05 Մարտ 2013, 12:17
7081 |

Հաջորդ կացարանը՝ Զեյթուն

Նրանք լայնէկրան ժպտում են, թվում է՝ չունեն խնդիրներ, հետ չեն մնում քաղաքի թոհուբոհից, մի խոսքով, ապրում են ուսանողի լիարժեք կյանքով: Մենք մի քանի օր դարձանք նրանցից մեկը, որպեսզի պարզենք՝ ինչպիսին է Զեյթունի հանրակացարաններում բնակվող ուսանողների կյանքը: Ութհարկանի շենք, որի միջանցքները հավանաբար կոգեշնչեին որևէ ռեժիսորի ինչ-որ միստիկ թրիլլեր նկարելու: Ամենօրյա կենցաղային անհրապույր տեսարանը սակայն ոչ միայն չի վանում ուսանողներին, այլև դարձել է հարազատ ու տաքուկ: Իհարկե, ոչ բոլորի համար, գտնվեցին թրիլլերներից խուսափող ուսանողներ, որոնք լսել անգամ չէին ուզում ուսանողական հանրակացարանների մասին՝ գերադասելով ապրել ավելի վատ պայմաններով վարձով բնակարաններում: Ուսանողական հանրակացարանի նկատմամբ սիրո կամ ատելության զգացում տածողները՝ մերկ ու թափանցիկ, առանց խմբագրումների:

Ալբերտ Ալեքսանյան, 20 տ., Շիրակի մարզ, գ. Փանիկ, Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ, բեմանկարիչ

Նույնիսկ հասցրել եմ սիրահարվել

Սկզբում սովորում էի Գյումրիի թատերականի մասնաճյուղում, հետո շատ պատահական տեղափոխվեցի Երևան, բայց արագ ադապտացվեցի: Մեր սենյակում երեքով ենք, թու-թու-թու, դեռևս համերաշխ ենք: Իհարկե, քիչ ենք լինում հանրակացարանում, բայց երբ գալիս ենք, ով ամենից քիչն է հոգնել, ճաշ է պատրաստում: Հենց Երևանում եմ հանդիպել իմ ամենամտերիմ ընկերոջը, որի հետ շատ բաների մեջով ենք անցել, շատ խենթություններ արել:

Հանրակացարանում կյանքը հետաքրքիր է անցնում, հավաքվում ենք, կիթառ նվագում ու երգում, նույնիսկ մի անգամ հեռախոսով ու կիթառի ուղեկցությամբ սերենադ եմ երգել սիրածս աղջկա համար, կյանքում չեմ մոռանա, կարծում եմ՝ նա էլ: Ընկերներիս մեծ մասն էլ աղջիկներ են: Նրանցից մեկին էլ սիրահարվեցի: Տեսնում եք պատերի նկարները, այ, հենց էդ սիրո արդյունքն են: Մինչև հիմա տառապում եմ ու դեռ պայքարում նրա համար:

Ղազարյան Ժենյա, 19 տ., Լոռու մարզ, գ. Ջրաշեն, Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարան, թարգմանչուհի

Մտածում էի՝ չեմ համակերպվի

Դպրոցում հենց անգլերեն անցանք, միանգամից սիրեցի էդ լեզուն ու որոշեցի, որ անպայման պիտի անգլերեն խոսել իմանամ: Իհարկե, եղբայրներս էդքան էլ կողմ չէին, որ հենց Բրյուսով ընդունվեմ, բայց վերջը համաձայնեցին: Երկու շաբաթ էլ սխալմամբ լրիվ ուրիշ բաժին եմ հաճախել, բայց հետո իմ խմբին միացա:

Շատ ընկերներ եմ ձեռք բերել հանրակացարանում: Ես եմ էստեղ նորեկներին ընդունում, տեղավորում, ծանոթացնում հարևանների հետ: Մեկ–մեկ էլ հնդիկների համար թարգմանիչ եմ «աշխատում», էստեղ շատերը անգլերեն չգիտեն:

Ամեն հանրակացարան իր օրենքներն ու կանոններն ունի, մենք էլ ունենք մերը. պահպանել մաքրություն, չաղմկել, ժամը իննից հետո անծանոթների մուտքն արգելվում է ու այսպես շարունակ: Իմ սենյակակիցն աշխատում է, ես եմ հիմնականում մաքրում սենյակն ու ճաշ եփում, բայց չեմ բողոքում: Առհասարակ, Երևանում կյանքը շատ ակտիվ է, չես ձանձրանա, մեր հանրակացարանում էլ շատ ուրախ է անցնում, իրար հյուր ենք գնում: Հետաքրքիր դեպքերն էլ անպակաս են, հիշում եմ՝ մեր ութերորդ հարկում օպերայի երգիչներ էին ապրում ու անընդհատ բարձրաձայն երգում էին, չէինք կարողանում պարապել, ստիպված ամբողջ շենքը դուրս էր թափվում ու միաձայն գոռում` դե, թողեք պարապենք էլի: Շատ եմ կապվել այս հանրակացարանի հետ, եթե նույնիսկ վարձով առանձին ապրելու հնարավորություն լինի, համոզված եմ՝ չեմ գնա:

 

Էդուարդ Մխիթարյան, 19 տ., Լոռու մարզ, գ. Ջրաշեն, Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ, դերասանի վարպետություն

Գյուղում մնալն արդեն անիմաստ էր

Վեցերորդ դասարանից քաղաք էի գնում-գալիս, սովորում էի Ջիվանու դպրոցում: Ես գիտեի, որ գյուղում անելու բան չունեմ: Մեր մոտ կյանքը շատ ձանձրալի է անցնում, տնից՝ դպրոց, դպրոցից` տուն կամ փողոց, իսկ փողոցը չի կարա լավ ապագա լինի ոչ մեկի համար: Հետո ընդունվեցի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան  ու մեկընդմիշտ կապվեցի Երևանի հետ, չնայած շատ բաներ մինչև հիմա էլ սրտովս չի: Օրինակ` տղերքի մտածելակերպը. կարան աղջկա հետ շփվեն, հետո ընկերներին ասեն, որ ուղղակի կայֆավատ են եղել: Աղջիկներ էլ կան՝ «հորս արև», «մորս արև»-ով են խոսում:

Շատ բաներ կան, որ մինչև հիմա էլ վանում են ինձ, բայց թատերական ընդունվելուց հետո կյանքս փոխվեց, ընկերներ գտա: Հանրակացարանում ապրելն ինձ շատ բան տվեց: Երբ դեռ մասիվի հանրակացարանում էի, մի աղջկա էի հավանել, սկզբում մեր շփումը ոչ մի կերպ չէր ստացվում, բայց հետո քարը փեշից թափեց ու հիմա ընկերություն ենք անում: Իսկ մինչ այդ ապրումներս, հոգեվիճակս սենյակիս պատերի վրա էի արտահայտում, մինչև հիմա էլ որպես հուշ մնացել են:

 

Գարիկ Միքայելյան, 23 տ., Վրաստան, գ. Ղուշչի, Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ, դերասանի վարպետություն

Երևան էի եկել բախտ որոնելու

Վրաստանից եմ եկել ու նորից գնալու եմ: Այս անգամ Ռուսաստան եմ գնալու` բախտ որոնելու, Երևանում չգտա: Բայց չեմ բողոքում, Երևանն ինձ տվել է լիքը հույզեր ու ապրումներ: Չգիտեմ` ինչ կտա Ռուսաստանը, բայց Երևանում չես կարող ընտանիք պահել, կարող ես միայն հայրենասեր լինել: Առաջին անգամ Երևան եկա 17 տարեկանում, պատկերացրեք՝ 17 տարի գյուղում ոչինչ չտեսնել ու միանգամից ընկնել մեծ աշխարհ: Ես նույնիսկ չէի պատկերացնում, թե ինչպիսի տեսք ունի բուհը: Ոնց որ Աստված էլի, գիտես, որ կա, բայց չգիտես` ինչպիսին է: Սկզբում ահավոր էր, կուրսեցիներս իրանց շատ վատ էին պահում, ես նայում էի կողքից, ոնց որ հանդիսատես լինեի ու բան չէի հասկանում: Ինձ կատակով անվանում էին «շատ բարոյական մարդ»: Նենց չի, որ փչացա Հայաստանում, մինչև հիմա էլ պահում եմ իմ բարոյական նորմերը: ժամանակի ընթացքում շատ ընկերներ ձեռք բերեցի, շատերին գրողի ծոցն ուղարկեցի: Ինչ վերաբերում ա հանրակացարանին, ապա յուրաքանչյուր ուսանող պիտի անցնի էս ամենի միջով, որ դառնա ինքնուրույն: Հիշում եմ իմ առաջին ճաշ եփելը: Միջանցքով մեկ վառածի հոտ էր ընկել: Իմիջիայլոց, հանրակացարանում շատ դժվար է դաս անել, որովհետև շփումը շատ-շատ է. կամ պիտի շփվես, կամ դաս անես:

Դավիթ Բրոյան, 21 տ., Վրաստան, գ. Ախալքալաք, Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ, դերասանի վարպետություն

Երազանքս էր սովորել Երևանում

Առաջին անգամ էի քաղաք տեսնում: Սկզբում մարդիկ մի տեսակ սառն էին, բայց հետո մերվեցի դրա հետ: Դժվար էր գտնել իմ նման մեկին էդքան մարդկանց մեջ, բայց ստացվեց: Իմ հետ ապրող տղերքն են, մենք էնքան ենք մտերմացել, հենց բերանը բացում են, ես արդեն գիտեմ` ինչ են ասելու: Ճիշտ ա, մեկ-մեկ վեճեր էլ են լինում. Օրինակ, երեկ Աբոյին ծեծել եմ, բայց կատակով ու վերջում անպայման փաթաթվում եմ, որ չնեղանա: Մեկ-մեկ էլ պահակի հետ եմ վիճում, չի կարելի հանրակացարան ուշ գալ, բայց դե մենք էլ ջահել ենք, ուզում ենք ակտիվ կյանքով ապրել: Պահակը հենց ջղայնանում է, հիշեցնում ենք՝ ինքն էլ ա ջահել եղել: Ընդհանրապես, որ գալիս ես Երևան, լավ կլինի՝ մեջքիդ կանգնած մարդ լինի, դրա համար Վրաստանից եկած բոլոր հայերով իրար ճանաչում ենք: Չեմ բողոքում կյանքից, հիմա դասավանդում եմ Թատերականում, ճիշտ ա՝ աշխատավարձ չեմ ստանում, բայց ինձ դուր ա գալիս կիսել իմ գիտելիքն ու փորձը: Շատ կուզեի Իսպանիա կամ Ռիո գնալ, գժվում եմ էդ արձանի համար:

Մելիքյան Նարեկ, 23 տ, Հոկտեմբերյան, գ. Ջանֆիդա, Երևանի Պետական Համալսարանում, հանրային կառավարում

Ես ուզում եմ մնամ էս երկրում

Հանրակացարանում չորս ժամ եմ լինում ու շատ չեմ կարողանում վայելել տեղի կյանքը: Բայց երբ այստեղ եմ լինում, էնպիսի ճաշեր ենք սարքում, որ մատներդ էլ հետը կուտես, ու ոչ մի աղջիկ էդքան համով չի կարող սարքել, համոզված եմ: Երևան եկա սովորելու: Նախքան էս հանրակացարան գալը ընկերներով վարձով էինք մնում, վախեցած հարևաններ ունեինք, որ դուռը նույնիսկ չէին բացում մեր հարցին պատասխանելու համար: Դա խորթ էր ինձ, գյուղում նման բան չկա: Բայց գյուղում էլ անելու բան չկա, կյանք չկա` կամ կարտ են խաղում, կամ էլ գնում խոպան: Մեր գյուղից լիքը մարդ ուսում չի ստացել, հիմա էլ փոշմանում են: Ես ուզում եմ մնամ էս երկրում, գործ գտնելը մարդուց է գալիս, էդ որ ասում են` երկիրը երկիր չի, ես էդ մարդկանցից չեմ:

Սվետլանա Աբաղյան, 23 տ., Արցախ, Երևանի Պետական Մանկավարժական Համալսարան, պարուհի

Ասում են` դու ղարաբաղցի ես, դրա համար ես հինգ ստանում

Ստիպված էի երեք տարի սպասել, որ եղբորս հետ գայի Երևան: Չէին թողնում մենակ, բայց վերջապես եկա: Դասերից մի երկու ամիս ուշացել էի, եկա, թե չէ, ստիպված էի միանգամից տասը քննություն հանձնել: Կուրսեցիներս շատ լավն են, երբևէ չեմ նկատել, որ առանձնացնեն` թե նա Երևանից ա, նա՝ Ղարաբաղից: Չնայած կատակով մեկ-մեկ ասում են` դասախոսները քեզ հինգ են դնում, որովհետև ղարաբաղցի ես: Ընդհանրապես էստեղի ջահելությունը նրանով է տարբերվում, որ 17-18 տարեկանը ոնց որ արդեն մի 25 լինի: Թե չէ ընդհանուր նույնն ա: Հանրակացարանում եղբորս հետ եմ ապրում ու մի կերպ հասցնում եմ համ դաս անել, համ սենյակը հավաքել ու ճաշ եփել: Ավարտելուց հետո կվերադառնամ Ղարաբաղ` դասավանդելու, բայց Երևանն էլ չեմ մոռանա:

Տարուն Արորա, 22 տ., Հնդկաստան, Նոր Դելի, Բժշկական Համալսարան

Ընկերներիցս մեկն ասաց` գնա Հայաստան, այնտեղ շատ գեղեցիկ է, մանավանդ` աղջիկները

Սկզբում մտածում էի Վրաստան գնալ, բայց Երևանում սովորող ընկերներիցս մեկն ասաց, որ Հայաստանում ավելի լավ է: Սկզբում հանրակացարանում էի ապրում, հետո չորս ընկերներով առանձնացանք, պետք է պարապեինք, իսկ հանրակացարանում դա շատ դժվար է: Հիմա ամեն ինչ իր տեղն է ընկել, ունենք հատուկ ցուցակ, որտեղ գրված է, թե որ օրը մեզնից ով է հավաքելու տունը կամ ուտելիք պատրաստելու: Երևանցիների հետ էլ արդեն սովորել ենք կողք-կողքի ապրել` չհաշված մի քանի բացասական բան: Օրինակ, ես հիմա ականջօղով եմ, սա արդեն հայ տղաների համար խոսելու առիթ է: Կամ, եթե ինչ-որ հայ աղջկա հետ զբոսնեմ, միանգամից թարս կնայեն: Բայց Երևանում նաև շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել, օրինակ մի սերիալ կա, դերասաններից մեկը իմ լավ ընկերն է: Նրա ընտանիքն ինձ հաճախ է հրավիրում ընթրիքի, նրանց համար ես հայ եմ: Երբ դեռ նոր էի եկել Երևան, արկածներն անպակաս էին: Հիշում եմ, մի անգամ գիշերվա կեսին մի քանի ընկերներով գնացել էինք Ծիծեռնակաբերդ ու որոշեցինք իջնել Հրազդանի կիրճ, խարույկ վառեցինք ու ամբողջ գիշեր մնացինք էնտեղ: Լավ էր: Բայց ավարտելուց հետո վերադառնալու եմ Դելի, կարծում եմ՝ վեց տարին բավարար է Հայաստանի համար:

 

Տուշար Շերմա, 22 տ., Հնդկաստան, Նոր Դելի, Բժշկական համալսարան

Ամենից շատ կարոտում եմ հնդկական ուտելիքն ու ընկերներիս

Առաջին շաբաթը շատ դժվար էր, լեզուն չգիտեինք, գնում էինք խանութ ու մի կերպ բացատրում՝ ինչ ենք ուզում: Հիմա այդ խոչընդոտն արդեն չկա: Հանրակացարանում ապրելով շատ բաներ սովորեցի` ուտելիք պատրաստել, լվացք անել: Ընդհանուր գումար ենք դնում ու ամեն օր մեզնից մեկը ուտելիք է պատրաստում: Գրեթե ամեն օր հնդկական որևէ ճաշատեսակ ունենք, ինքներս էլ հաց ենք թխում: Մեկ-մեկ ընկերներիցս մեկի մայրը հնդկական թխվածքաբլիթներ է ուղարկում, կարոտներս առնում ենք: վերջերս էլ որոշեցինք շուն պահել: Անունը Սուզուկի է, կրճատ` Սուզու, ես եմ նրան խնամում, տանում զբոսանքի: Չենք սիրում առավոտ շուտ արթնանալ, բայց ստիպված ենք, որ դասերից չուշանանք:

Վիվեյք Բարադուաջ, 22 տ., Հնդկաստան, Ալիգար, Բժշկական համալսարան

Դասախոսները ավելի լավ են վերաբերում, երբ իմանում են՝ հնդիկ ենք

Սկզբում հանրակացարանում էի ապրում, բայց այնտեղ ապրելն, իրոք, սարսափելի էր ինձ համար: Չէի կարողանում դաս անել, վարդակները չէին աշխատում և այլն: Հիմա առանձին տուն ենք վարձել, գոհ եմ: Ես այդքան էլ մարդամոտ չեմ, ընկերանալու համար ինձ շատ ժամանակ է պետք: Սենյակակիցներիս հետ արդեն մտերմացել եմ, համալսարանում էլ արդեն ընկերներ ունեմ: Տանը չորս տղա ենք, բայց վեճեր չեն լինում, մեկ-մեկ բաղնիքում է հերթ գոյանում, բայց այդ հարցի լուծումն էլ ենք գտել` խելոք-խելոք սպասում ենք: Ի դեպ, համալսարանում սկզբում մեզ պարսիկների հետ էին շփոթում, երբ իմացան` հնդիկ ենք, միանգամից վերաբերմունքը փոխվեց դեպի լավը: Ավարտելուց հետո ուզում եմ Գերմանիա գնալ, բիզնեսով զբաղվել, չնայած ծնողներս ուզում են՝ բժիշկ դառնամ: Տեսնենք` ոնց կստացվի:

Այս թեմայով