07 Ապրիլ 2014, 11:38
3236 |

Տարբերություն կա՛

«Երևան Փրոդաքշնսի» տնօրեն Էդուարդ Այանյանը բացատրում է, թե ինչ է իրենից ներկայացնում «Երևան 2.0» նախագիծը, որով արդեն զբաղվում է ընկերությունը, պատասխանելով «հաճախ տրվող հարցերին»:

Այսօր բոլորը խոսում են այն մասին, որ «Երևան Փրոդաքշնսը» ինչ-որ նոր բան է սկսում: Ինչի՞ մասին է խոսքը:
— Մենք ապրում ենք քաղաքում, որը սիրում ենք իներցիայով: Մենք փնտրում ենք նրա արժեքը անցյալում, հին տներում, շենքերի զարդաքանդակներում: Բայց մոռանում ենք, որ այդ ամենը ժամանակին նոր է եղել, որ ինչ-որ մեկը տարիներ առաջ ստեղծել է այն ամենը, ինչով մենք հիմա հպարտանում ենք: Իսկ մենք ինքներս ի՞նչ նոր ու արժեքավոր բան ենք ստեղծում: Ինչո՞վ են հպարտանալու մեզանից հետո: Երևանին նոր շունչ է հարկարվոր, նոր որակ: Եվ մենք այստեղ, «Երևան Փրոդաքշնսում» որոշեցինք, որ այլևս չենք սպասելու, և ինքներս հենց այսօր սկսելու ենք կերտել այդ նոր արժեքը, ստեղծել տարբերություն հնի ու նորի միջև: Այդ ամենը կոչվեց «Երևան 2.0»:

Նոր նախագիծը հնի շարունակությու՞նն է, թե՞ բոլորովին նոր բան:
— 2005-2013 թվականների ընթացքում «Երևան» նախագծի մեջ շատ ուժ ու եռանդ էր ներդրվել: Սփյուռքի համար մենք ստեղծում էինք «Երևան» ամսագիրը՝ ռուսերեն ու անգլերեն լեզուներով, որը կարողացավ բավական շատ մարդկանց համախմբել իր շուրջ, սակայն չկարողացավ առաջարկել լայնամասշտաբ, կառուցողական գաղափար: Գործնական քայլերը՝ մշակութային և քաղաքաշինական բարեգործական նախագծերը, ուշադրության կենտրոնում չէին և ինքնաբերաբար էին: Բացի այդ, դրանք ֆինանսավորում էին մեր բաժնետերերը, մինչդեռ անհրաժեշտ էր ներգրավել գործընթացի մեջ բոլոր հայերին: Մենք մեդիանախագիծ էինք, բայց մեդիան միայն գործիք է ավելի մեծ, լուրջ խնդիրների լուծման համար: Եվ այսօր մենք փոխում ենք ձևաչափը, անցնում ենք խոսքից գործի: Մեր մեդիահարթակները՝ «ԵՐԵՎԱՆ» ամսագիրը և ImYerevan.com կայքը մեզ դրանում կօգնեն:

Ի վերջո, ի՞նչ է «Երևան 2.0»-ն:
— Երևանը, որում մենք ծնվել ենք, ստեղծվել է XX դա-րի առաջին կեսում ընկերների և էնտուզիաստների հանրության շնորհիվ՝ ճարտարապետների, նկարիչների, կոմպոզիտորների, հասարակական և քաղաքական գործիչների: Եթե խոսենք այսօրվա լեզվով, ապա դա հսկայական, ավելի քան հաջողված ստարտափ էր, սկսված ֆինանսական, կադրային, արդյունաբերական ռեսուրսների ծայրահեղ սղության պայմաններում: Այդուհանդերձ, ստեղծվեց նոր երկրի նոր մայրաքաղաք՝ ժամանակակից, մտածված, հետաքրքիր, նորաձև քաղաք, որը ձգտում էր դեպի ապագան: Երևանը դարձավ հայության միավորման և վերածննդի խորհրդանիշը: Իզուր չէ, որ այն նախագծել էին Ռուսաստանից և Ուկրաինայից եկած հայերը, իսկ բնակեցրին աշխարհի տարբեր ծայրերից եկածները: Դա հայկական ՆյուՅորքն էր: Այդ Երևանը մենք պայմանականորեն կոչեցինք «Երևան 1.0», ինչպես դա անում են ծրագրավորողները: Վերջին տարիներին, սակայն, Երևանը գնալով ավելի ու ավելի է կորցնում իր ինքնորոշումը: Նրան անհրաժեշտ են թարմ մտքեր ու գաղափարներ, նոր բովանդակություն, խաղի կանոններ և մշակութային կողմնորոշիչներ: Եվ իհարկե, ոչ անտարբեր մարդկանց հանրություն, որը նոր տոն կտա քաղաքին: Առաջին տարբերակի Երևանը արդեն հնացել է, պետք է թարմացնել այն, ստեղծել տարբերություն, ստեղծել Երևան 2.0:

Դա այն քաղաքն է լինելու, որտեղ հետաքրքիր է, հաճելի, ուրախ, որտեղ ուզում ես վերադառնալ, որտեղ հաճելի է հանգստանալ, որտեղ ուզում ես հրավիրել ընկերների, ապրել, աշխատել, երեխաներ մեծացնել: Արտասահմանցին էլ ուզում է այստեղ բնակարան ունենալ: Միևնույն ժամանակ այստեղ հարգում և պահպանում են ավանդույթները: Այստեղ կարելի է ժամանց կազմակերպել, նույնիսկ եթե չունես տեղացի ընկերներ: Երևան 2.0-ն բոլորովին նոր մթնոլորտ է, նոր տրամադրություն: Տրամադրություն, որի կարիքն այնքան ունենք այսօր:

Ալեքսանդր Մյասնիկյան, Ալեքսանդր Թամանյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Մարտիրոս Սարյան, Ռոմանոս Մելիքյան, Ավետիք Իսահակյան՝ «Երևան 1.0»-ի կերտողները
Ալեքսանդր Մյասնիկյան, Ալեքսանդր Թամանյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Մարտիրոս Սարյան, Ռոմանոս Մելիքյան, Ավետիք Իսահակյան՝ «Երևան 1.0»-ի կերտողները

Ո՞րն է նոր նախագծի առաքելությունը:
— «Երևան 2.0»-ն միավորող նախագիծ է: Վերջին անգամ հայության իրական միավորում տեղի է ունեցել Արցախյան ազատամարտի ժամանակ: 2015 թվականին Եղեռնի 100-ամյակը կդառնա իմաստների մասին խոսակցության ևս մեկ առիթ: Բայց ազգը պետք է միավորվի ոչ միայն ողբի օրերին, այլև ապագայի կառուցման նպատակով: Այդպես էր, երբ ստեղծվում էր Երևան 1.0-ն: Մենք էլ ունենք հնարավորություն միավորելու հայերին նոր Երևանի շուրջ: Չէ՞ որ դա ոչ թե Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է, այլ բոլոր հայերի մայրաքաղաքը, հայկական աշխարհի կենտրոնը: Այդպես պետք է լինի: Դրանում է «Երևան 2.0»-ի իմաստը, որը պետք է դառնա ուղենիշ, ամուր ու կայուն առանցք:

Որո՞նք են նախագծի հիմնական սկզբունքները:
— Մենք, նախևառաջ, քաղաքականությունից դուրս ենք: Աշխատում ենք ցանկացած մեկի հետ, ով ցանկանում է և ով կարող է օգտակար լինել Երևանին: Քաղաքական և անձնական ամբիցիաները այդ ընթացքում պետք է մի կողմ դրվեն:

Որո՞նք են նախագծի գործունեության հիմնական ուղղությունները:
— Նոր որակի Երևանի ստեղծումը բարդ ու երկար գործընթաց է, քանի որ քաղաքը ոչ միայն միջավայր է, այլև այնտեղ ապրող մարդիկ են, այնտեղ գոյություն ունեցող գիտելիքներ: Այդ պատճառով մենք ընտրել ենք գործունեության մի քանի ուղղություններ՝ քաղաքային միջավայրի էսթետիկ փոփոխություն, համաշխարհային մակարդակի մշակութային նմուշների ստեղծում, կրթական նախագծերի և մշակութային, քաղաքաշինական, բիզնես, տեխնոլոգիական ծրագրերի իրականացում:

Ո՞ւմ հետ է համագործակցելու նախագիծը:
— Մենք համագործակցության համար բաց ենք բոլոր հետաքրքրված կազմակերպությունների հետ: Նմանատիպ նախագծի իրականացումը պահանջում է սերտ համագործակցություն ինչպես պետական կառույցների, այնպես էլ զանազան հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր բիզնեսի հետ:

Այսօր գոյություն ունեցող Գաֆէսճեան արվեստի կենտրոնն ու Կասկադը ապագայի Երևանի նմուշներից են
Այսօր գոյություն ունեցող Գաֆէսճեան արվեստի կենտրոնն ու Կասկադը ապագայի Երևանի նմուշներից են

Ո՞վ կարող է դառնալ նոր նախագծի մասնակիցը:
— Թերևս ով ցանկանա: Բոլորը կարող են որևէ բան տալ Երևանին: Մի մասը՝ անձնական ժամանակը, որը նրանք պատրաստ են ծախսելու որպես կամավորական՝ քաղաքային նախագծերից մեկում: Մյուսները՝ գիտելիքներ ու փորձ, որոնք թույլ կտան դառնալ նախագծերից մեկի փորձագետ կամ խորհրդական: Կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան օգնել իրենց լայն կապերով կամ ֆինանսական և այլ միջոցներով: Կարճ ասած, եթե դու ուզում ես փոխել Երևանը, դու միշտ կարող ես մի բան առաջարկել քաղաքին: Ու հենց այդ պատճառով էլ մենք բաց ենք բոլորի համար: Արամի 80 հասցեում սկսում է աշխատել «Բնակարանը»՝ մի շատ հաճելի ու մտերմիկ վայր՝ հանդիպումների, աշխատանքի ու շփման համար: Սա շատ հաճելի ու իսկապես երևանյան մի տարածք է: Պարզապես եկեք մեզ մոտ կամ միացեք սոցցանցերի մեր խմբերին, դարձեք նոր Երևանի մասնիկը: Այսօր ամենքս կարող ենք դա անել և չարժե բաց թողնել հնարավորությունը:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3-4, 2014

Այս թեմայով