07 Փետրվար 2013, 15:39
3095 |

Շրջազգեստով Դովլաթովը

Ցանկացած ժամանակակից հրատարակիչ կասի, որ մեր օրերում սկսնակ հեղինակի համար ամենադժվար խնդիրը կարճ պատմվածքների կամ մանրավեպերի հավաքածու հրատարակելն է: Ընթերցողը պահանջում է լարված սյուժեով վեպեր: Կարինե Արությունովան բացառություն է: 2007-ին նա սկսեց համացանցում հրատարակել իր կարճ տեքստերը, իսկ 2011-ին ԿոԼիբրի հրատակչությունում դրանք առանձին հավաքածուով հրատարակեց «Ռուսերենի դասեր» շարքում և միանգամից գրավեց ռուսական գրական մրցանակներ բաշխողների ուշադրությունը:

Կարինե, ինձ մոտ տպավորություն է, որ 2010-ից սկսած ձեզնով վերջապես սկսեցին «լուրջ մարդիկ» հետաքրքրվել՝ Անդրեյ Բելովի մրցանակի կարճ ցուցակ, հետո՝ հաջորդ տարում Մեծ Գրքի երկար ցուցակ: Դրանից բացի, ասում են, որ ձեր ձեռագիր գործը հայտնվել էՏարվա Ձեռագիրմրցանակի կարճ ցուցակում…. Ինչքանո՞վ է սա կարևոր ձեզ համար: Դուք ունե՞ք ամբիցիաներ,  թե՞ գրելը նույնն է,  ինչ շնչելը

- Գիտե՞ք, ենթադրում եմ, որ տարրական դասարաններում իմ բարձրացրած ձեռքը դասղեկի նյարդերի վրա կարգին ազդում էր: Ուզում էի առաջինը պատասխանել՝ մյուսներից շուտ, աշխարհով մեկ գոռալ՝ գիտե՜մ, կարո՜ղ եմ: Հա՛ շարժվում էի աթոռի վրա, հոլի պես պտտվում: Արդյունքում ինձ վատ վարքի համար անկյուն կանգնացրեցին: Տարիների ընթացքում եռանդս պակասեց: Մանավանդ այն բանից հետո, երբ պարզվեց, որ ամեն ինչ չէ, որ կարող եմ ու գիտեմ: Բարձրացրած ձեռքս կարելի՞ է անվանել ամբիցիաների արտահայտում՝ անկասկած: Եթե գիտես, նստիր, սպասիր, մինչև կարժանանաս բարեհաճության, ուշադրության ու համակրանքի: Սպասելն արվեստ է: Ի՞նչ կարող եմ ասել «հանկարծահաս փառքիս մասին»: Երևի բավականին երկար էի բարձրացրած ձեռքով նստել. այնքան, որ անհնար էր այն չնկատել:

Նստել ու սպասե՞լ: Այսքա՞նը: Ուրեմն հեղինակն ուրիշ ոչինչ չի՞  կարողանել, որ աշխարհի ուշադրությունը գրավի:

- Այսօր հեղինակը շատ բան պետք է հասցնի: Պետք է հասցնի ստեղծագործել ու դրան զուգահեռ՝ արվեստից ազատ ժամանակ գումար վաստակի: Գիտեմ, որ քաղաքակիրթ աշխարհում կան գրական գործակալներ: Ու ամանորի հեթիաթներ հիշեցնող տարբեր պատմություններ եմ լսում: Շատ կուզենայի, որ ինչ-որ մեկը զբաղվեր գրական ու գեղարվեստական գործերիս գործնական հարցերով: Իսկ ես ինձ համար կճախրեի, կճեմեի ու նեկտար կհավաքեի գովաբանական գրախոսությունների և չդադարող ծափահարությունների տեսքով: Բայց ափսո՜ս: Մյուս կողմից էլ, երևի, լավ է, որ ստիպված ես ինքդ քեզ «հայրություն և մայրություն անել». դա քեզ դարձնում է ավելի տոկուն ու իջեցնում  մեղսավոր աշխարհ: Քանի որ, ինչպես դուք ասացիք, ինձ համար գրելը նույնն է, ինչ շնչելը: Ինչքան շատ ես գրում, այնքան ավելի զգույշ ես դառնում արարչագործության հանդեպ: Խուսափում ես պղտորող շատախոսությունից և ժամանակի ընթացքում սկսում ես գնահատել ընդմիջման արվեստը: Հիանալի են բոլոր այդ մրցույթներն ու մրցանակները: Դրանք որոշ պահերի կարող են զգաստացնել մարդուն, առաջ մղել, բայց Աստվա՛ծ մի արասցե, որ մի օր տեսնեմ/զգամ, թե ինչպես եմ մրցանակային կամ հրատարակչական ինչ-որ ժամկետի համար հերթական խուճուճ վեպը արագ-արագ գրոտում: Ոչ մի մրցանակ կամ ամբիցիա չի ստիպի ինձ անել այն, ինչն օտար է ինձ: Թո՛ղ ասածս լինի կարճ, բայց լինի ի՛մն ու միմիա՛յն իմը: Իսկ եթե արանքում ընդմիջում առաջանա, ես այն կհամարեմ հնարավորություն, որ վրձինը ձեռքս առնեմ ու մոլբերտին մոտենամ:

Իհարկե, քանի որ դուք ոչ միայն գրող եք, այլև նկարիչ: Ձեր նկարներն էլ հաճախ շատ հիանալի կերպով նկարազարդում են ձեր տեքստերը: Նկարող Կարինե Արությունովան տարբերվո՞ւմ է գրող Կարինե Արությունովայից:

- Իհարկե տարբերվում է: Նկարներս որպես կանոն կապված չեն տեքստերի հետ: Ըստ իս, նրանց «նմանության» էֆեկտը կարելի է բացատրել նրանով, որ երկուսն էլ նույն աղբյուրից են բխում: Եթե ինձ փորձեն ստիպել լռել, ապա միևնույն է՝ կպատմեմ գրեթե նույն բանի մասին, ուղղակի վրձնով: Իսկ եթե վրձինս վերցնեն, «բառերով կնկարեմ»: Կարող եմ ավելացնել, որ գործունեության երկու տեսակն էլ քաղցր տանջանք է, որը հնարավոր չէ տաղտուկ «աշխատանք» բառով բնութագրել, քանի որ այս աշխատանքը ազատ է ժամանակային սահմանափակումներից: Ավելի ու ավելի հաճախ եմ տարվում այն մտքով, թե օրն ինչքա՜ն քիչ ժամ ունի: Անարդար է: Ախր, չէ՞ որ կան նաև պարտականություններ, ընկերներ, հարազատներ: Իսկ աշխարհիկ վայելքնե՜րը: Շուտով ես էլ հայտնի քաղաքական գործչի նման կարտասանեմ մոգական խոսքերը՝ «Վայելքների համար ժամանակ չունեմ»… «Կեցության» ու «գիտակցության» համար շատ ժամանակ է պահանջվում: Իսկ դիտարկումնե՞րը: Էլ ի՞նչ նկարիչ առանց դիտարկումների: Ավելի ու ավելի հաճախ եմ տաք քարին նստած քամելեոնի պես անշարժանում: Դիտարկում եմ, ապրում եմ հազարավոր կյանքեր ու միակ բանը, որ դրանից բացի կարող եմ անել, այդ ամենի մասին գրելն ու դրանք պատկերելն է: Հետո մի քանի քայլ հետ գնալ ու տեսնել, որ դա լավ է: Այնպես որ ստեղծագործելու այս երկու ձևերի միջև հատուկ տարբերություն չեմ տեսնում: Երկու դեպքերում էլ ստեղծողը նմանվում է սեփական աշխարհներ արարող Տիրոջը:

Առաջին հայացքից ձեր տեքստերը մի քիչ անփութորեն են գրված. մեկ կտրուկ են, մեկ ցնցող, մեկ արտասվաբեր, բայց միշտ այնքան կենդանի են, որ ասես ոչ թե քրտնաջան աշխատանքի արդյունք են, այլ ձեր կենսագործունեության անքակտելի մի մասը: Ո՞րտեղից այսպիսի ավանգարդ ոճ կանացի վեպերի կամ Դինա Ռուբինայի ոճով արձակի փոխարեն:

- Դինա Ռուբինան տաղանդավոր մարդ լինելուց բացի օժտված է նաև բացառիկ աշխատունակությամբ: Խոնարհում եմ նրա առջև երևակայական գլխարկս: Նրա վերջին վեպերը դեռ չեմ կարդացել, բայց օրինակ «Վերին Մասլովկայում» ու «Փողոցի արևահայաց կողմում» գործերը մեծ բավականություն են պատճառել ինձ՝ ջերմ են, մարդկային, կլանող: Բայց յուրաքանչյուրը գալիս է այս աշխարհ, որ ասի այն, ինչ ուզում է ու կարող է. սեփակա՛ն խոսքերը, այլ ոչ ուրիշինն ու ծեծվածը: Իմ խոսքերը միգուցե քիչ են, բայց իմն են. ոչ ոք իմ փոխարեն դրանք չի արտասանի: Նույն կերպ էլ ես կանացի վեպ չեմ գրի: Ամեն մեկն անում է իր գործը: Շարադրանքը պետք է ունենա մի զսպանակ, որն ամենակարևորն ասվելուց հետո կթուլանա: Էներգիայի այս ժայթքումը, այս պայթյունը շատ արժեքավոր է, անթույլատրելի է այն հանգցնել ջրի շթով:

Ի՞նչն է գրողի համար ավելի կարևոր՝ մինչև վերջ անկեղծ լինելու կարողությո՞ւնը, թե՞պատմություններ «կառուցելու» ունակությունը:

Կառուցելու ունակությունը՝ պահպանելով անկեղծությունը: Ինձ համար անկեղծությունը շատ կարևոր բնորոշիչ է: Ի դեպ, արհեստական կերպով ինչ-որ բան կառուցելու կարիք չեմ զգում: Կյանքն արդեն մեզ տալիս է տարբերակների ու կառուցվածքների անթիվ  բազմություն:

Ձեր մանկությունն անցել է Կիևում՝ շատ գրողների ոգեշնչած քաղաքում: Ձեր վրա է՞լ է ազդել այնտեղի յուրահատուկ մթնոլորտը:

Կարծում եմ՝ ամեն ինչ նույնն էր լինելու, եթե նույնիսկ լուսնի վրա ծնված լինեի: Ենթադրում եմ, որ ոգեշնչվել կարելի է նաև տաղտուկ արդյունաբերական քաղաքում: Իհարկե, կարևոր է այն վայրը, որտեղ ապրում ես, որտեղ ծնվել ես… Գիտե՞ք՝ երբ 90-ականներին Իսրայել էի գնում, ինձ թվում էր՝ չեմ սիրում Կիևը: Այն ժամանակ բոլորն էին գնում: Երկրում տիրում էր արտագաղթի մթնոլորտ: Թվում էր՝ ով կարող էր, գնացել է՝ ընկերներ, ընկերների ընկերներ, ծանոթների ծանոթներ: Մնացողները ճամպրուկներն էին պատրաստում ու հապճեպ տարրական եբրայերեն սովորում: 1994-ի կեսերին էլ ես գնացի՝ լիովին անուշադրության մատնելով օդը: Տասնհինգ տարվա բացակայություն էր, երևի պետք, որ այն շնչեմ ու զգամ: Այս ժամանակվա ընթացքում քաղաքը փոխվեց, ինչպես և ես ինքս: Մյուսներն էլ մեծացան: Բայց օ՛դը. այն իր մեջ ինչ-որ անբացատրելի մի բան է կրում: Երջանկության բաղադրի՞չ, մանկության, պատանեկության, 13 ու 28 կոպեկանոց պաղպաղակի, գետի ջրի ու տրամվայների հո՞տ:   

Այսինքն, դուք բացահայտեցիք կարոտախտի տանջալի հաճո՞ւյքը:

Ոչ, ինձ օտար է կարոտախտը ծննդավայրիս հանդեպ. երբեք չեմ կարոտել Կիևը: Կարոտում էի հարազատներիս, ընկերներիս, բայց, բարեբախտաբար, պատկանում եմ այն մարդկանց թվին, ովքեր ապրում են այստեղ ու հիմա: Ապրում եմ ներկայով, բայց կարոտում եմ այն զգացողությունները, որոնք էլ երբեք չես վերապրի, ինչպես չես վերապրի առաջին սիրահարվածությունը: Կարոտախտի նման մի բան զգում եմ այն տեղերի հանդեպ, որոնք այցելել եմ, բայց որտեղ չեմ ապրել՝ Օդեսա, Երևան, Երուսաղեմ, Մադրիդ, Բարսելոնա... Չգտեմ՝ սա ինչ է: Երևի կարոտախտ չիրականացածի՞ հանդեպ, այն կյանքի, որը կարող էր ա՞յլ կերպ դասավորվել: Ճիշտն ասած, շատ եմ տխրում, որ մարդուն միայն մեկ կյանք է տրված. ինչպե՞ս ամեն ինչ հասցնել այդ ընթացքում:

Ե՞րբ որոշեցիք, որ պարզապեսապրելուցբացինաևգրելուևնկարելուեք:

- Պատմություններ հնարել եմ միշտ, դեռ մանկությունից: Դրանք չունեին ո՛չ սկիզբ, ո՛չ ավարտ ու գրավում էին սյուժեի կամայական զարգացմամբ: Հաճույք էի պատճառում դիմացիններիս ու վայելում նաև ինքս: Երբ որոշ աստիճան գրագիտություն ձեռք բերեցի, գործի դրեցի ծանր հրետանին: Հիշում եմ, թե ինչ տարակուսած հայացքով էին իրար նայում ծնողներս, երբ ութ էջանոց պոեմն էի ասմունքում, որի սյուժեն անամոթաբար թռցրել էի Պուշկինից: Բավականին ողբերգալի առոգանությամբ էի կարդում: Խոսքը վերաբերում էր, կարծեմ, կովկասյան գերուն: Այնպես որ բավականին մեծ փորձ ունեմ: «Անմահ» պոեմներ ստեղծելիս, ես դրանք միանգամից նկարազարդում էի: Արդյունքում ստացվում էին բավականին լավ կազմված տասներկու էջանի տետրի չափ գրքույկներ: Բայց, անկեղծ ասած, այն ժամանակ գրում ու նկարում էի իմիջիայլոց: Շատ բաներ հետաձգում էի, արդարանում՝ մտածելով, որ ժամանակը չէ կամ էլ ր իրավունք չունեմ: Քանի որ լավն է այն աղջիկը, ով անում է այն, ինչ պետք  է: Չնայած դա պետք է ամենևին ոչ իրեն: Բավականին ուշ խելքի եկա, երբ գիտակցեցի, որ ամեն ինչ ավարտվում է կտրուկ, անսպասելի՝ առանց նախնական պատրաստությունների: Այդժամ հասկացա, որ ինձնից լավ աղջիկ էլ դուրս չի գա:                     

Իսկ որպես «լավ աղջիկ» ձեզնից ի՞նչ էին ակնկալում:

- Կյանքի ընթացքում երբեմն ստիպված ես լինում համապատասխանել տարբեր պատկերացումների: Ցավոք, դրանք հաճախ չեն համընկնում ունակություններիդ, պահանջներիդ ու ինքնանույնականացմանդ հետ: Կներեք, եթե պաթետիկ հնչի, բայց յուրաքանչյուրը գալիս է այս աշխարհ որոշակի առաքելությամբ: Եվ ոչ ոք, նույնիսկ ամենամոտիկ մարդն իրավունք չունի այն ձեր փոխարեն սահմանել, նույնիսկ եթե նրան դրդում են լավագույն մղումները, ինչպես որ հաճախ լինում է: Կրթությունս տնտեսագիտական է: Չեմ հասկանում ինչպես, բայց կարողացա ավարտել համալսարանն ու նույնիսկ ասպիրանտուրան, չնայած դիսերտացիան այդպես էլ չպաշտպանեցի (փախա թեմայի պաշտպանությունից առաջ, որի անունը նունիսկ արտասանել չէր լինում): Դպրոցից հետո երազում էի ռեժիսուրայի մասին, բայց ինձ բացատրեցին, որ այդպիսի կրթություն Կիևում ստանալ անհնար է: Այն տարիներին ռեժիսուրայի բաժին ընդունվելու համար հարկավոր էր իմանալ ուկրաիներեն, որն ինձ մոտ, ցավոք, այդքան էլ լավ վիճակում չէր: Իսրայելում հազար ու մի մասնագիտություն փորձեցի. ո՜ւր ասես չաշխատեցի: Ու ամեն անգամ թեթևություն էի զգում, երբ ինձ աշխատանքից հեռացնում էին, նույնիսկ եթե արդյունքում հայտնվում էի ֆինանսական ծանր վիճակում: Եվ մի օր իսրայելցի իմ լավ ընկերուհին՝ Մառա Ռոզենը՝ հրաշալի հոտառության տեր կին, ունիկալ ճակատագրով մի մարդ, ով բացի նրանից, որ կազմակերպեց «Մորիա»-յի իսրայելյան ռուսալեզու հրատարակչությունը, նաև հրեական պատմություն և փիլիսոփայություն էր դասավանդում, ասաց. «Կարի՛նա, քեզ պետք չէ աշխատել: Քոնը չէ դա՝ գրի՛»: Իսկ հաջորդ օրն ինձ թղթերի մի տրցակ նվիրեց:

Դատելով մանկությանն ու պատանեկությանը նվիրված տեքստերից՝ Ձեր ծնողներն ու ամբողջ ընտանիքը եղել են վառ,  հետաքրքիր և ոչ ստանդարտ մարդիկ:  

- Այս հարցազրույցը արտակարգ հնարավորություն է, որ նախախնամությանը ևս մեկ անգամ շնորհակալությունս հայտնեմ ծնողներիս համար, նրանց էլ՝ ինձ համար՝ բոլոր լավ ու ոչ այնքան լավ հատկանիշներիս՝ դյուրազգացությանս, զգացմունքայնությանս, կրակոտությանս, հեգնանքիս, սարկազմիս, ողբերգականն ու ծիծաղելին զգալու համար: Միշտ եղել եմ «պապայի» աղջիկ: Իմ կյանքում հավանաբար չի եղել առավել գեղեցիկ ու արտասովոր մարդ: Նույնիսկ հիմա, երբ հայրս արդեն չկա, նրա հետ անդադար երկխոսության մեջ եմ՝ արդարանում եմ, ուրախանում, տխրում: Մտածում եմ, թե ինչպես կարձագանքեր այս կամ այն իրադարձությանը: Մեղքի զգացում ունեմ: Երեխաները շատ քիչ գիտեն իրենց ծնողների մասին՝ ցավալի է: Ես սա, ավա՜ղ, միայն հիմա եմ հասկանում: Հիշում եմ Նոր Տարվա նախօրեի գիշերը: Բոլորը տանն էին՝ մայրս, հայրս, եղբայրս: Եվ այդ զգացողությունը… ինչքա՜ն անուշ է ընտանիքի գրկում: Նախընտրում էի նստել մեծերի սեղանի մոտ, մասնակցել մեծերի խոսակցություններին, կամ էլ նստել հայրիկի գրասենյակի թախտի վրա և «ձայներ» լսել՝ «Հայաստանի ձայն»-ը, Բի Բի Սի-ն, Քյոլնից հեռարձակվող «Դոյչը Վելը»-ն: Հայրս հաճախ էր հոգուս հետ խաղում: Ես նրա ներկայությամբ ստանձնում էի «աշխարհի ամենաանփույթ աղջկա դերը»: Իրար լուռ հասկանում էինք: Բավական էր մի հայացք, մի ժպիտ, հոնքի մի շարժում: Երևի դա էր պատճառը, որ մեր տանն էդպես էլ չէին ստացվում լուրջ մտերմիկ խոսակցությունները: Հայրս տոն էր: Միշտ սպասում էի նրա արագ քայլերին նախասրահում, կողպեքի մեջ պտտվող բանալու ձայնին, լուրերին, կիսաբաց, գրքերով ծանրաբեռնված դիպլոմատին: Հայրս պատուհանն էր դեպի արտաքին աշխարհ: Մայրս՝ մշտական դիմադրությունը կյանքի ու կենցաղի դժվարություններին՝ սովետական, հենց սովետական կենցաղի: Քանի հայրս դիսերտացիան էր պաշտպանում, մայրս ճաշ էր պատրաստում, հերթ էր կանգնում, դասատուների բողոքները լսում՝ ինչպես մյուս բոլոր ընտանիքներում: Բայց փլավ տանը հայրս էր սարքում: Նրա փլավի ու խորովածի համար մարդիկ հատուկ մեր տուն էին գալիս: Դա մի առանձին իրադարձություն էր: Ու ինչպիսի՜ սեղան էր գցում: Հարցը միայն ուտելիքը կամ դրա առատությունն ու բազմազանությունը չէր, այլ նաև սեղանի շուրջ տիրող մթնոլորտը:
Իսկ փախլավայի ու մտերմիկ զրույցների համար գնում էի Պոդոլ՝ մորաքրոջս տուն: Այն հիասքանչ էր, շատ հրեական ոգի ուներ: Մարդկային ջերմությունից բացի այնտեղ հախճասալիկներով զարդարված վառարան կար ու մի ամբողջ գանձերի կղզի. գրքերը  անհուն, անծայրածիր աշխարհ են: Ունեինք բակ, ակացիայի հին ծառ ու բարեհամբույր, կոլորիտով հարևաններ: Ի՜նչ երջանիկ էի այն ժամանակ:

Ակամայից ուզում եմ ձեզ շրջազգեստով Դովլաթով անվանել: Նա էլ, ճիշտ Ձեր պես, հայ-հրեական սիրուց էր ծնվել ու ճիշտ նկատել, որ «վտարանդիները այնքան էլ հակված չեն իրենց պես մերժվածներին սիրել»:  Իսկ ինչպե՞ս է  հաջողվում ապրել երկու հզորազգային մշակույթների խաչման կետում:

- Դա շատ պարտավորեցնող համեմատություն է: Մորս հրեա ընտանիքը ջերմությամբ ընդունեց հորս: Կարծում եմ՝ նրա պայծառ հումորը, բնատուր խելքը գրավեցին բոլորին: Հայրս որոշ ժամանակ գտվում էր Մոսկվայի, Աշխաբադի ու Կիևի միջև: Մի անգամ եկավ ձմռանը՝ երկար ժամանակով, իսկ ձմեռներն այն տարիներին իսկական էին: Օդանավակայանում նրան սպասում էր մորս հորեղբայր Իոսիֆը՝ ձմեռային վերարկուն ու տաք ձմեռային կոշիկները պատրաստ պահած. կռահում էր, որ հայրս կժամանի բարակ, առանց աստառի վերարկուն հագին ու ինչ-որ թեթև, սուրքիթ կոշիկներով: Կարճ ասած՝ նրանք հորս հետ արագ մերվեցին: Նրան սիրում էին, ինքն էլ պատասխանում էր նույն կերպ:

Իսկ ինքներդ ձեզ ո՞ր ազգին եք ավելի մոտ համարում:

- Մտերիմ ընկերներիցս մեկն ասաց մի անգամ, որ ինձ մոտ հայկականն ավելի ուժեղ է արտահայտված, քան հրեականը: Ես ինքս կարծում եմ, որ ինձ մոտ ամեն ինչ դրսևորվում է մի տեսակ միայն գենին հասկանալի հաջորդականությամբ: Ինձ համար հայկականն ասոցացվում է տղամարդկության (երևի այն պատճառով, որ դրա կրողը հայրս էր), իմաստության, զսպվածության, մի քիչ դառնության ու հեգնանքի հետ: Իսկ  փոթորկոտությունը, զգացմունքային առատությունը, մելանխոլիան, անկանխատեսելիությունը, անկասկած, հրեական են: Ինչևէ, երկու կողմերն էլ կարող են հանգիստ լինել. չեմ կարծում, որ երկու հնագույն ազգերը կկռվեն իմ պատճառով:    

Միայն մի՛ ասեք, որ ամեն ինչ այդքան պարզ է: Երևանում խոզի խորովածից հրաժարվելով՝ կարող եք մարդկանց վիրավորել, իսկ Երուսաղեմում նման խոհարարական հանդգնությունը կարող է թանկ նստել ձեր հեղինակության վրա: Սա դեռ միայն մեկ օրինակն է:

- Գիտե՞ք, ես խոզի միս չեմ ուտում՝ իսրայելական սովորություն է:  Եթե պետք լինի, կզիջեմ սկզբունքներս, ընդառաջ կգնամ: Ի դեպ, հավի խորովածը շատ ավելի համեղ է, եթե այն նախօրոք ճիշտ համեմեք: Վա՜խ…. Կարևորն իհարկե բադրջաններն են՝ կապտավունները, ու բիբարները: Իսկական սեղանին պետք է լինի և՛ գեֆիլթը ֆիշ (լցոնած ձուկ), և՛ ոչխարի խորոված, և՛ ոչխարի կծու պանիր, և՛ ալոճի մուրաբա ու տղեմալի: Այս ամենի շուրջը պետք է նստած լինեն լրիվ տարբեր մարդիկ, ովքեր միմյանց հետ քննարկելու, խոսելու բան ունեն: Մանկությանս տանը սեղանը հենց այդպիսին էր. դրա շուրջը հավաքվում էին հայեր, հրեաներ, վրացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, աֆրիկացիներ, լատինոամերիկացիներ, չեխեր և այլն: Ասեմ՝ երբեք ձանձրալի չէր լինում:

Անցած տարվա նոյեմբերին առաջին անգամ երկար ընդմիջումից հետո այցելեցիք Երևան: Պատմե՛ք, խնդրում եմ, ձեր  այցելության ու տպավորությունների մասին:

Երևան եկա «Ռուսերենի դասեր» շարքից նոր գրքիս շնորհանդեսին: Այն կայացավ Հրատարակիչների ու թարգմանիչների միջազգային ֆորումի շրջանակներում: Ահավոր անհանգիստ էի: Ուրիշ կերպ անհնար էլ էր՝ շնորհանդեսի վայրը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն էր: Ե՞րբ էի նման բան երազել: Այդ չորս օրն ինձ համար  մեծ նվեր էին՝ մարդիկ, դեմքեր, փողոցներ, խոսք, համեր, հոտեր: Ես ասես ամեն ինչ վերագտնում էի, այդ թվում նաև ինքս ինձ: Դրանից առաջ մեկ էլ 1986-ին էի եղել Երևանում: Շատ տարիներ էին անցել, կարելի է ասել՝ մի ամբողջ կյանք: Բայց Հայաստանն ինձ համար եղել էր քարտեզի վրա այն տեղը, որն ինձ միշտ գրավում էր ու հիացնում: Սա ինձ համար շատ կարևոր ու նշանակալի այցելություն էր: Ինձ ուղեկցում էին յուրահատուկ մարդիկ ու անընդհատ ունենում էի տարօրինակ զգացողություն՝ ասես ես նրանց բոլորին վաղուց մի ուրիշ կյանքում գիտեի: Եվ հանդիպումը նրանց հետ երկար սպասված էր ու ինձ թվում է, որ շուտով, շատ շուտով նորից ենք հանդիպելու, ու նորից ենք գիշերային քաղաքում թափառելու ու երգող ջրերի երաժշտությունը լսելու: 

Այս թեմայով