05 Փետրվար 2013, 15:20
2151 |

Բալետ երկուսի համար

Սերգեյ և Գայանե Դանիլյանների 20 տարի առաջ հիմնած Ardani Artists Management-ն այսօր անվանում են ամենաազդեցիկը բալետի աշխարհում: Սա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ այս զույգը կազմակերպում է աշխարհի ամենաբարձր դասի աստղերի ելույթները՝ ներկայացնելով Ռուսաստանի Մեծ, Մարիինյան և Միխայլովյան թատրոնները, Les Ballets de Monte Carlo-ն, The Eifman Ballet-ը և այլն:

Դժվար չէ՞ընկերությունը ղեկավարել որպես ընտանեկան զույգ:

Գայանե. Մենք մեր պարտականությունները շատ հստակ բաժանել ենք: Ես աշխատում եմ հանդիսատեսի հետ, վաճառում եմ տոմսեր, զբաղվում եմ գովազդի հարցով: Սերգեյի վրա են դրված ստեղծագործական խնդիրները: Այսպես ամեն ինչ շատ հարթ է ընթանում, չնայած մենք 24 ժամ միասին ենք անցկացնում:

ՍերգեյԳայանեն այդքան էլ չի սիրում ռիսկի դիմել. նախընտրում է արդեն փորձված մեթոդները: Իսկ ես կարծում եմ, որ ռիսկը թե՛ ստեղծագործական, և թե՛ ֆինանսական տեսակետից թույլ է տալիս շատ ավելիին հասնել: Գայանեն՝ որպես ֆինանսների մենեջեր, պատասխանատու է գալիք օրվա համար: Իսկ ես պետք է պատկերացնեմ, թե հեռավոր ապագայում ընկերությունը ինչպես կզարգանա: Այսպիսով, մենք միմյանց հիանալի հասկանում ենք՝ մեկիս եթե հանեք, ամեն ինչ կփլվի: Ardani Artists-ն արդեն 22 տարի է, ինչ գոյություն ունի, և մեր պլանները հաստատված են մինչև 2015-ը: Սրանից կարելի է ենթադրություն անել, թե որքանով է ճիշտ մեր ընտրած ճանապարհը:

Ardani Artists-ը ծաղկում էդուք ակնհայտ բարձունքների եք հասելարժանացել մի շարք պարգևների… Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը

Սերգեյ. առաջին հերթին գիտելիքը, փորձն ու կապերը: ԱՄՆ մենք տանում ենք ամենահետաքրքիր արվեստագետներին: Երբեմն ինքներս ենք զբաղվում պրոդյուսերությամբ, ինչպես, օրինակ, Kings of Dance-ի դեպքում: Երեք տարվա մեջ ընդհանուր առմամբ ստեղծել ենք երեք մեծ ծրագիր՝ հաջողացնելով աշխատել երեք տասնյակ խորեոգրաֆների հետ աշխարհի բոլոր մասերից: Ամենակարևորը՝ լավագույններին գտնելն է: Ես կատարում եմ հետազոտություններ, հանդիպում մարդկանց հետ, դիտում ներկայացումներ, քննարկում մասնագետների հետ և ընտրում կատարողների կազմը: Հավելեմ, որ տարբեր ժամային գոտիների պատճառով հաճախ հարկ է լինում աշխատել 24 ժամ. մենք մարդկանց հավաքում ենք ամբողջ աշխարհից: Անհրաժեշտ է կապեր ունենալ տասնյակ երկրներում, տիրապետել դրանցից յուրաքանչյուրում աշխատելու նրբություններին: Մենք բարեբախտաբար կարողացանք արագ կողմնորոշվել այս համակարգում: Հակառակ դեպքում, անհնար կլիներ ներկայացնել մեր նախագծերը Ռիգայում, Տալլինում, Կիևում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Բեռլինում, Մոնթեվիդեոյում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում: Ի դեպ, աշխատանքի ժամանակ ռուսերենի իմացությունը շատ օգտակար է, քանի որ առաջին հերթին համագործակցում ենք ռուս կատարողների հետ: 

Գայանե. Մի առավելություն էլ ունենք. մենք միևնույն ժամանակ և՛ իմպրեսարիո ենք, և՛ պրոդյուսեր, և՛ գործակալ: Մեզնից բացի ոչ ոք աշխարհում այսքանը չի համատեղում: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ փորձում է, ապա գործնականում կարևորում է շահույթը, մոռանալով, ի տարբերություն մեզ, որակի մասին:

Ինչ վերաբերում է շահույթին… Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդե՞ց ձեր բիզնեսի վրա

ՍերգեյԻհարկե: Վերջին ժամանակներում ԱՄՆ-ի և մանավանդ Ռուսաստանի տնտեսական վիճակը հարվածեց թե՛ ներդրողի, և թե՛ հանդիստեսի գրպանին: Իսկ մենք կախված ենք երկուսից էլ: Անբավարար ֆինանսավորման ժամանակ ստիպված ես բարձրացնել տոմսերի արժեքը, որից էլ տուժում է հանդիսատեսը: Ի դեպ, Ամերիկայում միայն Kennedy Center-ն է, որ շնորհիվ պետական ֆինանսավորման չունի խնդիրներ ներկայացումների և հաճախելիության հետ:

Դուք արդեն 20 տարուց ավելի էինչ աշխատում եք օվկիանոսի երկու կողմերում: Կարո՞ղ եք ասել՝ ինչով է տարբերվում արվեստի ընկալումը ԱՄՆ-ում և Ռուսաստանում:

Սերգեյ. Առաջին հերթին՝ տարբեր մոտիվացիաներով: Ռուսաստանում միշտ էլ, ոչ միայն կոմունիստների ժամանակ, արվեստը եղել է գաղափարայնացված: Դեռ Գլինկան էր ցարի հաղթանակին նվիրված օպերա գրել, Չայկովսկին իր «1812 թվական» հանդիսավոր ուվերտյուրան նվիրել էր Նապոլեոնի դեմ ռուսական բանակի տարած հաղթանակին: Այս ամենով հանդերձ այսօր Ռուսաստանում պետական բյուջե կազմելիս մշակույթը՝ թատրոնը, թանգարանները, կինոն և այլն, մնում են ամենավերջում և արժանանում կոպեկների: Ամերիկյան մշակույթը գործնականում զուրկ է քաղաքական, գաղափարախոսական տարրերից: Պետական օժանդակությունն էլ ընդհանրապես բացակայում է այստեղ: Դրա փոխարեն, ԱՄՆ-ում, ի տարբերություն Ռուսաստանի, գործում է մեկենասության համակարգը: Տեսե՛ք՝ ովքեր են ֆինանսավորում ամենամեծ բեմերն ու թատերախմբերը՝ ոչ թե պետությունը կամ ընկերությունները, այլ հարուստ մարդիկ: Դժվարանում եմ պատկերացնել թատրոն կամ բալետի խումբ ֆինանսավորող ռուս օլիգարխի: Միևնույն ժամանակ գոյություն չունի բոլորի համար ընդունելի լուծում:

Հետաքրքիր է՝ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ և ի՞նչը բերեց Ձեզ բալետի աշխարհ:

ՍերգեյՄենք Գայանեի հետ ունենք ընդհանուր ընտանեկան արժեքներ: Մեր երակներում հոսում է ղարաբաղյան արյուն, այսինքն՝ օժտված ենք մարտական ոգով և համառությամբ: Ղարաբաղցիները եթե որոշում են, իրականացնում են: Բալետ մենք եկանք համեմատաբար ավելի ուշ՝ սկզբում թատրոնն էր: Ղարաբաղում պապս իր տան բակում մի ցախատուն ուներ, որտեղ փայտից տարբեր բաներ էր սարքում: Դա էլ հենց իմ առաջին թատրոնն էր: 12 տարեկան էի. այն ժամանակ դեռ չէի էլ կարող պատկերացնել, որ այդ խաղը մասնագիտությունս կդառնա: Իմ տիկնիկային ներկայացնումների տոմսերն արժեին 10 կոպեկ: Ես նույնիսկ պաստառներ էի նկարում ու դռներին փակցնում: Ի դեպ, տիկնիկներին ես Երևանից բերված խաղալիքներից էի պատրաստում: Մի ձեռքով լույսն էի պահում, մյուսով՝ շարժում տիկնիկներին: Հանդիսատեսները՝ հասակակիցներս, հիացած էին: Աշխատած գումարով սովորաբար գնում էինք հնդկական ֆիլմեր նայելու: Դրանք իրենց զգացմունքայնության և ռոմանտիկայի հաշվին շատ էին սիրված Ղարաբաղում: Ընդհանրապես, Ղարաբաղի հետ կապված հիշողություններն անգին են ինձ համար: Հիշում եմ նաև, որ մանուկ ժամանակ շատ էի ազդվել Էջմիածնի տաճարում անց կացված ծիսակատարությունից: Տասը տարեկան էի. աչքիս առաջ գլխատեցին հավին և նրա արյամբ ճակատիս խաչ արեցին: Այն ժամանակ թերևս առաջին անգամ ներկա էի իսկական ներկայացման: Մանկությանս տարիներին երաժշտական դպրոց էի հաճախում: Հետագայում, երբ Սումգայիթում էինք ապրում, հայտնի դպրոցական թատրոնում էի խաղում: 16 տարեկան էի, երբ բեմական առաջին փորձս ունեցա: Ես լուրջ մտադրվել էի զբաղվել դերասանական արվեստով, բայց ծնողներս ինձ համար ավելի կայուն մասնագիտություն ընտրեցին: Այդպես հայտնվեցի պոլիտեխնիկում: Բայց թատրոնից այդքան հեշտ չե՛ս պրծնի: 

Գայանե. Ես էլ բոլոր ամառային արձակուրդներս Ղարաբաղում էի անց կացնում: Տատիկս Ստեփանակերտում շատ մեծ տուն ուներ՝ մաքուր օդ, թոնրից հանած հաց ու պանրի հոտ, կաթնասեր, կարագ, մրգեր և բակի անվերջ խաղեր… Սեփական թատրոն, ցավոք, չունեի, բայց մեր երևանյան տանը միշտ հյուրեր ունեինք՝ դերասաններ, երգիչներ, նկարիչներ: Օպերան, բալետը, ներկայացումները իմ կյանքի անբաժան մասն էին: Երևի այդ էր պատճառը, որ հետագայում որոշեցի ընդունվել Մոսկվայի Թատերական Արվեստի Պետական Համալսարան: Ես ու Սերգեյը այնտեղ էլ հենց ծանոթացանք՝ Մոսկվայում, 1980-ին: Դե, պատկերացրե՛ք. մի քաղաքում երկու հայ, երկուսն էլ նույն թատերական ինստիտուտում ու ավելին՝ երկուսն էլ Ղարաբաղի բարբառով են խոսում: Այն պահից, երբ Սերգեյն ինձ Ճարտարապետների Միության բարում շամպայն հյուրասիրեց, մինչև հիմա անբաժան ենք: 

Ձեզ համար կարծես շատ թանկ են ձեր արմատները

ՍերգեյՄի անգամ, երբ Լոնդոնում հայկական եկեղեցի մտա, հայտնվեցի խաղողօրհնեքի արաղությանը և մի քանի վազ վերցրեցի հետս: Բայց օդանավակայանում պարզվեց, որ չի կարելի դրանք ինքնաթիռ տանել: Չէի էլ կարող թողնել. այդպես էլ տեղում ամբողջը կերա:

Գայանե. Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկու որդիները՝ Արմենն ու Տիգրանը, նույնպես հավատարիմ են մնում իրենց արմատներին: Ի դեպ, վերջերս մեր ավագ որդին իր առաջին այցը կատարեց Ղարաբաղ, գտավ մեր բարեկամներին և առաջին նամակում գրեց, որ հպարտանում է հայրենիքով, ու որ բոլոր մեր պատմածները ճիշտ են եղել: Արմատները միայն ընտանիքը չէ: Դա նաև օդն է, լեռներն են, մշակույթն է, սնունդն է, և, իհարկե, հիշողությունները:

 

Այս թեմայով