08 Սեպտեմբեր 2016, 19:48
2136 |

Նոր դասընթաց «Լեկտորիում» նախագծի շրջանակներում

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19։00-ին, Արամի 80 հասցեում տեղի կունենա հերթական զրույցը «Բիզնեսի ապագան՝ սոցիալական» թեմայով։«Lectorium»-ի հյուրն է միջազգայնորեն որակավորված կառավարման խորհրդատու, մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի մասնագետ Հրաչուհի Բարսեղյանը։

«Անկախ նրանից, թե որ ոլորտի բիզնեսի մասին է խոսքը, ամեն օր մենք կանգնած ենք բիզնեսի զարգացման նոր՝ ավելի կայուն մեխանիզմներ ստեղծելու խնդրի առաջ։ Ինտերնետի և գլոբալ աշխարհի բերած փոփոխությունների արդյունքում մենքստիպված ենք համադրել մի շարք ոլորտներ՝ հաջողության հասնելու և հասարակությունն ուժեղացնելու համար։ Եվ հասարակության հետ բիզնեսի մասին երկխոսությունը դրա ամենակարճ ճանապարհն է»,- զրույցի թեման մեկնաբանեց Հրաչուհի Բարսեղյանը։

«Lectorium»–ը դասախոսությունների, վարպետաց դասերի, բանախոսությունների ու թեմատիկ ռազմավարական սեսիաների շարք է, որը հյուրընկալում է տարբեր ոլորտի մասնագետների ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից:

«Մենք ստեղծել ենք բաց հարթակ՝ բոլորի համար: Բոլոր նրանք, ովքեր ուզում են մասնագիտական աճ ունենալ, օգտվել իրենց ոլորտում հաջողության հասած հայ և արտասահմանցի պրոֆեսիոնալների փորձից, կարող են հետևել և մասնակցել «Lectorium»-ի բաց միջոցառումներին»,- ասել են նախագծի հեղինակները։

Բիզնեսի զարգացման սոցիալական ուղին ներկայացնելուց հետո կծավալվի քննարկում՝ Հայաստանում այս մոդելի կիրառության հնարավորության մասին։

***

«Լեկտորիում» (Lectorium) հասարակական-կրթական նոր նախագիծն իրականացվում է «Երևան 2․0»-ի և Imyerevan.com հարթակի նախաձեռնությամբ: 

Հրաչուհի Բարսեղյանը հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի մասնագետ է՝ տարբեր ոլորտներում 15 տարվ աշխատանքային փորձով: Հրաչուհին կառավարման խորհրդատվու է հասարակայնությանհետ կապերի, մարքեթինգի, համբավի ստեղծման, կորպորատիվ պատասխանատվության և կազմակերպական զարգացման մասնագիտացմամբ: Այժմ նա սեփական բիզնեսն (ArPR Holding) է վարում:

Մասնագիտական փորձառությանը զուգահեռ՝ Հրաչուհին ակտիվերեն դասավանդում է հայաստանյան բուհերում՝ դասավանդման պրակտիկան սկսելով Երևանի պետական համալսարանից՝ ներկայումս շարունակելով Հայաստանի ամերիկյան համալսարանում և Հայ-ռուսական համալսարանում։

Այս թեմայով