08 Ապրիլ 2013, 10:25
344 |

Թե՛յ, պարոնայք

1706-ին Վեսթ-Ինդյան ձեռնարկության ծառայողներից մեկը՝ Թոմաս Թվայնինգը, գնեց Tom’s Coffee House-ը՝ մի փոքրիկ խանութ Լոնդոնի Սթրեդ փողոցում և սկսեց այնտեղ մի արտասովոր ըմպելիք՝ թեյ վաճառել: Մի քանի տասնամյակ անց թեյը ոչ միայն մեծ ժողովրդականություն ձեռք բերեց բրիտանացիների շրջանում, այլև դարձավ իսկական ազգային ըմպելիք, իսկ Twinnings-ը՝ թեյի ամենահարգված մատակարարը երկրում: Այդ կարգավիճակը Twinings-ը պահում է առայսօր, իսկ ընկերության լոգոտիպը, ի դեպ, աշխարհում հնագույնն է:

Չգիտեմ՝ անգլիացի չլինելուս, թե սուրճը թեյից գերադասելու պատճառով է, բայց, Thomas Twinning Tea House մտնելիս սիրտս չթրթռաց: Բացի այդ, ահավոր անհարմար մուտքի երկու դռների միջև սեղմված լինելով՝ այնքան էլ չես մտածում անգլիական թեյի դարավոր ավանդույթների մասին:

Thomas Tea-ում կա երկու սրահ, որոնց ներքին հարդարումը երկու «թեյի» երկրների՝ Ճապոնիայի և Անգլիայի ոգով է արված: Ճապոնական սրահի պատերի ճչացող կանաչը, այնուամենայնիվ, չի նսեմացնում բազմոցների ու հարմարավետ աթոռների գեղեցկությունը և նույնիսկ ներդաշնակ է առաստաղից կախված անձրևանոցների հետ: Փոքրիկ կավե բաժակներով մատուցվող ճապոնական թեյի համար սա շատ համապատասխան մթնոլորտ է, սակայն, եթե ծխում եք, ստիպված կլինեք գոհանալ խստաբարո Անգլիայով, առանց բազմոցիկների և անձրևանոցների: Այստեղ ամեն ինչ կարմրաշագանակագույն է՝ սկսած Բիգ Բենից և պատի օդանավից մինչև փայտյա պահարանները, որոնք, չգիտես ինչու, դատարկ են: Թեյարանում երաժշտությունը բոլորովին էլ լաունջ կամ Romantic Collection 1983 չէ. Westlife-ն ու Five-ը ոչ մի կերպ չեն համատեղվում «Храм Неба»-ի և «Королевская ягода Асаи»-ի հետ: Օրվա վերջում ես անգամ հասա իմ սիրելիին, ամոթ էլ է խոստովանել՝ Backstreet Boys-ին:

Thomas Tea-ում թեյի տեսականին, առանց չափազանցության, ահռելի է. էկզոտիկ անվանումներով 16 էջ՝ ամենայն մանրակրկիտ նկարագրությամբ: Եթե այնքան համբերություն ունեք, որ սկզբից մինչև վերջ կարդաք, կարող եք համարձակորեն սկսել «Բուրավետ թեյի կոնցեպտի կազմավորման մեթոդիկայի մշակում» թեմայով դեսերտացիա գրել: Թեյի յուրաքանչյուր տեսակ մատուցվում է հատուկ սպասքով. ճապոնականը՝ կավե, անգլիականը՝ ցանցավոր բաժակներով, մրգային թեյերը՝ ապակե գավաթներով, իսկ ալկոհոլային թեյերը, օրինակ՝ «Որսորդական պունշը», բաժակով, որի տակդիրում մոմ է դրված, որ ըմպելիքը չսառչի: Թեյի ջուրը մատուցում են ջերմակայուն մեծ թեյնիկներով, այնպես որ միշտ էլ կարելի է ավելացնել ու նորը խնդրել: Թեյի գները հիմնականում 600-ից 800 դրամ են, առանձնահատուկ անվանումները՝ 1000-1500 դրամ: Ի դեպ, մուտքի մոտ կան վաճառվող սպասքով ցուցափեղկեր. այնպես որ կարելի է գնել մենյուում առկա թեյերը, և նույնիսկ թեյի սպասքը:

Ուտելիքը բավականին «թեյային» է՝ բլիթներ, բլինչիկներ, մուրաբա և թխվածք: Շարքից դուրս են մնում միայն սալաթները, բայց, փոխարենը, այստեղ կարելի է ուտել «Կեսար» և փորձել կաղամբով, երշիկով ու մայոնեզով մի բան, որը, թող ինձ ներեն խոհարարները, կոչվում է «Ախորժաբեր»: Թխվածքները (700 դր.) մենյուում ցուցադրված չեն, սակայն թախծագորով մատուցողուհին խոսք տվեց, որ «շուտով կլինեն»: Ամեն դեպքում միշտ կարելի է խնդրել դեսերտի ափսե ու աչքով ընտրել: Բլիթները (1000-1500 դր.) խղճով են պատրաստված. խմորը մի փոքր կարմրացված է, իսկ լցոնը՝ ոչ կես գդալ: Բլինչիկները մատուցվում են երեքական և համարյա նույն գինն ունեն, ինչ բլիթները:

Ուտելիքի բազմազանության առումով Thomas Tea-ն, իհարկե, մեծապես զիջում է Երևանի շատ սրճարաններին, սակայն թեյի համար առաջնահերթ պետք է գալ այստեղ: Եվ նույնիսկ, եթե դուք, այնուամենայնիվ, սրճամոլ եք, Thomas Tea-ում չի կարելի թեյին արժանին չմատուցել:

Այս թեմայով