14 Ապրիլ 2014, 09:49
2800 |

Ի շահ մտոցի

Ապրիլի 12-ին շողշողացող արևն առաջինն էր, որ ժպտացրեց երևանցիներին՝ հուշելով, որ առջևում գունագեղ ու լուսավոր օր է սպասվում: Մինչև Երևանը «պլպլացնում էին» շաբաթօրյակի դուրս եկած դպրոցականներն ու մեծահասակները, Արամի փողոցում աշխուժությունն արտասովոր էր: Փողոցն ու մայթը «գրաված» երեխաներն ու դեռահասները ջանք ու եռանդ չէին խնայում իրենց գեղարվեստական մտքերն ի կատար ածելու համար:

Առիթը «Երևան փրոդաքշնս» ընկերության հեղինակած «Հազար ու մի մտոց» նախաձեռնությունն էր, որի մասին հայտարարելու համար էլ ձեռնարկվել էր միջոցառումը: Ընկերությունն առաջարկում է փոխել մայրաքաղաքի անշուք, ժանգոտած և անուշադրության մատնված մտոցները, դարձնել դրանք գունավոր, անսովոր ու գրավիչ: Հենց նման մտոցների տարբերակներով էլ եկել էին կիսվելու Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի փոքրիկները, որոնք կավճամատիտներով գունազարդում էին Արամի փողոցի այդ հատվածում նշված շրջանակները: Մի մայթին ակրիլային ներկերով ստեղծագործում էին Գեղագիտության ազգային կենտրոնի պատանի սաները, իսկ մյուսին պենոպլաստից մտոցները որպես կտավ էին փորձում օգտագործել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի երիտասարդ ուսանողները:

Միջոցառման ստեղծարարությունը, սակայն, այդքանով չէր ավարտվում: Հրավիրված հյուրերն ու պարզապես հետաքրքրված անցորդները մտնում էին Արամի 80 հասցեում գտնվող «Բնակարանը», որտեղ «Հազար ու մի մտոց» նախագծի համար պատրաստված ցուցահանդեսի երկրորդ հատվածն էր: Այստեղ կարելի էր տեսնել ինչպես աշխարհում ստեղծված առաջին մտոցների օրինակներն ու դրանց ստեղծման պատմությունը, այնպես էլ Երևանում հանդիպող յուրօրինակ նմուշներն ու ապագա հնարավոր տարբերակներն ու մտահղացումները: Ցուցահանդեսը «քաղցրացնում էին» մտոցի տեսքով պատրաստված թխվածքները, իսկ հատուկ տախտակի վրա այցելուները հնարավորություն ունեին դատարկ շրջանակները նկարազարդելու մտոցի սեփական տարբերակներով: Բացի այդ, նրանց էր վերապահված նաև ստեղծագործող երեխաների աշխատանքների օգտին քվեարկելու առաքելությունը:

Արամի փողոցում ու մայթերին հայտնված մտոցների համարակալված տարբերակները աչք էին շոյում իրենց գունագեղությամբ ու հնարամտությամբ՝ միմյանց մեկնած ձեռքեր, հայտնի ու անհայտ մարդկանց դիմանկարներ, Կլիմտի ու Մունկի կտավների նմանակումներ, նատյուրմորտներ, զանազան աբստրակցիաներ և անգամ Save Kessab գրությամբ մտոցների էսքիզներ՝ երկու-երեք գույներով կամ մի ամբողջ գունապնակով:

Քվեարկության ավարտին պարզ դարձավ, որ միջոցառման հանդեպ անտարբեր չմնացած երևանցիները գերապատվությունը տվել էին Շահումյանի դպրոցի աշակերտ Գոհարիկի աշխատանքին՝ չենթադրելով անգամ, որ այն միանգամայն համահունչ էր ապրիլի 12-ին նշվող Տիեզերագնացության օրվա հետ: Փոքրիկի պատկերացմամբ՝ մտոցի վրա կարող է պատկերված լինել Երկիր մոլորակն ու Արեգակնային համակարգի մյուս մոլորակները՝ մի ամբողջ տիեզերք փոքր շրջանի մեջ:

Գեղագիտության ազգային կենտրոնի աշխատանքները գնահատելու էին եկել այդ թվում ներկայացուցիչներ «Պրոմ Սինթեզ» ընկերությունից, որը զբաղվում է մտոցների արտադրությամբ: Մայթով երկար շրջելուց հետո նրանք, այնուամենայնիվ, մեկի փոխարեն երկու աշխատանք ընտրեցին, համարելով, որ երկուսն էլ արժանի են մրցանակի: Սիրանուշ Մխիթարյանն և Էմմա Իսախանյանը յուրօրինակ աբստրակտ էսքիզների համար նվերներ ստացան: Իսկ ահա Թերլեմեզյանի քոլեջի ուսանողների աշխատանքները գնահատելու իրավունքը «Երևան Փրոդաքշնսն» իրեն էր վերապահել: Որպես ապագա մտոցի էսքիզ՝ ամենաբարձր գնահատականին արժանացավ Մարիամ Ստեփանյանի աշխատանքը, որը նույնպես աբստրակտ լուծումներով էր՝ ազդված Կանդինսկիից ու այլ ավանգարդ հեղինակներից:

Ցուցադրության հյուրերը շուրջբոլորն ուսումնասիրելուց հետո հեռանում էին խանդավառված ու երևանյան գորշությունը մառախուղի պես ցրելու հույսը սրտում: Դեռևս իր առաջին քայլերն անող Jarakite Creative Partners դիզայներական ստուդիան հիմնած Արամազդ Գալայճեանը ժամանել էր Նյու Յորքից, իսկ նրա գործընկեր Բենօ Միշոյանը Բեյրութից եկած սիրիահայ է: Երևանի ու երևանցիների համար որակյալ աշխատանք կատարելու և նորն ու լավը ստեղծելու ցանկությամբ տոգորված երիտասարդների համար «Հազար ու մի մտոց» նախագծի գաղափարն ավելի քան ուրախացնող էր: «Ինձ համար սա Երևանում անցկացվող եզակի ցուցադրություն է, որը ոչ միայն գեղեցիկ է, ինֆորմատիվ ու բազմազան, այլև ինտերակտիվ: Մեզ շատ են պետք նման միջոցառումներ, Երևանն ունի դրանց կարիքը: Իսկապես թվում է, թե մտոցը մեծ բան չէ, բայց իրականում այն շատ բան կարող է փոխել քաղաքի մթնոլորտում ու քաղաքացիների գիտակցության մեջ: Հենց ինտերակտիվությունն է, որի շնորհիվ երևանցիներն էլ կարող են ներգրավվել այս նախաձեռնության մեջ, իմանալ դրա մասին, պատկերացնել, թե այն ինչ կարող է տալ: Այսպիսի նախագծերի շնորհիվ Երևանն ավելի տրամադրող կլինի, իսկ մարդիկ՝ ավելի բաց ու պատրաստ փոփոխությունների»,- համոզված են երիտասարդները:

Այս թեմայով