07 Փետրվար 2013, 14:07
2988 |

Դոննա Արմենիա

Դերասանուհու տունը մշտապես լի է ազգականներով և ընկերներով: Նա հեռավոր ապագայի համար չի անհանգստանում, ապրում է այսօրվա օրով և զբաղվում այն գործով, որը համար, ըստ սեփական համոզմունքի, ծնվել է:

Լույսի մայրը

Բրազիլական հեռուստատեսության ապագա աստղ Արասի Բալաբանյանը ծնվել է 1942-ին Մատու Գրոսու դու Սուլ նահանգի Կամպու Գրանդե քաղաքում: Նրա ծնողները` Ռաֆայել և Էսթեր Բալաբանյանները, փախստականներ էին արևմտյան Հայաստանի Հաճն քաղաքից: Լատինական Ամերիկայի հեռավոր ափերում նրանք հայտնվել էին՝ փրկվելով 1915-ի Ցեղասպանությունից: Գտնվելով օտար շրջապատում, լեզու անգամ չիմանալով՝ նրանք Կամպու Գրանդեում կոշիկի խանութ բացեցին և շատ շուտով կարողացան արմատներ գցել նոր վայրում: Ե՛վ Ռաֆայելը, և՛ Էսթերը այրի էին: Երբ ծնվեց Արասին, Բալաբանյանների ընտանիքում արդեն կար յոթ երեխա նախորդ ամուսնություններից: Այդ ժամանակ Ռաֆայելի գործերը լավ էին ընթանում, նա մեծ հարգանք էր վայելում տեղի հայկական համայնքում: Իրենց ութերորդ երեխային ծնողներն ուզում էին Արաքսի անվանել` Արաքս գետի պատվին, սակայն որոշեցին իրենց նոր հայրենիքին էլ արժանին մատուցել` հանելով անունից «ք» տառը. Հարավային Ամերիկայի հնդկացիների տուպի-գուարինի լեզվով «արասի» նշանակում է «լույսի մայր»:

Ռաֆայելի սիրած դերասանը

Սան-Պաուլո տեղափոխվելուց հետո, որտեղ երեխաները կարող էին լավ կրթություն ստանալ, 15-ամյա աղջնակն առաջին անգամ հանրահայտ դերասանուհի Մարիա Դելա Կոստայի մասնակցությամբ թատերական ներկայացում տեսավ և ոգևորվեց բեմի մասին երազներով: Սակայն դստերը լուրջ սոցիոլոգի դերում տեսնող հայրը չէր կիսում աղջկա ոգեշնչվածությունը. «Դա գեղեցիկ, սակայն հարգանք չվայելող մասնագիտություն է»: Մի քանի տարի անց Արասին ընդունվեց սոցիալական գիտությունների ամբիոնի փիլիսոփայության ֆակուլտետ՝ զուգահեռ սովորելով տեղի Դրամատիկական արվեստի դպրոցում: 22 տարեկանում նա հաջողությամբ այն ավարտեց` հոր կամքին հակառակ երրորդ կուրսում լքելով համալսարանը:

 

«Մակբեթ» դիպլոմային ներկայացումից և Բրազիլական կոմեդիայի թատրոնի Ժորժի Ամադուի պիեսի հիման վրա բեմադրված «Բարոնի կմախքը» ներկայացումից հետո խոսեցին Արասիի` երկրի ամենահեռանկարային դերասանուհիներից մեկը լինելու մասին: Իսկ 1964-ին նա առաջին անգամ երևաց հեռուսատեսությունում, Tupi TV հեռուստաալիքի Սոֆոկլեսի պիեսի հիման վրա նկարահաանված «Անտիգոնե» հեռուստաներկայացմանը: Այդ բեմադրության մեջ գլխավոր դերի համար Բալաբանյանը արժանացել էր տարվա լավագույն դերասանուհի կոչմանը, ինչպես նաև հեղինակավոր «Փոքեթ Փինթու» թատերական մրցանակին: Սակայն հաջողությունը ուներ նաև իր հակառակ կողմը. Ռաֆայել Բալաբանյանը այդպես էլ չկարողացավ ներել դստեր կիրքը բեմի նկատմամբ և խզեց կապերը նրա հետ: Հայրն ու դուստրը հաշտվեցին 1968-ին՝ շնորհիվ հեռուստատեսությունում Արասիի նոր դերի: «Անտոնիու Մարիա» նովելում նա խաղաց հանրահայտ դերասան Սերժիու Կարդոզուի հետ, ում հանդեպ ակնածանք էր տածում Ռաֆայելը: Այդ դերից հետո հայրը դարձավ դստեր ամենանվիրված երկրպագուն: Ծնողները մահացան, երբ Արասին իր փառքի գագաթին էր: «Նրանց շնորհիվ եմ ես դարձել այն, ինչ դարձել եմ»,- խոստովանում է:

Մազեր և փողոց

1968-ին Արասին խաղաց իր ամենահաջողված թատերական դերերից մեկը` ելույթ ունենալով ամերիկյան ականավոր «Մազեր» մյուզիքլի բրազիլական տարբերակում: Ճիշտ է, նա չկարողացավ թատերական շրջանը մինչև վերջ խաղալ հիվանդության պատճառով, բայց դա իր հետագա գործունեությանը չխանգարեց: Մի քանի տարի անց Արասիին հրավիրեցին բրազիլական հեռուստատեսության առաջին մանկական հաղորդմանը` «Սեզամ փողոցին», որը, «Մազերի» պես, ամերիկյան արմատներ ուներ: Սակայն մեծ հաջողությունները նրան այցելեցին միայն Ռիո դե Ժանեյրո տեղափոխվելուց հետո, որտեղ Արասին մի երկար և բեղումնավոր համագործակցություն սկսեց հեռուստանովելներ ստեղծողների առաջատար հանրահայտ Globo TV ընկերության հետ: Բալաբանյանը հիշում է` «Երբ ես թատրոնից գնում էի հեռուստատեսություն, շատերը ափսոսանքով նշում էին, որ Բրազիլիան դերասանուհի կորցրեց: Բայց ես այդպես չեմ կարծում: Իսկ նկարահանումներին մոտենում եմ բեմական խաղի պես: Երբ տեսախցիկը սկսում է նկարել, հարթակում գտնվող նկարահանող խումբը դառնում է իմ հանդիսատեսը: Ես խաղում եմ և հետևում խմբի արձագանքին, ինչպես թատրոնի բեմում հետևում էի հանդիսատեսի արձագանքին»:

 

 Սխալ հայուհին

Արասիի մասնակցությամբ Globo TV-ի ամենագլխավոր նախագծերից մեկն էր 1990-ի «Մետաղի ջարդոնների թագուհին» հեռուստանովելը: Դերասանուհին այս հեռուստասերիալը առանձնահատուկ համարելու համար առնվազն երկու պատճառ ուներ. նախ` դրա հեղինակն էր Արասիի հին ընկեր Սիլվիու դի Աբրեուն, ում հետ նա սովորել էր Դրամատիկական արվեստների դպրոցում, ապա` նա կրկին վերադարձավ իր արմատներին: Բանն այն է, որ ըստ սցենարի գլխավոր հերոսուհին, պիտի լիներ երեք որդիների մայր Հունգարիայից էմիգրանտը, բայց նկարահանումների մեկնարկից առաջ դի Աբրեուն Արասիին առաջարկեց կերպարը վերափոխել հայի: Այդպես էլ հայտնվեց Դոննա Արմենիան: Այդ ժամանակ դերասանուհին սովորել էր հայերեն գրել, կարդալ և հասկացել էր, որ երբեք չի մոռանա այն «լեզվի մեղեդին», որով խոսում էին ծնողները: Այդպիսով բրազիլական հեռուստանովելի հերոսուհին հայկական առոգանությամբ օժտվեց. պորտուգալերենի և հայերենի զուգակցմամբ չթարգմանվող արտահայտությունները դարձան Դոնա Արմենիայի այցեքարտը:

Ճիշտ է, հեռուստատեսային հայրենակցուհին չարժանացավ հայկական համայնքի հավանությանը, որի հետ, ծնողների մահից հետո, Արասին կապը կորցրել էր: Շատերի կարծիքով Դոնա Արմենիան` էքստրավագանտ, փառասեր, գործարար կինը, որը վերահսկում էր իր հասուն որդիների կյանքը և դաժանաբար հաշիվներն լուծում մրցակիցների հետ, չէր համապատասխանում հայ կնոջ կերպարին: Մի անգամ հարցազրույցի ժամանակ Արասիին մի հայ էր մոտեցել և, առանց դես ու դեն ընկնելու, ասել էր այն ամենը, ինչ մտածում էր նրա դերի մասին, դերասանուհուն անվանելով հիմար և անգրագետ հայ կանանց մասին պատկերացում անգամ չունեցող: Այնուամենայնիվ, դա չխանգարեց Արասիին երկու տարի անց «Աստված ձեզ պահապան» հեռուստանովելում վերադառնալ հեռուստաէկրաններ: Ինքը՝ դերասանուհին, կարծում է, որ այդ աշխատանքը հարգանքի տուրք է իր ծնողներին և բոլոր այն հայերին, ովքեր ժամանակին նոր կյանք են գտել Բրազիլիայում:

 

Սեփական «եսը»

1995-ին Արասին նորից խաղաց դի Աբրեուի կողմից հնարված հերուսուհու դեր: Այս անգամ` իշխանատենչ, ազնվաբարո, նրբագեղ իտալուհու` Ֆիլոմենա Ֆերետոյի կերպարը` «Նոր զոհից»: Հեռուտանովելը մեծ հաջողություն էր վայելում` արձանագրելով բրազիլական հեռուստանովելներում նոր, շատ ավելի իրատեսական միտումների սկիզբ : Օրինակ` «Նոր զոհում» արդրադարձել են այնպիսի արդիական թեմաների, ինչպիսիք են թմրամոլությունն ու մարմնավաճառությունը, դրան գումարած հեռուստադիտողների հետաքրքրությունը պահվում էր դեդեկտիվ խճճված սյուժեով: Հայրենի երկրում «Նոր զոհը»ստացավ երկու մրցանակ. որպես 1995 և 1996 թվականների լավագույն հեռուստասերիալ, իսկ Բալաբանյանը 1997-ին ստացավ մրցանակ հեռուստատեսության մեջ կնոջ լավագույն դերի համար: Բացի այդ, նրա մասին, վերջապես, իմացան նաև Հայաստանում. հեռուստադիտողները վերնագրերում նկատել էին գրեթե հայկական անունն ու յան-ով ազգանունը: Ի դեպ, հեռուստատեսությունում աշխատելու առաջին օրերից Արասիին համոզում էին ազգանունը փոխել, ընտրել Բալաբաս կամ Բալա կեղծանունները: «Բայց ես Բալաբանյան եմ, դա իմ «եսն» է»,- համառում էր դերասանուհին: Ընդ որում, կաթոլիկ Բալաբանյանը երբեք չի մոռանում հիշեցնել այն մասին, որ հայերը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգն են: «Հավատքը հատկապես կարևոր է իմ մասնագիտության մեջ, երբ մեր կողքից մշտապես քայլում է սնափառությունը»:

 ***

Արասի Բալաբանյանը այդպես էլ ընտանիք չկազմեց և երեխաներ չունեցավ. դերասանի մասնագիտությունը գրավել էր նրա ամբողջ կյանքը: Ընդ որում, նա երբեք լրագրողների չի թողնում ներխուժել իր անձնական կյանք` ասելով միայն, որ իր կյանքում «երեք մեծ սիրավեպ» է եղել: Ոչ ոք չգիտի` ովքեր են այդ տղամարդիկ: «Ես նրանցից ոչ մեկի հետ էլ չեմ ապրել, քանի որ կարծում եմ, որ կենցաղը սպանում է զգացմունքները»,- բացատրում է դերասանուհին: Այնուամենայնիվ, հայկական մեծ ընտանիքում մեծացած դերասանուհին միայնակ չէ. նա մեկ դյուժինից ավելի զարմիկներ և զարմուհիներ ունի, նրա տունը մշտապես լի է ազգականներով և ընկերներով: Արասին այսօր էլ անխոնջ աշխատում է: Նա հեռավոր ապագայի համար չի անհանգստանում, ապրում է այսօրվա օրով և զբաղվում այն գործով, որը համար, ըստ սեփական համոզմունքի, ծնվել է:

Ստրկուհին և լացող մեծահարուստները

Սովետական հեռուստատեսությամբ ցուցադրված առաջին հեռուստանովելը Բերնարդու Հիմարաինշի, 1875-ին գրված «Ստրկուհի Իզաուրան» վեպի էկրանավորումն էր: Հեռուստասերիալը, որ Բրազիլիայում ցուցադրվել է 1967-77 թթ., բաղկացած էր կեսժամանոց 100 մասից: Միջազգային վարձույթի համար այն կրճատվել էր կեսժամանոց 30 մասի, իսկ ահա ԽՍՀՄ-ում ցուցադրվում էր մեկժամանոց 15 մաս: Դրանցից առաջինը ցուցադրվել էր կենտրոնական հեռուստատեսությամբ 1988-ի հոկտեմբերի 6-ին: 1990-ի սեպտեմբերին, հեռուստադիտողների խնդրանքներով հեռուստասերիալը կրկին ցուցադրվեց: Հաջորդ հիթը, որը սովետական, իսկ ավելի ուշ նաև ռուսական հեռուստատեսությունում վերջնականապես ճանապարհ բացեց լատինաամերիկյան հեռուստանովելների համար, «Հարուսները նույնպես լալիս են» սերիալն էր` 1979-ին: Կենտրոնական հեռուստատեսութամբ պրեմիերան տեղի ունեցավ 1991-ի նոյեմբերի 18-ին: Առաջին մի քանի մասը ցուցադրեցին աշխատանքային օրերին` ուշ երեկոյան: Դրանից հետո ցուցադրումները դադարեցրին, քանի որ ալիքի ղեկավարությունը համարեց, որ սերիալը հաջողություն չի ունենա: Եվ միայն հեռուստասերիալը վերադարձնելու պահանջներով հազարավոր զանգերից և նամակներից հետո ցուցադրումը վերականգնեցին:

Այս թեմայով