29 Մարտ 2013, 21:26
1366 |

Մատյան լրագրության. Մտքերիս խճճված զուգահեռները

Ժամեր ու հանդիպումներ, մարդիկ ու երևույթներ, պարտականություններ ու պարտավորություններ...

Հաղորդումը դեռ կիսատ է ու ունեմ ընդամենը մի քանի ժամ, բացի այդ՝ նկարահանումից նոր եմ վերադրարձել ու պետք է սուպսիդավորեմ լուրերին, օպերատիվ tv-ին են մեզ ասում, հիշեցի՝ բլոգս վաղուց չեմ թարմացրել, պետք է ընթերցողներիս հիշեցնեմ իմ գոյության մասին, ամսագրի խմբագիրը 3 րոպե առաջ զանգահարեց ու հիշեցրեց, որ խոսք եմ տվել այսօր երեկոյան ուղարկել հոդվածը` սփյուռքահայ ընտանիքի մասին, ամիսը կիսվել է ու սկսվել է քննաշրջանը` 12 գրավոր աշխատանք մեկ շաբաթում` ամեն առավոտ ու ամեն ժամ, պատրաստվել է պետք, առաջինը հենց վաղն է, կանանց միամսյակն էլ մյուս կողմից, ընտանեկան խնդիրների տրցակը չեմ բացում, ընկերական «բազառների» գաղտնիությունն էլ չգրված օրենք: Եվ սա դեռ ամենը չէ, այլ ընդամենը այսօրեական անելիքները:  

Հանկարծ չմոռանամ, որ դասընկերներիցս շատերին խոստացել եմ օգնել դիպլոմայինի հարցում, նրանք ինձ դա չեն ների: Դասախոսներս ինձ որպես գործող լրագրողի հանձնարարել են սցենարներ ներկայացնել, ու պարզվում է՝ իմ օրինակով մյուսները պիտի սովորեն սցենար գրել: Այ քեզ պատմություն:

 Արդեն վաղուց իմ կյանքն ու կատարելիք աշխատանքը համակարգում եմ թղթին հանձնելով: Ժամեր ու հանդիպումներ, մարդիկ ու երևույթներ, պարտականություններ ու պարտավորություններ, անելիքներ ու հավակնոտ պլաններ՝ ամենը թղթին ի պահ: Այլապես կարող եմ անհարմար դրության մեջ հայտնվել, քանի որ իրոք ի վիճակի չեմ հիշել ամեն ինչ: Աստծուն փառք, դեռևս ամեն ինչ հասցնում եմ: Կատարված աշխատանքի դիմաց թեթևությամբ պլյուս եմ դնում: Հաճելի պահ է: Ոչ այնքան հաճելի, բայց արդեն յուրօրինակ ավանդույթ է դարձել համակարգչի առաջ մտածել միաժամանակ մի քանի բանի մասին. զանգեմ ընկերոջս ու ասեմ, որ երեկոյան կարող ենք հանդիպել, տեքստիս համար նոր հերոս է պետք գտնել՝ ով կկարողանա ինձ օգնել, քրոջս երեխան կոնֆետ էր ուզել՝ հանկարծ քեռին առանց կոնֆետ չգնա տուն, դասերս կես ժամից պիտի սկսեմ կարդալ, եթերին մնացել է քառորդ ժամ, ճիշտ այդքան մասն էլ պատրաստ է իմ տեսանյութից:

Որքան էլ տարօրինակ թվա, այս ամբողջ խառնաշփոթն ինձ բավական չէ, երբեմն մտածում եմ որևէ հավելյալ գործ անելու մասին: Ասենք, ևս մեկ հոդվածի հանձնարարություն էլ լիներ, դա էլ կհասցնեի և երեկոյան ամփոփ ռեպորտաժ կպատրաստեի: Ծանրաբեռնվածությունը մարդուն դարձնում է ավելի ինքնավստահ ու հպարտ, միևնույն ժամանակ՝ քիչ մը ցնորական: Մի ընկեր ունեմ, անընդհատ միջազգային նորություններ է պեղում կայքերից: Նա արդեն կիսախելագար է, երեկոյան վեցից հետո հնարավոր է՝ միասին սկսենք երգել, ծիծաղել անհեթեթ բաների վրա, մտովի տեղափոխվենք ուրիշ, թեթև աշխարհ: Լավ, շեղվեցի…

Ինչևէ, երբ անելիքս շատ է լինում, ակամայից կենտրոնանում եմ, դասավորում, մտածում, երբ որևէ գործ չունեմ, սկսում եմ մտածել, թե ինչի մասին մտածեմ: Ու արդյունքում ծնվում են անառողջ մտքեր, հետևաբար, լրագրողը պիտի միշտ շատ անելիք ունենա, նա չպետք է երբևէ  հանգիստ լինի, այլապես էներգիայի ավելցուկից գլուխը կկորցնի: Հատկապես, որ մեր կյանքում խնդիրներն անպակաս են, հերոսները՝ ամենուր, կյանքը՝ մշտապես վտանգված… 

Այս թեմայով