16 Հուլիս 2014, 10:06
5074 |

Չկառուցված ապագա

Ցանկացած քաղաքի զարգացման գրավականներից մեկը ճիշտ, արդիական ճարտարապետությունն է: Սակայն, ինչպես հայտնի է, շատ ավելի շատ հետաքրքիր նախագծեր այդպես էլ մնում են թղթի վրա, քան կյանքի են կոչվում: Մենք ընտրեցինք այդպիսի չորս նախագծեր, որոնք՝ իրականացման դեպքում, մեր կարծիքով, մեծապես կնպաստեին Երևանի 2.0 տարբերակի կայացմանը: Ինչ իմանաս, գուցե այդպես էլ լինի:

Մշակույթի չշենքը
2011-ի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր Վիեննայում բնակվող իրանցի ճարտարապետ Արյան Շահաբիանի նախագծի իրականացումը մայրաքաղաքի սրտում: Այդ նախագծով ենթադրվում էր 50-հարկանի երկնաքեր՝ Persia tower կառուցել «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հարևանությամբ։ Աշտարակը ներառելու էր բիզնես կենտրոն, հյուրանոց և բնակարաններ: Բարեբախտաբար, բազմաթիվ բողոքների արդյունքում քաղաքի կենտրոնում ևս մեկ բարձրահարկ աշտարակի կառուցման սպառնալիքը վերացավ:

2012-ին ճարտարապետ Միսաք Խոստիկյանի ղեկավարությամբ իր ավարտական աշխատանքում այդ տարածքի նոր լուծում առաջարկեց Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ուսանողուհի Արմինե Անդրեասյանը: «Երբ որոշում էի, թե ինչ նախագիծ պետք է պատրաստեմ՝ որպես ավարտական աշխատանք, համոզմունք ունեի, որ Ազգային պատկերասրահի շենքը տեղ չունի Հանրապետության հրապարակում, որն իր նշանակությամբ ի սկզբանե Թամանյանի կողմից նախագծվել է որպես վարչական կենտրոն: Մյուս կողմից՝ ինձ համար հետաքրքիր տարածք էր Նկարիչների միության շենքի ու «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքն ու ԱՕԿՍ-ի շենքի հետնամասի հատվածը, որը քիչ վերև բացվում է դեպի Աբովյան փողոց: Բայց քանի որ նշածս տարածքներն առանձնապես ընդարձակ չէին, այդտեղ ծանրակշիռ շենքի նախագծումն ուղղակի բացառվում էր, այնպես որ սկզբունքներից մեկը, որով ես առաջնորդվում էի, այն էր, որ նախագիծս՝ որպես այդպիսին, չպետք է լինի շենք», — պատմում է Արմինեն և շեշտում, որ նախագծի գործառույթներից մեկը պետք է լիներ հենց պատկերասրահի հավաքածուի պահպանությունն ու ցուցադրումը, որպեսզի պատկերասրահի շենքը հնարավոր լիներ ապամոնտաժել կամ այլ վայրում վերակառուցել:

Կենտրոնի ողնաշարը
Վիզուալ մշակույթի կենտրոնը՝ բաղկացած Աբովյան փողոցի երկու մայթերին դասավորված և գետնանցումով միմյանց հետ կապվող շինություններից, իրենից ներկայացնում էր տարբեր բարձրության ծավալներ, որոնք դասավորված էին առանցքի՝ մետաղական «ողնաշարի» շուրջ: «Ընդ որում, այդ ողնաշարն ուղիղ գծով սխալ համարեցի կառուցել, որովհետև այն ճնշող, թելադրող, որոշ առումով՝ տոտալիտար որակ կստանար, այնպես որ ողնաշարն էլ իր հերթին ամենատարբեր հատվածներում ճկվում ու թեքվում էր: Հարկայնության մասին դժվար է խոսել հենց այն պատճառով, որ յուրաքանչյուր սրահի չափսերը տարբեր են, բայց ինձ համար կարևոր էր պահել քաղաքի այդ հատվածում եղած համաչափությունները», — նշում է ապագա ճարտարապետը: Նրա համոզմամբ՝ նախագիծը չպետք է որևէ կերպ ճնշեր կինոթատրոնը, Նկարիչների միության, հյուրանոցի շենքը կամ գերազանցեր դրանց բարձրությունը: Բացի այդ, դեպի փողոց նայող հատվածներում փորձել էր առաջնորդվել այդ շենքերի ճակատային ձևավորման սկզբունքներով, որպեսզի ընդհանուր հորինվածքը ներդաշնակ դիտվի:

Այսպիսին կարող է դառնալ կինո «Մոսկվայի» և Նկարիչների միության շենքին հարող տարածքը
Այսպիսին կարող է դառնալ կինո «Մոսկվայի» և Նկարիչների միության շենքին հարող տարածքը

Անընդհատ շարժում
Վերադառնալով նախագծման վայրի ոչ լայն հնարավորություններին՝ Արմինեն նշում է, որ հենց այդ հիմնական պատճառով է, որ նախագծում գրեթե աստիճաններ չեն օգտագործվել: «Երևանը հանրային տարածքների լուրջ պակաս ունի, այնպես որ սրահից սրահ անցումները տարբեր մակարդակներում հիմնականում պանդուսների միջոցով էի նախատեսել, բացառությամբ անվտանգության նկատառումներով կառուցվող աստիճաններից: Նման անցումների շնորհիվ հետիոտների հոսքն այդ տարածքով ընթանալիս չի ընդհատվում և չի խցանվում, իսկ դրա հետ մեկտեղ նրանք հնարավորություն են ստանում առնչվելու արվեստի հետ»,- բացատրում է նա:

Հանրայինը՝ հանրությանը
Հիմնական և ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված ցուցասրահներից բացի, որտեղ առանձին տեղ էր հատկացվելու ժամանակակից արվեստին, կենտրոնը ներառում էր նաև երկու նիստերի դահլիճ ԱՕԿՍ-ի շենքի մայթին, իսկ մյուս մայթին՝ կարծես շարունակելով և երկխոսելով կինոթատրոնի ամառային դահլիճի հետ, ևս կինոդիտումների ու այլ ցուցադրությունների համար նախատեսված բացօթյա դահլիճներ ու հանգստանալու համար նախատեսված հարթակներ: Կենտրոնը ունենալու էր նաև գրադարան՝ իր ընթերցասրահով, դասախոսությունների և արվեստի հետ կապված այլ միջոցառումների համար նախատեսված սրահներ, իսկ մայթերը միմյանց կապող գետնանցումի պատերը տրամադրվելու էին գրաֆիտիների համար: Արմինեի խոսքով, առհասարակ, իր համար կարևոր էր, որպեսզի այդ շինությունները ոչ թե կոնկրետ ինչ-որ մեկին պատկանեին, այլ օգտագործվեին արվեստով հետաքրքրված, արվեստ քարոզող և ուսուցանող մարդկանց կողմից, որպեսզի այն ոչ միայն տարածքի առումով լիներ հանրային, այլև բնույթով, բովանդակությամբ ու գործառույթներով:

Կուկուռուզնիկի բարձունքում
2006-ին Երևանը կորցրեց իր խորհրդանիշ և սովետական մոդեռնիզմի փայլուն կատարումներից մեկը՝ Երիտասարդական պալատը, որ երևանցիների մեջ ավելի հայտնի էր որպես «կրծած կուկուռուզ» կամ «կուկուռուզնիկ»: Կառույցը քանդվեց՝ առանց փոխարինող նախագծի գոյության, քանդվեց անվերադարձ և միայն նոստալգիկ հիշողությունների արդյունքն է, որ ամեն անգամ Մոնումենտից իջնելիս թվում է՝ ուր որ է կտեսնես այդ սպիտակ աշտարակը: 2009-ի դեկտեմբերին նախկին Երիտասարդական պալատի վայրում կազմակերպվեց բաց միջազգային մրցույթ՝ Intercontinental հյուրանոցային համալիրով միջազգային բիզնես-կենտրոնի ճարտարապետական հայեցակարգի մշակման համար: Մրցույթին մասնակցում էին 1145 ճարտարապետներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ճապոնիայից և այլ շուրջ 70 երկրներից՝ ներկայացնելով մոտ 300 նախագիծ: Ընդ որում՝ մրցույթի հիմնական պայմաններից մեկն այն էր, որ համալիրը պետք է նկատելի լինի քաղաքի բոլոր հատվածներից: 2010-ի հունվարի վերջին մրցույթի արդյունքներն ամփոփվեցին. նախագծերից ոչ մեկը չարժանացավ առաջին մրցանակի, իսկ նախկին պալատի տեղը մինչ օրս շարունակում է մնալ դափ-դատարկ:

Հայտարարված մրցույթին Հայաստանից մասնակցում էր «ԱՐԽկոոպ» ճարտարապետական արվեստանոցը: Գարեգին Եղոյանը՝ արվեստանոցի տնօրենն ու գլխավոր ճարտարապետը, նշում է, որ Երիտասարդական պալատը Երևանի գլխավոր խորհրդանիշներից մեկն էր, և դրա փոխարեն նոր նախագիծ առաջարկելիս կարևոր էր, որպեսզի այդ նորն էլ խորհրդանշական լինի կամ առնվազն չջնջի նախորդի մասին երևանցիների ունեցած հիշողությունն ու այդ վայրի նշանակությունը քաղաքի համար:

Կապը քաղաքի հետ
«Մեր առջև դրված էր կոնկրետ առաջադրանք՝ նախագծել հյուրանոցային համալիր և վերաիմաստավորել այս կարևորագույն քաղաքաշինական հանգույցը: Կարևոր հանգամանք էր այն, որ մենք գործ ունեինք երկրի մայրաքաղաքի հետ և չէինք կարող անտեսել Երևանի քաղաքաշինական ելակետերը՝ Արարատ լեռը, Արարատյան դաշտավայրը, նախագծման վայրից դեպի քաղաքը բացվող համայնապատկերնու այդ վայրում հատվող քաղաքաշինական առանցքները, մասնավորապես՝ Տերյան և Աբովյան փողոցները», — շեշտում է ճարտարապետը:

Քաղաքը հսկող աչքը
Անդրադառնալով նախագծի հորինվածքային առանձնահատկություններին՝ Եղոյանը պատմում է, որ արվեստանոցի ճարտարապետները միտք ունեին Աբովյան փողոցին շարունակություն տալ ընդհուպ մինչև համալիրի կառուցման բլուրը, ինչի համար յուրօրինակ աստիճանավոր մուտք էին նախագծել, որպեսզի փողոցի գիծը չընդհատվեր: «Իսկ առհասարակ նպատակ ունեինք ոչ թե պարզապես շենք տեղադրել այդ տարածքում, այլ ստանալ յուրօրինակ միջավայրով «միջնաբերդ» Երևանի կենտրոնում՝ այնպես, որ համալիրի ֆունկցիոնալ բաղկացուցիչներից յուրաքանչյուրը՝ լիներ դա հյուրանոցը, բիզնես-կենտրոնը կամ բնակելի հատվածը, միմյանց հետ կապված էին և մեկ ամբողջություն էին դառնում: Այդպես հյուրանոցը բաղկացած էր երկու շենքերից, որոնք, կարծես, յուրօրինակ մուտքն էին կազմում դեպի համալիրի հրապարակ: Իսկ շենքերից մեկը հսկայական մետաղե ֆերմայով կապվում էր բնակելի կառույցի հետ: «Ֆերման ապակեպատ էր և էլիպսաձև՝ հեռվից հիշեցնելով հսկայական ոճավորված աչք, որի միջով, ինչպես պատուհանից, կարելի էր նայել քաղաքին», — նկարագրում է ճարտարապետը:

 

Կանաչն ու տուֆը
Մյուս կողմից՝ համալիրում նախատեսվող բնակելի հատվածը գործարար, վարչական և հյուրանոցային հատվածից առանձնացվել էր լանդշաֆտային ճարտարապետության միջոցով: Վերջինիս կիրառման արդյունքում արվեստանոցը ստացել էր ճեմուղիներ, զբոսնելու տարածություններ, իսկ մյուս կողմից՝ ոչ միայն չէր նախատեսվում եղած կանաչ տարածքների կորուստ, այլև հավելյալ կանաչապատման հնարավորություններ էին ընձեռվում: Բնակելի հարթակները խառը դասավորությամբ հավաքվել էին մեկ առանցքի շուրջ և միա-նական դարձել դրանք ամփոփող ապակե կաղապարի շնորհիվ: Բնակելի շենքը ճիշտ Տերյան փողոցի առանցքի շարունակության վրա էր, իսկ Աբովյան փողոցից տեսարան էր բացվում դեպի հյուրանոցի շենքերից մեկը: Շինարարության համար նախատեսվում էր կիրառել Երևանի համար խորհրդանշական տուֆը՝ մեծ սալերով, քանի որ այն «իր որակով և գունային խաղով արդեն իսկ յուրօրինակ տեսք է հաղորդում շենքին», բետոնը՝ իր պլաստիկայի համար, մետաղը՝ իր հնարավորությունների համար և ապակին՝ իր թափանցիկության համար:

Որպես աշխատելու տարածք Սարդարյանն ընտրել էր Օղակաձև այգու և Մաշտոցի պողո- տայի հատման վայրը, որտեղ տեղակայված է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամա- տիկական թատրոնը, «Նաիրի» կինոթատրոնը և «Առագաստ» սրճարանը  
Որպես աշխատելու տարածք Սարդարյանն ընտրել էր Օղակաձև այգու և Մաշտոցի պողո- տայի հատման վայրը, որտեղ տեղակայված է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամա- տիկական թատրոնը, «Նաիրի» կինոթատրոնը և «Առագաստ» սրճարանը

Բեմը բեմից անցավ
Այս նախագծերը ժամանակին հավակնում էին Երևանի ամենաակտիվ հատվածները վերածել թատերական ներկայացումների ու խաղերի հարթակի, բայց մնացին թղթի վրա:

Ճարտարապետ Սարգիս Սարդարյանի նախագծի ստեղծման դրդապատճառը 1987 թվականի Պրահայի կվադրիենալեն էր: Չորս տարին մեկ այդ փառատոնի շրջանակում ցուցադրվում են բեմարվեստի, բեմանկարչության, թատերական արվեստի հետ կապված նախագծեր, քննարկվում են թատրոնի ապագան և այլն: «Այդ տարի ցուցադրվելու համար հայտարարված նախագծերի մրցույթի թեման էր «Թատրոնը քաղաքային միջավայրում»: Եվ ես որպես աշխատելու տարածք ընտրել էի Օղակաձև այգու և Մաշտոցի պողոտայի հատման վայրը, որտեղ տեղակայված է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, «Նաիրի» կինոթատրոնը, իսկ քիչ ներքև՝ «Առագաստ» սրճարանը: Այն դերասանների, ռեժիսորների, երաժիշտների, ամենատարբեր արվեստագետների, իսկ գտնվելով ուսանողական թաղամասի կենտրոնում՝ նաև ուսանողության սիրած ժամանցային վայրերից մեկն էր», — պատմում է ճարտարապետը: Նախագծի գաղափարն այն էր, որպեսզի այդ հատվածը վերածվի տրանսֆորմացվող թատերական միջավայրի, որտեղ բեմն ու դեկորացիաները կփոփոխվեն բեմադրող նկարիչների և ռեժիսորների կամքով: Նա համարում էր, որ ավելի քան 2000 տարվա թատերական արվեստի պատմություն ունեցող երկրի մայրաքաղաքում վաղուց արդեն պետք է թատերական արվեստի կենտրոն ձևավորված լիներ. «Թատերական փողոցի իրականացումը պետք է ծառայեր տոնական շքերթների, զանգվածային թատերական երթերի կազմակերպման համար, թատրոնը պետք է դուրս գար շենքի պատերից, տարածվեր մայթերով ու փողոցներով, որպեսզի հանդիսատեսը դեռ շենք չմտած՝ արդեն ներկայացման մասնակիցը դառնար: Նախատեսվում էր Դրամատիկական թատրոնի հին շենքին կցել 650-տեղանոց նոր դահլիճ (այն ժամանակ թատրոնի շենքի վերակառուցման հարցն արդեն դրված էր, մենք աշխատում էինք վերակառուցման նախագծի վրա, այնպես որ թեման հարազատ էր), ինչպես նաև Գեղարվեստա-թատերական ինստիտուտի տեղափոխումը նորաստեղծ Թատերական փողոցի հարակից տարածք: Այդպիսով ինստիտուտի ուսանողները, ապագա ռեժիսորներն ու դերասանները գործնական աշխատանքի հիանալի հարթակ էին ձեռք բերելու», — համոզված է նախագծի հեղինակը:

Երիտասարդությանը հաղորդակից դարձնել արվեստին՝ սա էր նախագծի կարգախոսը: Թատերական փողոցը կարծես դիմավորում է դեպի կենտրոն շարժվող ուսանողների անկանոն խմբերին՝ ուղղելով նրանց ստեղծարարության խելամիտ ու գեղեցիկ հունը: Ստեղծագործ մտավորականությունն ազատ էր լինելու՝ այդ փողոցում կազմակերպելու ցուցահանդեսներ, համերգներ ու ներկայացումներ: Ընդ որում՝ գործողությունները կարող էին տեղի ունենալ գրեթե ամեն տեղ՝ փողոցում, աստիճանավանդակներին ու կախովի բեմական հարթակներին, ճակատային բեմերում, շենքերի տանիքներին և սրճարանի հարակից լճի վրա, որտեղ նույնպես հարթակ էր նախատեսվում կառուցել: Նախագիծը մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց և ևս 5 նախագծերի հետ միասին ցուցադրվեց Պրահայի կվադրիենալեում:

Սունդուկյանի թատրոնը, կրկեսը, ինչպես նաև նախկինում գոյություն ունեցած Դերասանի տունն ու կինոթատրոնը կարող էին շատ լավ հիմք ծառայել մեկ միասնական թատերաժամանցային միջավայրի ստեղծման համար
Սունդուկյանի թատրոնը, կրկեսը, ինչպես նաև նախկինում գոյություն ունեցած Դերասանի տունն ու կինոթատրոնը կարող էին շատ լավ հիմք ծառայել մեկ միասնական թատերաժամանցային միջավայրի ստեղծման համար

16 տարի անց
Այսքանով Երևանում թատերական հարթակ ստեղծելու շուրջ գաղափարները չավարտվեցին: 2003-ին ուսանողներ Անի Վերանյանն ու Մանե Խաչիյանը որպես դիպլոմային աշխատանք մշակեցին Բեմարվեստի կենտրոնի նախագիծ: Ապագա ճարտարապետները համոզված էին, որ Քաղաքային պուրակում (նախկին Թատերական պուրակ) տեղակայված կառույցները՝ Սունդուկյանի թատրոնը, կրկեսը, ինչպես նաև նախկինում գոյություն ունեցած Դերասանի տունն ու կինոթատրոնը կարող էին շատ լավ հիմք ծառայել Երևանի սրտում մեկ միասնական թատերաժամանցային միջավայրի ստեղծման համար: «Թատերական հրապարակի գլխավոր նպատակն էր դուրս գալ թատերական շենքի սահմաններից, վերադառնալ զանգվածային, հանրային ելույթների ու ներկայացումների, ժողովրդական թատրոնի ավանդույթներին, — նշում է Անին: — Դրա համար հրապարակի տարածքը հնարավոր էր լինելու ձևավորել տրանսֆորմացվող կառույցների միջոցով, որոնք որոշակի տեսք ու միջավայր էին ստեղծում՝ կախված բեմադրության բնույթից, թեմայից և բովանդակությունից: Մենք թատրոնը դիտարկել էինք որպես սինթետիկ արվեստ, որը բեմադրության մեջ կարող է ընդգրկել ոչ միայն դերասանների ու ռեժիսորների, այլև երաժիշտների, բանաստեղծների, փիլիսոփաների և անգամ ճարտարապետների, որոնք կարող են մասնակցել Թատերական հրապարակի և շենքերի ճակատների փոփոխվող դիմագծի լուծումների որոնումներին»:

Ըստ նախագծի՝ Թատերական հրապարակի շուրջ նախատեսվում էր կառուցել փորձարարական թատրոն, բազմադահլիճ երաժշտական կենտրոն և կինոթատրոն, ինչպես նաև գազանների թատրոն: Փորձարարական թատրոնի նախագծման գլխավոր նպատակը անսահմանափակ հնարավորություններով թատրոնի ստեղծումն էր, երաժշտական կենտրոնի դահլիճներն ունենալու էին ընդհանուր նախասրահ, մեկից մյուսն անցնելու պատկերասրահներ ու տեռասներ: Բազմադահլիճ կինոթատրոնը նախատեսվում էր կառուցել նախկին կինոթատրոնի շենքի և չգործող հեծանվահրապարակի տեղում, իսկ գազանների թատրոնը որպես կցակառույց էր ծառայելու Պետական կրկեսի հիմնական շենքի համար:

Բացի այդ, վերոնշյալ տարածքում նախկինում գոյություն ունեցած քաղաքային բաղնիքի շենքը, որը 30-ական թվականների մշակութային հուշարձան է համարվում, վերակառուցվելու էր որպես Ջրային թատրոն: Մոտակա բնակելի շենքերը վերակառուցվելու էին որպես թատերագեղարվեստական դպրոց-ստուդիաներ և հանրակացարաններ ուսանողության համար: Անի Վերանյանը շեշտում է, որ նախագծի համար կարևոր էր ներգրավել ուսանողներին, որպեսզի նրանք այդ հրապարակի աշխատանքի, ակտիվության կարևոր մասը լինեին՝ մասնակցելով զանգվածային տեսարաններին, դեկորացիաների պատրաստմանը, հրապարակի, շենքերի ճակատների ձևավորմանն ու ցուցապաստառների պատրաստմանը:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3-4, 2014

Այս թեմայով