01 Փետրվար 2012, 15:43
4176 |

Ժամացույցի սլաքով

1992-1995թթ. էներգետիկ ճգնաժամի մութ ու ցուրտ տարիներին Երևանի Հանրապետության հրապարակի աշտարակի ժամացույցը ձմռանն ավելի արագ էր աշխատում, իսկ ամռանը՝ սովորական տեմպով: Իսկական սյուժե ֆանտաստիկ վեպի համար. ժամացույցը պարուրվել է արեգակնային նախնիների լույսով և, ինչպես մարդիկ, ցանկացել է մոտեցնել ամառը: Եվ ժամացույցը հանդգնեց արագացնել ժամանակը:

Անգլուխ ժամացույց

Ժամացույցի տարօրինակ վարքագիծը հեշտությամբ բացատրվում է մեխանիզմի կառուցվածքով: Ցրտից կոնտակտները կպչում էին: Եթե դա տևում էր մեկ րոպե, սլաքն առաջ էր գալիս 20 րոպեով: Բացի այդ, ցրտերից ճոճանակը սեղմվում էր, և ժամացույցն ավելի արագ էր աշխատում: Չնայած սրան, ձմեռը դրանից ավելի կարճ չէր դառնում՝ դա մեր ժամանակը չէր:

Իսկ թե որքան խոսակցություններ էին պտտվում, թե ժամացույցը ճշգրիտ չի աշխատում ու այն էլ՝ ոչ թե ինչ-որ մի տեղ, այլ երկրի գլխավոր հրապարակում: Մի խոսքով, աշտարակի ժամացույցին անգլուխ լինելը սազական չէր: Այդ պատճառով էլ մի քանի տարի առաջ ճոճանակային մեխանիզմը փոխարինեցին էլեկտրոնային բլոկով, որը պատրաստվել էր Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում, և այժմ ժամացույցն անխափան է աշխատում:

Ժամանակի պարեկը

Պաշտոնապես Լյովա Ալեքսանյանի մասնագիտությունը կոչվում է «աշտարակային ժամացույցի սպասարկման վարպետ»: Սակայն, իմ կարծիքով, հաշվի առնելով սպասարկվող օբյեկտի ռազմավարական նշանակությունը՝ ավելի տեղին կլիներ «ժամանակի պարեկ» տարբերակը:

Մենք մտնում ենք փոքրիկ սենյակ՝ լի ինձ համար բոլորովին անհասկանալի նշանակությամբ հին ու նոր սարքավորումներով: Սեղանին դրված է գրեթե մասնագիտական գրականություն՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի թարմ համարը: Իսկ պատից կախված հին նկարը՝ «Մոսկովյան կուրանտները», թերևս, պահպանվել է դեռ այն ժամանակներից, երբ մենք ժամերը ճշտում էին Կրեմլով:

Պատուհան դեպի ապագա

Կողքի սենյակում թվացույցի կլոր պատուհանն է: Պատուհան դեպի ապագա: Մի քանի աստիճան՝ և ես կանգնած եմ փոքր բեմահարթակին, ապակե թիերի կենտրոնում: Զրնգոց, ճտճտոց, ու մեծ՝ ավելի ճիշտ հսկայական սլաքը, 1 մ 70 սմ երկարությամբ և 4.5 կգ քաշով, տեղափոխվում է մեկ մասից մյուսը: Փոքր սլաքը՝ ընդամենը 1 մ 10 սմ և միայն 3.5 կգ, նախկինի պես անշարժ է. իր ժամը դեռ չի եկել:

Մեխանիկական ժամացույցը XIII դարի ձեռքբերում է: Մինչ օրս գրեթե չփոփոխված հայտնագործության հեղինակը, ցավոք, անհայտ է: Չնայած համարվում է, որ դա կարող էր լինել Հռոմի Պապ Սիլվեստր II-ը... Մի րոպե, նորից ճտճտում է մեխանիզմը, նորից րոպեի սլաքը, կարծես հաղթահարելով հոգնածությունը, հերթական թռիչքն է կատարում:

Հատուկ հանձնարարություն

Այս ժամացույցը հրապարակում հայտնվեց անցյալ դարի կեսերին, չնայած որ դրա համար աշտարակի վրա հսկայական շրջանակը Ալեքսանդր Թամանյանը նախատեսել էր դեռ 1920-ականներին: Եվ ավելին, քան մեկը: Ճարտարապետի մտահղացմամբ՝ հրապարակը շրջապատող շենքերի վրա պետք է լիներ ոչ ավելի, ոչ պակաս՝ յոթ ժամացույց: Հնարավոր է, որ դա երևանցիներին ճշտապահ դարձնելու փորձերից մեկն էր... Բայց չստացվեց: Եվ այսօր հրապարակում միայն մեկ աշտարակյան ժամացույց կա, իսկ մնացած վեց կլոր անցքերը փակված են քարով ու ապակիով:

1940-ականներին աշտարակն արդեն կառուցվել էր: Իսկ ժամացույցը պատվիրել էին Մոսկվայում: Չգիտես ինչու՝ Մոսկվայի կոնսերվատորիայում: 1941-ի մայիսին նախագիծը պատրաստ էր: Ամենահին աշխատողներից մեկը՝ ներկայում «Սպասարկում» պետական ոչ կոմերցիոն կազմակերպության գլխավոր էներգետիկ Գեղամ Մկրտչյանը, ինձ մագաղաթի նմանվող թղթիկ է ցույց տալիս, որտեղ գրված է. «ինժեներ Ա. Մագուշևսկին <…> կատարել է Ռազմածովային նավատորմի ժողկոմիսարիատի հատուկ շտապ հանձնարարությունը և մեկնում է Երևան աշտարակի ժամացույցը տեղադրելու համար»: Փաստաթուղթը թվագրված է 1941-ի հունիսի 15-ով: Հուսով եմ՝ հասկանալի է, թե ինչու Մագուշևսկին այն ժամանակ այդպես էլ չհասավ Երևան:

Բայց չէ՞ որ կյանքը կանգ չի առնում նույնիսկ ամենամեծ փորձությունների առջև: 1941-ի աշնանը ժամացույցը, միևնույն է, փոխադրվեց Երևան և տեղադրվեց աշտարակի վրա: Ահա և ինքը՝ նախագիծը: Թերթում եմ փայտացած էջերը... կլորակներ, ռադիուսներ, դիամետրեր, հաշվարկներ... Ու հանկարծ... «Ժամացույցի զանգի մեխանիզմի գաղափարային սխեմա...»: Գոնե լավ է, որ ոչ գաղափարախոսական:

Ներժամացույցային ժամանակը

Աշտարակի ժամացույցի առաջին պահապանը ինժեներ Արծրուն Յավրույանն էր: Ծնունդով Վանից, նա ամեն ինչին խնայողաբար էր վերաբերվում: Երբ փոխարինողին էր հանձնում աշխատավայրը, պարզվեց, որ նույնիսկ փչացած արծաթե կոնտակտները այս բոլոր տարիներին նա հավաքել էր դիզակում: Ոչ մի հատ չի գցել: Տղաները կատակում էին՝ ամենից շատ ժամանակն է խնայում: Այն էլ ո՜նց: Տարիներ շարունակ ժամանակը փախչում էր ինժեներից սլաքների թռիչքով: Իսկ որ յուրաքանչյուր րոպե կարող է լռության րոպե դառնալ, հին վանեցին, թերևս, մանկուց էր հիշում:

— Լևոն, վախենալու չէ՞ ապրել ժամացույցի ներսում:

— Չէ: Մի բան շտկում ես, մի բան սարքում, մյուսը՝ մաքրում: Ժամացույցում ժամանակն արագ է թռչում: Ի դեպ, եթե ուզում եք վերև բարձրանալ, ապա պետք է շտապեք: Շուտով տասն անց երեսուն է լինելու՝ կտեսնեք, թե ինչպես են զանգում զանգերը:

 

Ինչի մասին է ղողանջում զանգը

Բարձրանում ենք ուղղահայաց աստիճանով՝ և ...չէ, իհարկե ժամանակից վեր չենք, բայց ժամացույցի վրա: Անձրև է հորդում, խոնավ է նույնիսկ ծածկի տակ: Չորս զանգ շարված են կողք կողքի՝ փոքրից մեծ: Մեկի վրա կարդում եմ. «Զինկովիչ»: Սա «մի» նոտան է: Մյուս երկուսի վրա՝ ամբողջ նախադասություններ հին սլավոներենով: Առանձնահատուկ պերճախոսությամբ էր աչքի ընկնում «սոլ» նոտան պատրաստած վարպետը:

— Բոլոր զանգերը հանվել են հեղափոխությունից հետո կողոպտված ռուսական եկեղեցիներից, — պատմում է Լյովան, — դրանք նվազագույնը 200 տարեկան են: Երևի, պետք է վերաձուլվեին, ահա և Մագուշևսկին դրանք այստեղ ուղարկեց: Միայն այս մեկը՝ «ֆա» նոտան է մեր Սուրբ Զորավորից: Մինչև 1995-ը այս ժամացույցի զանգը միապաղաղ էր: Սակայն նախկին գործերի կառավարիչ Սարգիս Ղազարյանը՝ երաժշտական կրթությամբ մի մարդ, դիմեց ներկայիս կաթողիկոսին, այն ժամանակներում՝ արքեպիսկոպոս Գարեգին Ներսիսյանին՝ խնդրելով փոխարինել մեզ համար ոչ պետքական «ռե» նոտան Սուրբ Զորավոր եկեղեցու «ֆայով»: Եվ հիմա մեր ժամացույցը երգում է: Երկաթե մուրճիկները ռիթմիկ ու սառնասրտորեն հարվածում են զանգերին, իսկ վերջիններս հնազանդորեն երգում են անկախ Հայաստանի օրհներգը:

Ես հետևում են թռչող ձայնին: Լեռնագագաթներով կոտրտված հորիզոնի գիծը, սեպով երկինք խրվող Արարատը... Մենք բողոքում ենք, որ հետ ենք մնացել ժամանակից, որ մեր պատմության անիվը հաճախ սլաքի հակառակ ուղղությամբ է սլանում: Ոչինչ, մի փոքր կկանգնենք և, հաղթահարելով հոգնածությունը, թռիչք կանենք: Միգուցե մենք փո՞քր սլաքն ենք: 

Այս թեմայով