18 Մարտ 2013, 18:08
1693 |

Մատյան լրագրության. դողէրոցք ուղիղ եթերում

Լրագրողական դաշտում անփորձ երիտասարդ՝ հանկարծ հայտնվեցի միլիոնանոց քաղաքի էկրաններին: Գումարած հրդեհը, գոռոցներն ու խուճապը:

- Պատրաստ ես?

- Ոչ?

- Դե, ուշադիր, մտնում ես եթեր:

Ամեն անգամ այս երկխոսությունը լինում է: Ուղիղ եթերից անմիջապես առաջ: Շատերի համար սովորական, լրագրողի համար՝ արտասովոր, կողքից նայողների համար անսովոր գործընթաց է, թվում է՝ 30 վայրկյան պետք է խոսես, մի քանի նախադասությամբ պատմես կատարվածը, սակայն իրականում բարդ ու ինքնակազմակերպվող արարողակարգ է` սկսած առաջին պատահած մեքենայի ապակուն նայելով ու սանրվածքը ուղղելով, մինչև տեքստի բարդ ստորադասական նախադասությունների ճիշտ ձևակերպում:

Հիշում եմ՝ առաջին ուղիղ եթերս հեռախոսազանգ էր: Կոմիտասում հրդեհ էր բռնկվել: Մեր մեքենան դեպքի վայր հասավ հրշեջներից առաջ, վայրկյաններ առաջ: Եռահարկ շենքի տանիքն էր այրվում: Երկու մարտական հաշվարկ մոտեցան ու հանգցրին կրակը: Ժամը 18-ին այդ ժամանակ եթեր ունեինք: Տնօրենս զանգահարեց ու առանց հարցերի հրահանգեց. «Ուշադիր, տասը վայրկյանից եթերում ես»: Լրագրողական դաշտում անփորձ երիտասարդ՝ հանկարծ հայտնվեցի մեկ միլիոնանոց քաղաքի էկրաններին: Գումարած հրդեհը, գոռոցներն ու խուճապը: Կենտրոնացա ու սկսեցի ներկայացնել այն, ինչ հասցրել էի լսել ԱԻՆ գնդապետից, հարակից տների բնակիչներից ու ոստիկաններից: Որքանով էր հավաստի տեղեկությունը՝ համոզված չէի, թեև հանգիստ էի, քանի որ պատմում էի մի բան, որը չէր համարվի կեղծ ցուցմունք կամ ապատեղեկատվություն:

Հասա նախավերջին նախադասությանը: Միտքը սա էր. «Ականատեսների խոսքով հրդեհի պատճառը …»: Վերջին բառի վրա կանգ առա, սթափվեցրի: Ինձ ասել էին «էլ. պլիտա», այդ պահին չկարողացա գտնել համարժեք հայերեն տարբերակը, ու առանց երկար մտածելու, այդպես էլ հնչեցրի եթերում: Երբ եկա ստուդիա, բոլորը ժպտում էին, անգամ տնօրենս: Նա չփնովեց, թեև ես սպասում էի նկատողության: Բոլորն էլ հասկանում էին, որ առաջինն էր, անսպասելի ու համպատրաստից: Ինքս էլ զարմացած էի…

Այդ օրից շատ է անցել, մեկուկես տարի: Հասցրել եմ բազմիցս եթերում հայտնվել, բայց ուղիղ եթերում աշխատելը մշակույթ է, որը միշտ նույն զգացողություններն է պարգևում: Անհանգստություն անգամ այն ժամանակ, երբ ամեն ինչ պատրաստ է, ձեռքի տակ, տեղեկացված ես ու պարզապես սպասում ես քո հերթին: Ուղիղ եթերում դողում ու հուզվում ես, մոռանում ու հիշում, վերարտադրում ու հորինում, ամեն ինչ էլ պատահում է: Դժվար է մտքերը ժողովել, երբ գիտակցում ես, որ քո առաջ ոչ թե օպերատորն ու օբյեկտիվն են, այլ մի ամբողջ հանրույթ, միլիոնի հասնող հեռուստադիտողներ, որոնք քեզնով պետք է գնահատեն աշխատանքդ ու,ինչն ամենազգուշավոր կետն է, քո ներկայացրած հեռուստաընկերությունը:

Այս տողերը գրում եմ կեսգիշերին, լույսը երկու-երեք ժամից կբացվի ու ես նորից կհայտնվեմ ուղիղ եթերում՝ առաջին օրվա անհանգստությամբ ու ներքին փոթորիկով: Ու նորից ու նորից ամեն ինչ մի ակնթարթում կհիշեմ, հենց ռեժիսորը արտաբերի. «Ուշադրություն, երեք, երկու, մեկ: Դու եթերում ես»: 

 

Այս թեմայով