04 Հունիս 2014, 11:15
1270 |

Հեքիաթի ուժը

Դերասանուհի, գրող և կինոպրոդյուսեր Արմինե Անդան մի բազմաժանր նախագիծ է նախաձեռնել՝ բաղկացած մի շարք ենթանախագծերից ու նախատեսված երեխաների ու դեռահասների համար: Ի՞նչն է այսօր պակասում հայ երեխաներին, ի՞նչ կարող են նրանք ձեռք բերել կամ ինչպես դրսևորվել այդ նախագծի միջոցով՝ Անդան անդրադառնում է այս հարցերին և բացահայտում նախագծի առանձնահատկություններն ու նպատակները:

Պատրաստվում եք հեքիաթ-ֆիլմ նկարահանել: Դա նո՞ր ժանր է:
- Նոր է այսօրվա Հայաստանի համար: Խորհրդային տարիներին բազմաթիվ հիանալի հեքիաթ-ֆիլմեր են նկարահանվել: Մեկ բառով այսօր դա ընդունված է անվանել ֆենթըզի՝ ինչ-որ առումով հեքիաթի, ինչ-որ առումով առասպելի նմանվող սյուժեի հիման վրա ձևավորված ֆիլմ:

Ե՞րբ եք ինքներդ տարվել ֆենթըզի-ով:
- 9 տարեկանից իմ միակ ցանկությունը, երազանքն ու նպատակը դերասանուհի դառնալն էր: Երկրորդ կուրսում էի, երբ սկսեցի հեքիաթ գրել ու այդ օրից այլ կերպ սկսեցի նայել ամեն ինչին. աշխարհընկալումս փոխվեց, մարդկանց, երևույթների հանդեպ վերաբերմունքս՝ նույնպես: «Անկիմյուրի բնակիչները» հեքիաթ-վեպը սկսեցի գրել՝ որպես մի մարդ, ավարտեցի՝ որպես բոլորովին ուրիշ մարդ: Երևակայությունը, հեքիաթը, առասպելը այն է, ինչի կարիքը մենք ունենք: Այն օգնում է ավելի լավ ընկալել իրականությունը. որքան վստահում ես երևակայությանը, այնքան ավելի ճիշտ ես կարողանում կողմնորոշվել իրականության մեջ'ինչ ստեղծել և ինչպես ապրել:

Ինչի՞ մասին է լինելու ֆիլմը:
- Այն պատմում է մի այլմոլորակային աղջկա՝ Միգուի մասին, որն ուրիշ աստղից է եկել Երկիր մոլորակ: Լիամետրաժ կինոնկարն այդպես էլ կոչվում է՝ «Միգուի լեգենդը»: Հետագա սյուժեն դեռևս չեմ ուզում բացահայտել: Հուսով եմ ֆիլմը նկարել 2015-ին կամ ամենաուշը 2016-ին: Խաղալու են հիմնականում հենց երեխաները, ֆիլմը նրանց մասնակցությամբ և առաջին հերթին նրանց համար է ստեղծվելու:

Ֆիլմը, այդուհանդերձ, Ձեր մտահղացման միայն մի մասն է:
- Իմ նախաձեռնության մեջ մտնում է ոչ միայն ֆիլմը: Ճիշտն ասած, 3 տարի առաջ ճանաչողական կայքի նախագիծ էի ուզում իրականացնել, որտեղ տարբեր մասնագիտությունների շատ մարդիկ էին ներգրավված: Գաղափարն այն էր, որ կրթական ծրագրեր իրականացվեն մեկ երևակայական աշխարհի միջով, աշխարհի, որի հերոսների մասին ես պատմություններ պետք է գրեի: Ցավոք, այդ գաղափարը չիրականացվեց, մենք այդպես էլ ֆինասավորում չգտանք:

Մեկ տարի առաջ Շվեդիայում մի տրանսմեդիա էքսպերտի հարցրի, թե ինչ է, ի վերջո, տրանսմեդիան, որ ամբողջ աշխարհը դրանով է տարված: Նա ասաց՝ այն, ինչ դու անում ես արդեն շատ վաղուց, միայն թե պետք է մի գծով միացնես ու հենց այդպես էլ անվանես: Ու այն, ինչ ես միշտ արել եմ, միացավ մեկ երազանքի մեջ. կառուցել մի մեծ աշխարհ, որտեղ և՛ ֆիլմ կա, և՛ գիրք, և՛ թատրոն, և՛ ներգրավել երեխաներին'միասին կառուցելու: Ու ես որոշեցի նոր հեքիաթային աշխարհ հորինել:

ՄԻԳՈՒ հեքիաթային մուլտիպլատֆորմը նախագիծ է և իրականանալու է տարբեր մեդիա և մշակութային հարթակներում: Ամենամեծը, իհարկե, գեղարվեստական ֆիլմն է՝ «Միգուի լեգենդը»: Ինտերնետային կայքը շատ ավելի վաղ է սկսվելու, իսկ կենդանի հարթակն արդեն մեկնարկել է: Ամեն ինչ չէ, որ հիմա կբացահայտեմ, բայց ինտերնետային կայքի մաս են կազմելու ՄԻԳՈՒ-ի մասին ֆենթըզի պատմությունները: Դեռ մինչև ֆիլմը հնարավոր է լինելու Միգուի մասին պատմություններ կարդալ, որոնք հորինելու ենք ես և երեխաները: Դեռ մինչև ֆիլմը հնարավոր է լինելու Միգուի մասին պատմություններ կարդալ, որոնք ես եմ գրում, բայց երեխաներն էլ հորինելու իրենց բաժինը կունենան: Եվ այդտեղ է, որ ինտերնետային հարթակը շատ կապված է լինելու կենդանի հարթակի՝ ստուդիայի հետ: Թե՛ ինտերնետային հարթակը, և թե՛ կենդանի հարթակը ստեղծագործելու, իրարից սովորելու, նաև իրար հետ ընկերություն անելու պլատֆորմ է դառնալու: Կարևոր տեղ են գրավելու ստեղծագործական մրցույթները, արդեն սկսել ենք նաև վարպետության դասերը:

Ի՞նչ մրցույթների մասին է խոսքը:
- ՄԻԳՈՒ տրանսմեդիան ամբողջ նախագծի ընթացքում անցկացնելու է ստեղծագործական մրցույթներ: Օրինակ, արդեն հայտարարել ենք «Խենթ պար» խորագիրը կրող լուսանկարների մրցույթ՝ նախատեսված 13-18 տարեկան երեխաների համար: Թեև 11 տարեկան մասնակից էլ ունենք: Մրցույթի արդյունքում արդեն ներկայացված 80 լուսանկարներից ընտրել ենք մոտ 20-ը, որոնք այնքան լավն էին, որ որոշեցինք համանուն ցուցահանդես բացել: Ի դեպ, «Խենթ պար» լուսանկարների մրցույթը դեռ շարունակվում է' ներբեռնեք խենթ պարի լուսանկար ֆեյսբուքյան էջում: Արդյունքները կամփոփենք ու կհանձնենք 2-րդ ցուցահանդեսին:

Մրցույթները շարունակական են լինելու, կարող է փոխվել խորագիրը կամ լուսանկարներին փոխարինի գեղանկարը, անպայման լինելու է հենց պատմությունների, պատմվածքների մրցույթ վեբ կայքում: Կարևորը տալ երեխաներին հնարավորություն այս կամ այն թեմայի շուրջ արտահայտել իրենց մտքերն ու պատկերացումները: Ու իրենք էլ կիսեն իրենց աշխարհը թե իրար, թե մեզ հետ: Եվ ցանկացած մրցույթ միայն մրցանակով չի ավարտվելու: Ցանկացած լավ աշխատանք և ստեղծագործ մասնակից ինքնաարտահայտվելու հնարավորություն է ունենալու մեր կայքում, կիսելու մտքերը ոչ միայն ստեղծագործության միջոցով, այլև ֆորումների:

Ի՞նչ է պակասում ֆիլմի նկարահանումները սկսելու համար:
- Ֆիլմը զարգացում է պահանջում: Մի տարի հետո այն պատրաստ կլինի նկարվելու, բայց կունենա՞ արդյոք պահանջվող ամբողջ ֆինանսավորումը: Հուսով եմ, որ եթե ոչ մեկ, ապա գոնե երկու տարում կկարողանամ բավականաչափ գործընկերներ կամ աջակցություն գտնել: Ծրագրում եմ ֆիլմն իրականացնել որպես համատեղ արտադրություն' այլ երկրների հետ: Իհարկե, կուզենայի ավելի շատ գործընկերներ գտնել Հայաստանում թե՛ ֆիլմի, թե՛ մյուս պլատֆորմերի իրականացման համար: Դա կարևոր է այս նախագծի դեպքում:

Ո՞րն է Ձեր նախագծի հիմնական նպատակը:
- Աշխարհն իր ստեղծման օրից հեքիաթ, լեգենդ ու առասպել է հորինել, դա աշխարհ կառուցելու մեթոդներից մեկն է եղել: Մարդու միտքն արդեն մի մեծ ու առանձին աշխարհ է՝ իրական աշխարհից տարբերվող իր անսահմանափակությամբ: Հենց դա եմ ուզում փոխանցել երեխաներին: Ուզում եմ, որպեսզի նրանք սովորեն ազատ լինել ներսում, որպեսզի ազատ լինեն նաև արտաքին աշխարհի համար: Երբ երևակայության մեջ խորը չենք գնում, շատ բան ենք կորցնում հենց իրականության մեջ: Եվ ես հիմա ուզում եմ այստեղ՝ Հայաստանում, հենց իմ երևակայությամբ ստեղծել մի աշխարհ, որտեղ երեխաներն ու դեռահասները հավատան «հորինում»-ին, այսինքն՝ իրենք իրենց և կարողանան և՛տեսնել, և՛լսել, և՛ ստեղծել:

Այս թեմայով