12 Մարտ 2013, 20:28
1853 |

Մատյան լրագրության. հավերժական սպասում

Հետո սպասում ես որևէ ամփոփիչ քոմենթի, մի փոքր հումորի, թեթևացնող ժպիտի: Ու կրկին առավոտի շարունակությունը:

Սպասել: Այս երևույթի հետ խաչվում ենք բոլորս ու միշտ: Կապ չունի, առավոտյան, երեկոյան, ընկերական, թե անձնական, գործնական, թե սիրային, շատ, թե քիչ, մեկին,  թե հազարին... մենք մշտապես սպասում ենք: Սպասումը երբեմն դառնում է անավարտ, երբեմն՝ ցավոտ, հազվադեպ՝ հետաքրքիր: Սպասում ես, որ երեկոն գա ու հանգստանաս, սպասում ես՝ լույսը բացվի, որ շարժվես, սպասում ես սիրո մեկ պատասխանի, սպասում ես ընկերոջ բարևին, սպասում ես ընտանեկան խաղաղության, սպասում աշխատանքային գովասանքի, մեկ բառով` նորի սպասում:

Սա հարցի գլոբալ, մի փոքր պոռոտ ներկայացումն է, իրականում մենք սպասում ենք ամենահասարակ բաներին. վերելակը գա քո հարկը, երթուղայինը վերջապես ժամանի,  հետո՝ տեղ հասցնի, անգամ սպասում ու ձայնդ մաքրում ես, որ մի ակնթարթ հետո ասես` կանգառում պահեք, մտավախությամբ, որ ձայնդ չփախնի, ամոթ է: Սպասում ես դասի նստելու զանգը տա, հետո դասամիջոցի ու այդպես շարունակ մինչև կեսօր: Գործի բերումով սպասում ես, որ դասախոսը առանձին կանդրադառնա քեզ: Անսպասելի հասկանում ես, որ օրդ անցնում է, ու դու քաղցած ես, ու սպասում ես, որ շաուրմայանոցի հերթը անցնի, մոտենում ես ու պատվիրում, սպասում ես մինչև պատրաստի, հետո էլ ցանկանում, որ երկար տևեն ծամելու րոպեները:

Լրագրողը սպասում է եռակի անգամ ավելի շատ: Մենք սպասում ենք հարց տալու հերթին մամուլի ասուլիսի ժամանակ: Եթե հեղինակային նկարահանման ես, սպասում ես, որ դիմացինի կասկածամտությունն անցնի ու անկեղծորեն պատմի ամեն ինչ: Սպասում ես, մինչև հասնես խմբագրություն, սպասում ես խմբագրիդ գնահատականին, սա թեևս ամենախոցելի սպասումն է: Երբ տեքստդ պատրաստ է, մոնտաժային սեղանի մոտ առանձնացրել ես անհրաժեշտ բոլոր տեսագրությունները, անհամբեր սպասում ես` մոնտաժողն ավարտի իր գեղարվեստական աշխատանքը: Որպես կանոն, թեմատիկ նյութեր պատրաստելիս, մոնտաժային հնարքների համար ավելի երկար ժամանակ է պահանջվում, արդյունքում ռեպորտաժը ուշ է հասնում եթերային: Սա նույնպես կարճ, բայց տևական գործընթաց է: Մտքում դանդաղ հաշվում ես մինչև 100-ը: Մնաց երկու ժամ, որ լրատվական թողարկումը սկսվի: Սպասում ես` ջուր խմելով, անիմաստ քայլելով, ֆեյսբուքում սպասումը կարճելով: Սպասում ես:

Ադրենալինդ բարձրանում է, երբ մեկնաբանը սկսում է ներկայացնել քո տեսանյութը: Այստեղ է, որ անսպասելի հակառակ պրոցես է տեղի ունենում, երբ առաջին բառդ արտասանում ես եթերում, ցանկություն է առաջանում արագ փոխել ալիքը, սպասել այլ բանի: Հեռուստացույցն անձայն դարձնելուց հետո սպասում ես, որ անարձագանք չմնա այդ աշխատանքը: Հետո սպասում ես որևէ ամփոփիչ քոմենթի, մի փոքր հումորի, թեթևացնող ժպիտի: Ու կրկին առավոտի շարունակությունը. սպասում` երբ կհասնես կանգառ, երթուղայինը կգա, սպասում ես, երբ շենքից որևէ ծանոթ կնստի ու կզիջես տեղդ նրան: Սպասում ես, որ մի քանի րոպե անց անպայման կգոռա <<տղես, քեզ տելեվիզրով ենք մենակ տեսնում, ապրես, ես գիտեի>>: Սպասում ես, որ խոսքն ավարտի ու քեզ կմճտես, սովորություն է դարձել: Սա սովորական օրերին, տոն օրերին այլ է, կիրակին՝ այլ, ուրախ առիթներին՝ այլ: Սպասումը սպանում է, երբ չես սպասում, պարզապես ժամացույցի սլաքը կանգնում է: Մինչդեռ սպասելով ենք ապրում ու հասկանում, որ կյանքը շարունակվում է:

Այս թեմայով