15 Փետրվար 2013, 19:19
2969 |

Ամբողջական սուզում

Ծնվել է 1987-ի հուլիսի 25-ին Երևանում: 17 տարեկանում ստեղծել է խումբ, որը կոչվում էր Gor & Friends, որը հետագայում վերանվանվեց Roxigen: Տղաները կատարում էին հանրահայտ ռոք-խմբերի ստեղծագործություններ: 2008-ին Գոռ Սուջյանը դարձավ Dorians խմբի մենակատարը:Այսօր Գոռ Սուջյանի և Dorians խմբի մասին խոսում են որպես հայկական ռոքի ապագա:

Հիշու՞մ ես գրածդ առաջին երգը:

— Այո, իհարկե: Մինչ այդ երաժշտություն գրելու մասին ընդհանրապես չէի մտածում: Բայց մի ծանոթ երաժիշտ պնդում էր, որ անպայման ինքս ինձ համար երգեր գրեմ: Փորձի համար նստեցի դաշնամուր առջև և սկսեցի ակորդներ նվագել՝ ինչպես ստացվի: Դրանցից մի քանիսը հավանեցի: Այդպես էլ հայտնվեց առաջին երգս՝ «Կյանքը մարդուն»: Մենք նույնիսկ այն ձայնագրեցին Roxigen խմբով, որի մենակատարն էի այն ժամանակ:

Իսկ երգել ես, հավանաբար, մանկությունի՞ց:

— Չէ, բնավ: Երգը երբևէ լուրջ չեմ ընդունել, իսկ երգչիկարիերա անել ընդհանրապես մտքովս չէր անցել: Չնայած երաժշտական ընտանիքից եմ. հայրս ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ է, ուսուցանում է Գնեսինկայում, կիթառ է նվագում: Քույրս երկար ժամանակ ռոք խմբում էր երգում: Երաժշտականությունը, երևի, գեն է: Որովհետև ընտանիքս ինձ երբեք չի ուղղորդել, ոչ էլ խորհուրդներ տվել: Հակառակը, նույնիսկ մաթեմատիկա էի պարապում, ուզում էի ծրագրավորող կամ տնտեսագետ դառնալ: Փոքր ժամանակ ինձ գրավում էին հարվածային գործիքները: Բայց մի անգամ դպրոցում մենք բեմադրեցինք «Փարիզի Աստվածամոր տաճարը»: Հետո մյուզիքլը կատարեցինք Երևանի պետական համալսարանում, որտեղ այն լսեց մեր նախկին սոլո-կիթառահարի քույրը: Նա այդ ժամանակ մի խմբում էր նվագում, որին վոկալիստ էր պետք: Այդպես էլ սկսեցի երգել: Իմ առաջին երգն էր Led Zeppelin-ի Stairway To Heaven երգի cover-ը: Փաստորեն, ճանապարհս սկսվեց ճանապարհի մասին ամենահայտնի երգով: Խորհրդանշական է: Նույնիսկ ճակատագրական:

Ճակատագրին հավատու՞մ ես:

— Իհա՛րկե: Մեկ անգամ չէ, որ կյանքն ինձ ապացուցել է՝ ամեն ինչ կանխորոշված է: Մարդուն ճանապարհ է ցույց տրվում, հնարավորություն տրվում. մնում է այն օգտագործել: Ինձ մոտ ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ անգամ կարիք չեղավ մտածել՝ ինչով եմ ուզում զբաղվել: Իսկ թե ապագայում ինչ կլինի… Ապագայի հմայքը անհայտության մեջ է: Այլապես ո՞րն է կյանքի իմաստը: Ամեն տեսակ գուշակություններն ինձ նյարդայնացնում են: Ինչի՞ս է պետք իմանալ՝ երբ եմ ամուսնանալու և, առավել ևս՝ երբ և ինչից եմ մահանալու: Անշուշտ, կան բաներ, որոնց մասին երազում եմ: Իսկ ընհանրապես ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի:

Ենթադրենք, 10 տարի է անցել, և մենք նորից հանդիպել ենք: Ինչպիսի՞ն ես դու՝ Գոռ Սուջյանը:

— Իմ, ինչպես նաև ամբողջ Դորիանս խմբի նպատակն է համաշխարհային մակարդակի բենդ դառնալը, մեզնից հետո հետք թողնելը, պատմության մեջ մտնել այն խմբերի հետ, որոնց առջև մենք այսօր խոնարհվում ենք, ում երաժշտությունը մանկուց ենք լսում և ում երգերի cover-ները այդքան տարի կատարել ենք: Իսկ մոտակա ծրագրերն են՝ նոր երգեր ձայնագրել, առաջ տանել FLY ալբոմը, որն արդեն ձայնագրել ենք, նոր երկրեր մեկնել և բազմաթիվ համերգներ տալ: Ընդհանուր առմամբ, այն ամենը, որ մենք մինչ այս արել ենք Դորիանսի հետ, հաջողված եմ համարում: Մեր նպատակն է դուրս գալ համաշխարհային բեմ: Եվ ունենք բացարձակ վստահություն, որ մենք դա կանենք:

Իսկ դու երբևէ բեմից վախեցե՞լ ես:

— Հիմա էլ եմ դրանից վախենում: Եթե բեմից չես վախենում, ուրեմն քեզ համար մի կարևոր փուլ ավարտվել է: Առաջին 2-3 երգերի ընթացքում ես միշտ լարված եմ, հետո լարվածությունն անցնում է, հանդիսատեսի հետ ներդաշնակություն եմ զգում, սկսում եմ շփումը, մեկ մարմին ենք դառնում: Ահա այդ ժամանակ գալիս է ոչնչի հետ չհամեմատվող մի զգացողություն: Գիտե՞ք՝ հանդիսատեսն էլ է մասնակցում համերգին, արտահայտում իր զգացմունքները, կարծիքը, կիսում էներգետիկան:

Համերգներին անկասկած պատահում են բազմաթիվ արտառոց իրավիճակներ, և հարկավոր է իրար լավ ճանաչեք, որպեսզի կարողանաք տակից դուրս գալ:

— Այո, իհարկե, ինչ ասես չի պատահում: Հիշում եմ մեր առաջին ելույթը «Ոսկե լիրա» մրցույթին: Մեկ օրում մենք պիտի վերափոխեինք «Անուշ» օպերայի մի արիա, որպեսզի այն մեր ոճով նվագեինք: Մենք ամբողջ գիշեր չքնեցինք, այտուցված աչքերով եկանք փորձի, իսկ մեր հարվածային գործիքներ նվագող տղան այդպես էլ չեկավ: Պատկերացնու՞մ եք, ստիպված էինք բեմ դուրս գալ առանց իրեն: Առանց հարվածային գործինքերի: Այդպես էլ նվագեցինք:

Ո՞րն էր ամենատարօրինակ վայրը, որտեղ ելույթ եք ունեցել:

— Երևանում Մոսկվայի Տան շենքի տանիքին: Այդ ժամանակ դեռ Roxigen-ի կազմում էի: Ընդհանուր առմամբ, բոլոր համերգներն էլ տարբեր են, և ամեն մեկից մի առանձնահատուկ բան ես ստանում: Ինձ մոտ անբացատրելի զգացողություններ էին, երբ երգում էինք TUMO-ի բացմանը, Սերժ Թանկյանի ելույթից առաջ: Ես վերցրի խոսափողը և այն ուղղեցի դեպի ամբոխը, որի վերջն ուղղակի չէր երևում: Եվ մարդիկ սկսեցին երգել «ես կուլամ»… Չէ: Այստեղ խոսքերն ավարտվում են: Միայն զգացմունքներ: Ասես գդալով կոկաին ուտեի:

Որտե՞ղ կուզեիր ելույթ ունենալ:

— Շատ կուզեի ավտոբուս վերցնել և Եվրոպայով շրջել, այստեղ և այնտեղ կանգ առնելով և համերգ տալով: Այսպիսի ինքնատիպ hippie style. Առավել ևս՝ ինքնաթիռներից վախենում եմ:

Հետաքրքիր է: Իսկ ուրիշ է՞լ ինչ ֆոբիաներ ունես:

— Ջուրը: Ամբողջ կյանքում վախեցել եմ ջրից: Մի անգամ երազում նույնիսկ տեսել էի, թե ինքնաթիռի միջից օվիանոսն եմ ընկնում: Մի ահավոր բան էր…

 Ինչպե՞ս բնութագրել ձեր երաժշտական ոճը:

—Ժանրը՝ ռոք: Այսքանը բավարար է: Մենք Դորիանսն ենք, սրանով ամեն ինչ ասված է: Խումբը իր ձեռագիրն ունի, մենք մեր սեփական երգերն ենք կատարում: Մի ժամանակ շատ cover-ներ ունեինք, համերգներ կային՝ ամբողջովին ուրիշների երգերից բաղկացած: Սակայն ինչպես իմ, այնպես էլ խմբի կյանքում դա մի փուլ էր, այսպես ասած՝ յուրահատուկ դպրոց: Երաժշտական կրթություն չունեմ, ինձ ուսուցանել են այն խմբերը, որոնց երգերն էի կատարում՝ Led Zeppelin, Pink Floyd և այլն: Երբեմն լրագրողները հարցնում են՝ ինչու՞ մենք չենք ապստամբում, չէ՞ որ ռոք-երաժիշտներ ենք: Նրանք ռոքը չեն հասկանում, առաջին հերթին ռոքն ազատություն է: Ապստամբելը հանուն ապստամբության մեզ չի հետաքրքրում:

Ռոքի հետ կապված կարծրատիպերից մեկն են նաև թմրամիջոցները: Ինչ ես կարծում, արդյո՞ք երաժշտին պետք է որևէ կատալիզատոր լավ համերգ ստանալու համար:

 — Իհարկե, կարելի է խմել: Սակայն գլխավոր կատալիզատորը երաժշտությունն է: Երաժշտության մեզ մինչև ուղնուծուծը սուզվելը: Բրյուս Լին ասում էր, որ կյանքում ամեն ինչ կունգ ֆու է: Յուրաքանչյուր մարդ աշխարհը յուրովի է տեսնում: Իրականում ինձ համար կյանքում ամեն ինչ երաժշտություն է: Ես այն մշտապես լսում եմ: Նաև... Հիշում եմ՝ փոքր ժամանակ այնպիսի գույներ էի տեսնում, որոնք հիմա այլևս գոյություն չունեն: Երկինքն այլ էր: Ամեն բան այլ էր: Դա երեխայի արտոնությունն է: Համերգների ժամանակ փորձում եմ վերադարձնել այդ վիճակը, գտնել գույները, երեխա դառնալ և վերադարձնել մեր հանդիսատեսի մանկությունը: Ու դրա համար թմրանյութ պետք չէ: Թմրանյութը քո մեջ է: Մնում է միայն տնօրինել այն:

Dorians-ը հայտնի է ոչ միայն այլընտրանքային երիտասարդության շրջանում: Ձեր տեսահոլովակները պտտվում են երաժշտական ալիքներով, չարթերում դուք առաջատար դիրքեր եք զբաղեցնում: Այսինքն, հիմա դուք շոու-բիզնեսի մա՞սն եք:

— Չեմ կարծում, որ մենք շոու-բիզնեսում ենք, չնայած պաշտոնապես երևի հենց այդպես է, որ կա: Ես ավելի շատ կոմերցիայի կողմնակից եմ: Այսօր Դորիանսը կոմերցիոն նախագիծ է: Եվ ես դա ճիշտ եմ համարում: Իմ կարծիքով, դա օգնում է լայն զանգվածներին հաղորդակից դարձնել ռոքին, ինչը չի կարող չուրախացնել: Մեզ համար կուլտային խմբերը նույնպես կոմերցիոն են: Իսկ Հայաստանում մինչև վերջերս կարծում էին, որ կոմերցիան խոչընդոտում է ստեղծագործ գործունեությանը:

Պատմիր՝ ինչպե՞ս է ստեղծվել ձեր գլխավոր հիթը՝ «Ես Կուլամ»-ը:

— Այս երգի երաժշտությունը երկու մոտեցմամբ եմ գրել: Կրկներգը վաղուց ունեի, 20 տարեկան էի, երբ այն գրեցի: Իսկ ընդհանուր տեքստը ոչ մի կերպ չէր գրվում: Մի անգամ սկսեցի կիթառով տարբեր մեղեդիներ նվագել: Մեր բասիստ Էդգարը հետաքրքրվեց, և մենք միասին ստեղծեցինք մեղեդին: Հետո մտածեցի, որ այն ընտիր կկապվի այն կրկներգին, որն արդեն ունեի: Որոշ ժամանակ անց մեր պրոդյուսերը որոշեց, որ մենք անպայման պիտի զուգերգ կատարենք թավջութակահար Արտեմ Մանուկյանի հետ: Նա մեր Յո-Յո Ման է: Stop ակումբի հետևի սենյակում փորձում էինք աուտենտիկ մի բան ստեղծել, և ահա ես հիշեցի՝ տղե՛րք, ախր ես երգ ունեմ: Այն բոլորին միանգամից դուր եկավ, բայց խոսքեր դեռևս չկային, ես և Արտեմը դուրս եկանք բեմ. նա թավջութակ էր նվագում, իսկ ես «Նա-նա-նա» էի երգակցում: Ժողովրդին դուր եկավ: Վարդան Զադոյանը խոսքերը գրեց շատ ավելի ուշ, բառացի մի քանի րոպեում: Ի դեպ, հայերենի Վանի բարբառով: Իմ կարծիքով, այն անասելի հնչեղ է: Այս երգի տեսահոլովակի հետ կապված էլ մի հետաքրքիր պատմություն կա: Անհրաժեշտ սարքավորումները մեզ տվեցին ոչ թե մի օրով, ինչպես սովորաբար, այլ ցերեկվա ժամը չորսից մինչև կեսգիշեր: Իսկ այդ պահին մենք ընդհանրապես ոչ մի մտահղացում չունեինք: Մի խոսքով, նստած ենք նույն Stop-ում, Վարդան Զադոյանը փորձում է մի բան հնարել, բայց ոչ մի խելքը գլխին բան դուրս չի գալիս: Երբ բոլորս ահավոր հոգնեցինք, Վարդանը նստեց աթոռին և սկսեց նվագել: Փաստացի նա արեց այն ամենը, ինչ հետո կրկնեց հոլովակի գլխավոր հերոսը: Միայն մնում էր շուտ գտնել հերոսին. տարեց մարդ էր պետք: Մեր ստեղնահար Արման Փահլևանյանը հիշեց, որ իր հայրը դերասան ընկեր ունի: Եվ չնայած հաջորդ օրը թատրոնում ներկայացում ուներ, նա, այնուամենայնիվ, համաձայնեց : Նկարահանումը Երևանի դպրոցներից մեկի մարզադահլիճում էր, որտեղ անտանելի ցուրտ էր: Դերասանն իր հետ մի շիշ տանձի «սամագոն» էր բերել: Մենք բոլորս խմեցինք, որ տաքանանք, և սկսեցինք նկարահանել: Նա հիանալի էր խաղում, շունչներս պահած նայում էինք: Անգամ ափսոսում եմ հոլովակում չհայտնված շատ կադրերի համար:

Խմբի անդամ լինելը դժվա՞ր է:

— Կենդանի երաժշտությունը որոշակի մակարդակի նշան է: Դորիանսի երաժիշտներն ապահովում են այդ մակարդակը: Մենք թիմ ենք, ունենք ընդհանուր նպատակներ, սատարում ենք մեկս մյուսին: Սա ինձ համար զարգացման կատարյալ տարբերակ է:

Իսկհաճա՞խեքգժտվում:

— Պատահում է: Մի անգամ ընդհանրապես որոշել էինք՝ ահա այն, մեր վերջին համերգը: Ցրվում ենք: Այն ժամանակ մոտ մեկ տարի էր, ինչ նվագում էինք: Սգավոր դեմքերով դուրս եկանք բեմ, բայց ամեն ինչ այնքան լավ գնաց, որ զգացողությունների ալիքի վրա հաշտվեցինք: Այդպիսի հարց այլևս չի առաջացել: Հիմա մենք միշտ հաշտվում ենք համերգից առաջ:

Իսկ Դորիանսի մասին ի՞նչ կպատմեիր մի մարդու, ով ձեր մասին ոչինչ չգիտի:

— Ոչինչ էլ չէի պատմի: Իմ գործը երգելն է: Կառաջարկեի մեր համերգը լսել:

P. S. Նկարահանման ընթացքում Գոռ Սուջյանը լողալ սովորեց:

Dorians խմբի մասին

Խմբի կազմում այսօր կա 5 երաժիշտ: Մենակատար՝ Գոռ Սուջյան, սոլո-կիթառ՝ Գագիկ Խոդավերդի, բաս-կիթառ՝ Էդգար Սահակյան, ստեղնային գործիքներ՝ Արման Փահլևանյան և հարվածային գործիքներ՝ Վահագն Գևորգյան:

2009-ին Դորիանսն արժանացավ մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգում «Տաշիր» համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունում: Իսկ արդեն 2011-ին ճանաչվեց լավագույն ռոք-խումբ և դարձավ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն տեսահոլովակ» և «Լավագույն վոկալ» անվանակարգերի հաղթող: 2011-ի ապրիլին Դորիանսը ձայնագրեց իր դեբյուտային FLY ալբոմը:

Այս տարի մայիսին Դորիանս խումբը կներկայացնի Հայաստանը միջազգային Եվրատեսիլ մրցույթին: 

Լուսանկարները՝ Առնոս Մարտիրոսյանի

Այս թեմայով