30 Ապրիլ 2013, 12:30
1491 |

Կիսաջարդ լուսամուտներ

Կոտրված ապակիներով շենքի ներսում որոշ ժամանակ անց կհանգրվանեն անօթևանները, թմրամոլները, խարույկներ կվառեն և այդպես շարունակ:

Գաղտնիք չէ, որ մանր հանցագործությունների կամ վարչական իրավախախտումների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը դրամական տուգանքն է, ընդ որում՝ տուգանքի չափը պիտի լինի էական՝ խախտում կատարելու ցանկությունը իսպառ վերացնելու և երկրորդ անգամը բացառելու նպատակով: Այսօր Հայաստանում հստակ սահմանված է և լավ գործում է, օրինակ, ճանապարհային անվտանգության կանոնների խախտումները պատժող տուգանքների համակարգը, թեև տուգանքների փոքր չափը (մի քանի հազար դրամ), ավա՛ղ, չի բացառում դրանց կրկնությունը: Մինչդեռ փողոցում կամ այգում աղբ նետելու, շենքերի պատերին հայտարարություններ ու պաստառներ փակցնելու, հանրային տրանսպորտում ծխելու, գետնանցումներում բնական կարիքները հոգալու համար տուգանքները կամ հստակ սահմանված չեն, կամ էլ պարզապես մնացել են թղթի վրա:

Միջազգային փորձ
Ընկերներս պատմում են, որ Սինգապուրում փողոցում ծխախոտ կամ անձեռոցիկ նետելու համար տուգանքը երեք հարյուր սինգապուրյան դոլար է՝ մոտ 100.000 դրամ: Այո՛, 100 000 դրամ և սրա մասին լսելուց կամ մեկ անգամ տուգանվելուց հետո Սինգապուրի հյուրերը (տեղացիներն արդեն շատ լավ գիտեն այս տուգանքների գոյության մասին) մի քանի անգամ մտածում են, թե որտեղ ազատվեն ձեռքերի անպետք պարունակությունից. աչալուրջ ոստիկաններն ուշադիր հետևում են օրենքի ու կարգուկանոնի պահպանմանը:

Երկու տարի առաջ Հայաստան էր գործուղվել Բրյուսելում բնակվող գործընկերներիցս մեկը՝ Մանուելը: Առաջին անգամ էր այստեղ: Ավանդական դարձած Գառնի-Գեղարդ այցելությունից հետո զբոսնում էինք Երևանով, ես ոգևորված պատմում էի հայկական ճարտարապետության մասին, իսկ Մանուելն ուշադիր լսում էր, երբեմն հարցեր էր տալիս և ծխելով նայում շուրջը: Երբ մոտենում էինք Կարապի լճին, նա նետեց ձեռքի գլանակը հենց մայթին: Ապշել էի: «Մանու՛, այս ի՞նչ արեցիր: Ինչու՞», — չկարողացա զսպել զարմանքս (չէ՞ որ նա Բրյուսելից է) ու զայրույթս (չէ՞ որ սա ի՛մ քաղաքն է): Նրա պատասխանը, սակայն, էլ ավելի ապշեցուցիչ էր. «Փողոցը կեղտոտ է: Իմ մի ծխախոտից ոչինչ չի փոխվում»: Նրա պատասխանը տրամաբանական էր, պարզ և հասկանալի, սակայն ես չէի դադարում. «Բրյուսելում էլ ե՞ս փողոցում նետում»: Մանուն ժպտաց. «Իհարկե ո՛չ: Մեր փողոցները մաքուր են»:

Մեքենայի ճակատագիրը
Մաքուր, խնամված միջավայրում աղտոտելը, գույքը փչացնելը կամ այլ հանցանքներ գործելը, իսկապես, ավելի «դժվար» է: Այս եզրակացությանը եկել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր և հայտնի հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոն՝ նկարագրելով և վերլուծելով կատարված փորձի արդյունքները 1969-ին հրապարակված հոդվածում: Մարդկանց վարքը ուսումնասիրելու նպատակով նա կանգնեցրել էր մեկական նույն ավտոմեքենայից Բրոնքսում՝ Նյու Յորքի ամենաքրեածին թաղամասերից մեկում, իսկ մյուսը հենց Սթենֆորդի համալսարանի հարևանությամբ՝ Պալո Ալտոյում՝ Կալիֆորնիայի ամենաբարգավաճ տարածաշրջաններից մեկում, և թաքստոցից հետևում էր, թե ինչ է կատարվում:

Բրոնքսում կայանած մեքենան ենթարկվում է հարձակման վարորդի հեռանալուց ընդամենը 10 րոպե անց: Իսկ 24 ժամ հետո մեքենան զրկվել էր բոլոր արժեքավոր տարրերից, կոտրել էին ապակիները, պատառոտել սրահը: Ընդ որում՝ վանդալների մեծ մասը լավ հագնված, պատկառելի տեսք ունեցող սպիտակամորթներ էին, մինչդեռ այդ ժամանակ Բրոնքսի հանցագործությունների մեծ մասը կատարվում էին աղքատ սևամորթների կողմից:

Պալո Ալտոյի մեքենային ոչ ոք չէր դիպչել ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում: Սակայն, երբ Զիմբարդոն սեփական ուժերով լուրջ վնասվածքներ է հասցնում մեքենային և հեռանում, մի քանի ժամ անց մեքենան թալանվում է, շուռ գալիս և ամբողջովին ավերվում: Զարմանալիորեն, այստեղ էլ հանցագործները պատկառելի սպիտակամորթներն էին:

Վարակիչ պահվածք
Զիմբարդոյի փորձը հիմք է դառնում Ջեյմս Ուիլսոնի և Ջորջ Քելինգի կողմից Հարվարդի համալսարանում մշակված և մի շարք այլ փորձերով ապացուցված «Կոտրված լուսամուտների տեսության»: 1982-ին հրապարակված հոդվածում հեղինակները բերում են մի օրինակ, որն էլ տալիս է տեսության անվանումը. եթե շենքում ինչոր մեկը կոտրում է պատուհանը, և նորն անմիջապես չի տեղադրվում, ապա շուտով կկոտրվեն նաև մյուսները, հետո շենքը կենթարկվի այլ տիպի վանդալային հարձակումների, օրինակ՝ գրաֆիտիի սիրահարների կողմից, իսկ եթե այն բնակելի չէ, ապա որոշ ժամանակ անց ներսում կհանգրվանեն անօթևանները, թմրամոլները, խարույկներ կվառեն և այդպես շարունակ՝ անգամ մինչև հարևան շենքերը նույնպես կհետևեն առաջինի ճակատագրին, և թաղամասում կբարձրանա հանցավորության մակարդակը: Այսինքն՝ որոշ սոցիալական նորմերի չկատարումը կամ խախտումը (տվյալ դեպքում՝ պատուհաններ կոտրելը) վարակիչ է դառնում և խորացնում խնդիրը:

«Կոտրված պատուհանների տեսության» հեղինակները վանդալիզմի դեմ պայքարում առաջարկում են պարզ ու ակնհայտ, սակայն շատ կարևոր մոտեցում. լուծել խնդիրները, քանի դեռ դրանք փոքր են:

Կանխորոշիչ գործողություններ
Վերադառնալով Երևան՝ հիշենք, օրինակ, շենքերի պատերին փակցվող խայտաբղետ հայտարարություններն ու պաստառները: Իսկ նկատել ե՞ք, որ դրանք իսպառ բացակայում են Հանրապետության հրապարակում, քաղաքի կենտրոնում գտնվող մի շարք վարչական, գրասենյակային շենքերի վրա: Ըստ տեսության՝ փակցնողները նախ դժվարանում են խախտել նորմը մի միջավայրում, որտեղ այլ նորմերը խախտված չեն (այս շենքերին հարող տարածքները համեմատաբար խնամված են և մաքուր), իսկ եթե այդ նորմերը և խախտվում են (օրինակ, մի հանդուգն երիտասարդ հաջողացնում է փակցնել երկար մազերի գնման կամ աղջիկների բաց պորտերի աննպատակահարմարության մասին հայտարարությունը), ապա այն շատ շուտ հեռացվում է՝ կրկին ստեղծելով խոչընդոտ հաջորդ հանդուգների առջև՝ արդյոք մաքուր պատին կարելի է ինչոր բան փակցնել:

Նույն մոտեցումը կիրառելի է նաև փողոցում ծխախոտը նետելուն կամ գետնանցումներում, ավտոբուսի կանգառներում ու այլ մութ անկյուններում երբեմն հայտնվող գրառումներին, հայտարարություններին, զուգարանագնացություններին: Երբ այս երևույթների հետևանքներն անմիջապես չեն վերացվում, դրանք դառնում են այլոց համար սովորական, ինչն առաջ է բերում դրանց կրկնվելու հավանականության աճ, խորացում և տարածում: Հիշենք իմ բրյուսելցի գործընկերոջը: Արդյոք նա կնետե՞ր ծխախոտը, եթե փողոցը մաքուր լիներ:

Տեսության հեղինակներից մեկը՝ Վիլիամ Քելինգը, որպես խորհրդատու աշխատել է Նյու Յորքի մետրոպոլիտենում, Լոս Անջելեսի և Բոստոնի ոստիկանական վարչություններում, որտեղ ապացուցել է այն ոչ միայն փորձերով, այլև գործնականորեն:

Եվ մինչ մեզ մոտ էլ կմշակվեն, կհստակեցվեն և կկիրառվեն փողոցում կամ այգում աղբ նետելու, շենքերի պատերին հայտարարություններ ու պաստառներ փակցնելու, հանրային տրանսպորտում ծխելու, գետնանցումներում բնական կարիքները հոգալու համար տուգանքները, քաղաքային իշխանությունները կարող են մտորել «Կոտրված պատուհանների տեսության» ներդրման մեխանիզմների մասին:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 7-8(8), 2012

Այս թեմայով