06 Մարտ 2013, 17:38
1550 |

Մատյան լրագրության. Լրագրողը հիվանդանալու իրավունք չունի

Բժիշկն ինձ խորհուրդ տվեց առնվազն մեկ շաբաթ հանգստանալ, սակայն այս շրջանում գործընկերներիս մենակ թողնել չէի կարող:

Մեկ, երկու, մեկ, երկու: Այսպիսի զարկեր, կարծում եմ, բոլորի սրտերին է հատուկ` յուրաքանչյուրին յուրովի տոնուս տալով: Երբեք չէի փորձել լսել սրտիս ձայնը: Այս անգամ լսեցի, այն էլ՝ անկախ ինձնից: Կեսգիշերին, երբ պետք է երազ տեսնեի, վեր թռա սուր ծակոցից. կրծքավանդակս, կարծես թե, զրկվում էր ռոմանտիկ լինելու հատկությունից: Անկողինս մի քանի րոպեում խառնվեց, հետո սկսեցի դանդաղ, հազիվ շնչել: Աստծո անունը անընդհատ տալով՝ մտովի վերադառնում էի իրականություն,  սակայն հետզհետե համոզվում էի, որ ավելի եմ գամվում մահճակալին ու սիրտս մուրճի հարվածով ազդարարում է… մեկ, երկու, մեկ, երկու: Եթե դա մի քիչ էլ երկար տևեր, համոզված եմ, բժիշկները մի անդառնալի կորուստ կգրանցեն իրենց ճերմակ թղթապանակներում: Սակայն հաջողությունն այս անգամ նույնպես ինձ հետ էր: Բախտավոր մարդ եմ, գրողը տանի: Մայրս կողքիս էր ու զգալով, որ ի զորու չէ օգնել, զանգահարեց շտապօգնություն: Մեկը չէ, երկու հերթափոխ երեք ժամ տարբերությամբ եկան զննեցին, ստուգեցին: Վերջին խմբի բժիշկը մայրիկիս գլխով բացասական նշան արեց: Դողալով հագնվեցի, երկու ձեռքիցս բռնեցին ու իջեցրին:

Մեքենան արագ տեղափոխեց սրտաբանական հիվանդանոց: Միգուցե ոմանց համար սա սովորական պատմություն է, բայց ինձ համար ամենատարօրինակ գիշերն էր, առաջին անգամ էի բժշկի ուղեկցությամբ հիվանդանոց գնում: Հետո միայն պարզվեց, որ ցավերը հենց այնպես չէին, բժշկական տերմինաբանությամբ՝ սրտի արտաքին թաղանթի բորբոքում էր: Ինձ համար անծանոթ, բժիշկների համար ամենաթեթև, ծնողներիս համար՝ ամենավտանգավոր ահազանգը մրսածության ու լարվածության հետևանք էր: Ես սովոր էի աշխատել, որքան ներեր ժամանակս ու էներգիաս, թեև դրանք էլ հաճախ ավելի շուտ էին սպառվում, քան աշխատանքային օրս ու անելիքներիս ցանկը:

Երկու օր հսկողության տակ մնացի, ու ինձ ոչ այնքան առողջությունս, որքան աշխատանքս էր հուզում: Բարեկամներս սրտաբանին մոտենում էին սննդակարգի ու դեղորայքի մասին հարցեր տալու, իսկ ես հարցնում էի` երբ կարող եմ աշխատանքի գնալ: Բժիշկն ինձ խորհուրդ տվեց առնվազն մեկ շաբաթ հանգստանալ, սակայն այս շրջանում գործընկերներիս մենակ թողնել չէի կարող: Մասնագիտությունս ատում եմ, երբ առավոտյան հանձնարարություն չեմ ստանում, երբ խնդրահարույց թեմաների չեմ բախվում: Ես ուղղակի ի զորու չէի տանը մնալ: Հաջորդ օրն արդեն միկրոֆոնը ձեռքիս էր…

Մինչև այսօր զանգում է հոգատար բժիշկ-սրտաբանն ու հետաքրքրվում իմ առողջությամբ: Իմ պատասխանը մեկն է՝ ներեցեք, ես ձեզ հետ կզանգեմ, հիմա նկարահանման եմ: Ու իմ պատասխանն ինձ ցավազրկում է, գրողը տանի:

Այս թեմայով