդշաֆտային ճարտարապետության մասնագետը: Այնուհետև Վրեժ Հարությունյանն անդրադարձավ խորհրդային տարիներին մայրաքաղաքում տեղի ունեցող քաղաքաշինական փոփոխություններին, գաղափարական նկատառումներով եկեղեցիների ոչնչացմանն ու դրանց տեղում մշակութային կառույցների կամ բնակելի շենքերի կառուցմանը:

Վրեժ Հարությունյան
Վրեժ Հարությունյան

Նրա ուսումնասիրությունները ներառել էին նաև Երևանի բնակչության աճի տեմպերը, որոնք ևս ժամանակի ընթացքում հանգեցնում են լանդշաֆտային փոփոխությունների: Եթե 1924-ին Ալեքսանդր Թամանյանը Երևանի գլխավոր հատակագիծը ստեղծում էր 150 000 բնակչության համար, ապա 50-ականներին խոսքն արդեն 500 000-ի մասին էր: Հաջորդ տասնամյակների ընթացքում ավելացող բնակչության համար նոր բնակելի թաղամասեր էին կառուցվում, ավելանում էր մարդատար ավտոմեքենաների քանակը, ինչի արդյունքում շատ հետիոտն փողոցներ երթևեկելի էին դառնում, ընդլայնվում:

Այս բոլոր գործընթացները Երրորդ Հանրապետության հռչակումից հետո շարունակվեցին կրկնակի արագ տեմպերով: Ընդ որում՝ մի շարք կառույցներ կորցրեցին կամ փոխեցին իրենց ֆունկցիոնալ նշանակությունը, ինչի պատճառներից մեկը, անխոս, «մութ տարիներն» էին: Մի շարք կինոթատրոններ դադարեցին գործել, «Ռոսիա» կինոթատրոնը վերածվեց տոնավաճառի, տրամվայի գծերը հանվեցին, այդ տրանսպորտային միջոցը վերացավ: Մեծ թափով սկսվեց բնակելի շենքերի առաջին հարկերում խանութների կառուցումը, ինչը հաճախ ուղեկցվում էր հարակից մայթի բռնազավթմամբ: Մայթերը, փաստորեն կրկնակի էին տուժում՝ մի կողմից փողոցների ընդլայնման, մյուս կողմից՝ «առաջ տված» խանութների հաշվին: Վրեժը հատուկ ուշադրություն է դարձնում այդ թվում գովազդային ցուցանակների քանակի կտրուկ աճին: «Զավեշտալի է, երբ Տիգրան Մեծի պողոտայում նախկին կառավարության շենքի ճակատին պիցցայի գովազդ է փակցվում»,- բողոքում է փորձագետը՝ շեշտելով նաև կանաչ տարածքների զգալի նվազումը սրճարանների ու ռեստորանների կառուցման հաշվին: «Սկզբում Երևանը քաղաք-պարտեզ էր, հետո այն զարգանում էր՝ պահպանելով գեղագիտական մոտեցումներն ու ընդգծելով քաղաքի դեմքը, հետո այն դառնում է սոցիալիստական գաղափարախոսության կրողը: Բայց հետո քաղաքը սկսում է կառուցապատվել այսպես կոչված «էլիտար» շենքերով ու բնակելի թաղամասերով, գլոբալիզացիան էլ ավելի վառ է արտահայտվում քաղաքային միջավայրում, նույն գովազդների օրինակը դրա ապացույցներից է:

Նեոլիբերալիզմը լանդշաֆտային նոր փոփոխություններ է բերում, առաջ է գալիս սոցիալական արդարության խնդիրը: Վառ օրինակներից է Հյուսիսային պողոտայի կառուցման համար հարյուրավոր մարդկանց տեղահանելը: Քաղաքաշինական նոր առանցք է գծվում. նախկինում Երևանը երկու հիմնական առանցք ուներ՝ Աբովյան փողոցն ու Գլխավոր պողոտան, հիմա դա նաև Հյուսիսային պողոտան է»,- փաստում է Վրեժը:

Քաղաքային լանդշաֆտի փոփոխությունը երկկողմանի գործընթաց է՝ քաղաքացիների և ղեկավար մարմինների դիրքորոշումը: «Հին շենքը քանդելն ու դրա տեղում նորը կառուցելն այսօր սովորական գործընթաց է,- նշում է մասնագետը:- Մինչդեռ ղեկավարությունը պետք է հաշվի նստի մշակութային հուշարձանների պահպանության պարտավորության հետ, իսկ քաղաքացին պետք է գիտակցի իր քաղաքի մշակույթի՝ նաև իր մշակույթը լինելու փաստը, որպեսզի պաշտպանի կառույցը»:

Դասախոսությանը հաջորդած հարցուպատասխանի ընթացքում հնչած այն հարցին, թե ինչպես կարելի է շտկել քաղաքային լանդշաֆտը կամ ճիշտ հունով զարգացնել այն, Վրեժը ոչ առանց հումորի պատասխանեց. «Եթե փոխենք ուղեղների լանդշաֆտը, քաղաքի լանդշաֆտն էլ կփոխվի»:

Այս թեմայով